Սկսվե՞ց նոր շրջան

Գրում եմ ինձ համար, ընթերցողի համար: Ամփոփում եմ փետրվարը, որտեղ ավարտե՞ց, թե՞ սկսվեց նոր շրջան…..Կրթահամալիրյան աշխատանքն ու կրթահամալիրում ապրելը ինձ համար շնչառության նման մի բան է: Խոստավանեմ, որ խառնվել էի, շփոթվել….

Շնորհակալ լինելով՝ ասեմ, որ տիար Բլեյանը իմ խնդրանքով ինձ վերադարձրեց կրթահամալիր, ու ես պարզապես չեմ չարաշահի այդ վստահությունը: Բոլոր կրթահամալիրցիներին ասեմ, որ ժամանակավոր բացակայությունը, թեկուզ մեկ տարով, բավականին մեծ վիհ է առաջացնում: Իմ կրթահամալիրն է՝ ծանոթ ու սիրելի իմ ընկերները, նոր երիտասարդ մարդիկ, բայց արի ու տես, որ ինչ-որ տեղ հետ ես մնացել: Երևի դա էի փնտրում ու գտա. ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան կրթահամալիրը կանգ չի առել, մանր ու մեծ քայլերով առաջ է գնացել, հասնել է պետք:

Օրացույցով սահմանված ուսումնական գործընթացով, հանդիպումներով, պարապմունքներով ու նախագծերով անցավ փետրվարը: Օրն այնպես արագ էր վերջանում, իսկ ես դեռ անելիքներ ունեի. պարապմունքներ, ծրագրերի կազմում, հանդիպում ուսանողների հետ, զրույցներ սովորողների հետ, ամեն օր քոլեջիկների խմբերում էի լինում, հետո էլի կարդում էի, գրում: Իմ կարծիքով, մարդը պետք է իր սիրած գործով զբաղվի, ինձ համար եմ ասում. սիրում եմ մանկավարժությունը, այն էլ հեղինակային, երբ դու ազատ ես քո ծրագրերում, նախագծերում: Ահա, այդպես էլ եղավ՝ փոփոխություն, որն իմ սրտով էր (շնորհակալ եմ, տիար Բլեյան, իմ գործընկերներ):

Հիմա դասավանդում եմ ավագ դպրոցում և քոլեջում, շաբաթ օրերն էլ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության խմբի սովորողների հետ է պարապմունքս: Ունեմ նախագծեր, քննարկում եմ սովորողների հետ, միասին կազմում ծրագիր, միասին աշխատում: Կրթահամալիրից դուրս քիչ էի ընթերցում. դրանք հիմնականում փոքրածավալ ստեղծագործություններ էին, որոնք ուզում էի մի շնչով կարդալ: Քոլեջում ուսումնասիրում, ընթերցում էի Դյուիի և Մոնթեսորիի մեթոդները: Հիմա կարդում եմ նորից Սարոյան ու  Չարենց, համաշխարհային  գրականություն.  սիրում եմ Բոդլերի ստեղծագործությունները, նոր գրողներն էլ են հետաքրքրում։ Հետաքրքիր են սովորողների ստեղծագործությունները. կարդալով մեր սովորողներին՝ նրանց ավելի լավ եմ հասկանում։ Հայտնագործություն է, օրինակ՝ մեր  11-րդ դասարանցի Սաբինան՝ Սաբի Դավթյանը:

Այժմ սովորողներիս հետ կազմում ենք նախագիծ՝ միասին ճամփորդելու, գարնանային ճամբարի նախագիծ՝ ուրախ, ուսումնական, արդյունավետ անցկացնելու: Լիքը անելիքներ-նախագծեր:

Այս լուսանկարը՝ իմ ֆոտոխցիկից։ Ծաղկած մագնոլիա (Լյուբլյանա)

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский