Մի «խաղալիքի» պատմություն

Հեղինակ: 

Արևելյան դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում ամեն ինչն էլ կարող է վերածվել խաղի՝ լինի աթոռ, թե սեղան, գորգ, թե սպասք… Խմբասենյակում ամեն ինչ համապատասխանում է երեխայի տարիքին, լվացարանը՝ նույնպես: Երեխաները շատ են սիրում ջրի հետ խաղալ. սովորում ենք ինքնուրույն օգտվել ծորակից՝ ջուր ենք խմում, սիրում ենք զբաղվել այն ամենով, ինչը կապված է ջրի հետ՝ ծաղիկներն ենք  ջրում, լվացվում, երբեմն էլ ոտքից գլուխ թրջվում: Շատ լավ է. ջուրը ուրախություն ու թարմություն է բերում, բայց և հետևողականորեն փոխում ենք շորերը, փռում, չորացնում՝ դարձյալ խաղի վերածելով ամեն բան: Այսպես  ծնվեցին մեր «Մեծ լվացք» ու «Խաղ ամրակներով» խաղերը: Մի անգամ երեխաները վերցրին թասերը, մեջը ջուր լցրեցին, սկսեցին լվանալ իրենց գուլպաները: Արմենն ասաց.

-Վա՜յ, գուլպաս թաց է, ինչպե՞ս հագնեմ:

-Փռենք, որ չորանա,-բացականչեց Գրիգորը:

-Եկեք պարան կապենք,-առաջարկեց Արեգը:

Որոշում ենք, թե որտեղ պետք է պարանը կապենք: Չափում ենք թիզերով, քայլերով…
Գայանեն ասաց.

-Եթե պարանը մեծ ծառից կապենք, բարձր կլինի, փոքր ծառից կապենք, որ մեր լվացքը փռենք:

Երեխաներն ուրախ-ուրախ սկսեցին փռել իրենց գուլպաները, ամրակներ չկային, գուլպաներն ընկնում էին: Երեխաները հա’մ լվանում էին, հա’մ փռում: Զվարճալի էր…

Հաջորդ օրը ծնողները երեխաների հետ ուղարկեցին գունավոր, փայտե ամրակներ: Ծնողների զարմանքն ու հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ արձագանքում էին.

-Ձեր նախագծերը մեզ զարմացնում են, այնքան ստեղծագործական են, ապշելու է: Ամեն օր լվացք եմ փռում, երբեք չեմ պատկերացրել ամրակները տալ, որ երեխաներս խաղան: Հիմա եմ հասկանում, որ ամրակի միջոցով կարող էի զարգացնել երեխաներիս թե’ տրամաբանությունը, թե’ մոտորիկան, թե’ գույնի զգացողությունը, թե’ հաշվելու կարողությունը…

Երբ խմբում շատ ամրակներ  ենք ունենում, երեխաներն այն որպես լեգո են օգտագործում: Գրիգորը ճանապարհ կառուցեց, Լիկան էլ մատներին ամրացրեց և սկսեց անգլերեն Mummy  Finger -ը երգել: Շատերը ամրակները չէին կարողանում բացել, հակառակ ուղղությամբ էին փորձում լվացք փռել:

2-4 տարեկանների համար ամրակներով խաղերն այնքան հաջողված ու սիրելի խաղեր դարձան, որ Բյուրականի մեկօրյա վերապատրաստման ժամանակ նույնպես խաղացինք «Մեծ լվացք» և «Բռնոցի» խաղերը:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский