Գրքի տոն. ընթերցանության զարգացման նոր հնարավորություն

Երևի չեք վիճի, որ երեխայի դաստիարակության հարցում ընտանիքից, շրջապատում իր տեսածից ու լսածից հետո ամենամեծ ազդեցությունն է թողնում ընթերցանությունը: Մեծահասակներից շատերի համար ընթերցանությունը ինքնակրթության և ընդհանրապես կրթության միջոց է, ոմանց համար էլ` պարզապես հանգստանալու լավ ձև։ Բայց երբ գործ ունենում երեխայի հետ, նրան դեռ պետք է քայլ առ քայլ մոտեցնենք գրքին: Ի՞նչ խոսք, այս այս դեպքում ևս ընտանիքում տեսած օրինակը առաջնային դեր ունի երեխայի համար: Բայց ժամանակակից դպրոցականը օրվա մեծ մասը անց է կացնում ուսումնական հաստատությունում, ազատ ժամանակի մի մեծ մասն էլ նվիրում է տնային առաջադրանքներին: Սա նշանակում է, որ նախակրթարանից և առաջին դասարանից սկսած երեխայի դաստիարակության մեջ մեծ դեր է խաղում ուսումնական հաստատությունը: Սովորողի ընթերցարանը, նոր հրատարակված գունազարդ գրքերը ընթերցանության խթանման և ընթերցողին դեպի գիրքը բերելու հնարավորություն են համարվում, որ կիրառել ենք մինչև այսօր, կիրառվելու են հետագայում։ Կրթահամալիրում դրան ավելացնում ենք ուսումնական կաբինետներում-ընթերցասրահում անցկացվող պարապմունքները, գրադարանի կայքում ստեղծված մեդիափաթեթները:

2013թ. համար մշակված «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը ընթերցասիրության զարգացման ավելի ինտերակտիվ, ավելի հետաքրքիր և մատչելի հնարավորություն է:

Նախկինում էլ հրատարակչություններն ու գրադարանները (քաղաքային, ազգային) համատեղ իրականցնում էին գրքի ցուցահանդես-վաճառքներ և գրքի համալրման ու ընթերցանության խրախուսման այլ ձևեր: Բայց փորձեք հիշել մի դեպք, երբ հրատարակչությունը մտել էր ուսումնական հաստատություն: Նախկինում ուսումնական հաստատության և հրատարակչության միջև միջնորդ էին լինում այլ կառույցներ: Իսկ «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» նախագծի շնորհիվ հրատարակչությունը մտավ կրթական հաստատություն առանց միջնորդի և առանց կոմերցիոն նպատակների:

Գրքի տոնի նախապատաստական աշխատանքը ևս ուսումնական աշխատանք էր, ընթերցանության խրախուսման յուրահատուկ ձև։

1. Կապ հաստատեցինք հրատարակչության հետ:
2. Սովորողների փոքր խմբերով այցելեցինք տարբեր հրատարակչություններ, ինչն անմիջապես լուսաբանվում էր mskh.am-ում սովորողների կողմից:
3. Կրթահամալիրում հյուրընկալեցինք հրատարակչության ներկայացուցիչներին:
4. Հրատարակչության կողմից առաջարկվեցին նոր հրատարակված գրքեր, որոնք կարժանանային ընթերցողների կողմից առանձնակի ուշադրության:
5. Ընտրված գրքերը հատվածաբար թվայնացվեցին:
6. Գրադարանը ծանոթացրեց ընթերցողին այդ գրքերի հեղինակների, բովանդակության հետ, որպես յուրահատուկ «գովազդ»` սովորողներին մատուցեց ամենահետաքրքիր հատվածները գրքերից:
7. Ընթերցանությունն ավելի գրավիչ դարձնելու և ընտրված ստեղծագործությունները տարբեր անկյուններից դիտարկելու համար գրադարանն ընթերցողին մատուցեց նաև ընտրված ստեղծագործությունների էկրանավորումները (ֆիլմ, մուլտֆիլմ), ծանոթացրեց ընթերցողին դրանց հաջողությունների, երաժշտության հետ:
8. Կրթահամալիրի դպրոցներում հետազոտող դասավանդողները ծանոթացրին սովորողներին գրադարանի մատուցած նյութերին, ընտրված ստեղծագործությունների համար պարապմունքների ծրագրեր մշակվեցին:
9. Մշակվեց նախագծի առաջին տոնի մանրամասն ծրագիրը:
10. Գրքի տոնը, ինչպես կրթահամալիրի մյուս տոները, իր հանդիսավոր բացումն ունեցավ Մարմարյա սրահում. սովորողներին ողջունեց կրթահամալրի տնօրենը, ով ևս մեկ անգամ հիշեցրեց գրքի` և´ տպագիր, և´ մեդիա, և ընթերցանության կարևորությունը մեր կյանքում:
11. Սկսվեց ցուցահանդես-վաճառքը: Կրտսեր և միջին դպրոցների սաները բաժանվեցին խմբերի, մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին: Սովորողներին խմբերի բաժանելիս հաշվի էինք առել տարիքային առանձնահատկությունները` հասակակիցների հետ շփումը, աշխատանքը, քննարկումը, ընթերցանությունը:
12. Ընթերցասրահում արդեն տեղի ունեցավ ընտրված գրքերի շնորհանդեսը: «Շնորհանդես» բառը այստեղ տեղին չէ, որովհետև շնորհանդեսը ենթադրում է պասիվ հանդիսատես: Իսկ մեզ մոտ, ինչպես գիտենք, հանդիսատես չկա, կան միայն մասնակիցներ: Սովորողներին դիմավորեցին Գեղարվեստի ավագ դպրոցի թատրոնի ակումբի սովորողները` որպես հեքիաթների հերոսներ, ովքեր ներկաներին բաժանեցին փոքր խմբերի և դարձրին մինի-ներկայացման մասնակիցներ: Մասնակիցների մի քանի խումբ միաժամանակ սիրված հերոսի հետ բեմադրում էր հատված իր հավանած ստեղծագործությունից: Այսպիսով գիրքը դարձավ ավելի «կենդանի» և ավելի գրավիչ: Մինի-ներկայացումներն ուսումնական աշխատանք էին նաև թատրոնի ակումբի անդամների համար, ովքեր նախօրոք պատրաստվել էին դրանց, ծանոթացել գրքերի հետ: Ընթերցասրահում Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներն այնքան էին ոգևորվել, որ միաժամանակ և´ կերպար էին, և´ դերասան, և´ բեմադրող, և´ ընթերցավար: Ապրե՛ք, երեխաներ:
13. Այս ամենին «խառնել» էինք նաև ծնողներին: Այսպիսով գիրքը մտավ դասարան ու ընտանիք:
14. Ընթերցասրահից հեռանալուց հետո յուրաքանչյուր դասարան իր տեսածն ու լսածը վերհիշեց կայքում նյութ (ֆիլմ, ֆոտոշարք, հոդված) թողարկելիս:
15. Շատ կարևոր է նախագծի լուսաբանումը լրատավամիջոցների կողմից, ինչպես նաև գրքի տոնի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը Մարմարյա սրահում:

Նախագծի բացթողումները.

1. Չնայած երեխաների ոգևորությանը, ծնողները դեռ ավելի պասիվ են:
2. Դասավանդող - գրքի հերոս կապը հաստատված չէր:
3. Լավ կլիներ, եթե հրատարակչությունը գրքերով համալրեր գրադարանը։
4. Նախագիծն ավելի հաջողված կլիներ, եթե գրքի գինը ավելի մատչելի լինի:

Հաջորդ հանդիպումը նախատեսվում է «Էդիթ Պրինտ» հրատարակճության հետ, բայց արդեն նոր ձևաչափով, նոր գաղափարներով:

Նախագիծը կարելի է համարել շարունակելի, և հենց դա է ամենահրաշալին այս նախագծում:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский