«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ Ֆրանկոֆոնիայում

«Ֆրանկոֆոնիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է ֆրանսերեն խոսող մարդկանց և ֆրանսալեզու երկրները նշելու համար: Գրավոր տեքստում փոքրատառով ֆրանկոֆոնիան մարդկանց մասին է, որոնք ֆրանսերենը այս կամ այն չափով օգտագործում են իրենց առօրյա կյանքում, իսկ մեծատառովը՝ երկրների, կառավարությունների ու պաշտոնական մարմինների, որտեղ ֆրանսերենը պաշտոնական կամ գործնական փոխհարաբերությունների լեզու է: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1970 թվականին և իր մեջ ներառում է 84 երկրներ և կառավարություններ, 274 միլիոնից ավելի մարդիկ, որոնք օգտագործում են ֆրանսերենը և ընդունում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են խաղաղությունն ու անվտանգությունը, մշակութային և լեզվական բազմազանությունը, ժողովրդական կառավարումը, ժողովուրդների զարգացումը, մարդու իրավունքների հարգումը, աղքատության կրճատումն ու երկրների զարգացումը:
Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության դրոշը նման է 5 տարբեր գույների աղեղներով գծված շրջանի, որը խորհրդանշում է 5 մայրցամաքները, կարգախոսն է՝ «Միասին ազատ, ազատ ապրելու համար»: Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը Միշել Ժանն է 2015 թվականից:
2008 թվականից սկսած Հայաստանը ևս ֆրանկոֆոնիայի անդամ է: Ամեն տարի՝ մարտի 20-ին, ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակներում բոլոր ֆրանկոֆոն երկրներում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ: Հայաստանում ևս Ֆրանսիայի դեսպանատան, ՀՀ Արտաքին գործերի և Մշակույթի նախարարությունների օժանդակությամբ կազմակերպում են մշակութային միջոցառումներ` թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություն, կլոր սեղաններ, համերգներ, ցուցահանդեսներ:
Մեր կրթահամալիրում ևս նշվում են Ֆրանկոֆոնիայի օրերը։ Ֆրանկոֆոնիա նախագիծը, որը ֆրանսերենի ընտրությամբ խումբն ամփոփում է մարտ-ապրիլ ամիսներին, համարում եմ մեկ ուսումնական տարվա աշխատանքների ամփոփում: Նախագծի բովանդակությունը կազմելիս շատ կարևորում եմ ֆրանսերենի խմբի սովորողների կարծիքներն ու հետաքրքրությունները, ինչը շատ կարևոր է նախագծի հաջող և արդյունավետ ընթացն ապահովելու համար: Սովորողներն իրենց աշխատանքները ներկայացնում են բլոգներում, դպրոցի կայքում, կրթահամալիրի էլեկտրոնային ամսագրերում, իսկ ամբողջը հավաքվում է ֆրանկոֆոնիայի բլոգում:
Ֆրանկոֆոնիան միայն ֆրանսերենը չէ, այլ նաև այն արժեքներն ու գաղափարախոսությունը, որ ներկայացնում է ֆրանսիան և ֆրանսիական մշակույթը: Ֆրանկոֆոնիա նախագծի առավելությունն այն է, որ միտված է ուսումնասիրելու ֆրանսերենը ֆրանսիական մշակույթի մեջ՝ գրականություն, երաժշտություն, խոհանոց, կինո, թատրոն և այլն: Ինքս շատ կարևորում եմ մշակույթի դերը լեզվի ուսուցման մեջ, որը ևս մի մոտիվացիա է սովորողների համար:
Ամեն տարի ֆրանկոֆոնիա նախագծի բովանդակությունը կազմված է լինում տարբեր կետերից, և ամփոփման ժամանակ մեր խումբը ներկայացնում է մի քանի առավել ուշադրության արժանի աշխատանքներ:
2015-2016 թվականի նախագծում  առանձնահատուկը ֆրանսերեն-հայերեն բանաստեղծությունների էլեկտրոնային գրքի ստեղծումն էր։ Կարևորելով գրականության դերը ֆրանսերենի ուսուցման մեջ՝ ասեմ, որ բացի թարգմանչական հմտություններից՝ սովորողները ճանաչեցին նաև ֆրանսիացի հայտնի գրողներին և բացահայտեցին ֆրանսիական պոեզիայի նրբերանգները:
2016-2017 թվականի նախագծում ունեցանք ֆրանսալեզու ներկայացում՝ «Ֆրանսիայի խորհրդանիշները» թեմայով։ Նախագծի ընթացքում ուսումնասիրեցինք ֆրանսիայի խորհրդանիշները, և միտք առաջացավ բեմականացում անել և  ներկայացում պատրաստել: Միջավայրը ևս շատ կարևոր էր, դասընթացը թատերասրահում անցկացնելն օգնեց, որ սովորողները լինեն ավելի անկաշկանդ և բնական: Այս ամենին ավելացան նաև աքսեսուարները, ֆրանսիական շունչ հաղորդող երաժշտությունը, մեծ ցանկությունը և ստացանք այն, ինչ ուզում էինք: Լեզվի ուսուցման մեջ թատրոնի դերը ևս շատ կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս խաղալով սովորելու լեզուն՝ միաժամանակ բացահայտելով լեզվի մշակութային, հասարակական, էմոցիոնալ կողմերը:
2017-2018 թվականի նախագիծը կազմված էր երկու տարբեր, բայց միմյանց լրացնող նախագծերից՝ «Ֆրանկոֆոնիա 2018» և «Ապրել միասին»: «Ֆրանկոֆոնիա 2018» նախագծում առանձնացնում եմ հատկապես «Միասին ազատ, ազատ ապրելու համար» տեսահոլովակը, որտեղ սովորողները ներկայացնում են, թե ինչ է իրենց համար նշանակում «միասին ազատ» արտահայտությունը:

2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ իրականացրինք նաև Ապրել միասին նախագիծը, որն աչքի ընկավ բազմաթիվ համագործակցություններով՝ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս: Ուսումնասիրվեցին և թարգմանվեցին ազատության մասին մի շարք բանաստեղծություններ, ասույթներ, որոնք էլ թեմա դարձան սովորողների էսսեների, որոնք թարգմանվեցին 6 տարբեր լեզուներով:
Ֆրանկոֆոնիան լավ առիթ է համակողմանի և հետաքրքիր մեթոդներով ֆրանսերեն սովորելու, իսկ այս տարվա նախագծերը նաև առիթ դարձան աշխարհին, մարդկությանն ու նրա մի քանի խնդիրներին ավելի լայն հայացքով նայելու և դրանց նկատմամբ վերաբերմունքը ճշտելու, ինչը միանգամայն համընկնում է Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության նպատակներին։

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский