Հոգևոր երգերի ներառումը երաժշտական հանրակրթության մեջ

Կոմիտասը համոզված էր, որ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը «քույր-եղբայր են»՝ նույն արմատն ու կազմությունն ունեն, և քննադատում էր նրանց, ովքեր մակերեսային և սխալ պատկերացումների հիման վրա հայ երաժշտության այդ երկու տեսակները լրիվ տարբեր էին համարում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական երաժշտության ծրագրի և ուսուցման հիմքում ընկած են Կոմիտասի մանկավարժական հիմունքները և մոտեցումները:
Նախորդ՝ «Երաժշտության ուսուցումը 4-5-րդ դասարաններում» և «Ծեսեր համակարգելու այցեքարտ» հոդվածներում մանրամասն անդրադարձել եմ ժողովրդական երգերի ուսուցմանը, դրանց մեթոդական առանձնահատկություններին, լուծվող և լուծելիք  խնդիրներին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտության հեղինակային մանկավարժական ծրագրով իրականացվում է հոգևոր երգերի ուսուցում` առաջին և երկրորդ դասարաններում ունկնդրման միջոցով, երրորդ, չորրորդ դասարաններից սկսած՝ պարզագույն շարականների ուսուցումով, հիգերորդից բարձր դասարաններում հանդիպում են միջին բարդության շարականներ: Մեկ տարվա ընթացքում սովորողները անցնում են 3-4 շարական, որը իրականում շատ քիչ է հոգևոր մշակույթի բավարար յուրացման համար:
2018 թվականի փետրվարից կրթահամալիրում իրականցվում է «Ուսումնական պատարագ» երկարաժամկետ նախագիծը: Այս նախագծի գլխավոր նպատակն է հոգևոր մշակույթի յուրացումը և այդ մշակույթի սահուն մուտքը հանրակրթություն, նրա արժանի գնահատումը երաժշտության և առարկայական այլ ուղղություններում:
Նախագծի իրականացման ճանապարհին ակնհայտ են խնդիներ, որոնց պատճառները  բազմազան են, լուծումները՝ բարդ.

  1. Երգերի երաժշտական կառուցվածքային, մեղեդային  բարդությունը.
  2. Գրաբարը՝ մեր օրերում ոչ կիրառելի լեզուն.
  3. Տեքստերում առկա աստվածաշնչյան և կրոնական թեմաները, որոնց բովանդակային մասին դասավանդողները տարբեր պատճառներով  չեն ցանկանում անդրադառնալ.
  4. Չտիրապետելը նախագծից բխող թեմաներին:

Նշված խնդիրների պատճառով նախագիծը շատ դանդաղ է զարգանում և առաջ գնում:
«Ուսումնական պատարագ» նախագիծը իրականացվում է կրթահամալիրի բոլոր օղակնրում՝ կրտսեր, միջին, ավագ դպրոցներում և քոլեջում: Կոմպոզիտորներ Մ. Եկմալյանի և Կոմիտասի «Պատարագից» երաժշտության դասավանդողները ընտրել են հատվածներ, որոնք միասնական պետք է իմանան բոլոր սովորողները և դասավանդողները, ինչպես նաև հատվածներ, որոնք պետք է երգեն հանրակրթական երգչախմբերը: Պատարագից հատվածներ են երգում  կրթահամալիրի մանկական, պատանեկան և ուսուցչական երգչախմբերը: Այսպիսով, ամփոփումների ժամանակ սովորողը ունկնդրում է և ծանոթանում պատարագի գրեթե բոլոր հատվածներին:
Պատարագի հատվածների ուսուցման ընթացքում շատ կարևոր է զգուշավոր մոտեցումը հատկապես կրտսեր դասարանների սովորողների շրջանակում: Ուսուցումը պետք է բխի երեխայի շահերից, ունենա երաժշտական լսողությունը, հիշողությունը զարգացնելու, մաքուր երգեցողությանը միտված ուսուցում և զերծ մնա կրոնական թեմաներով զրույցներից: Երգերի տեքստերի բացատրությունը պետք է լինեն  զուտ տեղեկատվական և ոչ ավելին:
Հատվածները ուսուցանվում են հիմնականում խմբային երգեցողության ձևով: Մինչ երգի ուսուցումը մայրենի լեզվի ուսուցիչը գրաբարյան տեքստը կարդում է սովորողների հետ, մեկնաբանում է բարդ բառերը, որից հետո նոր տեղի է ունենում երգի ուսուցումը: Երգը ուսուցանվում է կտորներով՝ ոչ միանգամից:
Պատարագի հատվածների ուսուցման սկզբնական փուլը բավականին դժվար է: Սովորողները տեքստերը չեն կարողանում արտասանել, իմաստը չեն հասկանում, մեղեդին կառուցվածքային առումով բարդ է, դժվար ընկալելի:
Երաժշտական հատվածները ամրապնդվում են առավոտյան ընդհանուր պարապմունքների, առավոտյան ժամերգությունների, ճամփորդությունների, տարբեր համերգների մասնակցության միջոցով:
Միասնական, խմբային կատարումների շնորհիվ ամրապնդվում են պատարագի հատվածները, սովորողը ձեռք է բերում ինքնավստահություն, զարգանում են խմբով աշխատելու հմտությունները:
Հոգևոր երգուսուցման միջոցով զարգանում է երեխայի կենտրոնացումը, երաժշտական հիշողությունը, հղկվում է երգեցողության մաքրությունը, կատարողական, որակական առումով սովորողը մեկ քայլ առաջ է անցնում:
Կրթական ծրագրով գրականության դասընթացների, լրացուցիչ կրթության-ակումբների ծրագրերով հոգևոր գրականության նմուշների ուսուցումը, տեքստային աշխատանքը ևս նպասնում են հոգևոր մշակույթի յուրացմանը։
«Ուսումնական պատարագ» նախագծի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ հանդիպումներ, հոգևոր զրույցներ հոգևոր կրթություն ունեցող մասնագետների, ծնողների, հոգևոր դաշտում գործող մտավորականների, հասարակական գործիչների և այլ անձանց հետ: Սովորողների և դասավանդողների շփումը մասնագետների հետ հոգևոր և ինտելեկտուալ հարթակում շատ կարևոր է:
Որակական հասուն փուլում, արդեն պատրաստի հոգևոր նյութերի վրա մեներգային, խմբերգային, գործիքային, վոկալ-գործիքային կատարումներով, հոգևոր ընթերցումներով, հոգևոր մշակույթը ներկայացնում են կրթահամալիրի ստեղծագործական խմբերը, անհատ կատարողները, այլ մարդիկ՝ երաժիշտ ծնողներ, այլ ստեղծագործական խմբեր-անհատներ ընդհանուր միասնական ամփոփումների ժամանակ, որոնք կարող են լինել տարբեր վայրերում՝ սկսած դասարան լաբորոտորիաներից, վերջացրած եկեղեցիներով և համերգասրահներով:
Հոգևոր մշակույթի տարածմանը նպաստում են կենսամշակութային ճամփորդությունները, կրթական ծրագրերի փոխանակումները, կրթահամալիրում մասնագիտական վերապատրաստումների ընթացքում ծրագրով վերապատրաստվողներին ուսուցանելը, ստեղծված ռադիոնյութերը, տեսագրությունները, պատումները, ուսուցչի աշխատանքային բլոգում մշակված և հասանելի հոգևոր նյութերը, կրթահամալիրի գլխավոր կայքերում և ենթակայքերում բազմաթիվ հրապարակումները և այլն:
Վերը նշված բոլոր գործոնները, կարծում եմ, պետք է նպաստեն, որ կրթահամալիրի գլխավոր շահառուները՝ սովորողները, որպես հանրակրթական ուսուցանված, յուրացված նյութ այս մշակույթը բերեն իրենց ընտանիք:
Որպես նախագծի համակարգողի՝ իմ դիտարկմամբ այս փուլում պատարագի հատվածները՝ որպես հանրակրթության նյութեր, սահուն մուտք են գործել կրտսեր դպրոցներ և տարածվել են ընտանիքներում, ինչը չեմ կարող ասել Միջին և Ավագ դպրոցների մասին:
Չանտեսելով կրոնի ազատության իրավունքը՝ «Ուսումնական պատարագ» նախագծի ամփոփումը պետք է լինի ամբողջ կրթահամալիրի սովորողների, դասավանդողների, ծնողների և գործընկերների մասնակցությամբ, իսկական պատարագով, պատարագիչով, որտեղ մասնակիցները ոչ միայն կապահովեն իրենց  ֆիզիկական  ներկայությունը,  այլև կլինեն ուսուցանված և յուրացված նյութի շնորհիվ պատարագի անմիջական կրողը և մասնակիցը:

 

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский