Հրապարակը քաղաքացու կրթելու, կրթվելու և ինքնակրթվելու այնպիսի դաշտ բացեց, որին կնախանձեր ցանկացած կրթական հաստատություն

Հեղինակ: 

Կրթահամալիրի տնօրենի օրագրից

Երեսուն տարի անց. քաղաքացիական անհնազանդության կախարդանքը...

16.04

Կիրակի է։ Արմինեի բկաբորբը՝ անգինան, կտրուկ փոխվեց ուժեղ գրիպի, անկողնային ռեժիմով, ես ու Դավիթն էլ՝ խնամակալ անշնորհք․․․ Ինտերնետի, նրա TV-սոցցանցի եթերում Սիրիան է՝ Ամերիկայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի մութի մեջ հրթիռա-ռմբահարումների լուսահետքերով-հռնդյուններով, այլ ձայներով, դրան հաջորդող Դամասկոսի սիրացիների ցնծության ցույցով՝ ի պաշտպանության իրենց անփոխարինելի Ասադի, հետո մարմարի վրա քայլող, աշխատանքի եկող Սիրիայի նախագահի, մեր երկրում Ֆրանսիայի հրապարակն է՝ Նիկոլով ու ցուցարարների փոփոխվող տեսակներով խաղաղ, Ծաղկաձորը՝ խորհրդային-բրեժնևյան շրջան տանող կուսակցական համագումարյան վարժեցված քվեարկումով՝ վեր-վար սինխրոն շարժումով ձեռքերի, կուսակցական կուռ շարքերի․․․ 30 տարի անց. ի՞նչ է փոխվել աշխարհում, Հայաստանում։  Հայտնի է իմ թուլությունը տեքստի նկատմամբ․․․ Սերժ Թանկյանի երաժշտությունն իմը չէ, բայց տեսեք խոսքի այս կտորը՝ «Քաղաքացիական անհնազանդությունը նման է կախարդանքի, երբ բավականաչափ մարդիկ են մասնակցում։ Դա պատմության ամենահզոր զենքերից է»...

Որ Դավիթը չվարակվի, որ Դավիթը սթրվի, հայր ու որդի դուրս եկանք թափառումի, հատկապես որ հրավիրված ենք սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բացմանը։ Երևանի մետրոյով վեր ու վար անելուց Դավիթը չի հոգնում, լիցքավորվում է․․․ Ես էլ, երբ Դավթի հետ եմ, այնքա՜ն հետաքրքիր է․․․ Մետրոյի «Բաղրամյան» կայարանում վերջապես իջանք ու «Սիրահարների այգով», հայր և որդի Բլեյաններ (ինչպես մի ոստիկան նկատեց, Չարենցի Գանգրահեր տղայի հետ) վար ենք իջնում Բարեկամությունով դեպի Ֆրանսիայի հրապարակ․․․ Ազգային ժողովի մեծ ճաղավանդակներից երևում են ավտոմատով զինված, լրիվ հանդերձանքով, շներով մարդիկ․․․ Ես բոլորին բարևում եմ, իրենք ինձ․․․
- Ի՞նչ են անում այս զինվորները՝ այսպես զինված ու այսքան շատ․․․- ճնշում է ինձ Դավիթը։ Ես իմ ամեն օր ավելի յոթ տարեկան դարձող տղայի հարցերից փախչող-հոգնող չեմ։
- Պաշտպանում են։
- Ո՞ւմ․․․
- Ի՛նչը, Դավի՛թ, շենքը պաշտպանում են մարդկանցից․․․
- Շենքը ինչի՞ են պաշտպանում, փոխանակ ճաղերը հանեն, մարդիկ ազատ ման գան, ես էլ, ա՜յ, էն վարժեցրած շանը սիրեմ․․․
Քիչ հետո մենք Ֆրանսիայի հրապարակի մատույցներում ենք․․․
- Էս մարդիկ ինչո՞ւ են հավաքվել․․․ Ովքե՞ր են իրենք․․․ որ բոլորին բարևում ես․․․
- Հավաքվել են, որ Ազգային ժողովի ճաղերը հանեն, ու դու այն շանը սիրես․․․
- Դրա համա՞ր են առանց զենքի․․․
- Դու Նիկոլին լսել ես, Դավի՛թ...

Հիասթափվելը՝ թե վերաբերում է մարդկանց, իրենց կյանքին, կյանքի փոփոխությունների լավացմանն ուղղված հանրային՝ հասարակական, թե քաղաքական գործողություններին, այդպես էլ չեմ ընկալում… Այս օրերին էլ աջ ու ձախ հնչում է՝ որ չհիասթափվեն, միայն թե չհուսահատվեն… Հաղթանակի հաջողությունը ո՞վ երաշխավորի, եթե ինքն է գործուն-գործիչը, իր շուրջ՝ իր նմանները… Փորձառություն ձեռք բերի, իմաստնություն-հասունություն, հասկանալի է, լիդեր դառնա կամ կապեր հաստատի, քաղաքական-քաղաքացիական պայքարի հմտություններ ձեռք բերի… ուրիշ ինչպե՞ս, որտե՞ղ, եթե ոչ՝ փողոցում, էլի ինքնակրթությամբ, բայց փողոցում… Հնարավո՞ր է քաղաքացուց օտարել, բա ով-ովքեր անեն… Իսկապես, մեզանում այդ ո՞նց արմատացավ, որ մեր հանրային կյանքի կարգավորումը մեր՝ քաղաքացիներիս թիվ մեկ խնդիրը չէ, այլ չգիտեմ ինչպես առաջացող քաղաքական կուսակցությունների, խմբերի-առաջնորդների, ու անմեղսունակությունը դարձավ քաղաքացու անգործունակության հիմնավորումը… Կարելի է և՛ շնորհակալ լինել Նիկոլին՝ իր խմբով, իրադարձությունների կենտրոն ստեղծելու համար, և՛ կարելի է յոլա գնալ, մի կողմ թողնել Նիկոլին՝ իր խմբով, ընտրել-ստեղծել կյանքի կարգավորման քո ճանապարհը, բայց երբեք չօտարել քեզանից քո կյանքը, կատարել քո քայլը:

Կրակի միջից շագանակ հանելու ժամանակը…

17.04

Վարդան Հարությունյանի, որ այս կենսագրականն ունի (վիքիպեդիան, հանրագիտարան եմ ասել, հընթացս, յուրաքանչյուր գործողի հետքը պահում-ներկայացնում է), ում նկատմամբ 1988-ից՝ 30 տարի անփոփոխ, հարգանք եմ տածում, ում հետ, սիրով ասեմ, ընկերներ ենք, ում խոսքին միշտ ուշադիր եմ, այս տեսագիրը հղում է, որ ակտիվացրեք՝ հիմա, որպես անօտարելի մաս իմ երեկվա, այսօրվա, վաղվա գրի, օրապատումի…
- Ի՞նչ ա եղել Նիկոլի ձեռքին, պապ,- հանկարծ կհարցնի ողջ օրը Արմինեի հիվանդապահ անպետքը՝ Դավիթ որդին մեր։ Երեք թվային միջոց՝ տան մեծ էկրանով Apple-ը, Արմինեի մեծ էկրանով նոթբուքը ու այֆոնը ողջ օրը փոխեփոխ գործածել է, որ ոչ միայն այս անցումների, սեփական հետաքրքրությունների փնտրտուքի մեջ թռչնի բարձունքից գիտի Ֆրանսիայի հրապարակն ու նրանից ձգվող Բաղրամյան պողոտան…

Պատմել եմ, 2018-ի մարտի 11-ին՝ Փաշինյան Աշոտի ու Բլեյան Տաթևի ծննդյան օրը, Նիկոլենց տան ընտանեկան մոտիկությունը ճաշակած Դավթին շարունակում են սնել իր ֆիզիկական ու մեդիա հետաքրքրությունները…
Հարցը, ընթերցողը որ չմոռանա, կրկնում է Դավիթը.
- Ի՞նչ եղավ Նիկոլի ձեռին, պապ, չե՞ս լսում… ա՛յ անջատված…
- Կրակի միջից շագանակ հանելու ժամանակն է, Դավի՛թ, ու Նիկոլը հանեց…
Ես չգիտեի, որ իմ գրի վերնագիրն եմ ասում, հատկապես, որ վստահ չէի, որ նորից չեմ խախտի իմ գրի անընդհատությունը:
- Ինչի՞ էր պետք կրակի մեջ մտնել, Սիթիում չկա՞…
Այսպիսի ընտանեկան-հրապարակային զրույցների, մանկական անմիջականության, թե նավսող բիձայականության պատասխանը, որպես օգնություն, ինձ հրամցրեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը. «Ոչ ոք չէր հավատում, որ Նիկոլը տոտալ ապատիայից կկարողանա հանել հանրությանը և շարժվել ու քաղաքական իրավիճակ փոխել, որ նա ինչ-որ բան կարողացավ շարժել ու փոխել, դա նշանակում է, որ առայժմ  այս պահին ինքը գրագետ է գործում»… Էս մեր Նիկոլը: Իսկ ես՝ նույն պահին կանգնած, ինչպես ճիշտ 30 տարի առաջ, ճանապարհի ընտրություն կատարելու պարտադրանքով՝ 1988թ-ին հանկարծ բռնկած արցախյան շարժման ու արդեն ձևավորվող, կերպար ու բովանդակություն ստացող կրթահամալիրում հեղինակային մանկավարժության ղեկավարման:

Ծով մարդկանցով ծով գործ անելու ժամանակը

18.04

Ես այդպես էլ չինքնահաղթահարվեցի՝ երեկ երեկոյան որևէ ժամի Հանրապետության հրապարակի պարմանի-ծովի առաջ կանգնելու համար… Իսկ ծովըմեծ է… ուրիշ կերպ, քան Հեմինգուեյի ծերունին հայտնի, թե Էքզյուպերի օդաչուն հանճարեղ չես ասի… Թռչնի այս բարձունքից տեսնելուց բացի, ես կարող էի ծովում-ծովի հետ լինել, երբ Չայկովսկու 30-ի բնակարանից ակնապիշ-բաց ականջներով, որսալով ոչ միայն ամեն մի բառ, այլև խզզոց-դադար, հետևում էի երեկվա ծփացող Հանրապետության հրապարակին, բազում ու բազում պարմանիների ողջ ալեկոծումի-սպասումի-տարուբերի-խռովքի շրջանին… Ես այս շարժման առաջ ընկրկեցի. սա ինձ համար անհաղթահարելի հետևանք է՝ 1988-ի շարժումից մնացած… Ախր, էդ ո՞նց, ողջ կյանքը աղմուկի-քաոսի, բանգլադեշյան քառ ու քռի մեջ անցկացրած, հազարավոր տարատարիք երեխաներով, ծանոթ-անծանոթ մարդկանցով շարունակ շրջապատված, պատերազմի 1992-ին մենակ-անզեն «Ուղերձ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին» քարոզով Բաքու մտած, 1994-1996-ի ամենաաղմկոտ-ըմբոստ ուսուցչական-հանրային լսարաններ տեսած, Նուբարաշենի բերդում ոստիկանական ամենախիստ հսկողության տակ երկուսուկես տարի լուսավորություն տարածելու համար «Գրիգոր Խաչատրյան» մրցանակ արժանացածս… խաղաղ, Նիկոլի դիրիժորական-վիրակապով ձեռքի շարժումով երկու ձեռքը վեր պարզած, իմ կյանքը դարձած պարմանիների այս ծփումի առաջ ընկրկի՞…

Երբեք չշփոթեք շարժումը գործողության հետ

Հա, լսեցի՝ կասի Դավիթ Բլեյանը։ Քիչ հետո Բլեյան Աշոտի ընտանիքը լրիվ կազմով կանցնի Սեբաստիայով, ու նաև վարորդ Արմինեն աջ կանի իր «աբուհասանիմաշիկ» դարձած Տոյոտա-յարիսը, որ մենք երեքով կարդանք բարձրահասակ շենքի՝ հարավ նայող ճակատի ցուցանակը՝ Հեմինգուեյի նկարով, նրա՝ ի՞նչ առիթով ասված տողով… Նիկոլ ջան, ինքնակազմակերպման, ինքնուրույնության, մոբիլության, փոխօգնության մեթոդը՝ միշտ խաղաղ-հակաբռնի, սիրելի-ընդունելի, յուրային է հեղինակային մանկավարժությամբ մեր. ինչպե՞ս է այս պարմանի-տարերքը ոչ թե շարժվելու, այլ գործողություն դառնալու… Ուզում եմ շարունակ սա գտնել այս օրերին բարձրախոսներից հնչող բազում ձայների մեջ… ու չհաջողելը բացառում եմ… Պարմանիների հեղափոխությունը մեր ներկան է, մեր բոլորիս հնարավորությունը, մարդկային զուլալ ծովով մաքրված պատանի-երիտասարդը պիտի մաքրի, օգնի յուրաքանչյուրիս՝ մեր կյանքում հաստատված ճահիճը հաղթահարելու:

Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է...

19.04

Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է. Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է. Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում. Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է։ Եղիշե Չարենց

Հրապարակից երեկվա, մեր կյանքի ուղեկցից, մեր կյանքի անբաժանը դարձած, որ երկար-երկար կտանի – կքայլի քեզ հետ՝ առանց քո ցանկությունը հարցնելու, հենց այդ  ուժի ազդեցությունը մնաց: Նիկոլի  ու իր առաջնորդած պարմանիների՝ իրարով խնդուն ուժը մնաց... Մնաց ու հաստատեց. հենց դա էի փնտրում: Հալալ է: Շուռ եկա կեսից բազմոցին՝ մեջքով դեպի նոթբուքի բաց էկրանը live-ուղիղ եթերի, ցույցը չավարտված… Մնացածը գիտեմ (լսեցի՜-հասկացա՜,- կճղղա Դավիթը Բլեյան), համ էլ շարունակելի է, ու կհանդիպենք, չենք կորցնի կամուրջը սերունդների: Որտեղից որտեղ, իմ գրասեղանի, որին ավելի ու ավելի շատ եմ կապվում նորից, սա կամուրջ է, թղթերի միջից գտա մի կողմը գրոտած այս թուղթը, ոչ էլ հեղինակ-օր-վայր, որևէ մակագրություն կա, բայց այնքան տեղին թվաց, որ փոխանցեցի իմ գիր բառացի…

Կառավարություններ, իշխանություն, հազար տեսակ չինովնիկներ ոչինչ չեն կարողանալու փոխել, եթե չկայանա մեզ նման հասարակ մարդկանց ընկերությունը, որի դեմ նույնն են դառնում աշխարհի բոլոր լեզուները, ու բոլոր շուրթերը մրմնջում են մի աղոթք:

Ասում եմ, ահա, աստ, ինչպես մահվան պատգամ...

20.04

Կանչեր կյանքի, կարոտ աննինջ Եվ մոռացման տրտունջ անբառ... Չարենց

Հիմա ես Չարենց եմ կարդում... իմ օրվա ճաշակով. բարձր էլ՝ լսելի ձեզ, քեզ համար, ընթերցող, կկարդամ, իհարկե... Ես լիազորություն չունեմ փողոցի` հրապարակ դարձած-քաղաք բռնած պարմանիների անունից խոսելու. ես ունեմ պարտավորություն՝ պաշտպանելու փողոցը... Ես ո՜նց կարող եմ չպաշտպանել փողոցը, երբ...
- Ես իմ քայլն արել եմ, պա՛պ, գիտեմ...
Որքան էլ ամեն օր յոթ տարեկան դարձող Բլեյան Դավթից ամեն անցում բնական-սպասված է, հանկարծակիի եկած՝ առավոտը 8-ին, միջանցքում, տանից դուրս գալիս, կտրում եմ խոսքը...
- Գիտեմ, պա՛պ, ինչ է միտինգը... Մենք ընկերներով խոսել ենք. միանում ենք Նիկոլին։

Ու էլի քեզ, ընթերցող, հրապարակի-փողոցի շուրջօրյա ուղիղ եթերից յուրաքանչյուրիս ծանոթ-յուրացրած, կենցաղային-առօրյա խոսք դարձած բաներ է ասում Դավիթը իրար վրա՝ մուգ կապույտ բոթասները խնամքով խոզանակով մի լավ պլպլացնելով՝ վրայից... այո, այո, նաև տակից... - Թող տակն էլ մաքուր լինի, պա՛պ, փողոց է... Սա՝ երեկ առավոտ շուտ, իսկ իրիկունը, երբ ես ջախջախված ձգտում եմ մահճի, իմ հարություն առնելու ծեսից րոպեներ առաջ Դավիթը՝
- Էս Մելինե՞ն (սեբաստացի պարմանուհի Մելինե Մարտիրոսյան քույրիկը) ինչ եղավ, բա ե՞րբ ենք իրար հետ էս խաղերը խաղալու, էս միտինգը չպրծա՞վ... Շարել-հավաքել-իր սենյակում պատրաստել է...
- Միտինգ չդառավ, Նիկո՛լ ջան, պատմություն դառավ մեր գլխին...,- շարունակում է... Ոչ գրային արտահայտություններ...

Նիկոլին ես, պատմել եմ, ճանաչում եմ 1994-ի վերջից, երբ ես ընդամենը օրերի լուսավորության նախարար էի Հայաստանի, նախարարության մամուլի քարտուղարից՝ լրագրող Սերգեյ Հարությունյանից, խնդրում եմ հանդիպումներ թարմ, երիտասարդ, ոչ սովորական, լրագրության մեջ նկատելի քայլեր անող անձանց հետ, որոնց հրապարակումներ-նախաձեռնություններ մտապահվել են... Եկավ Արմինե Օհանյանը... Նիկոլ Փաշինյանը... Հետո արդեն «Դպրոց» թերթի խմբագիր դարձած Արմինե Օհանյանի հետ հանդիպեցինք քաղաքի ամենասիրահար-սիրուն ուսանողական զույգի՝ Նիկոլի-Աննայի հետ... Ու այս ողջ ընթացքում, չնայած մի սերունդ բաժանող մեր տարիքային տարբերությանը, գործունեությանը, ժամանակների հախուռնությանը, ոչ միայն չեղանք բարիկադների տարբեր կողմերում, այլև մեր ընկերությունը բռնեց քննությունը, պահեցինք մարդկային, ընտանեկան, գաղափարական հարազատության, հատկապես վտանգի պահին լինելով իրար կողքի… Հիմա ես ավելի շատ լինում եմ մեր վեցերորդցի Շուշան Փաշինյանի հետ, բաց չեմ թողնում հնարավորություն՝ Նելի Արղությանի սան 3-ամյա Արփիի հետ… Նիկոլն էլ՝ Դավթի, Մելինեի, քեզ հետ... Սա՝ իմ պատասխանը, մեր քոլեջի զարմացած ուսանողներից «Խազեր» պատանեկան երգչախմբի անդամի հարցին.
- Տիա՛ր Բլեյան, Դուք պաշտպանո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին…

Բաց դռներով սովորելու ու բաց հասարակության, միասին գործելու ժամանակը

21.04

Չարենցի 1936-1937թթ տնային կալանքի, բանտի, կյանքի վերջին՝ դատապարտվածի գիրն է իմ սեղանին, Հրանտ Մաթևոսյանի ճաշակով հրամցված վերջերգը Չարենցի։

...Շնորհակա՛լ եմ, Տե՜ր, այն ամենի համար,
Որ տվեցիր դու ինձ կյանքում իմ խեղճ.
Ե՜վ տքնությամբ ազնիվ իմ վաստակած հացի,
Ե՜վ կանացի մարմնի՝ հացի՜ պես սուրբ,
Ե՜վ պարտությանց համար այս բիրտ մարտում,
Ե՜վ հաղթությանց համար երբեմնակի: —

- Ոստիկաններն ինչի՞ են էսպես շարվել,- Դավիթ Բլեյանն է հարցնում Արմինե ուսուցիչ մայրիկին, երբ մեքենայով փորձում են Մելիք-Ադամյանով մտնել Բյուզանդ-Չայկովսկի՝ մեր տուն։
- Սերժ Սարգսյանին են պաշտպանում․․․ մարդկանցից, մեզանից։
Քաղաքացիական անհանզանդության պայքարի մասնակիցն իր բացասական վերաբերմունքը իշխանության, վիճակի նկատմամբ չարտահայտել-չփոխանցել չի կարող...
- Ինչի՞ց են պաշտպանում․․․ ի՛նքն ա վարչապետը, ինքը պիտի բոլորին պաշտպանի․․․ Ոստիկանը մարդկանց պաշտպանելու համար է, ես գիտեմ, սովորել եմ, դրա համար ես չեմ վախենում․․․,- ու պատմում է իր յոթ տարեկան ընկերների կարծիքները՝ դպրոցական քննարկումները շուտ-շուտ մեջ բերելով․․․
Վերջում էլ թե.
- Բա ո՞վ պիտի ոստիկաններին էս իրենց գործին ուղարկի․․․

Երեկ առավոտյան շուտ-շուտ հավաքվում ենք՝ տանից դուրս գալու։ Հոգնած-ջարդված սեբաստացի միտինգավոր Մելինեն դեռ քնի մեջ է։
- Դավի՛թ, վեր կաց, քույրիկդ ու իր միտինգավոր ընկերները խաղաղ-անհնազանդ փակելու են քո դպրոցի ճանապարհը, մի քիչ էլ ուշացար, կմնաս տանը, կգնաս միտինգի․․․
- Մելինե՞․․․
- Հա, Դավի՛թ ջան․․․
- Մելինե՛, դու ինչի՞ Սերժ Սարգսյանին չես հավատում․․․,- հարցնում է Դավիթը շորերը հագցնող, քնի մեջ գործող քույրիկին։
Մելինեի պատասխանը իմ գրում, անվտանգության նկատառումներով բաց եմ թողնում․․․

Մեր հեղինակային մանկավարժությունն ու մեր կրթական միջավայրը՝ իր բոլոր դպրոցներով, պարտեզներով, քոլեջով ստեղծվել-կառուցվել են անընդհատ՝ բաց դռներով․․․Դրանք չփակվեցին նաև խաղաղ անհնազադնության երթի մասնակիցների առաջ։ Նրանք անցան Բանգլադեշով, մասնավորապես Բաբաջանյան փողոցով, որի 25-րդ համարի կրթական օբյեկտը՝ մեր 6-12-րդ դասարանցիների դպրոցը՝ մեր Մայր դպրոցը, նախկինում՝ մինչև 1988-1989թթ, հանրահայտ երեք Աշոտների ղեկավարած թիվ 183 դպրոցն է․․․ Եվ ի՞նչ․․․ Դռներն իհարկե՛ չփակվեցին, սովորողների 2-3 խումբ, անարգել, իրենց նախաձեռնությամբ միացավ երթին՝ և՛ հետաքրքիր է, և՛ սովորելու-ճանաչելու-գործելու պահանջով, երևի․․․ Ավագ դպրոցի ղեկավարը, բնական է, ուսուցիչների մի խմբի հետ միացել է նրանց, ուրիշ ի՞նչ կերպ ապահովես սովորողների անվտանգությունը, և ուղեկցել երթը․․․ Մնացածը Մարթա Ասատրյանն ու սովորողները կպատմեն իրենց բլոգներում, սոցիալական ցանցերում․․․

Ասել եմ, կրկնում եմ՝ մենք պետք է պաշտպանենք փողոց-հրապարակը, որտեղ քաղաքացիական խաղաղ անհնազանդությունն է՝ ձեռքերը վեր պարզած։ Հիմա հենց այդ պահն է՝ լինելու մեր պատանի-երիտասարդ սովորողների, մեր զավակների, մեր եղբայրների, մեր ընկերների կողքին։ Ֆիզիկապես լինելու՝ նրանց պաշտպանելու համար։ Մնացածը կերևա։ Ես Հանրապետության հրապարակում եմ։

Հասունության քննություն է․ մեր կյանքի իշխանությունը իրացնելու ժամանակը...

22.04

Հրապարակի, Նիկոլի ղեկավարած շարժման—քայլքի-հավաքի ֆիզիկական ազդեցությունն է ինձ վրա․․․ Պատկերացրեք, քաղաքացիական անհնազանդության երթը, ժամանակ առ ժամանակ ձեռքերը վեր, բայց անխոս քայլում է Երևանով մեկ, որպես ուխտավորներ անցնում Կենտրոն-Էջմիածին ճանապարհը, իբրև հրաշալի վարժություն՝ Ծիծեռնակաբերդի ճանապարհն ու խորհուրդը միասին անցնելուց առաջ․․․ Ո՛չ մի «հեռացիր», ո՛չ մի «քայլ արա՝ մերժիր», ո՛չ մի կոչ զինվորին, ո՛չ մի շշուկ, վանկարկում, ամենն ասված է, բազմիցս լսված է․․․ Ով ականջ ունի՝ լսեց, ով աչք ունի, թող մի անգամ էլ տեսնի․․․

Երեկ, Հանրապետության հրապարակում, բարձրաձայնում եմ իմ հակաաղմուկ միջամտության մասին, հին ծանոթներիցս մեկը թե՝
- Էդ էլ կլինի, բայց Ազգային Ժողովի ընտրություններից մեկ օր առաջ․․․
Ես ծիծաղեցի, դիպուկ էր, իսկ իմ ականջներում «Մենք ենք մեր սարեր»-ի Շերենց-Ավագի ձայնով հնչեց՝
- Չէ՜, տիա՛ր Բլեյան, քեզանից ցուցարար դուրս չի գա․․․
Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հայտարարած հանդիպումն սկսվեց-ընդհատվեց, չպատմեմ, ճիշտ է, որ ամեն ինչ ուղիղ եթերում էր․․․ Կիրակի էր, ով չէր հասցրել հետևել ընթացքին, ինտերնետում գործող լրատվամիջոցները ապահովում են յուրաքանչյուրիս տեղեկացված լինելը։ Շնորհակալ ենք։ Ես, իհարկե, իմ ընտանիքով միանում եմ քաղաքացիական խաղաղ, ձեռքերդ վեր անհնազանդությանը։ Հասունության ստուգատես է մեր քաղաքացիական հասարակության համար․ մեր կյանքի իշխանությունը իրանցնելու ժամանակն է։

Հրապարակ-փողոց չէր երեկ, այլ համազգային մի գրկախառնություն

23.04

Կիրակին ես անցկացրի Հանրապետության հրապարակում․․․ Մեր տունը, շենքը հրապարակից երկու քայլի վրա է, բայց ես, եթե հեծանվով չեմ, շրջանցում եմ․ մեր հրապարակը առօրեական, մարդու համար չէ, չգիտես՝ մեքենաների՞նն է, դեպի Նալբանդյան-Ամիրյան անցումներով, կառավարությա՞նը՝ իր հսկա շենքով, տուրիստական ավտոբուսների կայանատեղի՞ է, արևածաղիկ ուտողների՞նն է․․․ երգող շատրվաններով մայրաքաղաքի չտեսների՞նը․․․ Ամբողջական մարդկային չէ հանրապետության հրապարակը։ Իսկ քաղաքացիական անհնազանդության շարժումը հրապարակը հետևողական ներառում է որպես հայրենիքի կենտրոն․․․ Երեկ, երբ Այգեձորի «Մետաքսի ճանապարհ» կենտրոնից՝ մեր գործընկերը դարձած Նորվեգիայի Կրագերո քաղաքի քաղաքապետի ու նրան ուղեկցող խմբի հետ աշխատանքային հանդիպումից հետո  անհամբեր, Մարթա Ասատրյանի հետ էլի եկանք հրապարակ․․․ այսքա՜ն մարդ, այսքա՜ն ուրախություն, այսքան սեր ես տեսել էի մեկ էլ 1988-ի շարժման օրերին․․․ Ծանոթ-անծանոթ գտել-գրկել էին իրար․ հրապարակ չէր, այլ համազգային մի գրկախառնություն․․․ Այդպիսին էր և մետրոպոլիտենը մեր․ ի՛նչ խելք արի, որ մտա․․․ կենդանի, մարդասեր, հետաքրքիր հոսքեր, խմբեր՝ իսկական հանրային տարածք էր գործում մեր մետրոն։ Դուրս եկանք Դավթի հանրապետության հրապարակ, անցնում ենք ոստիկանական կայանման-տեխնիկայի կուտակման տեղ դարձած Բուզանդ-Մելիք-Ադամյան միջանցքով․․․ բոլոր տեսակի հատուկ միջոց-մեքենաները կան, բոլոր տեսակի ոստիկաններով-արդուզարդով․․․ Զուգահեռները ես չեմ բերում, գալիս են. 1988-ի շարժման պատկերները կենդանանում, շարվում են կողք-կողքի․․․ երբ հրասայլերի, ամենատարբեր ԲՏՌ-ների վրա և ամենատարբեր բերետներով հատուկ ջոկատայիններ էին, զորքեր. ու պետք էր ներառել, չվախենալ․․․ Դավթի հետ մոտենում ենք սև դիմակով, անհատական միջոցների լրիվ արդուզարդով մի խմբի․․․ Բարեկիրթ բարևում եմ, ներկայանում․․․
- Տղայիս հավատարմության ուժն եմ ուզում փորձարկել հասարակությանը. դուք ինձ բռնում եք, խցկում այս մեքենաներից մեկը, տեսնենք՝ Դավիթ որդիս ինչ է անելու․․․
- Հա՛, ես համաձայն եմ,- ոգևորվում է Դավիթը։
- Ի՞նչ կանես որ, Դավիթ․․․
- Կտամ գլուխները կցխլեմ․․․
Ահա քեզ ծիսական երգից-ավանդույթից փախած «գլուխ դմփողը», էս էլ Նիկոլի շարունակվող-աճ հավաքող ցույցի բան չէ հոր նման, բայց, դե, ներառվում ենք որպես քաղաքացիներ...
- Ես չեմ ուզում նախագահ դառնամ, որ միտինգի չմասնակցեմ․․․ Ինձ տար էստեղից․․․
Ջրավազանի, ջրի խաղից Դավթին կտրել կարող էր միայն Փաշինյան Նիկոլի ընտանիքը՝ Աշոտը մեր, կին Աննան․․․ մոտակա պիցայանոցում. Նիկոլի աղջիկներ Մարիամի ու Շուշանի հետ կապը առցանց էր, Արփին հոր նման անհետացել էր․․․ Դավիթն ու Աշոտը նման են իրար, լավ ընկերություն արեցին նորից, բոլ պիցցա կերան․․․ Աննայի տոկունությամբ-հումորով չհիանալ չի լինի․ ծիծաղում ենք.
- Իմ կյանքն է, պարո՛ն Բլեյան, ի՜նչ անեմ, Դուք էլ տրտմություն չեք սիրում․․․
Ու մի լավ Նիկոլի մասին, Նիկոլով, Նիկոլի հետ ծիծաղում ենք․․․

Ո՞վ գիտի՝ ինչքան է պետք ապրել այս շրջանում՝ հրապարակում այս, փողոցում․․․ Սիրո մեջ, սիրով, ուսուցումով, հետաքրքիր, անտրտունջ ապրենք․․․ Աջ ու ձախ՝ շրջանավարտ, սովորող, ծնող, ուսուցիչ ու ոչ այնքան սեբաստացի, 1988-ի շարժումից ծանոթներ, նաև սփյուռքահայեր, որ երեկ շատ էին, գյուղերից... Մարդկանց ես այս նույն բանն եմ ասում, խուսափում երկար քննարկումներից․․․ Նիկոլի մոտ որ բանակցելը չսկսված ընդհատվեց՝ իմ նման վռազի մոտ չի ստացվի․․․ Որքան հնարավոր է շատ շփում, նոր դեմքեր-դեպքեր․․․ Սա է մեր ձեռքբերումը։

Մաշտոցի պողոտա. 23 ապրիլի: Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Հավաքանի հասարակության մեծագործությունների ժամանակը եկավ․ ասենք՝ շնորհավո՜ր

24.04

Հեռացումի խոսքն այս, որ փողոցի, նրան առաջ տանող Նիկոլ Փաշինյանի ուժի, փողոցի լեզվով ասենք, ճշտի ընդունումն էր․հավանեցի․․․ Հա՛մ Նիկոլ, հա՛մ՝ փաշ․․․ Տեսեք, որ մի անվան-ազգանվան մեջ երկու նշա՞ն է դրել ֆիզկուլտուրայի-ֆուտբոլի տարիների ուսուցիչ Վովա հայրիկը, ով 17-ամյա՝ երեք որդիներից կրտսերին Իջևանից Երևան սովորելու ուղարկեց․ խիստ-փոթորկուն, Նիկոլի՝ գարնան երկնքի նման կյանքի ամենադրամատիկ այս շրջանին ո՜նց դիմացավ։ Կեցցե՛ս, եղբայր․․․ Հիմա ես քեզ հիշեցի, քո աչքերով-սրտով ուրախացա․․․ Չծխե՛ս հանկարծ։ Իսկ այս Հայկոյի, Հայկ Մարությանի ողջույնի խոսքը երեկվա, հանկարծ հայրենասիրված․․․ չհավանեցի․․․ Սա՞ է քո ուղերձը, սիրված Հայկո, 100 հազարի, ինչպես դու ես ասում՝ քո տան անդամների առաջ, մեր հարևան Ադրբեջանին ուղղված․․․ Ես գիտեի՝ ազատ ներհայաստանյան համերաշխությամբ կարողություն ենք ձեռք բերում՝ օր առաջ մեր հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր համակեցություն հաստատելու․․․ Այժմ, այո, երբ ապրիլի 27-ին միջկորեական գագաթաժողովում հանդիպում են Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարները․․․ «Ցանկանում եմ, որ բոլորն իմանան, որ այս պահին կերտվում է կորեական թերակզղու նոր պատմությունը․․․ Ինձ համար մեր անմիջական հարևանների հետ տարածաշրջանը ինքնուրույն մի թերակղզի է․․․ Նիկոլ Փաշինյանի տեքստերի նկատմամբ հիմա ավելի ուշադիր եմ, հատկապես երեկվանը բաց չեմ թողնի, բայց հրապարակի-օրվա՝ աղմուկասպանդի մեջ չզորեցի-չլսվեց։ Կա՞ տեքստը իմ նման խուլ ու համրերի համար, ազգային փոքրամասնություն են, բայց կանք։ Ինչպես Լիլիթ Բլեյանի պատրանքը՝ երեկ ֆեյսբուքյան էջում, շարունակում է փողոցում ծնված խորհուրդը, Նարե Ղալամքարյանի հիասթափությունը անսերժ Հայաստանի առաջին օրով, Վահրամ Թոքմաջյանի այլընտրանքը խաղաղ-ընթեռնելի-ընդունելի ձևակերպմամբ, Շուշան Բլեյանի ու անբաժան Թերեզի Վիեննայում արած իրենց քայլն ու երեկվա իր հեռախոսային շնորհավորանքը․․․ ծիծաղից պայթեցինք․․․ Երգիչ աղջի՜կս միջազգային ասպարեզ է դուրս գալիս՝ մշտական կապի մեջ Մարիամ Փաշինյանի հետ... Հանրապետության հրապարակը ամենաբարձր, աշխարհին հենց սկզբից տեսանելի, 1988-ի շրջանից հետո, 30 տարի անց, վերջապես,  հայոց միջազգային ուշադրության կենտրոն-հարգանքի բերման վայր դարձավ։ Երևանյան փողոցը փառահեղ-տոնական նշեց այսպիսով 2018-ի փետրվարին մոռացման տրված, իրենից յուրացված-փախցրած 30-ամյակը․․․ Սրանով ինքն իրեն մեծարելու և մեծագործությունների կյանքով ապրելու հնարավորություն ունեցանք, շրջանում ենք, ահա։ Իմ տոնը այս հայտն է մեծագործության․․․

Տոնով մերկանալուց հետո

25.04

Մռթոշ. այսպես էր դիմում-կանչում հայրս մորս, ու դիմելաձևն այս մորս համար անուն էր դարձել… Ապրիլ 23-ի ուրախությունը, նրա բերած տոնը զիբարը բացեց* մռթոշ դարձած իմ ազգի… Արփի Սահակյանն իր «Սիրող քաղաքի մասին» գրով թող արդիականացնի մռթոշի ներկայությունը... Սա՝ որպես անանձնական մի ուրախություն, որ տրվեց ինձ լիուլի, ու շնորհակալ եմ Նիկոլին ու իր շուրջը ծով դարձած պարմանիներին։ Ասել եմ սա. եթե հեղափոխություն՝ պարմանիների… Ապրիլի 23-ի մասին պատմել եմ իմ երեկվա գրում: Շարունակում եմ, կիսատ բան չմնա: Երևանով անցա հեծանվով, անաղմուկ, մենակ, երբ տևական շրջան իրեն պարտադրված, իր հասարակական ու անձնային կյանք խցկված թիվ մեկ իշխանավորի ներկայության զզվանքից ազատված՝ ժողովուրդը մերկացել էր տոնով։ Շատ բան կտայի մեկուսի մի անկյունում լինելու համար… Հրազդանի կիրճի երկայնքն էլ, կիրճն էլ չփրկեցին ինձ… Ամենախաղաղը տանն էր, այնքան, որ Փաշայան Լուսինեն, Բզեզ Անահիտը Հարությունյան, որ իրենց կնքամայր ընկերուհուն օգնությունից հետո պատսպարվել էին մեր տանը. ու Դավիթը չէր խանգարում: Դե, փողոցի մեքենաների աղմուկը մեր կյանքի ազդանշանային ֆոնն է դարձել այս օրերի, ինչպես հայերից անբաժան երաժշտության ձայնը…

Ճամփին իմ աչքից չվրիպեցին-մնացին մեր քոլեջի Գոռ Խլոյանը, նրա ուրախ քայլքը ինձ ընդառաջ, իր նոր ֆոտոօբյեկտիվով (ավանս է՝ գույք աշխատանքի դիմաց), ոստիկանական մեքենան կանգնեցնող կինը (որպես ծառայություն՝ ոստիկանի մեքենայով փորձում էր րոպե առաջ Հանրապետության հրապարակ մտնել),  իր 10-11 տարեկան տղային հեծանվով ուղեկցող  երիտասարդ կինը, որ խոստացել էր տղային տոնին մասնակից դարձնել, ու քայլում էին միասին դեպի հրապարակ, արևից խանձվող կանաչը՝ թիվ 81 դպրոցի գյոզալ լանջերի… Հրապարակում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը կարդացող երիտասարդը… «Մենք էլ ենք շնորհակալ»-ը կիրթ ասվածԷն որ սրանից ուրախ էլ չեմ պատկերացնում ոնց ա լինում… Պարմանուհի Արփի Սահակյանը՝ իր նոր, քաղաքացիական ինքնահաստատման ավազանից ժամեր առաջ դուրս եկած Արփին, պատմում է իր նոր ծնունդի 10 օրվա մասին… Ոչինչ, որ անունը չի փոխել… Արփիի Սիրո քաղաքի հայտարարումը քանի՜ հազար մարդ ունեցավ Հայաստանում, Հայաստանից դուրս, որպես հակամռթոշ… Ուզում եք, կարող եք սա անվանել հասարակության ֆորմատ… Բայց առանց ֆորմատի՝ նոր միջավայր դարձած վիճակի, հաջորդ քայլերը ո՞նց արվեն… Զիբարը բաց, անմռթոշ հասարակության գործելու շրջան ենք թևակոխել։ Եթե տոն՝ ապա միշտ մեզ հետ, որպես առօրյա։

Դիմում եմ սեբաստացիներին

Հանրապետությունում ստեղծված իրավիճակը հուզում է երիտասարդ քաղաքացիներին

25.04

Ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների, «Սուրհանդակ TV»-ի Կլոր սեղան։ Հնարավոր հանգուցալուծման ու իրենց դերի մասին ավագ դպրոցի սովորողներն իրենց երիտասարդ ուսուցչի հետ զրույցի են հրավիրել կրթահամարի տնօրեն Աշոտ Բլեյանին։

 

Հեռագիր-արձագանք 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-1997թթ ՀՀ ԱԺ պատգամավոր, 1988-ի Շարժումից իմ ընկեր Բագրատ Ասատրյանի այս դիմումին։ Միանում եմ, որպես 1990-1995 թթ ԳԽ պատգամավոր, ինչպես համահեղինակ՝ Աշոտ Բլեյան.

26.04

Հայաստանի Հանրապետական խմբակցության գործընկերներին Թավշյա հեղափոխությունը, որի մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այլևս իրողություն է: Իրադարձությունները իրավական հիմքով տանելու և անհապաղ սահմանադրական լուծումներ ունենալու միակ միջոցը յուրաքանչյուրիդ դիրքորոշման անհապաղ հրապարակումն է: ... Ժողովրդական իշխանության հաստատումը ժամերի հարց է, Դուք կարող եք կա՛մ արագացնել գործընթացը, կա՛մ ձգձգել լարվածությունը։

Ես միանում եմ իմ գործընկերոջ այս դիմումին ու շարունակում եմ՝ շնորհակալ առիթի համար։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ՀՀ Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունն այսօր իրականացնում է հրապարակային, Հրապարակով՝ ուղղակի։ Գործող Ազգային ժողովում ժողովրդի ներկայացուցիչ ընտրված-դարձածները չեն կարող չհարգել ժողովրդի՝ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարումը Նիկոլ Փաշինյանին հանձնելու որոշումը։  Սրանով՝ ժողովրդին պատկանող ինքնիշխանությունը ամբողջությամբ, Սահմանադրությամբ որոշված ձևով, Սահմանադրությամբ երաշխավորված՝  բազմակարծության և բազմակուսակցական քաղաքական համակարգի ձևավորման պայման հանդիսացող Ազգային ժողովի հավաստի և ազատ ընտրությունների երաշխավորը դառնալու համար։ Եկել է օրը, որ քաղաքացիները ԱԺ Հանրապետական կուսակցության, հավասարության և հավաստիության համար՝ նաև  մյուս խմբակցությունների պատգամավորներին, Երևանում, մարզերում պիտի բերեն հրապարակ-փողոց՝ իրենց այս պարտավորությամբ։  Պատգամավորներից յուրաքանչյուրը, հատ-հատ,  պիտի գրի հրաժարականի իր տեքստը կամ հրապարակայի՛ն, ընտրողներին հասկանալի, անհատապես արտահայտի իր դիրքորոշումը։ Եթե սա ընդունելի է, սրա իրագործումը Հրապարակ-փողոցի պարմանիների կողմից կարող է ստանալ հանրային աջակցություն՝ մղելով նրանց հետաքրքիր-օգտակար-օպերատիվ մի ֆլեշմոբի՝ այսօր-վաղը։ Պատմենք՝ ուղիղ, եթեր տալով այդ հանդիպումները, մեծացնելով Հրապարակը, տեղափոխելով Հրապարակը հանրապետության բոլոր անկյունները՝ որպես խաղաղ-անցնցում հեղափոխության որդեգրած ցանցային կազմակերպում։ Իմ դիքորոշմանը՝ որպես քաղաքացի Աշոտ Բլեյան, շարունակեք հետևել իմ բլոգում, իմ անընդհատ օրագրում, հրապարակի-փողոցի անցուդարձի խճանկար արձագանքում,  դիտեք ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների, «Սուրհանդակ TV»-ի Կլոր սեղանը՝ իմ մասնակցությամբ։

Այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ։ Սրանից ավելին չարից է…

27.04

Սրա ժամանակն է։ Վերադառնանք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստին. մեջ եմ բերում. Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Սերժ Սարգսյանին՝ Հանրապետական կուսակցության առաջնորդին,  Ծաղկաձորում  առաջադրել է  ՀՀ վարչապետի թեկնածու կուսակցության խորհուրդը, ոչ խմբակցությունը… Ուրի՛շ Հայաստանի պահանջով Սերժ Սարգսյանի այսպիսի հրաժարումը իր՝ վարչապետի գործունեությունը շարունակելու, Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի կառավարումը շարունակելու անհնարինության արձանագրումն է, այո, քաղաքական կապիտուլյացիան։ Հանրապետական կուսակցությունը այլևս ընդդիմություն է և կարող է իշխանության հավակնել միայն ԱԺ համաժողովրդական ընտրություններով։ Հիմա Ազգային ժողովը իրավական ձևակերպում է տալիս միակ, հայտնի, ժողովրդի, նրա հրապարակի ուղիղ իշխանությանը։ Սրանով հնարավորություն՝ իր ձևավորած գործադիրով՝ վարչապետով, ժամանակավոր կառավարությամբ, ընտրությունների կազմակերպում (Նիկոլի ձևակերպումն է), և պատասխանատվություն՝ ժողովրդի իշխանությունը ազատ, արդար, ԱԺ հավաստի ընտրությունների միջոցով վերականգնման։ Սա բացառում է որևէ ուրիշ թեկնածուի առաջադրումը։ Նիկոլը չի կարող մրցակցային քվեարկությամբ ընտրվել. սրանով նա կմասնակցի էլի թավշյա, բայց նենգ՝ խարդավանքով թավշյա հեղաշրջման։ Ու Հրապարակը Նիկոլին դա թույլ չի տա։ Հայաստանում այսօր կա մի լեգիտիմ իշխանություն՝ ժողովուրդն իր Հրապարակով, ուղիղ եթերով, ուղիղ հեռարձակմամբ։ Ժողովրդի ինքնիշխանությունն ընդունող ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պիտի գա, բարձրանա բարձր հարթակ և իր «այո»-ն ասի։ Այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ։ Սրանից ավելին չարից է։ Սրանով ժողովրդի առաջ նա  անհատապես ազատվում է իր քաղաքական մեղքից, իրավունք ստանում քաղաքական գործունեության, այդ թվում՝ իր ազատ ընտրած կուսակցության միջոցով ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու։ ՀՀ Սահմանադրության և Օրենքի շրջանակում։

Այսօր Հրապարակը ավազան է, մաքրելու, լվանալու, պարզելու գործառույթ ունի

Քաղաքացիական անհնազանդությունը շատ դեպքերում ընկալվում է որպես հասարակության շատ անդամների համար վտանգավոր գործողությունների շարք, որ կարող է ներհասարակական բախումներ հրահրել, ինչ-որ դրսևորումներ ունենալ, որ օրենքի շրջանակներից դուրս լինեն, բայց մենք տեսանք, որ փաստացի ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնզանդության ակցիաներն ու բողոքի գործողությունները ամբողջ հանրապետությունում անցկացվեցին բացարձակ խաղաղ, որևիցե լուրջ դիպված չարձանագրվեց: Սա կարո՞ղ ենք համարել ֆենոմեն:

Աշոտ Բլեյան - Մեր հայաստանյան տրադիցիայում բայց դա կա 1988-ից, չէ՞: Որովհետրև ես շարժման մասնակից եմ. 1988-ի Արցախյան շարժման երեսուներորդ տարին է, որ շատ վատ է նշվում, շա՜տ… մոռացության են մատնել, կամ յուրացրել փաստորեն, չէ՞: Օրինակ, ինքս որևէ ձևով դրան չեմ մասնակցել, հնարավորություն էլ չեմ ունեցել, չի էլ մտածվել այդպիսի հնարավորության մասին, այսինքն՝ մի ամբողջ սերունդ իր երեսուն տարեկան շարժումը իմի բերելու, գովաբանելու էդ հնարավորությունից զրկված էր, և պիտի արդեն այս անհնազանդության, հակաբռնի էս քաղաքացիական գործողությունը, շրջանը դիտել որպես բացթողման լուծում, պատասխան: Ես եմ գոնե այդպես մտածում։ Լավ է, որ պարմանիները, շրջանավարտները, մեր սովորողները, մեր կրտսերները, էդպես ասենք, չէ՞ մի սերունդ է արդեն, էդ բանը շատ լավ նկատեցին և շատ արագ լուծեցին էդ հարցը: Ես, օրինակ, դրանից ինձ լավ եմ զգում, բայց 1988-ին էլ այդ ամենաբարդ, ամենահախուռն, խորհրդային անգամ զորքերի, մյուսի…. առանձին միջադեպեր ես չեմ ասում, որովհետև դրանք առանձին գնահատականի հարց են, ինքը՝ էդ մթնոլորտը չկար, և հակաբռնություն էր: Ուզում եմ ասել, էդ տրադիցիան էդպիսին կար 1988-ին, և Նիկոլը՝ որպես էդ շարժումով անցած, ինչքան էլ երիտասարդ է՝ 43 տարեկան, բայց կյանքի էն գիտակից մասը, որ Երևանում է անցկացրել՝ քաղաքական թոհուբոհի մեջ, ինքը հաստատ նաև սեփական կենսափորձով էդ ամենինչը վերլուծել էր, այսինքն՝ մինչև վերջ, ու մեթոդի ընտրություն էր կատարվել. մեթոդի, որովհետև ամենակարևորը մեթոդն է՝ «ինչպես» ես անում, և «ինչպեսի» վրա էդ շեշտադրումը շատ լարված էր։ Եվ, ի վերջո, Նիկոլի շարժումն էր, խումբն էր, Նիկոլին ընտրած երիտասարդներ են, նրանք շատ արագ կարողացան, ոչ միայն էդ հարցում, բոլոր հարցերում կարողացան շատ մոբիլ գալ համաձայնության և ցուց տալ, որ էս նոր շարժումը, երիտասարդները մեր, պարմանիները մեզ գերազանցում են նաև էդ ազնվությամբ, շատ կարևոր է, չէ՞, շիտակությամբ, ուղղամտությամբ՝ խիզախությամբ, որովհետև դրանք բոլորը, որ գումարես, դառնում է խիզախություն, չվախենալու, չնահանջելու որևէ ձևով, չկաշառվելու, հրապարակային գործելու կամք. սրանք՝ ես էս ամբողջն եմ միասին ուզում նշել, որովհետև, որ առանձին վերցնես, չի հասկացվի:

- Այսինքն՝ սա արժեհամակարգային ընտրություն էր:

Աշոտ Բլեյան - Այո՛, և ընդհանրապես, ես կուզեմ, որ էս ամբողջ ընթացքը, սրանից հետո այլ կերպ չեմ էլ պատկերացնում, իհարկե, լինի քաղաքացիական անհնազանդության շրջան: Այսինքն՝ համերաշխությամբ պարտադիր, որովհետև դժվար է պատկերացնել, որ խնդիրներ կան, բարդ են ամբողջ հասարակության առաջ ծառացած են, ապրող երեք սերնդով պետք է փորձեն իրար հետ լուծել էդ խնդիրները: Ուզում եմ ասել, որ համերաշխությունը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է նաև անհնազանդությունը՝ անհատի անհնազանդությունը ստրկությանը, կեղծիքին, մյուսին, նոր ձևավորվող իշխանությանը, որովհետև այլ կերպ կստացվի անցած երեսուն տարվա պատմության նման, էդքան թանկ գնով, էդքան գյոզալ, ես ասում եմ «գյոզալ» ձեռքբերումը, ինչքան աննկատ, հանկարծ հերթական հպատակությամբ…., իսկ էդ հպատակության տակ վախն է, կեղծիքն է, առևտուրն է, ընդ որում ընկերոջ հաշվին, ընկերոջից գաղտնի, անազնվությունն է, բոլորը միասին, համաձայնեք, էդպես ասում են, ինքը «բիրիքով» ուղղակի կհանձնի, որը չի կարելի:

Սերոբ Խաչատրյան — Այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին Հայաստանում, իսկապես կմնա ոչ միայն Հայաստանի պատմության մեջ, այլև, վստահ եմ, համաշխարհային պատմության, ինչպես նաև քաղաքագիտական մտքի մեջ, առաջիկայում բազմաթիվ համալսարանների քաղաքագիտության պատմության դասընթացներում այս զարգացումները հաստատ քննարկվելու են, և շատ ուրախ եմ, որ այս պրոցեսը մի կարևոր բան հաստատեց՝ որ «խոնարհությունը», այսինքն՝ այն ոճը, որով գործում էր Նիկոլ Փաշինյանը, չէ՞, ներողություն խնդրելով քաղաքացիներից, այս տասնհինգ-քսան օրերի ընթացքում այնքան «ներողություն եմ խնդրում» արտահայտությունը, ինչքան ասել է Նիկոլ Փաշինյանը, ես, Հայաստանի պաշտոնյաներից, եթե միասին գումարենք, էդքան չէի լսել «ներողություն եմ խնդրում» արտահայտությունը:

Աշոտ Բլեյան — Սերոբ ջան, կներես, ընդ որում՝ խորքից եկող էր, կտակարանային խոնարհություն էր, բառը շատ ճիշտ ես ընտրել:

Սերոբ Խաչատրյան - Ինքը ասում է՝ ներողություն եմ խնդրում, որ ճանապարհ եմ փակել, հասկանում եմ, որ աշխատանքից ուշանում եք, բայց ես շատ ավելի կարևոր բանի համար, ձեզ համար եմ պայքարում, քան կարճ էդ նպատակներն են: Մյուս բանը, որ պարոն Բլեյանը շատ դիպուկ նշեց, դա այն է, որ շարժումը շատ անկեղծ էր , այսինքն՝ մարդը ինչ-որ անում էր, հավատալով էր անում, ոչ թե ինչ-որ խաղում էր՝ որ էկեք սենց անենք, հետո կթռնենք, կկեղծենք, մարդը համոզմունքով էր: Ես նայում էի Նիկոլի հարցազրույցները՝ մեկ-երկու ամիս առաջ տված։ Ինքը շատ համոզված էր խոսում, էդ շատ հետաքրքիր ցուցանիշ է։ Ինչ-որ մի բան որպեսզի իրականություն դառնա, դու պետք է անկեղծ լինես, հավատաս, ոչ թե, ասենք, կասկածներ ունենաս, կամ ինչ-որ գործարքների պատրաստ լինես: Էս իմաստով երևի պետք է շատ գովեստի խոսքեր ասենք մեր երիտասարդներին, որովհետև իսկապես ճիշտ եք ասում, երիտասարդները տաքարյուն են, նրանք պատրաստ են նաև ծայրահեղ քայլերի, բայց այստեղ մենք տեսանք ինքնակազմակերպման ֆանտաստիկ բարձր մակարդակ: Հիմա, ես կարծում եմ, մենք մի քիչ տաք ենք, բայց այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում Նիկոլի առաջնորդությամբ, ֆանտաստիկայի ժանրից էր. հարյուր հազարավոր մարդիկ, մեծ մասը՝ երիտասարդներ, ու այսքա՜ն խաղաղ, այսքան համերաշխ, իհարկե, շատ մեծ դեր կատարեց ինտերնետը, որովհետև սադրիչների փորձեր եղան, ինչ-որ բաներ ջարդելու, փշրելու, բայց երիտասարդները, ինտերնետը օգտագործելով, շուտ արձագանքում էին, և նաև որոշ լրատվամիջոցները՝ «Ազատությունը», «Ֆակտորը», «Սիվիլնեթը», «Ա1+-ը» բավական, էսպես, արձագանքում էին, և ստեղծվեց մի միջավայր, որ Նիկոլը և իր թիմակիցները կարողացան ապացուցել, որ բռնությունը բերում է հակառակ ռեակցիա։ Եվ նաև ինձ շատ դուր է գալիս էս պրոցեսում այն, որ Նիկոլը առջևից միշտ ինքն է գնում. նույն Բաղրամյանի միջադեպը, որ տեղի ունեցավ, ինքը առաջին շարքում էր:

Աշոտ Բլեյան - ….կամ իր առևանգումը:

Սերոբ Խաչատրյան - Եվ էդ էլ շատ հետաքրքիր էր, որովհետև երիտասարդությունը մեր կարոտ էր իսկապես անկեղծ առաջնորդների, ոչ թե մարդ, որ խոսում է և մեկ ուրիշ բան է անում, այլ մարդ, որ ասում է և իր ասածը անում է: Աշոտ Բլեյան - Սերոբ ջան, որ ասացիր՝ անկեղծ առաջնորդների, շատ կարևոր էր, որ շարժման էս երեսուն տարվա ընթացքում մեզ հայտնի դեմքեր, գործիչներ, որոնք փողոցում են եղել և մնում են փողոցում, այսինքն՝ պայքարող մարդիկ են, առանց անուններ տալու եմ ասում, կուսակցական գործիչներ, հանրային և այլ, իրենք շատ արագ նկատեցին պարմանիներին, էս հեղափոխական, նոր շարժումը, մարդկանց, որ հրապարակը նրանցն է, և իրենք այդքան հայրական մոտեցում ունեցան, ինչքան հեշտ քաշվեցին, տեղը զիջեցին: Դժվար էր իրենց համար, մանավանդ իրենք՝ մինչև Նիկոլի քաղաք մտնելը շատերը ամբիոնին էին թատերական՝ Ազատության հրապարակի, ճիշտ եմ ասում, չէ՞, կային տեքստեր, հայտարարություններ և այլն, բայց ինչքա՜ն մեծավարի, արժանապատիվ հետ կանգնեցին, հասկացան, որ պատանիները հայտ են ներկացրել, հա՞, իրենց նոր առաջնորդի ղեկավարությամբ, որին փողոցով են ընտրել, և իրենք նոր մեթոդ, նոր կազմակերպում են առաջարկում։ Եվ տեսաք՝ իրենք չնկատվեցին: Նույնը ես՝ փողոցում եմ, բայց, միևնույն է, ես հասկացա՝ էս ուրիշ բան է,  էս իմ շրջանավարտների, իմ տղաների, աշակերտների՝ իրենց բանն է: Հիմա մենք երևի ավելի շատ պիտի խոսենք այս փուլում նորից մեծահասկների դերի մասին, որովհետև մտնում ենք ամենակարևոր, ամենավճռական գործողությունների շրջանը, և ես շատ կուզեմ, որ մեծերը արագ գնահատեն իրենց անելիքը հենց հիմա, էս շրջանում։ Որովհետև և իրենք ունեն համեստ գործ, որ պիտի հենց իրենք անեն, կանգնեն էն տեղերում, որտեղ պետք է կանգնեն, ապահովեն և քանակը, ապահովեն և՛ ուշադրությունը, և՛ վերաբերմունքը, էդ մյուս բաները… Եվ մյուս կողմից, հանկարծ որևէ պատճառաբանությամբ, չգիտեմ՝ նեղանալու, հավակնոտ երևալու, ինչ-որ բաներ իրեն վերագրելու, սկսելու դասեր կարդալ... էս բոլորը պետք է մղվեն երկրորդ պլան, բոլորը պետք է աշխատեն երիտասարդների օգտին, ես նկատի ունեմ՝ շարժման. ձեր շարժումն է, կեցցեք, որովհետև դուք սրանով շատ կարևոր բան արեցիք մեզ համար:

- Պարո՛ն Բլեյան, դուք նշեցիք, որ «ձեր շարժում» ասվածը նաև գործնականում արտահայտվեց, եթե մինչ այդ հանրահավաքային պայքարում, որ մղվում էր ընդդիմության կողմից, քաղաքացիների մասնակցությունը սահմանափակվում էր բացառապես հրապարակում կանգնելով, ծափահարելով ու կոչեր անելով, մեկ-մեկ էլ երթերին մասնակցելով: Այս դեպքում, կարծես թե, ամբողջ ազգը և մասնավորապես երիտասարդությունը, մասնակցում էր գործողությունների՝ իր տան մոտի փողոցը փակելով, ինքը նպաստում էր իշխանափոխությանը, կա՞ այդ գործոնը, կարևո՞ր է այս պարագայում:

Սերոբ Խաչատրյան - Մի բան ասեմ, պարոն Բլեյանը հաստատ համակարծիք կլինի, որովհետև սա կրթական տարրեր ունի: Նիկոլ Փաշինյանը քաղաքական պրոցեսները տարավ կրթական նոր ձևերով: Այսինքն՝ տեսեք. եկեք հիշենք՝ նախկինում ինչ էր արվում: Նախկինում հավաքում էին մարդկանց օպերայի հրապարակում, ճառեր էին հնչում՝ վաղը վերցնում ենք, մի շաբաթից վերցնում ենք, երթ էր լինում, ու՝ վերջ: Ես դա կանվանեմ ուսուցման ավանդական մեթոդ, երբ որ ուսուցիչը կամ դասախոսը 45 րոպե դասախոսություն է կարդում, լսարանը անշարժ նստած է:

Աշոտ Բլեյան - ... անշարժ ուսուցում:

Սերոբ Խաչատրյան - Եթե Նիկոլը վարվեր այս մեթոդաբանությամբ, շարժումը անմիջապես կցրվեր: Նիկոլը կրթական նոր մոտեցում կիրառեց, որ մենք կոչում ենք ինտերկատիվ, պրոեկտային, նախագծային մեթոդ:

Աշոտ Բլեյան - Ես դրան անվանում եմ ճամփորդությամբ ուսուցում:

Սերոբ Խաչատրյան - Երբ դու կարճ դասախոսություն ես կարդում և հետո ասում ես՝ դասախորությունը պրծավ, հիմա մենք գնում ենք կիրառելու, մեր սովորածը գնում ենք կիրառելու: Եվ կարծում եմ, որ հենց սա մոբիլիզացրեց երիտասարդությանը, որովհետև երիտասարդությունը չի սիրում նստել ու լսել բեմից կամ հարթակից հնչող ճառեր. բոլորը հոգնել են այդ երկարաշունչ ճառերից: Նիկոլը մղեց մարդկանց գործողությունների՝ այդ ճառային մասը հնարավորինս փոքրացնելով: Այստեղ երիտասարդության ցանկությունները, գործելաոճը համընկավ Նիկոլի մոտեցումների հետ: Քայլելու մասով էլ, ես ասեմ. քայլելը, գիտնականների կողմից ապացուցված է, թերևս միակ անվիճելի առողջարար բանն է։ Ոչ միայն ֆիզիկական առողջության, այլ մտածելու համար: Բազմաթիվ գրքեր կան, որոնք ասում են՝ քայլող մարդը հաղթում է, քայլող մարդը միշտ հաղթում է նստած մարդուն։ Եվ կարծում եմ, որ էս հետաքրքիր քայլերը, շատ հաճախ Նիկոլը իրավիճակում հմտացած կողմնորոշվում է, և էդ ոչ միայն իր բնատուր ունակությունների արդյունք է, այլ նաև քայլելու: Գրքեր կան, որտեղ ասվում է՝ շատ հանճարեղ մարդիկ քայլել են երկու ժամ, օրական չորս ժամ, հինգ ժամ քայլել են:

Աշոտ Բլեյան - Սերոբ ջան, ես ինքս էլ անընդհատ քայլքի մեջ եմ, հեծանվի վրա եմ, ինձ ծանոթ է, և իրոք, ես հեղինակային մանկավարժության մեջ հետևողական մտցնում եմ էդ քայլքով, ճամփորդությամբ ուսուցումը: Գիտեք, դա սրում է միտքը, որովհետև երբ դու ճամփորդ ես, միտքդ սուր է, դու տեսնում ես բաներ, որոնք չէիր տեսնում. ոչ միայն դու արձանագրում ես, այլև գտնում ես լուծումներ փոխելու, շարժվելու, անընդհատ քո դիրքն է փոխվում, դու էդ երևույթին կարող ես մի քանի կողմերից նայել և այլն: Այսինքն՝ շատ կարևոր է, որ մանկավարժությունը այս ստատիկ վիճակը հաղթահարի և հասարակության մեջ: Ես անընդհատ բան ունեմ անելու հետոյի, որովհետև սա միջոցառում չէր, որ ավարտվեց: Մենք հիմա խոսենք որպես հաղթանակած կամ դամբանական մեկ է, որովհետև մենք հրաշալի հասկանում ենք, որ մի երկար ճամփա պիտի գնանք, և էդ ճամփան պիտի անցնեն չհոգնած մարդիկ: Ընդ որում՝ հոգնած-չհոգնած՝ ոչ թե տարիքի բերումով, որովհետև ոչ մի բան չկա, դու էնքան ես վաստակել, որ մառազմը ծերունական… կամ եկել էր վայելելու… չէր տրված էդ վայելքը նախկին իշխանության կողմից, այ, հիմա կգա նոր իշխանությունը, և քեզ կտա էդ վայելքը, օրինակ՝ կարող է, չէ՞՝ էս մտածումը լինի: Չէ՛, վայելքը ստեղծագործությունն է, ստեղծումն է, փոխելն է, սա շատ կարևոր բան է և պետք է արվի էս դինամիկ, անընդհատ, արագության, մյուս բաների, ամբողջ էս շարժման հակաբռնության մեթոդաբանության մեջ, բոլոր ձևերը գտնված են, և էն ճանապարհը, որ մենք անցնելու ենք՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության արձանագրում, ժամանակավոր կառավարություն, որպես նոր ընտրությունների կազմակերպման երաշխավոր ու պատասխանատու, նոր ընտրված Ազգային ժողով, իր նոր կառավարությունով, ես նկատի ունեմ և դրա հետ կապված ամբողջ համակարգային փոփոխություններ: Նախկին գործիքներով դա անել չի լինի, և շատ արագ, ամենամեծ դասը գուցե դա էր, որ ովքեր մասնակցելու են դրան, իսկ շատ լավ կլինի, որ յուրաքանչյուրը մասնակցի՝ առանց տարիքային սահմանափակման, նրանք պետք է արագ այս գործիքակազմը վերցնեն: Հակառակ դեպքում՝ էլի մեծ խզում կառաջանա, և էն խնդիրները, որոնք հայտնի են մի տեսակ, էդ խնդիրները էլի կմնան անտեր:

- Այսինքն՝ գործընթացը պետք է շարունակվի՞, անկախ որևէ ելքից:

Աշոտ Բլեյան - Այո:

Սերոբ Խաչատրյան - Մենք բոլորս պայքարում ենք ոչ թե փոխատեղման համար, այսիքն՝ ես պայքարում եմ, ոչ թե նրա համար, որ մի իշխանության տեղը մի ուրիշ մարդ գա, կամ՝ մի դեմքի տեղը մի ուրիշ դեմք, ես ինքս պայքարում եմ որակական փոփոխության համար: Այսինքն՝ եթե մենք պետք է ունենանք նոր իշխանություն, որը պետք է էլի շարունակի հին գործելակերպը դրսևորել, էս պայքարը բնականաբար կարժեզրկվի: Լավը այն կլինի, որ արդեն մարդիկ վստահություն ունենան։ Էս պրոցեսների մեջ ինձ համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ ով էլ լինի իշխանություն, որոշակի վախ ունենա հասարակությունից: Մենք Սահմանադրության մեջ ունենք էդ կետը, որը միշտ հեգնում էինք՝ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, միշտ հեգնում էինք, որ նման բան գրված է, բայց ե՞րբ եք տեսել նման բան: Էս օրերը ցույց տվեցին, որ Սահմանադրության մեջ գրված կետը կարող է իրականություն դառնալ և ըստ էության դարձել է այսօր:

Աշոտ Բլեյան - Սերոբ ջան, էլի կարող է հասկանալի չլինել՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», ես ասում եմ՝ ցույց տվեք: Հիմա, որ ուզենանք ցույց տալ՝ էդ Հանրապետության հրապարակն է՝ իր փողոցով, իր բաց, ուղիղ եթերով, այդ թվում՝ մենք մի երակ ենք էդ ամեն ինչի, բոլորը՝ պատանիները՝ իրենց ֆեյսբուքներով, իրենց ուղիղ միացումներով, բոլորը մի ցանց է: Հիմա սա է այսօր Հայաստանում, էդպես ասենք, իշխանությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, հիմա սա ընդունվո՞ւմ է բոլորի կողմից, և սա է պետք ցույց տալ: Ես որ ասում եմ՝ մեթոդաբանությունը... Տեսեք, իսկ Ազգային ժողովը սա ընդունո՞ւմ է: Ես չեմ հասկանում, օրինակ, ինչ է նշանակում՝ Ազգային ժողովում քվեարկություն, չեմ ընկալում: Նույն 1988-ին քվեարկություն, կամ որոշումներ կայացվել է Գերագույն խորհրդի կողմից, ես էլ եղել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր: Դու հրապարակում էիր, և շատ նորմալ է. Ազգային ժողովը շենքը չէ, Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցիչներն են։ Ես սա ինչի՞ համար եմ ասում, ես սա հետոյի համար էլ եմ ասում: Օրինակ՝ տեսեք ի՞նչ է ստացվել. Նիկոլը չի վախենում, ասում ենք, ոչ բռնի շարժում է։ Եվ իրոք, դա էդպես է, ոչ ոք չի վախենում: Ջահել աղջիկները գիշերը երբ են գնում, երբ են գալիս, տնեցիք խրախուսում են, ամբողջը նորմալ է, ու որևէ մեկը չի կարող ցույց տալ ուրիշ սբան, և մեկ էլ հանկարծ Ազգային ժողովում ներկայացված, ասենք, Հանրապետական կուսակցության պատգամավորը վախենո՞ւմ է, ինչի՞ց է վախենում, ինչի՞ են իրենք փակ նիստեր անցկացնում, ումի՞ց են վախենում, ի՞նչն է խանգարում, որ իրենք իրենց նիստերը բաց անեն, հավաքվեն մեկ ուրիշ հրապարակում, նստեն և կանչեն իրենց ընտրողներին: Շատ լավ, ես չեմ քո ընտրողը, բայց դու ունե՞ս ընտրող, Հանրապետակա՛ն կուսակցություն, ենթադրենք, որ ունես, դե ցույց տուր, դու ստեղծիր քո ամբիոնը, քո հարթակը, քո հրապարակը, ցանց ստեղծիր, եղիր ընդդիմություն, որովհետև շատ կարևոր է էդ բանը: Անընդհատ պետք է իշխանություն լինես, փակ դռների հետևում որոշումներ կայացնե՞ս, մարդկանց կանգնեցնես փաստի առա՞ջ, մարդկանց անհանգստություն պատճառես և ա՞յլն: Եվ 1988-ին դա հրաշալի ևճիշտ օգտագործվում էր՝ պատգամավորին տնից դուրս հանելով:

Շատ է խոսվում, այդ մասին: Այսօր Ազգային ժողովը չի արտահայտում ժողովրդի կամքը, կարո՞ղ ենք ասել էդպես:

Աշոտ Բլեյան - Էկեք ստուգենք՝ էդ առումով արտահայտում է, թե՞ չէ, որովհետև ինչ-որ մի շրջան չի արտահայտել: Ես ասում եմ՝ հիմա՛, ինչպե՞ս՝ շատ պարզ: Նախ ճանաչենք մեր պատգամավորներին, իսկ մենք ճանաչո՞ւմ ենք, որտե՞ղ են նրանք ապրում, հասցեով, չէ՞ որ նրանք մեր մեջ են ապրում, իսկ ի՞նչ վատ բան կա, որ հավաքվում է ընտրողների մի խումբ, ցուցակը ունի, հանում է, հասցեով գնում է՝ «Բարև ձեզ, համեցեք հրապարակ, իսկ ի՞նչի չես գալիս, բարձրանում հրապարակ, արի, 100 տոկոս երաշխավորված է, համենայնդեպս, կա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որ կարող է երաշխավորել, յուրաքանչյուրիս կյանքը այդ առումով երաշխավորված է, անվտանգ է։ Արի, բարձրացիր, ուզում ես՝ Կարեն Կարապետյան եղիր, կամ խմբակցության ղեկավար եղիր, ցանկացածը»։ Ոչ միայն՝ կարող ես, այլև պետք է դա կազմակերպվի էս փուլում, էսօր, վաղը, մյուս օրը: Ես վստահ եմ, որ ընտրողները, անկախ նրանից, թե ում են ընտրել, ոնց են ընտրել, իրենք պետք է սկսեն պատգամավորներին ուղեկցել: Ես կատեգորիկ դեմ եմ քվերակելուն... Կարող է՝ զուտ իրավական առումով, պրոցես է, եկանք համաձայնության, գնացիր, սեղմեցիր, հեռուստացույցով էլ ցույց տվեցիր: Մնացածը՝ ինչ անհանգստության բան կա. դու եկար, բարձրացար, քո կարծիքը հայտնեցիր, հիմնավորեցիր։ Ո՞նց դու կարող ես՝ քո կարծիքը, տեսակետը ընտրողների առաջ չհայտնես: Ասում է՝ ես իմ կարծիքը կհայտնեմ քվեարկության ժամանակ: Ա՛յ քեզ բան. էս ո՞ւր հասանք: Այսինքն՝ էլի երկու կյանք. էստեղ հրապարակն է, տրիբուն է՝ հարյուր հազարավոր մարդկանցով, իսկ մյուս տեղում մնացել է էդ ամե՞նը, սա թույլ տալ չի կարելի: Ես վստահ եմ, որ երիտասարդությունը սա գիտակցում է և առաջիկա օրերին ուղղակի կստիպի:

Պրն. Բլեյան իսկ ի՞նչպես էին պատգամավորներին հանում 1988-ին:

Աշոտ Բլեյան - Հենց էդպես։ Գնում էին, հավաքվում էին շենքի մոտ, կանչում էին, ուղեկցում էին, միանում էին:

Ոչ բռնի տարբերակով:

Աշոտ Բլեյան – Գիտե՞ք՝ ինչ կա, կարող են առանձին դեպքեր էլ լինել, ինչո՞ւ, Նիկոլի հետ բռնություն չեղա՞վ, չառևանգեցի՞ն: Ի՞նչ է եղել, դա էլ կարող է լինել, ես որևէ ձևով չեմ արդարացնում, բայց դրա առաջ չնահանջեց Նիկոլը, Նիկոլը մատի փաթաթան չսարքեց... Ձեռքի փաթաթան ունի, բայց ոչ էդ... Ինքը իր վիրավորությունը ունի, բայց ինքը դրա մասին չի խոսում, իսկ եթե խոսում է, ապա հումորով և ճիշտ է անում: Դու քաղաքական գործիչ ես, դա էլ է հնարավոր, դու պետք է կենտրոնանաս քո գործողությունների վրա, որովհետև դու պետք է պաշտպանես, որովհետև դու գալիս ես որպես իշխանություն, որպես նոր վարչապետ՝ փողոցի առաջ քաշած, դու գալիս ես հասարակական անվտանգությունը ապահովելու համար, և էդ ճանապարհին պետք եղավ՝ կգնաս էդ միջոցով: Նույնը վերաբերում է նաև Ազգային ժողովին։ Թե չէ մի էնպիսի տպավորությունն է, որ էս ոստիկակական համակարգը ստեղծել ենք իշխանավորին պաշտպանելու համար: Ա՜յ, քեզ բան, դե, դրա համար էլ արդարցվում է ոստիկաններին հազարներով շարելը, դիմակնրով, մյուսը…. Էդ ամբողջը հասարակական անվտանգությունը պահպանելու համար է չէ՞, և յուրաքանչյուր պաշտոնյա նախ և առաջ պետք է իր միջոցով, իրեն վտանգելու ճանապարհով հասարակական անվտանգությունը պահպանի: Ինքը պետք է դուրս գա, գիտես, միտինգի օրը. գնա՛, ներկայացի՛ր, կարող է սուլեն էլ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց բոլորը հաղթահարելի է էդ հանրային համաձայնության մեթոդի մեջ, որովհետև նա գործել է բացառապես բոլորի համար և էստեղ ոչ նեղացած մարդ կարող է լինել մտավորականի կարգավիճակով, աստղի, մյուսի և այլն: Հանրապետության հրապարակը ինքը ավազան է, ինքը մաքրելու, լվանալու, պարզելու գործառույթ ունի. առաջ Ազատության հրապարկն էր, հիմա Հանրապետության հրապարակն է, Գյումրիում կա հրապարակ, ես դրանց բոլորին հրապարակ եմ ասում, որպես ցանցային: Առաջիկա երկու, երեք օրերում այս բանը պիտի տեսնենք, մենք մայիսի մեկ այնքան վստահ պիտի գնանք, ամեն օր քայլելով, ամեն օր ձեռք բերելով: Մնացած բոլոր հարցերը լուծվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններում, երբ ժողովուրդը կստանձնի պատասխանատվությունը իր վարչապետի միջոցով, ժամանակավոր, որպես կառավարություն, երբ բոլորը ժամանակավոր կառավարության համակարգմամբ կլծվեն ընտրական համակարգի վերականգնմանը, որը շատ կարևոր է, և դու որպես կուսակցական, կարող ես պայքարել քո կուսակցության միջոցով, ունենաս քո տեղը, դերը, այլն և այլն:

Պրն. Խաչատրյան փորձենք ամփոփել հասկանալու համար, թե  ուր են տանում այս գործընթացները: Նշվում է, որ երկար շարունակելը  դժվար է, հնարավոր չէ, նամանավանդ ապրիլի  13-ից հետո, ասում էին 4 օր դիմանալ մինչև ընտրությունները՝ ապրիլի 17-ը, բայց փաստը ցույց տվեց, որ  Նիկոլին ձերբակալելուց հետո էլ, մտածեցին վերջ, կմարի, բայց դա էլ մի քանի  րոպե տևեց: Տեսանք որ ձնագնդիի էֆեկտ է տալիս էդ ամեն ինչը: Սա կուտակված բողոքի էներգիայի դուրս հորդելու նման մի բա՞ն էր, թե հասարակական տրամադրությունները այլևս փոխված են այն ձևով, ինչ ձևով ներկայացրեց պարոն Բլեյանը, այսինքն նոր սերունդը մտածում է այլ կատեգորիաներով, այլ արժեհամակարգով:

Սերոբ Խաչատրյան - Միանշանակ վերջինը: Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, դա այսպես կոչված իշխանության գործելակերպի, երիտասարդության, մտածելակերպի, գործելակերպի անհամապատասխանությունն էր: Սկզբում փորձ արվեց վախ ներակել երիտասարդների մեջ, բայց սխալը այն էր, որ սա խորհրդային երիտասարդությունը չէ, և այստեղ, եթե դու կպնում ես մի երիտասարդի իրա հետևից տասը հոգի գալիս է: Այսինքն՝ սա այն սերունդն է, որ եթե ուզում ես մեկին կպնել ոչ թե մյուսները վախենում փախնում են, այլ մյուսները միանում են էդ տուժածին:  Գիտեք ոնց, որովհետև  երիտասարդների մոտ Հայաստանի այս տարիների ընթացքում ձևավորվել է արդարության ծարավ, էնքան անարդար է մեր հասարակությունը, սկսած էդ ուսխորհուրդների անարդար քաղաքականությունից, որ երիտասարդների ճնշող մեծամասնության մոտ կա ձգտում արդար հասարակության, յուրաքանչյուր բռնություն ուսանողներին ավելի է միախմբում, երիտասարդներին ավելի ա միախմբում ու իմ կարծիքով լավ բաներից մեկը էս շարժման դա էր, որ հին գործելակերպը, մտածելակերպը այլևս ժամկետանց են և երիտասարդությունը ապացուցեց, ոչ թե ինքը մանիպուլյացիոն մեթոդներով  է փողոց դուրս եկել, այլ ինքը անկեղծ է:

Աշոտ Բլեյան - Ես մի բան եմ ուզում շեշտել, եկեք համաձայնենք, որ երիտասարդները իրենք ոչ միայն իրենց արժանապատվությունը պահեցին, այլ նաև մեր արժանապատվությունը վերականգնեցին: Անզորության, չգիտեմ ինչի, բայց երեսուն տարվա տրորված էդ բանը կար և ընտանիքում, դա իրենք տեսել են, և՛ իրենց ծնողների սոցիալական վիճակը նկատի ունեմ, և՛ էդ ընտանեկան խոսակցությունները, էդ քվեարակության, ընտրությունների, և լավ է, որ գիտես՝ քո երեխան կարող է կանգնել քո արժանապատվությանը։ Իրենք հրապարակային տեսան, որ ծնողները չեն կարողացել, դե, չեն կարողացել: Հիմա վերականգնված արժանապատվությամբ մեծերը պետք է գործեն:

Պարոն Խաչատրյան, բայց որևէ մեկը չէր սպասում չէ՞: Հասարակության մասին ինչ ասես ասում էին 2017 թ., որ էստեղ հասարակություն չկա, 10 000 դրամով ծախվեց և այլն, հանկարծ մի քանի ամիս հետո նման բան:

Սերոբ Խաչատրյան - Նախ շարունակեմ պարոն Բլեյանի ասածը: Տեսեք՝ շատ հաճախ քննադատում  են դեռահասներին, ուսանողներին, ասում են՝ գնացեք  գիրք կարդացեք, այ, պիտի համալսարանում լավ սովորեք, այլ ոչ թե ցույցերի գնաք,  այդպիսի մեկնաբանություններ կան: Իրականում նոր սերունդը, ներառյալ դեռահասները, էսպես ակտիվ են, որովհետև, պարոն Բլեյանը ճիշտ է ասում, ընտանիքներում այս երեխաները խոսակցություններ են լսել, բայց նաև տեսել են, որ նույն ծնողը այ էդ տեսակ  բաներ ա խոսում, 10000 դրամով ընտրություն է կատարել, կամ որովհետև քավորը խնդրել է, որ ընտրի Հանրապետականին: Երեխաները հրապարակ դուրս բերեցին իրենց ծնողների տրորված արժանապատվությունը, այսինքն՝ էս իմաստով էն մարդիկ, ովքեր դեռահասներին ասում են՝ ամոթ է, գնացեք գիրք կարդացեք, ճաշ կերեք և այլն, մի քիչ չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել՝ երեխաների մեջ արդարության պոռթկում է տեղի ունեցել, և իսկապես դա ավագ դպրոցներում արտահայտվեց, նույնիսկ ես կասեի հիմնական դպրոցներում՝ 8-9-րդ դասարանցիների մոտ: Այսինքն՝ շատ կարևոր է, որ մարդկանց դատապարտում ենք, մեղադրում ենք նույն դեռահասներին, երիտասարդներին պետք է հասկանալ՝ ի՞նչի են այս մարդիկ այդպիսի քայլ անում, 16-17 տարեկանի ինչին է պետք դուրս գալ ինչ-որ բանի համար պայքարել:

Աշոտ Բլեյան - Այն հարցին, որ ասում եք սպասո՞ւմ էիք, անեմ երկու դիտարկում. մեկը՝ ընդհանուր,  մյուսը՝ մասնավոր: Իհարկե սպասում էինք, որովհետև չէր կարող չլինել, էս ձևով կլիներ, ոնց կլիներ .....: Հիմա ես իմ օրագրում անդրադառնում եմ, երեք տարվա օրագիր է, չէ՞, էս ընթացքում տարբեր քաղաքացիական շարժումների փողոցներում, Էլեկտրիկ Երևան, բնապահպանական, նույն 2016-ի շարժումը.... Էս ամեն ինչի մեջ թրծվեց դա, համաձայն եք չէ, էնպես չի, որ երկնքից ընկավ: Իհարկե կուտակվեց, ակումուլյացիային ենթարկվեց համաձայն եմ և էս բանը եղավ: Վերլուծության բան է, պետք է էս բաները արագ արվեն: Նորից եմ կրկնում՝ երկար ճանապարհ ենք գնում, և էս ամբողջը մեզ պետք է: Իսկ երկրորդ՝ Նիկոլից մենք սպասում էինք, թե ոչ. ես Նիկոլին լավ եմ ճանաչում, ոչ միայն սպասում եմ, ասում եմ՝ Սերժ Սարգսյանից պրծաք, ժողովուրդ, Նիկոլից չեք պրծնի, որովհետև ինքը մի երկար ճանապարհ է ուզում ուղեկցի, տանի, և էնպես չէ, որ հեշտ է լինելու Նիկոլի հետ: Այն պահանջները, որ ինքը ներկայացնում է, ներկայացրել է ինքն իրեն՝ որպես մարդ, շատ խիստ, իր ընտանիքին՝ որ մտածելու է, ապրելու է միավարք. էս միավարք կենցաղը, ապրելակերպը ինքը հետևողական ցանկացած կարգավիճակում արդեն որպես Նիկոլ Փաշինյան պարտադրելու է: Էստեղ է, որ հասարակությանը օգնություն է դա՝ գնալու ինքնահաղթահարման ճանապարհով, որովհետև բոլորս միավարք ապրելու պարտադրանքը ունենք:

Սերոբ Խաչատրյան - Այս պահին բոլորիս մտահոգությունը այն է, որ այս իրավիճակից դուրս գանք պատվով, որովհետև բոլորիս մտահոգում է Հայաստանի ապագան, արդեն ինչ-որ իմաստով, Հայաստանի ինքնիշխանության ապագան, որովհետև երեկվա զարգացումները որոշակի կասկածներ բերեցին, սա է մտահոգությունը...

Աշոտ Բլեյան - Սերոբ ջան, և  էդ օգտագործում եմ  անկասկած ճանապարհը, անկասկած ընթացքը, անընդհատ գործողություն, ո՞րն է էս պահին, հիմա, քո գործողությունը, ընդ որում ինքնակազմակերպման, ինքնուրույնության վրա: Ընտրող, որևէ կարգավիճակում, ընտրողների խումբ. ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում, քան 105 պատգամավորի իր տնից, իր ընտանիքով, խմբով գալը... Սա նշանակում է ճանաչել ինքնիշխանությունը ժողովրդի, որովհետև ժողովուրդը հիմա ուղիղ կառավարում է իրականացնում, որովհետև լիազոր ներկայացուցիչները՝ որևէ ձևով  Ազգային ժողովում հայտնված, անընդունակ եղան:

Սերոբ Խաչատրյան - Դե նրանք էլ են պայքարում, Ծաղկաձորում են անում, գիշերը տուն չեն գնում. Ազգային ժողովում են մնում... 

Աշոտ Բլեյան - Ուրեմն թող ժողովուրդը ուղեկցի, ոչ թե դա լինի ամսի 1-ին շրջափակելու օրով: Էսօր տեքստ ունեմ իմ բլոգում, ֆեյսբուքյան էջում դրված է, ես ասում եմ՝ անհնարին է պատկերացնել, որ մրցակցային պայմանում կա ընտրություն, որովհետև ընտրություն կատարելը ժողովուրդը վերցրել է իր ձեռքը, ինքը իր լիազորներից վերցրել է, օտարել: Սերժ Սարգսյանի հրաժարականը դրա արձանագրումն էր:

Այսինքն մենք հիմա անմիջական դեմոկրատիայի՞ պայմաններում ենք ապրում:

Աշոտ Բլեյան - Դա փաստ է, եթե դա էդպես չէ, ապա ո՞րն է մեր ձեռքբորումը: Եվ Հայաստանի կայունության, մյուսի, գործողությունների, սուվերենության, միջազգային հարթակներում հեղինակությունը շարունակելու բարձրացնելու միակ անարատ բանը էդ հրապարակն է: Էդտեղ է համերաշխությունը, որը մեզ բոլորիս պետք է միավորի: Տարբեր ենք կուսակցական հայացքներով, շահերով, մյուսով, բայց հիմա պիտի գանք հրապարակ, և էն մարդիկ, ովքեր ունեն ստատուս, կարգավիճակ պատգամավորի, որոնք մայիսի 1-ին  զուտ իրավական առումով, ձևական, արարողակարգային մասը, ես էդպես եմ անվանում, պետք է պաշտպանեն, նրանք  նախ և առաջ պիտի գան հրապարակ: Առաջ ասում էին Ազգային ժողովի ճանապարհը, իշխանության ճանապարհը  անցնում է Մելիք-Ադամյանով, հիմա ես ասում եմ,  իշխանության որևէ ձևով, քաղաքական որևէ գործունեությամբ զբաղվելու ճանապարհն  անցնում է հրապարակով: Եվ դա մեղքերի քավություն է, ես քաղաքական մեղքերը նկատի ունեմ, մեղքերի քավություն է, նրանից հետո դու կարող ես գնաս արդեն հայտնի որոշումը կայացնես ու օգտվես Սահմանադրությունից, օրենքներից, դառնաս ընդիմություն Նիկոլին, մյուսին և զբաղվես քաղաքական գործունեությամբ հավակնելով նոր խորհրդարանում ուրեմն մանդատի Սա էնքան կարճ, էնքան տեսանելի ճանապարհ ա, և ժողովուրդը հրապարակի, ընտրողները որևէ կարգավիճակով պետք ա օգնեն մարդկանց, որովհետև իրենց համար դժվար ա, իրանք վախվորած են մտել են անկյունները մութ, պետք ա դուրս բերել մարդկան, ուղեկցեք իրենց հարգանով դեպի հրապարակ:

Միացում՝ ասում եմ հանրապետությունով մեկ ազատության հրապարակների ցանցային եղբայրությանը...

28.04

Սա գիր է՝ ուղղված նաև այն մարդկանց, ում Հայաստանով մեկ առաջացող Հանրապետության հրապարակները, ժողովրդի ուղղակի իրականացվող իշխանության հարթակները, շարունակում են խրտնեցնել։ Իգոր Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» օպերայի նոր՝ թատերական ներկայացման միակ դերասանն է ասում իր մարմնավորած երեք հերոսից մեկի՝ Սատանայի մասին. «Ես սիրեցի և այս հրեշին»... Այս ապրիլի փոթորկվող Հայաստանն արդեն ուրիշ է՝ իր Երևանի հրապարակին միացած Գյումրու Վարդանանցով, ընդառաջ եկող Վանաձորով, Իջևանով... Տեսնում-ողջունում ենք հանրապետությունով մեկ ազատության հրապարակների ցանցային եղբայրությունը... Իմ գիրն ուղղված է և նրանց, որ շարունակում են իրենց դիրքորոշումը մտահոգությամբ ներկայացնել՝  եթե այս անգա՜մ էլ երիտասարդները հուսախաբ լինեն... Ամեն անգամ սա ինձ հունից հանում է, անկախ նրանից՝ ով է փոխանցում։ Երիտասարդությունը, Հրապարակի-փողոցի պարմանիները հրաշալի են. մեծերիս հուսախաբությանը չեն հանձնվում, ու այսօր երկրի իշխանություն են, հանրապետության ինքնիշխանության կրողը... Հիմա մենք կարող ենք այս երիտասարդությունից հիասթափվել, եթե նա թույլ տա պարտված հայրերիս սերնդի վերադարձը, որպես թավշյա հեղաշրջում, որպես համազգային հուսախաբություն։ Թույլ չտաք, դուք ու ձեր Նիկոլը։ Մնացածս՝ ձեր կողքին, ձեզ համար անվնաս, եթե ոչ օգտակար։ Ես՝ 1994-ից Նիկոլի ընկերը, ասում ես սա՝ Նիկոլի ապրիլյան թեզիս բոլոր տեքստերը ուշադիր լսած։ Նիկոլը մեզ սերունդների համերաշխություն է բերում, մեզ ու մեր որդիներին իրար հետ հաշտեցնում՝ տարիների ստորացված արժանապատվության, ոտնակոխ արված արդարության վերականգնումով։ Լսեցի՞ք։ Պատկերացնո՞ւմ եք, որ սա չլիներ, ու մենք ֆիզիկական հիվանդ, մահացող գոյությունը մեր քարշ տայինք ևս, ասենք, տարիներ, մինչև գերեզման... Հետո՞։ Սրա հետ թե համաձայն եք, սրան կապվում է մեծահասակի, 1988-ի Շարժման 30 տարվա մեղսունակ-պատասխանատու քաղաքացու երկու նոր մեղք.

  • այս՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխության այս գործի մեջ հատուկ կարևորություն, բաժին ունենալու ձգտումը՝ այլոց արածը իրեն վերագրելու, յուրացնելու, խորհուրդներ պարտադրելու ճանապարհով...
  • իր ամենօրյա համեստ-կոնկրետ անելիքից՝ Հրապարակում լինելուց, Հրապարակին սպասարկելուց հրաժարվելը, նեղանալը, որևէ ձևով, թաքնվելը, չվտանգելը. և՛ կա, և՛ չկա՞... շարունակելով դրսից հարաբերվել Հրապարակի հետ, առանց ներառվելու...

Քահանայի խոսքով ասեմ՝ հրաժարելով հրաժարիմք... Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա և յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք*։ Մի՛ վախեցեք, լսո՞ւմ եք, որևէ ձևով, ժամ առաջ, եղեք Հրապարակում, Հրապարակի հետ, գործեք հանուն Հրապարակի, ասել է թե՝ հանուն Հայաստանի Հանրապետության... Եվ կեցցեն փորձառու, Շարժման 30 տարվա բոհով անցածները, որ հայրաբար ետ քաշվեցին՝ Հրապարակի կենտրոն-հարթակը թողնելով երիտասարդներին, պարմանիներին...

Ինքնակազմակերպմամբ է, որ Շարժումը մեր կենդանի գործողության զուլալ ակունք կմնա․․․

29.04

Ու ապրելն այս, որ եկավ-բերեց ապրիլին Նիկոլը մեր, իր շուրջ խմբված բյուր պարմանիներով մնա-չհեռանա․․․ Ու Ապրիլին ապրելու հրաշքի ուժով, Նիկոլի ձևակերպմամբ, յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի վերածնված հանրապետության վարչապետ իրեն կարգի, օրվա իր անելիքը որոշի ու գործի։ Դրական սպասումների, համերաշխության, հակաբռնության մեզ պատած նոր միջավայրից լավ խթան ու աջակցություն ձեր հաջողակ գործը նոր թափով շարունակելու, չստացվածը նոր նախաձեռնությամբ փոխարինելու համար․․․ Հանրային ինքնակազմակերպման համակարգումը, տեղին-ժամանակին աջակցությունը ինքնակազմակերպվող անհատին, խմբին, կազմակերպությանը, համայնքին կարող է ու պիտի լինի ընտրյալ վարչապետի ծրագիրն ու մեթոդը։ Եվ ուռա՜, Նիկոլը մեր սրա կրողն է, սրանով չէ՞, որ առաջնորդում է մեզ․․․ Թե չէ՜ որ սկսեցինք սպասել միակ վարչապետ Նիկոլի փրկչական առաքելությանը, խորհուրդներ տալ ու խնդիրները թափել նրա գլխին՝ որքան էլ զորեղ, իրար փոխարինող գլխարկները չեն ծածկի ճաղատը մեր ժամանակի հերոսի։ «Դժար բան ես ասում, աշխատանք ա, է՜, պահանջըմ»,- Արթուր Շահնազարյանի ծննդավայր Լոռվա Վահագնիի գյուղացոնց ձայնը լսեցի... Այո՛, կյանքի բարեփոխիչներ բոլոր կարգի, անդադրում-կոնկրետ-բարեխիղճ աշխատանքը պահանջում է յուրաքանչյուրիս վարչապետությունը․․․ Բա մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» առաջացող նախագի՞ծը. ե՞րբ, եթե ոչ հիմա, վարչապետ կարգված բնակիչը բարձրահարկի իր բնակարանից իջնի, իր հարևանների հետ սրբի-մաքրի բարեկարգի շենքերը երիզող, տարիներով բաց թողնված հողային տարածքները՝ հիմք դնելով բնակիչների համայնքային տարածք նոր պուրակների, ցանց հաստատելով կրթահամալիրի Բանգլադեշի բնության հետ։ Եվ ապրիլի 30-ի մեր աշխատանքային օրը եկեք սկսենք Ծովակալ Իսակովով դեպի Լենինգրադյան փողոց տանող կամրջի վրայից՝ հայացքով դեպի Արարատ-Արագած-Արայի լեռ, խոստացած քայլքով երկրագործի, Արարատյան զանգվածին հարող այգիներով-հողերով, Արարատյան ջրանցքով, Զանգվից սկիզբ առնող դեպի կրթահամալիրի թեթև-հանդիսավոր-հայրենագիտական-ուրախ, ինչպես գնում ես գործի։ Իմ 1359-րդ օրագրի ընթերցողներից ո՞վ առաջինը կինքնակազմակերպվի, կձևավորի ապրիլի 30-ին կրթահամալիրի Բանգլադեշ գնացողների այս քայլքը․․․

Հեղափոխություն, իմ սեր․․․

30.04

«Ո՞վ կպատկերացներ, որ Երևանի փողոցներում քայլելով հեղափոխություն ենք անում». Մելինե Մարտիրոսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 11-րդ դասարան: «Սա 21-րդ դարի հեղափոխություն է․ այստեղ հասարակարգ փոխելու խնդիր չկա։ Սա իսկապես իշխանությանն ուղղված հեղափոխություն է». հասարակագետ-հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյան, «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր։ Ես չգիտեմ՝ Հրանտն ու Մելինեն այս օրերին հանդիպե՞լ են, հանդիպո՞ւմ են, կհանդիպե՞ն, որտե՞ղ, ինչպե՞ս․․․ Ծանո՞թ է, լսե՞ց Մելինեն Հրանտին, ի՞նչ ու ինչպե՞ս են փոխանցում իրար․․․ Ես որ ասում եմ, համարյա կրկնելով Գալուստ Սահակյանին, ի՞նչ դասադուլ, իսկը սովորելու ժամանակն է․․․․ Ի՞նչ և ինչպե՞ս․․․ Հրապարակում, իհարկե՛, լսելով-տեսնելով-գործելով՝ սեփական կենսափորձով, ինտերնետով, Հրապարակի ամբիոնով, տնայինո՞վ․․․ Թե կան դասեր, կա նաև սեր․․․ Հեղափոխված-ուսումնական փողոցը, առանց դաս-դասարանային կազմակերպման, գրավեց-գերեց սովորողին ուսուցման նոր բովանդակությամբ, նոր ուսուցիչներով, նոր կազմակերպմամբ՝ քայլքով-ճամփորդությամբ ուսուցում, ամեն մի օրը՝ մի-մի նախագիծ, առաջադրանք-խնդիր․․․ Ու որքան էլ վտանգներով լի, բայց ինքնապաշտպանության հակաբռնությամբ, խաղաղ, սիրելով մինչև ատամները զինված ոստիկանին, հատուկ ջոկատայինին-անծանոթին․․․ Փոխե՞ց-փոխո՞ւմ է, կփոխի՞ այս Հրապարակ-փողոցը, նրանով անցած սովորողին-ուսուցչին-ծնողին, դպրոց-հաստատությունը․․․ Թե՞ նա հենց այդպես էլ պիտի մնա՝ փակ դռներով, կտրված փողոցից, բանտած դռներով, իսկ սերը՝ պատերից այն կողմ․․․

- Որովհետև առանց պայուսակ-գլխարկ, Նիկոլ չի լինի, առանց հեծանիվ-պայուսակ, տիար Բլեյան չկա․․․,- հայտարարում է Դավիթը՝  նայելով newstime.am-ի էջին։
- Ես չեմ կեղտոտել համակարգիչը, էնքա՜ն չեք մաքրել, կեղտոտվել է,- մայրիկին այսպես է հակադարձում Դավիթ Բլեյանը։
Երբեք մեղավոր չի մեր տղան, իր վրա չի վերցնում։ Մայրիկի դիտողություններին էլ՝ տեսե՜ք․
- Ա՛յ սերժական, սո՛ւս մնա․․․
- Սուպեր զախվատ,- ու թռչում է բազմոցին նստած մայրիկի վրա, բերանը փակում, «խոշտանգում» ․․․
Բոլոր դեպքերում՝ նոր կոչերի ժամանակն է, «Իմ քայլի» հակաբռնի-առաջադիմող պարմանիներ․․․ Ձեր Նիկոլը դա գիտի, իհարկե՛, ու նետում է խելացի, Իջևանի հրապարակից՝ քայլ արա, մերժիր խծբ-ին՝ խնամի-ծանոթ-բարեկամին, որպես խտրության ավանդույթի հաղթահարում.

Բայց հեղափոխությունը նույնիսկ այդտեղ չպետք է կանգ առնի, որովհետև հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ սրանից հետո, անկախ կարգավիճակից և պաշտոններից, որևէ անձի, որևէ կուսակցության, որևէ խմբի, որևէ կլանի իշխանություն չի պատկանելու, իշխանությունը պատկանելու է ժողովրդին, միայն ու միայն ժողովրդին, բացառապես ժողովրդին...

 Վանաձորի «Հայք» հրապարակից հաստատում է․

Ես երբեք չեմ մոռանա, այն ջերմությունը, այն սերն ու գորովանքը, որ Լոռեցիները ցույց տվեցին նոր թափ առնող Շարժման մասնակիցների հանդեպ, երբ տեղատարափ անձրևի տակ ժամեր քայլելով մտանք Վանաձոր։ Դուք մեզ ուժ տվեցիք, նոր էներգիա և ահա, Վանաձոր մտնելուց 22 օր հետո, մենք կրկին վերադարձել ենք ձեզ ասելու՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ձեր հաղթանակը ձեր ձեռքից ոչ ոք չի կարող գողանալ․․․ Հայաստանում հաղթանակած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը ունի մեկ առաջնորդ, և այդ մեկ առաջնորդը դո՛ւ ես․․․

Գյումրիի Վարդանանցից՝ «Հայաստանի քաղաքացին հաղթել է անվերապահորեն ու այլևս երբե՛ք չի պարտվելու․․․ Այսօր Հայաստանի քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա։ Նրա բազուկները և միտքը հզոր են, նա վստահ հայացքով նայում է ապագային՝ մերժելով կառուպցիան, արտագաղթը, աղքատությունը․․․»։

Հրապարակում կրթվող հասարակությունը

30.04

«Քայլ արա» շարժումը զանգվածային հավաքների տարբեր հարթակներում քաղաքացու կրթելու, կրթվելու և ինքնակրթվելու այնպիսի դաշտ բացեց, որին կնախանձեր ցանկացած կրթական հաստատություն: Հանրությունը քաղաքականապես, մշակութային, բարոյական ու էթիկական առումներով հասունանում է ժամ առ ժամ: Որտե՞ղ սկզբնավորվեցին փոփոխությունները: Ապրիլի 30-ին «Շողակաթ» հեռուստաընկերության Նելլի Ռաֆայելյանի հեղինակած «Տարբերակ» հաղորդման բանախոսներն են Աշոտ Բլեյանը և Դավիթ Գյուրջինյանը:

Հետգրություն - առաջագրությունն այս, որպես յուրահատուկ վավերագիր հեղափոխության

01.05

Հեռուստալրագրող, «Տարբերակ» հաղորդաշարի հեղինակ Նելլի Ռաֆայելյանը բարեկիրթ հետևողականութամբ հաղթահարեց իմ դիմադրությունը, ու ես երեկ, օրվա վերջում հայտնվեցի «Շողակաթ»-ի սիրուն տաղավարում ․․․ Դավիթ Գյուրջինյանի հետ մենք մտերիմներ ենք իմ նախարարական շրջանից. Դավիթը նաև հեշտ-հաճելի զրուցընկեր է։ Առիթ էր, նորից հանդիպեցինք։ Ինձ սիրելի է «Շողակաթ»-ի երիտասարդ-անմիջական միջավայրը, գումարեք սրան մեծ-խնամված այգին հարևանությամբ, բնակելի այս թաղամասը, որը ես հավանում եմ, կարոտում․․․ Դավթի մանկական շրջանի մեր զբոսանքի նախընտրելի վայրերից։ Նելլին՝ մեր Նարե Ղազարյանի մայրիկը, մեր մանկավարժության ջատագովն է ու բարեխիղճ էր պատրաստվել այս հեղափոխական արդիական օրերով զրույցին․․․ Տաղավարում բոլորս լավ էինք զգում․․․ Զրույցն էլ իմ երեկ սկսած «Հեղափոխություն, իմ սեր» գրի թեմայով էր․․․ Որ պայմանավորվեինք, այսքան համընկնում, նպաստավոր բաներ չէին լինի․․․ Օրն այնպիսին է, որ բոլորիս ուշադրությունը Ազգային ժողովի նիստն է, Նիկոլի կանչով հեղափոխության հրապարակի մեծ հավաքը․․․ Խանջյան փողոցից մեր բնակարանի միշտ բաց պատուհաններով-պատշգամբի դռներով լսելի են հավաքին արձագանքողների շչակների ձայները, վանկարկումները․․․ Կարդացե՛ք իմ երեկվա գիրը, դիտե՛ք, լսե՛ք մեր հեռուստազրույցը․․․ Եթե արել եք, ուղարկեք ձեր ու ձեր բոլոր տարիքի սովորղ երեխաների, իմ ու Նելլիի ձևակերպած թեմային առնչվող նյութեր․․․ Օրինակ, արդեն հայտնի Մելինեի բլոգի այս հրապարակման, Մանան Սեմիրջյանի՝ հայրիկի հետ զրույցի կամ  «Չաչանակ» ռադիոյի այս տեսազրույցի նման՝ Շուշան Փաշինյանի մասնակցությամբ․․․ Մայիսի 1-ն է։ Իմ օրվա գրի ընթացքում աղմուկը-հրապարակի կանչը մեկեն ուժեղացավ այնքան, որ հիմա գիրը չընդհատել ու հեծանվով սրընթաց հրապարկում չլինել, չկարողացա։ Առողջության նշան է։ Այն, ինչ տեսնում եմ, ապրում եմ մայիսի 1-ին, առավոտ ժամը 10-ին, որպես վավերագիր, մեկ արտահայտությամբ՝ իսկական մայիսի մեկ։ Փաստ է, որ Նիկոլը Հայաստանի վարչապետ սոսկ չի ընտրվում Ազգային ժողովի կողմից, այլ՝ ազգահավաք Հրապարակի ուժով կարգվում է նախագահ՝ հին-նախագահական ու նոր-խորհրդարանական հանրապետությունների սահամանադրությունների անցումում։ Կեցցե՛ մայիսի մեկը՝ որպես վերադարձած Տոն։

Թաղել է պետք բոլոր մեռելներին…

02.05

Երեկ՝ իրիկունը 10-ին, ի՜նչ էր կատարվում Խանջյան-Չայկովսկի փողոցներում, ո՛չ պատմելու բան է, ո՛չ տեսնելու… հատկապես մեր տան ճամփից, մեր բնակարանից… Մայրիկին Դավիթ Բլեյանը հարցնում է. - Էս անկախության տոնը 15 օր (հաշվել է ինքը) շարունակվո՞ւմ է.... Մինչև Նիկոլը վարչապետ չընտրվի, չի՞ վերջանա էս տոնը… Ու հաճույքից-երանությունից ընկնում է մահճակալին… Վերնագիրը ծնվեց իրիկունը ինն անց, Հանրապետության հրապարակում, Նիկոլի բաց-հեռարձակվող հանդիպումից հետո Ազգային ժողովում, անհատական բանակցություններով, ելույթ ունենալու-հարցեր տալու-Նիկոլի պատասխանը լսելու իրավունքով, պայմանավորվելու հնարավորությամբ հանրապետական խմբակցության յուրաքանչյուր անդամի հետ՝ հայտնի ավարտով… Նիկոլը ելույթ է ունենում ու Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության քաղաքական հուղարկավորումից է խոսում… Եղիշե Չարենցը, իմ սեղանին բաց գրքով-ընտրանիով, սա «Երկիր Նաիրի» պոեմանման վեպում դաջել է. - Թաղել է պետք բոլոր մեռելներին: Ու Նիկոլը շարունակում է Հայաստանի յուրաքանչյուր շենը, քառակուսի մետրը ազատագրելու պահանջը՝ որպես հեղափոխությանը միացած-միացողների օրվա, շաբաթվա խնդիր… «Իմ քայլը» նախաձեռնության «Սրտի, ոտքերի, ձեռքերի երրորդությունը» ներկայացրեց հարթակի տղաներից Մխիթար Հայրապետյանը, ով Նիկոլի հետ Գյումրիից Երևան քայլքի մասնակիցներից է… Տպավորվեց այնպես, որ ուզում եմ փոխանցել, տեղ տալ իմ գրում, որպես հեղափոխության մեթոդի ձևակերպում…

Դուք հիմա ժպտում եք, դուք պարում եք, դու տոնում եք, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը ընտրված է։ Որովհետև նա, ով պիտի ընտրեր վարչապետին, Ազգային ժողովում նստած չէ, դա դու ես, դու ես։

«Հեղափոխությունը ամենուրեք՝ իմ, քո, նրա մոտ նաև!!! Նոր բաներ զգալը հավես բանա:)))». սա էլ Շուշան Բլեյանը՝ Վիեննայից... Կետադրական նշանների այսպիսի առատությունը, հատկապես բացականչական նշանի (ռուսերենի՞ց փոխառած), ազատ գործածումը թվում է՝ հորից է ժառանգել… Իսկ այդ «նոր բաները», ընթերցող, սկսեցի զգալ երեկ Հանրապետության հրապարակում, առավոտից (պատմել եմ իմ երեկվա գրում), հետո իրիկունը՝ ժողովրդի ցրվելուց առաջ... Այսքա՜ն շատ, շա՜տ-շա՜տ, պարզվում է, լինո՜ւմ է հաստատակամ, հեղափոխության շնչով համակված, ձեռքերը վեր, սիրտը մաքուր, սեփական քայլը անող մարդ... Իսկ ազգային ժողովի երեկվա ելույթները բոլորը ես լսեցի... Ես եղել եմ Նոր ուղի, մնում եմ-կամ Նոր ուղի, իհարկե։ Իր լեգիտիմությունը Հրապարակի ուժով գիտակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ ու ներկայացրեց պատշաճ՝ երեկը, ինչպես ինքը հետո ասաց, ապրիլի 23-ի իր ելույթի-առևանգման օրվա հետ համեմատելով... Նոր ուժ է առնում-փոխանցում Շարժումը, Շուշան ջան, նոր մարդիկ կներգրավվեն, վճռական՝ Շարժման համար Ավագ շաբաթում, լուծումների, խմբերի... Երեկ ես արդեն տեսա այդպիսի մարդկանց... Իմ դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ալբերտ Կիրակոսյանի հետ հանդիպումը գրկախառնության վերածվեց՝ իմ նախարարական շրջանից մնացած անհասկացողությունը հաղթահարելով: Երեսուն տարվա կեղտը-ճահիճը, որ կուտակվել-առաջացել է հասարակական-քաղաքական մեր կյանքում, առանց Շարժման նոր թափի չի մաքրվի: Երեկ դա շա՜տ-շատերի համար բացահայտ դարձավ: Նոր գործողությունների, նոր գործունեության ծավալման շրջանը սկսվեց երեկ, իրիկունը ուշ: Իսկ մեր անձնային-ընտանեկան, աշխատանքային-հանրային կյանքը հիմա չի կարող մեկուսանալ մեր Հրապարակից։ Կրթահամալիրում «Սպեղանու» համերգը, ինչպես և խորհրդի նիստը, հետաձգվեցին. առաջին պլանում յուրաքանչյուրիս քաղաքացիական իրավունքի պաշտպանությունն է։ Կարգավորման գործիքները կան. գործենք ավելի մոբիլ՝ հեծանվով, ոտքով, հեռավար ուսուցմամբ՝ հաստատելով հանրային համերաշխություն, փոխօգնություն, ու կարող ենք, չէ՞, սովորողի կրթության իրավունքը չհակադրել իր ու իր ընտանիքի քաղաքացիական իրավունքի ինքնապաշտպանությանը...

Դու գտանում ես ահա և՛ հայրենիք, և՛ երկիր...

03.05

Հեղափոխությունն ինձ համար նախ և առաջ մշակութային է, սկսվում է սրանով, շարունակվում սրանով, միշտ որպես և՛ նպատակ, և՛ միջոց ունենալով սա: Այնքա՜ն կարևոր էին երեկվա օրվա ձեր ինքնակազմակերպման արդյունքները՝ խաղաղ-հակաբռնի աջակցությունը սեբաստացիական, որ օգնեց Մալաթիա-Սեբաստիայում թ. 174 և թ. 176 դպրոցների կողպած դռները բացելու, միասնական ուսուցչական շուրջպարը, Զորավար-Անդրանիկ-Րաֆֆու փողոցներին ձեր պարտադրած շուրջկալ-տոնախմբությունը… համերաշխության ձեր ստեղծած հարթակները… Ուրախ եմ «Սեբաստիա» սրահում 15.00-ի մեր հանդիպման, նոր քաղաքական-մանկավարժական մշակույթով մեր զրույցի համար… Ես գիտեի, թե ժամեր հետո ինչ կարևոր տեղեկություն է փոխանցվելու Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթով, և խաբարբզիկության-յուրացման որևէ փորձ չարեցի… Ձեր անհատական ճանապարհը-կյանքը լիուլի ապրեք: Եվ կեցցեմ ես, որ իմ հեղափոխությունների շղթա - մեծ ուխտի այս ողջ ընթացքում, 1973-ից հաշվեք՝ համալսարանական հասարակական գործունեության սկզբից, 45 տարի, այս օրերին իմ ամենամշակութային մասնակցությունն ունեցա, ոչինչ չվերագրեցի, գործեցի իմ տիարի-տնօրենի-նոր ուղու հավատավորի մանդատի ուժով, նրա շրջանակում… Նարե Ղազարյանի մայրիկը՝ Նելին, պատմեց օրեր առաջ, գրել եմ, որ ապրիլ 23-ի Հրապարակի՝ Սերժի մերժման տոնախմբությունից հետո, ընտանիքով հոգնած-վաստակած մտնում են վերջապես  իրենց բնակարան, ու Նարեն՝ կրթահամալիրի Արևելքի 5-րդ դասարանցի, Սերժ Սարգսյանի հրաժարականացման բեռը ետևում թողած, Հրապարակի ապրումակցությունը վայելած՝ նետել է.
- Տուն վերադարձանք վերջապես…
Նարեի մտքերի թարգմանը չեմ, «Չաչանակ» ռադիոյի, ամեն մեկի բլոգի ու եթերի գործն է, որ հեղափոխության ողջ ապրումը մոռացության չտանք խաղաղված այս օրերում… հայրենիք դարձածներ, հայրենադարձածներ բոլոր կարգի, որտեղ էլ որ լինեք, սեբաստացի-ոչ սեբաստացի… Ես ուրախ եմ այս հայրենադարձության  համար, որ եղավ, ու իմ ողջ ուժով, նոր մշակույթով կաջակցեմ, որ տնավորվեք, որ չլքեք, որ հակամշակույթի դեմն առնեք, ինչպես Նիկոլը զորեց... «Դաս իս ֆանտասթիշ», չէ՞, Վանուհի Բաղմանյան, նեմեցի լեզվով փոխադրված, զարմանալի է ու փաստ. առնենք հակամշակույթի դեմը՝ երկու ձեռքերը՝ վեր, սիրտը՝ ուրախ-լեն ու ազատ, յուրաքանչյուրիս քայլով, շուրջպարի-ծիսական ընթացքով մեր Օրացույցի՝ մայիսի Համբարձումով, հունիսի հարսանիքով, Հայաստանով մեկ մշակութային հանրակրթության նոր կազմակերպմամբ..., որ սա՛ ինքնակազմակերպման տրվի... Նիկոլ ջան, ասում եմ որպես ավագ՝ ընկեր ու եղբայր, այս մեկ ամիսը ես ամեն օր քեզանով, հարազա՛տ մարդ, քո ընտանիքով, քո շրջապատով անմիջական, քո գտած հայրենիքով հիանալու կյանք ունեցա: Ամենամեծ օտարումը մարդու, իր երկրում իր կյանքից է ու ներքին պանդխտությունը, ու շատերը, հարազատներ, տեսեք, ձեռքերը վեր, նոր ֆլեշմոբով ազդարարում են իրենց հայրենադարձությունը…

Մայիսին բացվում է վարդը, սոխակը երգում է անուշակ…

04.05

Հեղափոխությո՜ւն բոլորիս կյանքում, մայիս ամիս՝ որպես ապրիլի բերած ապրումների հաստատման, փոխանցման անհատականացման շրջան… Հեղափոխության ճակատագիրն այստեղ ու այսպես է որոշվում, մայիսի՛ն, նրա անհատականացմամբ-կոնկրետացմամբ-փոխանցմամբ… Մայիսն առանձին-այլ-հատուկ է. ասված է չէ՞, Մայիսին բացվում է վարդը

Որ արևը մայր չմտնի մեր երկրում...

07.05

Իմ հասարակական-քաղաքացիական-քաղաքական կյանքի «Հանրապետության հրապարակը» 1977-1978-ին եղավ, Երևանի պետական համալսարանում ուսանողական-երիտասարդական մեր ընդվզումով մեծ, որը կարող էր թվալ՝ ավարտվեց ուսանողական շարժման պարտությամբ, բայց ահա ես ու իմ ընկերները անհատապես, վստահ եմ, հաղթել էինք. հաղթել էինք մեր մեջի ստրուկին, տականքին ու կանգնել դեմ-դիմաց սովետական հասարակության՝ այն ժամանակ անխորտակելի թվացող պատերի առաջ… Հետո, մենք քայլեցինք ու քայլեցինք այնքան ու այնպես, որ 1990-1991-ին արդեն մասնակիցը-ականատեսը դարձանք այդ պատերի փլուզմանը, Հայաստանի Հանրապետության վերհառնումին որպես մեր հայտարարած հասարակական նախագիծ՝ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության ստեղծում, ինչ այսօր էլ ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ, որպես առաջին հոդված: Ահա ինչու՝ ես հետևողականորեն Նիկոլի առաջնորդությամբ Հայաստանում կատարվող թավշյա-հակաբռնի-սիրո և համերաշխության հեղափոխությունն անվանում եմ պարմանիների…

Հայաստան գալն ինձ համար մի մեծ քայլ էր: Այնպիսի քայլ, որ փոխեց իմ կյանքը շատ դրական կողմերով: Ես վերադարձա իմ հայրենիք…

Կրթահամալիրի ավագ դպրոցի 11-րդցի, սիրիահայ  Հուրի Իսկանյանի Ամեն ինչ սկսվում է մի քայլից հրապարակումը mskh.am-ի «Լապտեր» պատանեկան հանդեսում իր քայլով-ժողովրդով շարունակում է Աստղիկ Կիրակոսյանը «Դու գիտակից մարդ ես» հրապարակումով.

Մենք ինքներս մինչև վերջ չենք բացահայտել մեր ունակությունները: Մենք պարտավոր ենք անել ամեն բան, որ արևը մայր չմտնի մեր երկրում, դպրոցում, բակում, տանը՝ ամենուրեք, ուր մենք ենք: Ու դրա համար մենք պիտի քայլենք, քայլենք, քայլենք… Ժողովո՜ւրդ

Արեգ Գալոյանի՝ շարժման սեղմ, յուրահատուկ օրագիր-պատում  «Անսպասելի, անհավատալի և անկրկնելի» հրապարակումից էլ մեջբերում անեմ.

Իրական պայքարը ընթանում է ոչ թե  քաղաքական որևէ ուժի դեմ, այլ մեր ներսի վախի, ստրուկի սովետական պատերի և ներքին սատանաների դեմ: Հաղթանակը մերն է:

«Լապտեր» պատանեկան հանդես-ուսումնական նախագծի համակարգող ուսուցիչ Նունե Մովսիսյանին, որ լսենք՝ «....առաջին բանը, որ պետք է փոխվի մեր երկրում՝ կրթական համակարգն է»… Է՛հ, ոչինչ, որ արևը մայր մտնի մեր երկրում՝ կրթահամալիրի Բանգլադեշում, լուսի՛նը դուրս կգա… ի՞նչ մի պակաս լուսատու է, որ ով էս աշխատանքը կատարում է, սկսել է կատարել, չընդհատի հանկարծ, շարունակի…

Տոն՝ Հրապարակի ուժով…

09.05

Երկու բան կա, որ մեզ բոլորիս այս ճանապարհներին տարբեր, որպես հեղափոխության-հեղաշրջման մասնակիցներ, միշտ կպահի ճերմակ-մաքուր, հրապարակում․․․ Ամեն մեկս ոչ միայն չպիտի կեղտոտի, այլև պիտի հավաքի հանդիպող աղբը շարունակ, ու մեր շուրջ, մեր ճանապարհին թավիշ կանաչ շատացնի-խտացնի․․․ Ճերմակ, ձեռքերը՝ վեր, հակաբռնի, թավշե կանաչով շրջապատված ու մաքո՜ւր- մաքո՜ւր․․․ Այսպիսի Հայաստան ստեղծող քաղաքացին ո՞նց կարող է հպարտ չլինել։

Ի՞նչ էինք տանում մենք Հրապարակ ու բերում Հրապարակից ապրիլ-մայիսին այս։ Երեկ՝ մայիսի 8-ին, Հյուսիս-Արևելք-Արևմուտք անցումներով Նիկոլի հրամցրած տոնով, իմ ընտրած ուղուց չշեղվելու փաստահավաք առաքելության մեջ էի իմ մի խումբ ընկերների հետ․․․ Ամեն մեկս մեր հաղթանակով, որպես Տոնը հաստատելու-ապրելու մեր անօտարելի իրավունքով, հարգանքով կրթական ծառայությունը (մանկապարտեզ, երկարօրյա ուսուցում) պատվիրատու ծնողի անհատական, աշխատանքի անընդհատությամբ պայմանավորված պատվերի նկատմամբ։ Լավ է, եթե հեղափոխության հովերը, նշանավոր օրով միասին լինելու կանչը՝ բնական-եզակի, չշեղեցին պատվերը կատարելու քո ճանապարհից։ Լավ է, որ կրթահամալիրով մեկ բոլորած կանաչը ոռոգվում-խնամվում-ավելի կանաչ՝ զմրուխտ էր դառնում։ Լավ է, որ միտքը՝ մանկավարժության լաբորատորիան, Մեդիակենտրոնում աշխատում էր․․․

2015թ. շարժման Բաղրամյան
2016թ. պայքարի Խորենացի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский