Գերմանիայի կրթական համակարգը

Գերմանիայի կրթական համակարգը, թեև խիստ բազմազան է, և անհնար է միանշանակ գնահատական տալ դրան, քանի որ երկիրը բաղկացած է 16 դաշնային երկրներից, և յուրաքանչյուրը պատասխանատու է իր այդ ոլորտի համար, այդու, սակայն, կա բոլորին միավորող հատկանիշ՝ Գերմանիայի բոլոր դպրոցները բաղկացած են հետևյալ մակարդակներից՝ սկզբնական աստիճան, երկրորդ աստիճան՝ բաղկացած առաջին և երկրորդ մակարդակներից:

Գերմանիայում գոյություն ունի, այսպես կոչված, դպրոցական պարտք, ըստ որի՝ 5-7 տարեկան բոլոր երեխաները պարտավոր են հաճախել դպրոց մինչև 9-րդ դասարան:

Դպրոցական կրթությունն սկսվում է սկզբնական աստիճանից. սա երեխաների ուսումնառությունն է մինչև 4-րդ դասարան (որոշ շրջաններում, օրինակ՝ Բեռլինում, Բրանդենբուրգում, մինչև 6-րդ դասարան): Սկզբնական աստիճանի, այն է՝ հիմնական դպրոցի նպատակն է՝ երեխային նախապատրաստել երկրորդ աստիճանին, որ կոչվում է նաև «Շարունակական մակարդակ»: Այս մակարդակի առաջին փուլը սկսվում է 5-7-րդ դասարաններից, տևում մինչև 9-10-րդ դասարաններ, որին հաջորդում է արդեն երկրորդ փուլը՝ Abitur կոչվածը`ավագ դպրոցը: Միով բանիվ, Գերմանիայի կրթական համակարգն երեք փուլ ունի՝ հիմնական դպրոց, ռեալ դպրոց (միջին փուլ) և «աբիթուր» (ավագ դպրոց): Գերմանիայում, սակայն, կա նաև Ընդհանուր դպրոց (Gesamtschule), որ այս երեքի միավորումն է: Այս դպրոց հաճախում են այն երեխաները, որ դեռ չեն կողմնորոշվել՝ չորրորդ դասարանից հետո դպրոցական ո՛ր կառույցն ընտրեն: Այսինքն՝ սա նույնպես այլընտրանքային դպրոց է՝ այլընտրանքային ուսում ապահովող, երբ որոշակի մակարդակում բոլորը միասին են կրթվում և որոշ կուրսերով բաշխվում՝ ըստ իրենց ուժեղ և թույլ կողմերի:

Գերմանիայում հայտնի են այլընտրանքային կրթություն ապահովող երեք դպրոցներ՝ Վալդորֆյան, Մոնտեսորիի, Ժողովրդավարական: Արդ, ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվում նշյալ դպրոցները, որո՞նք են առանձնահատկությունները, որոնցով դրանք տարբերվում են երկրի այլ դպրոցներից:

  1. «Վալդորֆյան դպրոցում աշակերտներն ամեն օր պարում են, ծնողներն էլ անմասն չեն մնում»: Հորինվա՞ծք, թե՞ իրականություն: Մեջբերում ենք Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ և գրող Հենինգ Կուլակ-Ուբլիկի հարցազրույցը՝ ուղղված Վալդորֆյան դպրոցի հետ կապված մի շարք հարցերի պարզաբանմանը:

- Պարո՛ն Կուլլակ-Ուբլիկ, ըստ Ձեզ՝ ի՞նչ առավելություններ ունի Վալդորֆյան դպրոցն այլ դպրոցների նկատմամբ:
- Վալդորֆյան դպրոցն ամենայն լրջությամբ է ընդունում մարդուն՝ իր բոլոր յուրահատկություններով: Սովորել Վալդորֆյան դպրոցում՝ նշանակում է հավասար պայմաններով ընկալվել որպես ստեղծագործող, հաստատուն մտածողությամբ մարդ: Սովորելու ուղիները նույնքան կարևոր են, որքան ակնկալվող արդյունքները: Այս հարցին ուշադրություն դարձնելով՝ հասնում ենք նրան, որ երեխաներն ու երիտասարդները կարողանում են ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև կիրառել գործնականում:

- Որո՞նք են Վալդորֆյան դպրոցի գլխավոր տարբերությունները պետական դպրոցներից:
- Ինչպես բոլոր ազատ դպրոցները, Վալդորֆյան դպրոցը նույնպես հիմնված չէ ուսումնական պետական ծրագրի վրա: Սա հնարավորություն է տալիս Վալդորֆյան դպրոցի ուսուցչին սեփական մեթոդներով ու փորձով աշխատել և ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել աշակերտների կոնկրետ կարիք-պահանջներին:
Վալդորֆյան դպրոցում դրված է իմացական, ավելի ճիշտ՝ ինտելեկտուալ կրթություն՝ կրեատիվ-արվեստագիտական և գործնական-ձեռագործական հնարավորությունների գիտակցված կիրառմամբ:
Վալդորֆյան դպրոցի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պարապմունքները ժամանակաշրջաններով են կատարվում, արդյունքում այս կամ այն թեման ուսումնասիրում են մի քանի շաբաթ: Աշակերտները հընթացս գրում են իրենց դասագրքերը և կազմում սեփական պորտֆելը, որ ցույց է տալիս նրանց առաջընթաց քայլերը կրթական ոլորտում:
Աշակերտները սովորում են կայուն, անփոփոխ դասարաններով՝ խմբերով: Ինքնին հասկանալի է, որ մեծ պատասխանատվություն է դրված ուսուցչի ուսերին՝ պարապմունքը տարբեր ընդունակությունների ու կրթական տարբեր մակարդակների տեր երեխաներին համապատասխանեցնելու:
Գնահատական, որպես այդպիսին, չկա: Պարապմունքը պետք է հետաքրքիր ու աշխույժ լինի՝ աշակերտների ակտիվությունն ապահովող: Ուսումնական տարվա ավարտին աշակերտները մանրամասն հաշվետվություն են տալիս տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի մասին:
Վալդորֆյան դպրոցում չափազանց մեծ դեր ունի «տարեկան աշխատանքը», որի շրջանակում աշակերտներն ուսումնական ութերորդ և տասներկուերորդ տարում ինքնուրույն աշխատում են մի թեմայի վրա, որը բանավոր ու գրավոր ներկայացնում են ողջ դպրոցին՝ որպես կատարած աշխատանքի արդյունք:

- Ո՞րն է վալդորֆյան «Eurythmie» առարկայի նպատակը:
- Eurythmie-ն շարժման արվեստ է, ժեստեր, շարժումներ, խորեոգրաֆիա: Ինչպես արվեստի ցանկացած ճյուղ, Eurythmie-ն ևս մարմնի, հոգու ու ոգու ստեղծագործական համահնչունությունն է:

- Կա՞ն տիպիկ Վալդորֆյան դպրոցի երեխաներ, որոնք «սեփականել են» այդ դպրոցի կառուցվածքը: Ո՞ր դեպքերում խորհուրդ չեք տա դիմել այդ դպրոց:
- Վալդորֆյան դպրոցը բոլոր երեխաների համար է: Համենայն դեպս, ծնողները պետք է հաստատեն դպրոցի մանկավարժական հայեցակարգը, հակառակ դեպքում վեճերն անխուսափ են: Մինչ դպրոց դիմելը ծնողները պարտավոր են ուսումնասիրել դպրոցի կառուցվածքը, հետո միայն որոշել՝ համապատասխանո՞ւմ է այն իրենց սպասումներին և իրենց երեխայի կարիքներին:
Խորհուրդ չեմ տա դիմել Վալդորֆյան դպրոց այն ծնողներին, որ վալդորֆյան մանկավարժություն չեն ընդունում կամ չեն վստահում դրան: Այստեղ սովորում են առանց ճնշման:

-Գերմանիայի ուսուցիչների միության նախագահ Յոզեֆ Կրաուսը մի անգամ ասաց, թե Վալդորֆյան դպրոցի աշակերտներն ավարտական քննություններին ազատ ունկնդիր են: Վալդորֆյան դպրոցի աշակերտին դժվա՞ր է հանձնել ավարտական քննությունները:
- Սխալվում է Յոզեֆ Կրաուսը: Արդեն մի քանի տասնամյակ է՝ չկան այդ վեճերը: Վալդորֆյան դպրոցի աշակերտները նույն քննություններն են հանձնում, ինչ մնացյալ դպրոցների աշակերտները: Տարբերությունն այն է, որ Վալդորֆյան դպրոցի ուսուցիչներն են անձամբ ընդունում քննութունները: Համարյա չեն լինում աշակերտներ, որ չկարողանան հանձնել ավարտական քննությունները: Ուսումնական վերջին տարում աշակերտները նախապատրաստվում են քննություններին[1]:

Ամփոփելով Վալդորֆյան դպրոցի մասին նույն դպրոցի ուսուցչի դիտարկումները՝ նշենք, որ Վալդորֆյան դպրոցում չկան գնահատականներ, աշակերտները սովորում են առանց արտաքին ճնշման, բայց և ունեն հստակ պարտականություններ՝ կիսամյակի ավարտին և ուսումնական տարվա ավարտին գրավոր ու բանավոր զեկուցման տեսքով՝ մեկ կիսամյակի և ամբողջ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը փաստող, ինչպես նաև սեփական պորտֆելի տեսքով՝ իբրև տարվա ընթացքում իր կատարածի շոշափելի ապացույց:

  1. Արդ, ի՞նչ սկզբունքներ ունի այլընտրանքային մյուս՝ Մոնտեսորիի դպրոցը: Որքանո՞վ է տարբերվում Վալդորֆյան դպրոցից: Ոչ մի գնահատական, ազատ աշխատանք և տարատարիք խմբեր. ահա Մոնտեսորիի դպրոցի ուրվապատկերը, որ պարզաբանում է կրթության փորձագետ Ութա Քյունքլերը:

Մոնտեսորիի մանկավարժությունը հարյուր տարուց ի վեր նորություն չէ մանկապարտեզներում ու դպրոցներում:

Գերմանիայի 500-ից ավելի դպրոցներ բացառապես աշխատում են իտալացի բժշկուհի Մարիա Մոնտեսորիի սկզբունքներով: Պետական շատ դպրոցներ նույնպես թափանցել են նրա մեթոդները: Բացի դրանից՝ շատ մանկապարտեզներ, թեպետ մասամբ, այդուհանդերձ, որդեգրել են Մոնտեսորիի սկզբունքները:

Մոնտեսորիի համակարգը հիմնված է երեխաների ինքնորոշման, գիտության նկատմամբ նրանց բնական պահանջին հետևելու և ուսումնական պլանը վերանայելու նրանց իրավունքի վրա: Կենտրոնական, հիմնական գաղափարաբանությունը հետևյալն է. «Օգնիր ինձ՝ աշխատանքս ինքնուրույն կատարեմ»:

Մեծահասակների՝ ծնողների և ուսուցիչների խնդիրն է, ըստ Մ. Մոնտեսորիի, երեխաներին խաղի ու աշխատանքի նյութ առաջարկելը, որը, անշուշտ, խիստ անհատական հետաքրքրությունների հետ է կապված:

Ինտերակտիվ, առցանց ուսումնական դաշտում 1-7-րդ դասարանների աշակերտներն անձամբ են բացահայտում իրենց համար ամենակարևոր առարկաներն ու որոշում դրանք յուրացնելու տեմպերը:

«Ասա՛ ինձ, ու ես կմոռանամ, ցո՛ւյց տուր, հնարավոր է՝ հիշեմ, թո՛ւյլ տուր՝ ինքս դա անեմ, ու դա կհաջողվի ինձ»:

Մոնտեսորիի դպրոցում երեխայի աշխատանքը չի գնահատվում թվանշաններով: Փոխարենը ուսուցիչները զրույցներ են ունենում աշակերտների հետ, և վերջիններս կիսամյակի ավարտին ու տարեվերջին գրավոր զեկուցում են իրենց աշխատանքի մասին:

Աշակերտներն աշխատում են տարատարիք խմբերով: Օրինակ՝ առաջին ու չորրորդ դասարանցիներն աշխատում են մեկ խմբով: Այսու ոչ միայն երեխայի անհատականությունն է պահպանվում, այլև համագործակցությունն է ուժեղանում: Սկզբունքը՝ փոքրերը սովորում են մեծերից:

Մոնտեսորիի գլխավոր առանձնահատկությունն ազատ աշխատանքն է: Սրա շնորհիվ յուրաքանչյուր աշակերտ գտնում է ուսումնասիրության նյութ ու պատասխանատվություն կրում դրա համար: Ուսուցչները նախապես ոչ մի նյութ չեն տալիս նրանց և օգնում են միայն անհրաժեշտության դեպքում[2]:

Նշանակում է՝ Վալդորֆյան ու Մոնտեսորիի դպրոցներն ընդհանուր շատ կետեր ունեն, որոնք վերաբերում են գնահատականի մերժմանը, աշակերտների ազատ, ինքնակամ աշխատանքին, միով բանիվ, ինքնորոշման, լիարժեք ինքնարտահայտման իրավունքին: Այս երկու համակարգերի մեջ, ըստ իս, շատ կարևոր է սեփական աշխատանքի մասին բանավոր ու գրավոր հաշվետվությունը, որը, անկասկած, կնպաստի կրթական համակարգի բարելավմանն ու կատարելագործմանը:

  1. Գերմանիայի այլընտրանքային երրորդ դպրոցը Ժողովրդավարականն է: Այս դպրոցի երիտասարդ ուսուցիչ  Քրիստոֆ Շուհմանը հարցում է իրականացրել պետական դպրոցների աշակերտների շրջանում, թե «սովորել» հասկացությունն ինչի հետ են նրանք կապում: Ուշագրավ է, որ գրեթե առանց բացառության «պարտք»-ի հետ են կապում կամ բնորոշում են այսպես՝ «Հետաքրքիր չէ»:

Ժողովրդավարական դպրոցի յուրահատկությունն այն է, որ ամեն աշակերտ ունի սեփական դասացուցակ, ինքն է որոշում դասերն սկսելու և ավարտելու իր ժամերը, ունի հնարավորություն՝ արտադպրոցական պարապմունքներ անցկացնելու, տարբեր ծրագրերի, դասընթացների ու ժամանցների մասնակցելու:

Ժողովրդավարական դպրոցները, որպես կանոն, բոլոր երեխաների համար են, բայց ոչ բոլոր ծնողների: Ուսումնական գործընթացն իսկապես կհաջողվի, եթե ծնողը, ամենայն վստահությամբ, կանգնած լինի երեխայի թիկունքին և ընդունի դպրոցի սկզբունքները:

Ժողովրդավարական դպրոցի մանկավարժական աշխատանքում երեխայի անհատականությունը կենտրոնական դեր ունի: Չկան ուսումնական ընդհանուր պլան, դասարաններ, գնահատականներ և այլն: Ժողովրդավարական դպրոցներն առաջնորդվում են երեք հիմնադրույթներով.

  • Աշակերտները սովորում են՝ երբ, որտեղ, ինչպես և ում հետ ուզում են:
  • Աշակերտները կարող են անել այն, ինչ ուզում են, քանի դեռ իրենց այդ ազատությունը չի վտանգել մյուսների ազատությունը:
  • Դպրոցական առօրյան քննարկվում է դպրոցական ամենշաբաթյա հավաքների ժամանակ ու գնահատվում: Ուսուցիչներն ու աշակերտները ձայնի հավասար իրավունք ունեն[3]:

Ժողովրդավարական դպրոցը գերմանացիների ընկալմամբ ժողովրդավարության իրացման լավագույն հարթակներից է, որը, գուցե, Գերմանիայում հաջողության է հասել, բայց ինձ, որպես ժողովրդավարական պետության քաղաքացու համար, որ ցայսօր ժողովրդավարության որևէ դրսևորման դեռևս ականատես չի եղել, փոքր-ինչ անհավատալի է ուսումնական գործընթացի ժողովրդավար, այսինքն՝ աշակերտավար, այս աստիճանի ազատ կազմակերպման հաջողությունը, մյուս կողմից անհասկանալի են Ժողովրդավարական դպրոցի ուսուցչի գործառույթները, որոնք, թերևս, ուսումնասիրության ու քննարկման առանձին առարկա են:

Հավարտ այս փոքրածավալ քննության՝ նկատենք, որ Գերմանիայում, չնայած գերմանական այլընտրանքային դպրոցների շուրջ ծավալվող բուռն քննարկումներին, դրանց փորձը այս կամ այն երկիր փոխադրելու և կիրառելու հետ կապված բազմաթիվ բանավեճերին, անհամեմատ մեծ է պետական դպրոցների և դրանցում սովորող աշակերտների թիվը: Այսինքն՝ Գերմանիան նույնպես 21-րդ դարում դեռևս նախընտրում է ավանդական, ուսումնական պետական պլանով առաջնորդվող դպրոցները, քանի որ այլընտրանքային դպրոցն իր բոլոր տարբերվող կողմերով դեռևս լիարժեք չի մարսվել կրթական համակարգի պատասխանատուների և ընդհանրապես հասարակության կողմից: Կարծում եմ՝ կարիք չկա անգամ խոսելու այլընտրանքային կրթության այս կամ այն մոդելը փոխառելու և սեփական երկրի անպատրաստ հասարակությանը այն պարտադրելու մասին: Այլ բան, եթե այլընտրանքային դպրոց ստեղծում ես ինքդ՝ հիմնվելով քո երկրի, քո հասարակության պահանջների և հնարավորությունների վրա:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский