Գրադարան առանց գրքի

Աշխարհում մտածում են ստեղծել գրադարաններ, որտեղ կլինի թվային միջոցներով և էլեկտրոնային գրքերով հարուստ միջավայր, և ընթերցողը, երբ, որտեղ կամենա` կսովորի, կուսումնասիրի և ընդհանրապես կզբաղվի ընթերցանությամբ:

Պատկերացնում եք`  ԱՄՆ –ում  համացանցի ընթերցողներին էլեկտրոնային գրադարան պարգևելու համար անհրաժեշտ  է 250 000 ԱՄՆ դոլար:

Իսկ կրթահամալիրը ի՞նչ է անում և ի՞նչ միջոցներ է օգտագործում ստեղծելու համար գրադարան «առանց գրքի»: Ինչպիսի՞ մեթոդով կարելի է անցում կատարել, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեդիակրթության իրականացումը և դրա զարգացումը պահանջում են, որ գրադարանը վերափոխի իր աշխատանքի կազմակերպումը, գործի` ետ չմնալով տեխնիկայի «խելագար» թռիչքներով պայմանավորված ընթացքից:

Ինչպե՞ս է կրթահամալիրում իրականացվում գրադարանի զարգացումը։
Մեդիակրթություն իրականացնող կրթահամալիրի գրադարանի ֆոնդը համալրվում է դասավանդող-գրադարանավարի և սովորողների ստեղծած ուսումնական նյութերով: Այս ուսումնական տարում արդեն յուրաքանչյուր դասավանդող դառնում է նաև գրադարանավար, անցումը տեղի է ունենում այնքան բնական եղանակով, որ դասավանդողն ինքն էլ չի զգում «վերամասնագիտացումը»: Իհարկե, որպես նոր գաղափար, այն հանդիպել է իր բաժին պատնեշին. դասավանդողն  ըմբոստանում էր, երբ իրեն առաջարկվում էր դառնալ գրադարանավար:
Բայց քանի որ դասավանդողներն այլևս իրենց աշխատանքը չեն պատկերացնում առանց մեդիահմտությունների ու ուսուցման կազմակերպման մեդիամեթոդների՝ բլոգներ, կայքեր, սոց. ցանցեր, նրանք քայլ առ քայլ, սահուն կերպով, իրենք էլ չիմանալով ինչպես` դարձան ընթերցավարներ: Ինչպե՞ս դա կատարվեց։

Դասավանդողն իր բլոգում հավաքում է ուսումնական ռեսուրսներ՝ ուսումնական նյութեր ու հղումներ, հոդվածներ, առաջադրանքներ, ուսումնական ֆիլմեր, աուդիոգրքեր: Բնականաբար այդ հսկայածավալ տեղեկատվությունը մատչելի դարձնելու, ճիշտ կողմնորոշման համար կոմպլեկտավորման կարիք է զգում: Նյութերը չեն մնում թափթփված վիճակում, աշխատանքի ընթացքում դասավանդողը խմբավորում է յուրաքանչյուրն ըստ բաժինների: Բլոգում նյութերի կոմպլեկտավորումը գրադարանավարի մշտական աշխատանքն է` մատենավարություն: Յուրաքանչյուր դասավանդող գրադարանավարի նման ձևավորում, կարգավորում, դասավորում է իր բլոգը ըստ հոդվածների, թարգմանությունների, բաժին է բացում բառարանների համար, ընտրում է ճիշտ տառատեսակը, ընթերցանության համար հարմար գույնը, աչքին հարմար, գրավիչ տեսքը: Դասավանդող-մեդիագրադարանավարը բնականաբար իր բլոգում դնում է մշակված, ընտրված նյութերը, որոնք ոչ միայն սովորողին են վերաբերում, այլ դրանցից կարող են օգտվել նաև համացանցային այլ ընթերցողներ:  Դասավանդողն իր բլոգում հավաքում է իր բնագավառին համապատասխան ուսումնական ռեսուրսները:

Իսկ գրադարանավարը գրադարանի կայքում՝ մեկ փաթեթում հավաքում է նույն ոլորտի տարբեր դասավանդողների ստեղծած լավագույն նյութերը, որոնք նախապես արժանացել են տվյալ ոլորտի մասնագետների գնահատականին:

Այս կերպ կրթահամալիրի գրադարանը ուսումնական պրոցեսի կազմակերպման համար իրականացնում է «Գրադարան առանց գրքի» նախագիծը, որտեղ ինտեգրում է վերը նշված նորագույն տեխնոլոգիաները:

Աշխարհում տեխնիկայի զարգացումը ստիպում է դասավանդողին փոխել իր դասավանդման ոճը, օգտագործել նոր ռեսուրսներ, ստեղծել դասի նոր կազմակերպում, դրանց զուգահեռ գրադարանի ֆոնդը անընդհատ ընթացքի, զարգացման, լրացման մեջ է:
Գրադարան, մեդիադարան, համացանց՝ կարևոր չէ, կարևորը սսովորողին ընթերցող դարձնելն է:

Կրթահամալիրի գրադարանի ֆոնդի զարգացումն էլ յուրաքանչյուր սովորողի, ուսումնասիրողի, ինքնակրթվողի համար հանդիսանում է ուսումնական հարթակ:

Ուսումնական մեդիափաթեթ

Կրթահամալիրի գրադարանի առաքելությունն է մշտապես աջակցել, խրախուսել սովորող ընթերցողին: Ընթերցանությունը խրախուսելու համար գրադարանը մշտապես փնտրտուքների մեջ է` ի՞նչ միջոցներ ձեռնարկի, ի՞նչ մեթոդներ կիրառի, ինչպե՞ս անի, որ սովորողն ու դասավանդողը միշտ կապի մեջ լինեն գրադարանի հետ, իրարից օտարվածության զգացողություն չունենան, գրադարանն ու դասավանդողը զբաղվեն նույն գործով` ընթերցանություն սովորեցնեն` ծրագրային-առարկայական, գեղարվեստական թե գիտահանրամատչելի, դասական թե ժամանակակից գրականություն, ուղղակի նորություններ:
Ձեռնարկված քայլերին ավելացվեց ուսումնական փաթեթների ստեղծումը, որը և´ ծրագրային է, և´ համապատասխանում է կրթահամալիրի տոնացույցին, ստուգատեսներին ու օլիմպիադաներին:

Ինչի՞ համար է ուսումնական էլեկտրոնային փաթեթը:
Այստեղ հավաքվում են տվյալ ծրագրին համապատասխան ձեռնարկներ, հոդվածներ, ֆիլմեր, այլոց կարծիքներ, աուդիոգրքեր, ֆոտոշարքեր՝ մի խոսքով ամեն ինչ:
Գուցե լինեն մարդիկ, որ կասեն կփնտրենք (Search կտանք) Google-ում ցանկացած լեզվով, և եթե նյութ կա, կբերի: Դա, իհարկե, ճիշտ է, բայց միայն այն դեպքում, երբ գիտես, ինչ ես փնտրում: Իսկ եթե չգիտե՞ս...

Նախկինում կային մատենագիտության բաժիններ, որտեղ ստեղծվում էին քարտարաններ-փաթեթներ: Պարզ է, որ դա շատ աշխատատար էր և հասանելի չէր ամեն մի ընթերցողի: Խորհրդային ժամանակի ընթերցողները կհիշեն` որքան բարդ գործ էր միայն քարտարանին մոտենալը: Իսկ մեր առցանց փաթեթները մատչելի են յուրաքանչյուր ընթերցողի:

Անշուշտ, ուսումնական փաթեթները ստեղծվում են նրա համար, որ ընթերցողը արագ կարողանա գտնել իրեն անհրաժեշտ նյութը, կատարի վերլուծական և ստեղծագործական աշխատանք: Եվ ո´չ միայն: Ուսումնական էլեկտրոնային փաթեթներն ուղղորդում են ընթերցողին: Այդօրինակ փաթեթների միջոցով գրադարանավարը հանդես է գալիս ոչ միայն որպես նյութ մատուցող, այլև` խորհրդատու:

Ուսումնական փաթեթները, անշուշտ, չեն կազմվում նրա համար, որ ընթերցողը դառնա ծույլ ու ինքը չկամենա փնտրել իրեն պետքական նյութը համացանցում: Ընդհակառակը, ուսումնական փաթեթները յուրահատուկ կողմնացույց են այն գանձարանում, որոնք ձեզ կտա համացանցը...: Ուսումնական փաթեթների մեջ գրադարանավարը ներառում է նյութեր տարբեր կայքերից, բլոգերից, ֆորումներից: Նրանք և՛ հեշտացնում են ընթերցողի աշխատանքը, և՛ միաժամանակ բարդացնում այն` ստիպելով կարդալ ավելին, քան նա կարող էր գտնել փնտրող-որոնող համակարգերի կողմից իրեն մատուցված միայն մի կայքում: Իսկ դասավանդողին հուշում է: Շատ հաճախ էլ դասավանդողը ինքն է առաջարկում նյութ, լրացնում է փաթեթը:
Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող, ուսուցիչ, ծնող համալրում է կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային ֆոնդը:

Նյութերի փաթեթ ստեղծելը գրադարանավարից խորը ուսումնասիրություն է պահանջում: Պատկերացրեք, քանի՜ նյութ է պետք ընթերցել՝ դրանցից լավագույններն ընտրելու համար: Իսկ ուսումնական փաթեթներն ավելի շատ խնդիրներ են առաջ քաշում, որոնք պետք է լուծի գրադարանավարը. ո՞ր դասարանի համար է նախատեսվում տվյալ փաթեթը, ի՞նչ տարիքի երեխաներ են օգտվելու դրանից և այլն: Այդ դեպքում գրադարանավարը հանդես է գալիս նաև որպես մանկավարժ. առանձնացնում, տարբերակում և առաջարկում է փաթեթը:

Այնուամենայնիվ բոլոր ուսումնական փաթեթներն ուղղված են սովորող, փնտրող, հետազոտող ընթերցողին` լինի սովորող, դասավանդող, ծնող, և նրանց ստեղծումը անիմաստ է, եթե ընթերցողը չի օգտվում դրանցից: Փաթեթները տարածում ենք facebook սոցցանցով, և ստացված կարծիքները, նամակները վկայում են, որ այլ գրողների, հեղինակների մասին փաթեթներ ևս պետք է ստեղծենք:

Փաթեթների էջերի այցելուների քանակը գալիս է ապացուցելու, որ այն գնալով մեծ պահանջարկ է ունենում:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский