Առանց մարդկային ջերմության ի՞նչ համագործակցություն

«Ուսումնական Գյումրի» նախագիծ։ 

Այս անգամ Գյումրի մեզ տարավ տիար Գևորգի զոքանչը, ում հոգեհանգիստն էր Գյումրիի Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում: Մեր այդ վերջին տարիների մեջ՝ ընկերական հումորներում, խոսք ու զրույցում, պատումներում այնքա՜ն շատ էր տիար Գևորգի զոքանչը՝ մեր Մարինեի մայրիկը, որ գրեթե հարազատ էր դարձել, և գոնե հոգեհանգստին ներկա չգտնվել չէինք կարող: Եվ ահա, ո՞ւր ես, Գյումրի, գալիս ենք, որ գալիս ենք:

Մինչ այդ օրը եթե ինձ հարցնեին՝ եղե՞լ եմ Գյումրիում, թե՞ չէ, կնեղանայի… Իհարկե եղել եմ, ի՞նչ հարցնելու բան է: Էս մեր մի ափ Հայաստանում քանի՞ Գյումրի ունենք, որ ես էլ եղած չլինեմ: Նույնիսկ երգչախմբով Գյումրիի Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում երգել ենք… Էլ չեմ ասում՝ մեր ընկեր Առաքելյան Արփիենց տանը, ով ապրում էր Պլպլան ժամի տակ, քանի՜ անգամ ենք հյուրընկալվել: Հաստատ քայլել ենք փողոցներում, թափառել ենք ընկերներով… Բայց տեսնես՝ ի՜նչ հա-հա-հի-հի-ով ենք անցել այդ փողոցներով, որ այսօր, այդ փողոցներով  անցնելիս կարծես նոր էի տեսնում. նույնիսկ Պլպլան ժամի փողոցը ինձ ծանոթ չթվաց: Ո՞ւր ենք նայել, ո՞ւմ ենք նայել, ո՞վ կիմանա…

Դե, ինչ ասեմ, մի խոսքով՝ լինել Գյումրիում մի բան է, տեսնել Գյումրին՝ մի այլ բան… Մտքումս ինքս ինձ խոստովանեցի, որ ոնց որ առաջին անգամ եմ լինում Գյումրիում, բայց հո բարձրաձայն չէի ասելու…
Տիար Բլեյանը ցույց տալու, ոգևորվելու ու ոգևորելու արվեստին լավ է տիրապետում, հիշարժան դարձնելու կարողություն ունի, Մեծ Պահքի այս օրերին հո չե՞մ ուրանալու:

Հին դռներ և պատուհաններ

Գյումրի հասանք հոգեհանգստից 4-5 ժամ շուտ: Տիար Բլեյանը, ինչպես միշտ, ցանկացած ճամփորդության դեպքում ուսումնական մասը կարևորում է: Եվ ճիշտ է անում: Սկսեցինք քայլել… Թափառումներ Սլաբոդկայում… Ես  տպավորված չորս կողմս եմ նայում: Պակաս հիացած չեն նաև մյուս ընկերներս՝ Հասմիկը, Տաթևը, Միքայելը: Քարային շարվածքի  զարդանախշեր, քիվեր, հնաոճ դռներ, ինքնատիպ աստիճաններ, սալարկված փողոցներ, փեղկավոր պատուհաններ… Դրանց զուգահեռ նաև անհաջող վերանորոգումներ՝ եվրոպատուհաններով ու եվրոդռներով…

Գյումրի: Սլաբոդկա թաղամաս:

Սա համառոտ՝ մեր թափառումների ու Գյումրիից ստացած տպավորության մասին: Բայց մի բան կար, որ ինձ առավել զարմացրեց, քան Հին Գյումրին՝ իր կոլորիտով. դա այն ընդունելությունն էր, որ ցույց էին տալիս գյումրեցիք տիար Բլեյանին: Գյումրեցիներին, դե, գիտեք, սենտիմենտալ չես ասի: Լավ էլ պինդ, ամուր մարդիկ են: Քաղցր-մեղցր բաներով էլ չես կաշառի: Գյումրեցին խասյաթ ունի՝ հա-ն հա է, չէ-ն՝ չէ: Բայց արի տես, որ էս գովասանքը հեշտ չշռայլող մարդիկ սիրով-սրտաբաց-ջերմ ողջունում էին մեր տիար Բլեյանին: Պատահականություն չես ասի՝ մեկը չէր, երկուսը չէր… Չորս կողմից ողջույններ, գրկախառնություններ, մոտենալ, զրույցի բռնվել… Էդ ամբողջ ընթացքում մի խեթ, թթու հայացք չեմ նկատել: Էս ե՞րբ ճանաչեցին, յուրային դարձան ու յուրայնացրեցին տիարին: Իսկ գյումրեցու այն ընտանիքը, որ մեզ գրեթե ուժով հյուրընկալեց… Դե, դա տեսնելու բան է: Ո՞նց փոխանցես էն հազար տարվա մտերմությունը, սերը, ջերմությունը, որով մեզ ընդունեցին: Ես էդպես էլ մինչև վերջ չեմ կարողանում հավատալ, որ այդ մարդիկ պատահաբար են Նոր տարվա օրերին հանդիպել տիար Բլեյանի ընտանիքին: Հանդիպել են, հյուրընկալել են: Պատահաբար հանդիպել են ու այսպե՞ս հարազատացել… «Մի՛ վախեցեք, դարպասների դռները վստահ բացեք, մտեք ներս»,-հորդորում է տիար Բլեյանը: Ու ինքը հենց այդպես էլ անում է: Ու ի՜նչ սիրով-ժպիտով-ուրախությամբ են մարդիկ ընդունում, ներս հրավիրում իրենց անակնկալ հյուրին:

Ինչքան էլ տիար Բլեյանն ամեն անգամ Գյումրիից գալուց հետո ոգևորված պատմում էր «Ուսումնական Գյումրի» նախագծի մասին, իհարկե հավուր պատշաճի ուշադիր լսում էի, բայց ներքուստ զգում էի, որ էդքան էլ չեմ հավատում էդ նախագծի իրական լինելուն, մի տեսակ արհեստական էր թվում էդ բոլորը ինձ: Բայց հիմա էլ այդպես չեմ մտածում: Ավելին՝ մտածում եմ, որ լինող բան է, եթե չասենք՝ եղած: Եթե այդ համագործակցության հիմքում էսպիսի՜ ջերմ, մարդկային հարաբերություններ են ընկած, ուրեմն «Ուսումնական Գյումրի» նախագիծը շարունակություն կունենա, համագործակցության կապը կա, կստացվի ու կամրանա: Համոզված եմ:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский