Հասարակությունը՝ հանրակրթության պատվիրատու

 Յուրաքանչյուր քաղաքացու երազանքն է իր զավակին տեսնել ապահով, բարձր աշխատավարձով, հնարավորինս բարձր պաշտոնում։ Հանուն այդ երազանքի իրականացման մարդիկ ամեն զոհողության գնում են՝ շատ հաճախ նույնիսկ չպատկերացնելով, թե դրա համար հատկապես ինչ է պետք։ Բարձրագույն կրթության` դեռ սովետական տարիներին ձևավորված պաշտամունքը պահպանվել է ցայսօր։ Հետևաբար՝ լավն է այն դպրոցը, որի շրջանավարտները հեշտությամբ բուհ են ընդունվում։ Իսկ այսօրվա պայմաններում բուհ ընդունվում է շրջանավարտների 90%-ը։ Այդ դեպքում վատն է այն դպրոցը, որտեղ կրթությունն իր առաջին իսկ դասարանից ուղղված չէ՞ բուհի ընդունելությանը։ Անհեթեթ է, համաձայն եմ, բայց փաստ է, որ այդպես է գնահատվում։

Դպրոցը չի կարող իր ամբողջ գործունեությունը նվիրել սերունդը քննություններին նախապատրաստելուն։ Ընդհանրապես բարձրագույն կրթությունը մասնագիտություն ստանալու համար է, այնինչ դպրոցը առհասարակ հանրությունն է կրթում։ Սովետական տարիներին ասում էինք՝ վաղվա հասարակությունը։ Բայց այսօր հարկավոր է, որ հասարակությունն ինքը դառնա դպրոցի պատվիրատուն։ Դրա համար անհրաժեշտ է, որ նույն հասարակությունը ինքը համապատասխանաբար կրթվի և պատկերացնի կյանքը բարձրագույն կրթությունից դուրս։

Հասարակությունը զարգանում է, եթե ներդաշնակ է ապրում։ Դրա համար հարկավոր է հոգ տանել, որ ամեն նոր սերունդ գնահատի իրեն հասած մտավոր, նյութական և բարոյական ժառանգությունը, բայց և այնքան ինքնուրույնություն ունենա, որ վերցնի արժեքավորը, դեն նետի արդեն հնացածը, լրացնի իր հայտնագործություններով։ Դրա համար սերունդը պիտի օժտված լինի երկու կարևոր հատկանիշով՝ սովորելու, ուսումնասիրելու, վերլուծելու կարողությամբ և իր կարողություններն իր ժամանակի բարօրությանն ի սպաս դնելու պատրաստակամությամբ։

Հետաքրքրվող, ուսումնասիրող ու վերլուծող մարդը կարծրատիպերի գերին չի դառնում։ Նա իր համար ճշմարտության նոր սահմաններ է հայտնաբերում, հասկանում է, թե ինչն է հնարավոր փոխել, ինչի հետ է հարկավոր հաշտվել, և իր կյանքն այդպիսով դարձնում է ավելի խաղաղ, ներդաշնակ ու կայուն։ Այսպիսի անհատներից բաղկացած հանրությունն առաջ գնալու, զարգանալու հնարավորություններ ավելի շատ ունի։

Որպեսզի հասարակությունն ընդունի զարգացած անհատ դաստիարակող դպրոցի անհրաժեշտությունը, ինքը պիտի զարգացած լինի բավարար չափով։ Որպեսզի հասարակությունը այդքան զարգանա, հարկավոր է, որ դպրոցը դաստիարակի անհատականություններ։ Հարկավոր է դաստիարակել հասարակություն, որը իսկական դպրոցի պատվիրատուն կլինի։ Այստեղ դպրոցը այլ ելք չունի, հանրային՝ համայնքային դառնալուց բացի։ Այսպիսի դպրոցում ծնողը ոչ միայն հետևում է իր երեխայի դպրոցական կյանքին, հասու է դպրոցի խնդիրներին և իր հնարավորությունների սահմանում օգնում է, այլև դառնում է սովորող՝ իր երեխայի հետ, երբեմն էլ նրանից. սովորում է այն, ինչ հրատապ է ժամանակի հասարակության մեջ, այսօրվա համար՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելն, օրինակ, ու դրանց կիրառումը կրթության նպատակով։ Անհրաժեշտ դեպքում մասնակցում է առցանց քննարկումներին, իր երեխայի հետ ընտանեկան նախագծեր է անում, օգնում է նրան՝ արժեքավոր տեղեկությունների փնտրտուքում, երբեմն ինքն էլ դառնում է տեղեկության շատ արժեքավոր աղբյուր (եթե, օրինակ, խոսքը ընտանեկան ավանդույթների կամ անցյալում ընդունված սովորույթների մասին է)՝ այսպիսով մասնակցելով կրթական գործընթացին։ Հակադրությունը սերունդների մեջ, որ մինչև հիմա անխուսափելի էր համարվում, այս դեպքում հասցվում է նվազագույնի։

Հասարակության մեջ, սակայն, դպրոցի և տարիքով փոքր մարդկանց կարծրատիպ կա։ Մեր կրթահամալիրում երկար տարիների հետևողական աշխատանքն է բերել մեծերի (ինչպես ծնողների, այնպես էլ ուսուցիչների)՝ նոր սերնդին հավասարի աչքով նայելուն։ Կրթահամալիրից դուրս վերաբերմունքը գրեթե նույնն է մնացել։ Եթե հասարակությունը չի զգում նորանալու անհրաժեշտությունը, եթե չի աշխատում իր ներդաշնակ զարգացման ուղղությամբ, ինչո՞ւ պիտի նա նոր դպրոցի պատվիրատուն լինի։ Դպրոցի նյութական բազան իր զգալի մասով կազմվում է համայնքի ներդրումներից։ Ինչո՞ւ պիտի ներդրում անի հասարակությունը, եթե նման դպրոցի պատվիրատուն չի։

Այս իմաստով կարևոր է, որ դպրոցն իր նպատակը ճշտի ոչ միայն առանձին դպրոցների, այլև պաշտոնական մակարդակով։ Դպրոցի խնդիրների մեջ բուհին նախապատրաստելն ամենավերջում պիտի լինի, այն էլ ոչ թե ընդունելությանը, այլ այնտեղ սովորելու կարողությանն ուղղված։

Այսինքն՝ սովորելու սովորույթ պիտի մշակվի մարդու մեջ, որ ամեն տարիքում իր համար նոր բան բացահայտելը հաճելի զբաղմունք լինի։

Այսինքն՝ հետաքրքրվող ու պրպտող պիտի լինի մարդ, նոր բաներ հայտնաբերելու համար։

Այսինքն՝ հանդուրժող պիտի լինի՝ իր շրջապատին համբերատար ու հետևողականորեն օգնելու համար, որ բարձրացնի տեղեկացվածության, այդպիսով նաև կենսական մակարդակը։

Այսինքն՝ հոգով խոնարհ պիտի լինի՝ ինքնասպասարկումը, իր միջավայրն իր ձեռքերով նորոգելը բնականաբար իր  անելիքը համարելու համար։

Եթե հասարակությունն ուզում է խնամված բնակավայրեր, բարեկեցիկ բնակչություն ու ապահով պետության զարգացման հեռանկարներ, ուրեմն պիտի լինի այս հատկանիշները դաստիարակող դպրոցի պատվիրատուն։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский