Պետական անկախության վերականգնման գործընթացն Ադրբեջանում

Հարավային Կովկասում ժամանակ առ ժամանակ կրկնվող էթնիկական ու տարածքային հակամարտություններն իրենց վրա կրում են կնիքն աշխարհաքաղաքական այն փոփոխությունների, որոնք տեղի են ունենում ողջ տարածաշրջանում և, որպես օրինաչափություն, կապված են Ռուսաստանի հետ: Պատմական գործընթացը հաճախ կրկնվում է, եթե դրա համար կան համապատասխան նախադրյալներ ու առիթներ, իսկ պատճառը դեռևս վերացված չէ: Եթե 1918-1921 թթ. Կովկասյան տարածաշրջանում բռնկված էթնիկական հակամարտությունները Ցարական Ռուսաստանի քայքայման արդյունքն էին, ապա 1980-ականների վերջին Կովկասում ի հայտ եկած նոր էթնիկական ճգնաժամը պայմանավորված էր ԽՍՀՄ-ի թուլացմամբ և որոշ ժամանակ անց` փլուզմամբ: Խորհրդային Միության դաշնային բնույթը, հիմնված էր էթնոտերիտորիալ բաժանման սկզբունքի վրա: Գոյություն ուներին ինչպես ԽՍՀՄ լիիրավ անդամ ազգային պետություններ, այնպես էլ ինքնավարություններ, որոնք կցված էին այս կամ այն պետությանը: Այսպիսի ինքնավարությունները փաստացի չլուծված հակամարտությունների օջախներ էին, որոնք համապատասխան նախադրյալների առկայության դեպքում անպայման բորբոքվելու և վերաճելու էին միջէթնիկական բախումների միության երկրների ու ժողովուրդների միջև: 

Ինչպես հայտնի է, Խորհրդային Ադրբեջանը ձևավորվեց հայկական տարածքների մի զգալի հատվածի վրա: Դրան գումարած` կրկին հայկական տարածքների վրա հիմնվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որոնք Խորհրդային Ռուսաստանի կողմից դրվեցին Ադրբեջանի ԽՍՀ-ի վերահսկողության տակ: Իր գոյության ընթացքում Ադրբեջանի ԽՍՀ-ը փորձում էր հանդես գալ որպես ինտերնացիոնալ պետություն, և որպես դրա ապացույց մատնանշվում էր երկրի մայրաքաղաք Բաքուն, որտեղ ապրում են միության կազմի մեջ մտնող գրեթե բոլոր ազգությունների ներկայացուցիչները: Այստեղ մեծ թիվ էին կազմում նաև կովկասյան փոքր ազգությունների ներկայացուցիչները` թալիշներն ու լեզգիները: Սակայն ինտերնացիոնալի քողի ներքո հանդես եկող Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները իրականում վարում էին ընդգծված ազգային քաղաքականություն: Նախ` նրանք հստակ գիտակցում էին, որ սեփական պետությունը ձևավորվել է հարևան Հայաստանի տարածքների մի մասի վրա: Այդ տարածքները Ադրբեջանի անբաժան մասը դարձնելու համար անհրաժեշտ էր դրանք հայաթափել և փոխել դրանց ժողովրդագրական պատկերը: Մոտեցում, որ Ադրբեջանի խորհրդային իշխանությունները որդեգրեցին իրենց պետության գոյության հենց սկզբից:

Հրապարակայնության, ժողովրդավարության և այլ սկզբունքերի հռչակումից հետո բոլորի համար ավելի ակնհայտ դարձավ խորհրդային ժողովուրդների ազգային ինքնագիտակցության ճնշման և ազգային-տարածքային ինքնավարությունների հանդեպ խորհրդային իշխանությունների վարած ընտրովի ու խտրական քաղաքականության պատճառով ի հայտ եկած հակասությունները1:

Ինչպես նշում է Թոմաս դե Վալը, Բաքվի մտավորական ու քաղաքական վերնախավերը խոստովանում են, որ մինչև 1988 թ. կարևորություն չեն տվել Ղարաբաղի հարցին2: Նրանք պարզապես անքննելի էին համարում Ղարաբաղի` ընդմիշտ իրենց պատկանելու հարցը: Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի Կոմկուսի դիրքերը բավական ամուր էին: Նախ` նա ուներ Կրեմլի անվերապահ աջակցումը: Որպես ասվածի հիմնավորում կարող է հանդես գալ այն հանգամանքը, որ Ադրբեջանում կոմունիստական կուսակցությունը մինչև 1992 թ. մնաց իշխանության: Սակայն, այլ տեսակետ ուներ շարքային ադրբեջանցիների մեծ մասը: Նրանք բոլորն էլ Ղարաբաղը համարում էին հայկական պատմական տարածք: Նրանք հոգեպես ու գաղափարապես դեռ պատրաստ չէին պայքարելու Ղարաբաղի համար: Ուստի` երկրի քաղաքական վերնախավը չուներ ժողովրդի աջակցությունը Արցախի հետ կապված իր հեռահար նպատակներում: 

Բայց և այնպես, արցախյան հիմնահարցը դարձավ այն կարևոր հիմնաքարը, որի շուրջ Ադրբեջանի ընդդիմությունը կարողացավ համախմբել երկրի բնակչությանը: Եթե Վրաստանում միասնական թշնամու կերպարում հանդես էր գալիս Կրեմլն ու կոմունիստական իշխանությունները, ապա Ադրբեջանում որպես միասնական թշնամի սկսեցին ներկայացնել հարևան Հայաստանը ու հայ ժողովուրդը: Բայց այս կերպարը դեռ նստած չէր հասարակ քաղաքացիների գիտակցության մեջ: Շատերի համար հայ ժողովուրդը ոչ թէ թշնամի էր, այլ հարևան, որի հետ արդեն 70 տարի ապրում էին կողք-կողքի ` նույն քաղաքում ու գյուղում: Այդ կերպարի կերտման համար տեղական իշխանություններն ու ընդդիմադիր դաշտում հանդես եկող քաղաքական գործիչները պատրաստ էին գնալ ցանկացած քայլի:

Քաղաքական բողոքի առաջին ակցիան Ադրբեջանում սկսվեց 1988 թ. փետրվարի 19-ին` հայաստանյան հանրահավաքների յոթերորդ օրը: Բողոքի այս ակցիային մասնակցում էին մտավորականներ, ուսանողներ ու բանվորներ: Նրանք երթով անցան Գիտությունների ակադեմիայի շենքի մոտից մինչև Գերագույն խորհրդի շենքը: Նրանց ցուցապաստառների վրա գրված էին կարգախոսներ, որոնք ազդարարում էին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին3: Այս ամենը անշուշտ արվում էր Բաքվի կոմունիստական իշխանությունների գիտությամբ և թույլատրությամբ: Այս ալիքի տակ Ադրբեջանցի մտավորականները սկսեցին բարձրաձայնել, որ հայերը ցանկանում են մասնատել իրենց հանրապետությունը և վտանգել Ադրբեջանի ազգային ինքնությունը: Բանաստեղծ Բախտիար Վահաբզադեն և պատմաբան Սուլեյման Ալյարովը «Ազերբայջան» ամսագրում հրապարակած «Բաց նամակում» հայտարարեցին, թե «Ադրբեջանի ժողովուրդը միջազգային սրված մրցակցության նոր դարաշրջանի առաջին զոհերից է»4:

Բաքվում իրադրությունը հատկապես լարվեց, երբ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 67 պատգամավորներ գրավոր պահանջեցին հրավիրել արտահերթ նստաշրջան: Այստեղ քննարկվեց «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջև միջնորդության մասին» հարցը: Նստաշրջանի կողմից ընդունվեց պատմական որոշում` «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գորագույն խորհրդին` ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին խոր ըմբռնման զգացում և դրական լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ տղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման համար»5:

Որոշման հրապարակումից հետո Բաքվի Կոմկուսի ղեկավար Ֆաուդ Մուսաևը փետրվարի 20-ին վերադարձավ արձակուրդից: Իրավիճակը ողջ երկրում լարվեց: Այս որոշումը ահազանգ էր ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների, այնպես էլ Կրեմլի համար: Հայաստանի ու Ադրբեջանի աշխատավորներին ու ժողովուրդներին ուղղված դիմումով հանդես ելավ Մ. Ս. Գորբաչովը: Նա փորձում էր հանդարտեցնել կրքերը և խոստանում էր մոտ ապագայում քննարկել ԼՂԻՄ-ում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական խնդիրները, փորձել դրանց համար գտնել լուծումներ6:

Սակայն այս կոչն ավելի շատ ուղղված էր հայերին և նպատակ ուներ զսպելու նրանց ձգտումները Լեռնային Ղարաբաղի խնդրում: Ասվածի ապացույցն են Գորբաչովի դիմումին հաջորդած Սումգաիթի իրադարձությունները: Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող 1949 թ. հիմնադրված խորհրդային այս քաղաքը բնակեցված էր ստալինյան ճամբարներից ազատ արձակված բռնադատվածներով, Ղարաբաղից աշխատանք գտնելու համար Ադրբեջան գաղթած չքավոր հայերով: Քաղաքը նախատեսված էր 50-60 հազար բնակչության համար: Սակայն, այդ օրերին քաղաքի բնակչության թիվը հասել էր 250 հազարի: Թեև հայերը բավական մեծ թիվ էին կազմում այստեղ, սակայն, ոստիկանությունը բաղկացած էր գերազանցապես ադրբեջանցիներից: Բացի այս` քաղաքի ադմինիստրատիվ մարմիններում հայերը գրեթե ընդգրկված չէին, մի երևույթ, որ բնորոշ էր Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող ազգային փոքրամասնությունների հանդեպ քաղաքականությանը: Փետրվարի 27-29-ը Սումգաիթում ադրբեջանցի խուժանի կողմից 31 խաղաղ բնակիչների խոշտանգումն ու սպանությունը սկզբում գաղտնի էր պահվում:

Սումգաիթի իրադարձությունները բավական մանրամասն լուսաբանված են մեր պատմագրության մեջ: Կարևոր ենք համարում առանձնացնել մի հանգամանք: Սումգաիթի իրադարձությունները տեղի ունեցան խաղաղության պայմաններում: 1988 թ. Արցախում պատերազմական գործողություների չէին ընթանում: Սումգաիթում բնակվող հայերը հանդիսանում էին Ադրբեջանական ԽՍՀ-ի քաղաքացիներ: Սումգաիթի դեպքերը Ադրբեջանի կողմից մանրամասն ծրագրավորված և իրականացրած ոճրագործություն էի սեփական քաղաքացիների հանդեպ: Դա Ադրբեջանի արյունտ պատասխանն էր հայերի կողմից կազմակերպած խաղաղ հանրահավաքներին: Սումգաիթի այս ոճրագործությունը նպատակ ուներ կանխելու Արցախի հայության ազատատենչությունը:

Մոսկվայի ցուցումով սումգաիթյան ոճրագործության հետաքննությունը դիտմամբ ձգձգվում էր, իսկ պաշտոնական մամուլը լռում էր այդ մասին: Որպես ասվածի ապացույց կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ միայն մարտի 5-ին «Սովետական Հայաստան» թերթում այդ մասին կարճ հաղորդագրություն տպագրվեց7: Սումգաիթի դեպքերից հետո իրավիճակը Ադրբեջանում ու ԼՂԻՄ-ում ավելի սրվեց: Դրան անմիջականորեն նպաստեց նաև այն հանգամանքը, որ խորհրդային ղեկավարությունը չանցկացրեց պաշտոնական հետաքննություն: Նման անպատասխանատու վերաբերմունքը Սումգաիթյան դեպքերի հանդեպ ավելի հեղինակազրկեց խորհրդային իշխանությունները և խորացրեց էթնիկական հակամարտությունները ողջ Կովկասյան տարածաշրջանում: Մյուս կողմից, խորհրդային իշխանությունների նման կեցվածքը ազդանշան էր ադրբեջանցիների համար, որ նրանք կարող են օգտվել այս ամենաթողությունից ու շարունակել իրենց հակահայ քաղաքանությունը` առաջին հերթին հայերին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքից արտաքսելով:

Կրեմլի կողմից որոշ անհաջող փորձեր արվեցին` կանխելու համար Լեռնային Ղարաբաղի շուրջ աճող ճգնաժամը: Մասնավորապես, մարտ ամսին մշակվեց Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավաճակի բարելավման ու մարզի զարգացման վերաբերյալ ծրագիր8: Սակայն, իրավիճակն արդեն բավականին լարված էր և միայն սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագրով անհնարին էր հարթել այս հիմնախնդիրը: Թերևս, խորհրդային իշխանությունները չէին համարձակվում դա խոստովանել: 1988 թ. մայիսին ձախողվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջման հասնելու վերջին լուրջ փորձը:

1988 թ. մայիսից Բաքվում վերսկսվեցին զանգվածային ցույցեր: Որպես ցույցերի կազմակերպիչ հանդես էր գալիս ֆանատիկ «Վարլըգ» կազմակերպությունը, որը ղեկավարում էին Նեյմանթ Փանախովը և Էթիբար Մամեդովը9: Ինչ վերաբերում է Բաքվի մտավորականներին, ապա նրանք համախմբվեցին «Բաքվի գիտնականների ակումբի» շուրջ: Նրանք ամռանը ձևավորեցին նախաձեռնող խումբ` «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» ստեղծման նպատակով10: Չնայած այս երկու խմբերը ունեին ընդհանուր նպատակներ, նրանց չհաջողվեց լեզու գտնել միմյանց հետ: «Վարլըգ» կազմակերպությանը անդամակցում էին առավել ազգային դիմագիծ ունեցողները, իսկ «Ժողովրդական ճակատին»` հիմնականում Բաքվի մտավորականությունը, որոնք ունեին չափավոր հայացքներ: Այդ ժամանակ, Ադրբեջանի կոմկուսի առաջնորդ Ա. Վեզիրովը փորձում էր իր տեղը գտնել ժողովրդական զանգվածների, մտավորակնության ու առավել ազգային դիմագիծ ունեցող գործիչների կողքին: Սակայն դա նրան այդպես էլ չհաջողեց: 

1988 թ. սեպտեմբերի սկզբին «Բաքվի գիտնականների ակումբի» անդամները շարադրեցին «Վերակառուցման աջակցության Ադրբեջանի ժողովրդական ճակատի» ծրագրի նախագիծը: Նախագծի հիմնական սկզբունքները փոխ էին առնվել Էստոնիայի «Ժողովրդական ճակատի» ծրագրից11: Ինչպես Խորհրդային Միության մյուս երկրներում, այնպես էլ Ադրբեջանում ազգային շարժման հիմքում կանգնած էին մտավորականները: Նրանք էին արաբագետ Զարդուշտ Ալիզադեն, ֆիզիկոս Թոֆիկ Քասիմովը, Լեյլա Յունոսովան, Արիֆ Յունուսովը և այլք: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ երկրում գործող միակ կուսակցության կողքին հայտնվեց այլընտրանքային քաղաքական կազմակերպություն, որն իր շուրջը համախմբեց ընդդիմադիր մտավորականությանը: Անհրաժեշտ է անդրադառնալ նաև մի կարևոր հարցի: Ինչպես մյուս խորհրդային հանրապետություններում, Ադրբեջանում նույնպես կաբինետային մտավորականության ու ժողովրդի միջև կար անջրպետ: Մտավորականության մեծ մասը Ադրբեջանում ռուսախոս էր և կոմկուսի անդամ: Նրանք բավական զգուշավոր էին իրենց քայլերի մեջ: Արմատական ու ազգային հայացներ ունեցող հասարակական ու քաղաքական գործիչների հետ նրանց համագործակցությունը անհնարին էր: Նրանք նաև ի վիճակի չէին իրենց ետևից տանելու ժողովրդական զանգվածներն ու երկիրը առաջնորդելու դեպի պետական անկախության վերականգնումը: Ահա թե ինչու առավել արմատական ու ազգայնական հայացքների տեր հասարակական ու քաղաքական գործիչները կարողացան կարճ ժամանակում իրեց շուրջը համախմբել մեծ թվով համախոհների ու ձեռք բերեցին մեծ ժողովրդականություն:

Աշնանը կրքերը կրկին բորբոքվեցին: Նոյեմբեր ամսին Բաքվի` Լենինի անվան հրապարակը լցվեց բազմամարդ ամբոխով: Փանախովն ու Մամեդովը ամեն կերպ փորձում էին բորբոքել ամբոխի հակահայ տրամադրությունները: Նոյեմբերի 17-ից հանրահավաքը ստացավ մշտական բնույթ: Անգամ գիշերները հրապարակը չէր դատարկվում: «Milliyet» թուրքական թերթի հաղորդմամբ Բաքվում ցուցարարների թիվը հասնում էր 400 հազարի12: Հավաքվածներին բորբոքելու համար ցուցարարների մեջ սկսեցին լուրեր տարարծվել, թե իբր հայերը Երևանի ալյումինի գործարանի բանվորների համար պատրաստվում են կառուցել հանգստյան տուն` «Քարին տափ» կոչվող կիրճում, որը գտնվում է Շուշիի մոտ: Հետագայում պարզ դարձավ, որ այս լուրերը բավական խեղաթյուրված էին հասել Բաքու, և Բաքվի ազգային շարժման ղեկավարության կողմից ցուցարարներին ներկայացվել էր խեղաթյուրված ձևով13:

Շուտով ցուցարարների կողմից առաջ քաշվեցին մի շարք պահանջներ, որոնք էին` վերացնել Լեռնային Ղարաբաղի ինքավարությունը, լուծարել «Ղարաբաղ» կոմիտեն, Հենրիկ Պողոսյանին հեռացնել ԼՂԻՄ շրջանային կոմիտեի քարտուղարի պաշտոնից: Ի հայտ եկան մի շարք ծայրահեղ ազգայնամոլական կարգախոսներ, օրինակ` «Փառք Սումգաիթի հերոսներին», ինչը ժողովրդի մեջ ազգայնամոլություն տարածելու ու հակահայ տրամադրությունները գրգռելու նպատակով էր արվում14: Խորհրդային իշխանությունները, հասկանալով, որ իրավիճակը իրենց վերահսկողությունից դուրս է գալիս, որոշեցին ուժի դիմել: Նոյեմբերի 24-ի լույս 25-ին խորհրդային զորքերը մտան Բաքու: Դեկտեմբերի 5-ին Ա. Վեզիովի հրամանով հրապարակ մտան ոստիկանության ներկայացուցիչերը և ուժի կիրառմամբ ցրեցին հավաքվածներին: Ձերբակալված ակտիվիստների մեջ էր նաև Փանախովը: Դրանից հետո քաղաքում մտցվեց պարետային ժամ15:

1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը և Հայաստանում ստեղծված խառնաշփոթը առիթ հանդիսացան Մոսկվայի համար` ձերբակալելու «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին: Նրանց բերեցին Մոսկվա, որտեղ նրանք մնացին մոտ կես տարի: Այս քայլով, փաստորեն, Կրեմլը փորձ էր անում սիրաշահել երկու երկրների բնակչությանը: Նա մասամբ իրականցրեց երկու կողմերի պահանջները: 1989 թվի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահության կողմից ընդունվեց որոշում` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում մտցնել կառավարման հատուկ համակարգ` համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության 119 կետի 14 դրույթի: Միաժամանակ ստեղծվում էր Հատուկ Կոմիտե, որը պետք է ստանձներ Ղարաբաղի ղեկավարությունը16: Հատուկ Կոմիտեի նախագահ նշանակվեց Ա. Վոլսկին: Այս քայլը Ադրբեջանում դիտվեց որպես իրենց տիրապետության տակից Ղարաբաղը դուրս բերելու փորձ: Ստանձնելով ԼՂԻՄ Հատուկ Կոմիտեի նախագահությունը` Ա. Վոլսկին ներկայացրեց ծրագիր: Ղարաբաղի զարգացման և ստեղծված իրավիճակի հաղթահարման համար նա առաջարկում էր ամրապնդել ԼՂԻՄ-ի և Հայաստանի տնտեսական ու մշակութային կապերը: Այս ծրագրի հրապարակումից հետո Ադրբեջանում սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ Մոսկվան ցանկանում է Ղարաբաղը խաղաղ ճանապարհով միացնել Հայաստանին17:

1989 թ. հուլիսի 16-ին «Ժողովրդական ճակատը» անցկացրեց իր առաջին համագումարը: Համագումարում կազմակերպության նախագահ ընտրվեց Աբդուլֆազ Էլչիբեյը: Ա. Էլչիբեյը գիտնական էր, զբաղվում էր Մերձավոր Արևելիքի հիմնախնդիրներով: Նա Ադրբեջանի ապագան տեսնում էր Թուրքիայի հետ հնարավորինս սերտ կապերի հաստատման մեջ: Ռուսաստանի հանդեպ իր թշնամական վերաբերմունքը նա դրսևորում էր հատկապես հրապարակային ելույթների ժամանակ հրաժարվելով ռուսերեն խոսելուց: Նա անգամ օգտվում էր թարգմանչից` Մոսկվա այցելելիս19

«Ժողովրդական ճակատը» իր նոր մարտավարության մեջ հատկապես կարևոր էր համարում Ադրբեջանի անկախացումը Մոսկվայից: Անհրաժեշտ էին համարում Իրանում ապրող իրենց էթնիկ եղբայրների հետ ստեղծել սերտ կապեր: Սակայն իրենց նպատակներին հասնելու քաղաքական մեթոդների հարցում «ժողովրդական ճակատում» իշխում էր անհամաձայնություն: Չափավոր թևի ներկայացուցիչները իրենց առաջնային նպատակ էին համարում 1990 թ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակը: Իսկ մյուս թևը, որի մեջ ընդգրկված էին ավելի ծայրահեղ ու ազգայնական հայացքներ ունեցող մարդիկ, ինչպիսին Փանախովն էր, ցանկանում էին հասնել ԽՍՀՄ-ից Ադրբեջանի անկախացմանը և ազգային պետության ստեղծմանը20:

1989 թ. ամռանը Ադրբեջանում բողոքի մի նոր ալիք բարձրացավ: Դրա պատճառը կրկին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն էր: Ամռանը ազատ արձակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի Մոսկվայում կալանված անդամները, որոնք վերադարձան հայրենիք: Այդ ժամանակահատվածում էր, որ սկսեց ձևավորվել Հայոց համազգային շարժումը` իր լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրով: Քանի որ Վոլսկու կոմիտեն չարդարացրեց հայերի սպասելիքները` Արցախի հարցի շուրջ, այստեղ սկսվեց բողոքի մի նոր ալիք, որը պահանջում էր վերականգնել տեղական իշխանությունների ընտրովի համակարգը: Դա առիթ տվեց «Ադրբեջանի Ազգային ճակատի» ներկայացուցիչներին` քննադատելու երկրի իշխանություններին` Լեռնային Ղարաբաղի հարցին լուծում տալու անզորության համար: Ստեղծված իրավիճակում Վեզիրովը, ով ի զորու չէր Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու Ադրբեջանին, ոչ էլ կարողանում էր համոզել Կրեմլին այս հարցը լուծելու հօգուտ Ադրբեջանի, ստիպված էր թույլատրել «Ժողովրդական Ճակատի» ներկայացուցիչներին անցկացնել բազմահազարանոց հավաք Բաքվում: Մամեդովի ու Փանախովի ազգայնական հայտարարությունները բավական ջերմ ընդունելության էին արժանանում ժողովրդի կողմից: Ինչպես հայտնի է, նրանք կարողացան ստանալ ժողովրդի աջակցությունը` դեպի Հայաստան տանող երկաթուղային ճանապարհները փակելու համար21: Տեղական իշխանությունները աչք էին փակում այս գործողությունների վրա, դրանով իսկ տալով իրենց լուռ համաձայնությունը: Իսկ Ներքին զորքերի օգնությամբ երկաթուղին ապաշրջափակելու ջանքերը չտվեցին ցանկալի արդյունք: Երկաթուղով Հայաստան եկող բեռների մեծ մասը անցնում էր Ադրբեջանով: Այս քայլը հանգեցրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի խզմանը: Ավելին, Նախիջևանը Բաքվի թելադրանքով նույնպես խզեց կապերը Հայաստանի հետ: Այս քայլը հանգեցրեց Նախիջևանի մեկուսացմանը, որի` ԽՍՀՄ-ի մյուս երկրների հետ կապող ճանապարհը անցնում էր Հայաստանի վրայով:

Վեզիրովի և «Ժողովրդական ճակատի» ղեկավարության համար երկաթուղային շրջափակումը հարմար առիթ հանդիսացավ Մոսկվայի վրա ճնշումներ գործադրելու համար: 1989 թ. սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը «Ադրբեջանի Ազգային ճակատի» խնդրանքով ընդունեց օրենք` ինքնիշխանության մասին: Այդ օրենքով խորհրդային օրենքների իրավազորությունը ընդունվում էր այն դեպքում, եթե Ադրբեջանի ԽՍՀ-ի ինքնիշխան իրավունքները չէին հակասում դրանց22: Վեզիրովը իր այս քայլը Կրեմլի առաջ արդարացնում էր «Ազգային ճակատի» և ժողովրդական զանգվածների կողմից իրականացվող ճնշմամբ: Հոկտեմբերի 4-ին իշխանությունները հերթական զիջումն արեցին և օրինականորեն գրանցեցին Ժողովրդական ճակատը23:

Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ԳԽ-ի կողմից ընդունվեց որոշում` ԼՂԻՄ Հատուկ ղեկավարման կոմիտեն լուծարելու և ԼՂԻՄ 20-րդ գումարման դեպուտատների խորհրդի իշխանությունը մարզում վերականգնելու համար24: Ինքնավարությունը, որպեսզի ստեղծված իրավիճակը վերահսկի, ստեղծեց Միութենական վերահսկման ու մոնիտորինգի հանձնաժողով: Բացի այդ` ԽՍՀՄ Ներքին զորքերի ստորաբաժանումները տեղակայվելու էին Ինքնավարության տարածքում: Դրա դիմաց Ադրբեջանի խորհրդային իշխանությունները պարտավորվում էին վերացնել Հայաստանի երկաթուղային ու ավտոճանապարհային շրջափակումը:

1989 թ. կոմունիստական իշխանությունները Ադրբեջանում վերջնականապես հեղինակազրկվել էին: Նրանք չէին կարողանում լուծել Ղարաբաղի հարցը` ելնելով Ադրբեջանի ազգային շահերից: Մյուս կողմից, հարյուրավոր անօթևան փախստականներ լցվել էին մայրաքաղաքի փողոցները: Ադրբեջանի կոմկուսի ղեկավար Վեզիրովը լիովին հեղինակազրկվել էր: Լենինի հրապարակում հավաքվածները նրան ծաղրելով անվանում էին «Վեզիրյան» ու փողոցներով տանում նրա խրտվիլակը` կանացի զգեստով25: Երկրի կառավարումն իր ձեռքն էր վերցրել Կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլինիչկոն: Վերջինս քաղաքական մեքենայությունների սիրահար էր, ակտիվորեն համագործակցում էր «Ժողովրդական ճակատի» ակտիվիստների հետ:

Նման պայմանները բավական նպաստավոր էին «Ժողովրդական ճակատի» համար: Նրանք ստեղծված իրավիճակը օգտագործեցին իրենց ազդեցությունը ժողովրդական զանգվածների վրա մեծացնելու համար: Կուսակցության մեջ գնալով ավելի էր մեծանում արմատական հայացքներ ունեցող անդամների դերակատարությունն ու հեղինակությունը: Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԽՍՀ-ի կողմից ընդունվեց որոշում` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմի մեջ: Այս որոշումը մի նոր հակահայ հիստերիայի ալիք բարձրացրեց Ադրբեջանում: Մեծացավ արտագաղթող հայերի թիվը: Ակնհայտ էր, որ այլևս անհնարին էր ապրել Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում: Բաքվում ապրող հայերը պատմում են, որ վախենում էին դուրս գալ իրենց տներից: Քաղաքում շրջում էին երիտասարդների խմբեր, որոնք հայեր էին փնտրում ամենուր: Այս խմբերի մասին տեղյակ էին ինչպես Ադրբեջանի կոմունիստական իշխանությունները, այնպես էլ Մոսկվան: Բայց նրանք հրաժարվում էին հայերի հանդեպ իրականացվող բռնություներն ու սպանությունները կանխելու համար որևէ գործնական քայլի գնալուց:

1988 թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի հարավում գտնվող Ջալալաբադ քաղաքն անցավ «Ժողովրդական ճակատի» ակտիվիստների վերահսկողության տակ: Այդ քայլով նրանք ցանկանում էին ճնշում գործադրել Կրեմլի վրա` Լեռնային Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի կարգավորելու համար: Սակայն, ԺՃ-ի ակտիվիստները չսահմանափակվեցին այսքանով: Նախիջևանում, Նեյմեթ Փախանովն իր ակտիվիստների հետ սկսեց քանդել իրանա-խորհրդային սահմանի արգելապատնեշներն ու դիտաշտարակները: Մոտ 700 կմ սահմանային պատնեշներ քանդվեցին: Այս քայլին ի պատասխան խորհրդային բանակի զորամասերը ուժի կիրառմամբ նրանց հետ շպրտեցին ու վտարեցին Նախիջևանի Ինքնավարությունից: Բաքվում կրքերը կրկին բորբոքվեցին այն բանից հետո, երբ 1990 թ. հունվարի 9-ին Հայաստանի խորհրդարանը ընդունեց Լեռնային Ղարաբաղը հանրապետության բյուջեի մեջ ներառելու մասին որոշում26: Նույն օրը բախումներ տեղի ունեցան Խանլարի և Շահումյանի շրջաններում27:

Այս ծայրահեղ քայլերը հանգեցրին «ժողովրդական ճակատի» պառակտմանը: 1990 թ. հունվարի 6-7-ին չափավոր հայացքների տեր մտավորականների մի փոքր խումբ` Լեյլա Յունուսովայի և Զարդատ Ալիզաևի գլխավորությամբ, առանձնացավ և ձևավորեց «Սոցիալ-դեմոկրտական կուսակցությունը»28:

1990 թ. հունվարի 13-ից Բաքվում սկսվեց հայկական ջարդերի կազմակերպված ալիք: Բաքվի ջարդերում սպանվեց շուրջ 90 հայ: Մոսկվան կրկին հրաման չտվեց Բաքվում տեղակայված խորհրդային զորքերին միջամտելու և օգնելու հայերին, չնայած որ այդ ժամանակ Մոսկվան մի քանի հազարով ավելացրել էր ներքին զորքերի թիվը քաղաքում: Բաքվի հայերի հանդեպ իրականացրած հաշվեհարդարը գալիս է փաստելու, որ «ժողովրդական ճակատի» և մյուս ընդդիմադիր կոչվող հասարակական-քաղաքական գործիչների կողմից իրականացվող հակահայ քարոզչությունը, հայ ժողովրդից միասնական թշնամու կերպարի կերտումը տվեց իր ակնկալվող արդյունքը: Ինչպես հայտնի է, հայերը մեծ դերակատարություն ու ներդրում են ունեցել Բաքու քաղաքի կառուցման գործում: Բացի այդ՝ Ադրբեջանի խորհրդային իշխանությունները 70 տարիների ընթացքում Բաքուն փորձում էին ներկայացնել որպես ինտերնացիոնալ քաղաք, որտեղ իրար կողք կողքի ապրում են խորհրդային բոլոր ազգերը: Այնպես որ, Բաքվում բնակվող հայերի հանդեպ իրականացված հաշվեհարդարը ինչպես վերջնականապես դիմակազերծեց Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչների ու կազմակերպիչների իրական նպատակները, այնպես էլ ցույց տվեց, որ Կրեմլը պատրաստ չէ պաշտպանելու անվտանգությունը սեփական քաղաքացիների, որոնք բնակվում են իրենց հայրենիքից դուրս:

Հայերի հանդեպ արյունոտ հաշվեհարդարից հետո հող նախապատրաստվեց «Ժողովրդական ճակատի» և Մոսկվայի միջև հարաբերությունների վերջնական պարզաբանման համար: Հունվարի 14-ին Բաքու ժամանեց ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի պատվիրակությունը` Ե. Պրիմակովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը: Նա պետք է անձնապես գլխավորեր քաղաքի ծայրամասերից մեկում տեղակայված խորհրդային զորախումբը: Իրավիճակի վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնելու համար հունվարի 15-ին ԽՍՀՄ ԳԽ-ը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում և Գանձակում մտցրեց արտակարգ դրություն29: Այստեղ անհրաժեշտ է անել մի դիտարկում: Չնայած հունվարի 13-ին հենց Բաքվում կատարվեց հայերի հանդեպ արյունոտ հաշվեհարդար, այնուհանդերձ Մոսկվան Բաքվում արտակարգ դրություն չմտցրեց: Սեփական քաղաքացիների` հայերի հանդեպ Կրեմլի նման խտրական վերաբերմունքը էլ ավելի էր սանձազերծում ադրբեջանական ազգայնամոլներին: Նրանց համակել էր ամենաթողության զգացումը:

1990 թ հունվար ամսին Բաքվի փողոցներում ի հայտ եկան առաջին բարիկադները: «Ժողովրդական ճակատի» ակտիվիստների` քաղաքի կենտրոն տանող ճանապարհները փակել էին բարիկադներով: Հունվարի 17-ից կոմկուսի կենտկոմի շենքի դիմաց անցկացվող հանրահավանքները ստացան մշտական բնույթ: Հասկանալով, որ իրավիճակը դուրս է գալիս իրենց վերահսկողությունից, հունվարի 19-ին Մ. Գորբաչովը արձակեց հատուկ հրաման` հունվարի 20-ից քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին30: Քաղաք զորք մտցնելու մասին որոշումը Գորբաչովը կայացրեց հենց նույն օրը: Հունվարի լույս 20-ին Բաքվի ծայրամասում տեղակայված զորքերը դուրս բերվեցին զորանոցներից: Հարավից քաղաք մտնող զինվորները առանց ընդհարումների շարժվեցին դեպի կենտրոն: Իսկ հյուսիսից քաղաք մտնող զորքն ու զրահատեխնիկան առաջ սլացան` իրենց ճանապարհին ամեն ինչ վերացնելով: Տանկերն անցնում էին բարիկադների վրայով, անգամ մարդատար մեքենաները տանկերի տակ էին անցնում: Ականատեսների վկայությամբ` զինվորները կրակում էին փախչող մարդկանց վրա, սպանում էին վիրավորներին31: Խորհրդային բանակի զինվորները անկանոն կրակ էին բաց անում բարիկադները պաշտպանող անզեն քաղաքացիների վրա: Հունվարի 20-ին Բաքվում զոհվեց շուրջ 130 մարդ, վիրավորների թիվը հասնում էի մի քանի հարյուրի:

Բաքվի արյունոտ իրադարձություններին պարզաբանում տալու համար այստեղ ժամանեց «Վահան» անկախ փորձագիտական ընկերությունը: Իր զեկույցի մեջ ընկերությունը եկել էր այն եզրակացությանը, որ խորհրդային բանակի զինվորները կրակ են բաց արել խաղաղ բնակիչների վրա: Նրանց չհաջողվեց գտնել «Ժողովրդական ճակատի» զինյալ գրոհայիններին32: Կրեմլի կողմից շրջանառության մեջ դրված Իսլամական ծայրահեղականությանը վերագրվող տեսակետը նույնպես հիմնազուրկ էր: Կարելի է եզրակացնել, որ այս քայլով Կրեմլը նպատակ ուներ խուսափելու Արևմուտքի քննադատությունից: Այդ է վկայում ԱՄՆ նախագահ Ջ. Բուշ ավագի այն հայտարարությունը, որով նա Բաքվում տեղի ունեցածը համարում է Գորբաչովի կողմից ճիշտ քայլ` քաղաքում կարգուկանոն պահպանելու համար33

Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը, Գերագույն խորհուրդը և Մինիստրների խորհուրդը հանրային ռադիոյով տարածեց հայտարարություն, որում նրանք ցավակցություն էին հայտնում զոհերի ընտանիքներին34: Նույն օրը տեղի ունեցավ կենտկոմի բյուրոյի նիստը, որի ժամանակ քննարկվեց ստեղծված դրությունը, և ընդունվեցին համապատասխան որոշումներ` քաղաքում իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար: Առաջին քարտուղար Վեզիրովի փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Այազ Մութալիբովը` Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահը35: Պոլյանիչկոն մնաց երկրորդ քարտուղարի պաշտոնում` որպես «գորշ կարդինալ»36: Ինչ վերաբերում է Վեզիրովին, ապա նա փախել էր Մոսկվա` նյարդային հյուծվածությունից բուժվելու37:

Հունվարի 20-ին հայտարարություն տարածեց նաև Ադրբեջանի ԳԽ նախագահ Էլմիրա Քաֆարովան: Նա քննադատում էր քաղաքում արտակարգ դրություն մտցնելու և դրան հաջորդած խորհրդային զորքերի գործողությունները` այս երևույթը համարելով Ադրբեջանի ներքին ինքնավարության կոպիտ խախտում38: Հունվարի 21-ին իր աշխատանքները սկսեց Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտակարգ նիստը, որը հրավիրվել էր ժողովրդական դեպուտատների 1/3-ի նախաձեռնությամբ: Նիստին մասնակցում էին նաև «Ժողովրդական ճակատի» և մի շարք այլ ոչ ֆորմալ կազմակերպությունների ներկայացուցիչներ39:

Այս իրադարձությունը ողբերգություն էր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Խորհրդային Միության համար: Զոհերի հուղարկավորությանը մասնակցեց Բաքվի բնակչության մեծամասնությունը: Հունվարի 20-ի դեպքերից հետո, տասնյակ հազարավոր ադրբեջանցի կոմունիստներ ցուցադրաբար այրեցին իրենց կուսակցական տոմսերը: Թեև Խորհրդային զորքի շնորհիվ Մոսկվան կարողացավ վերականգնել իր իշխանությունը Բաքվում, բայց այս քայլով իրականում Մոսկվան կորցրեց Ադրբեջանի և նրա բնակչության հանդեպ իր լեգիտիմությունը:

Մինչև 1991 թ. օգոստոս ամիսը Ադրբեջանում տիրում էր համեմատական անդորր: «Ժողովրդական ճակատի» մի շարք ակտիվիստներ ձերբակալվեցին: Մութալիբովի կառավարությունը բնութագրվում էր որպես «Լուսավորյալ ավտորիտարիզմ»40: Նրանք կարողացան փոխարինել կումունիստական գաղափարները ազգային ու իսլամական գաղափարներով, ինչի նպատակը սեփական իշխանության ամրապնդումն էր և ժողովրդական զանգվածների հանդեպ իրենց ազդեցության մեծացումը: Մայիսի 28-ը` Ադրբեջանի առաջին հանրապետության օրը, վերածվեց իսկական տոնախմբության: Ինչպես նշում է Դ. Ֆուրմանը` »Բաքվի մտավորականությունը այդ շրջանում աջակցում էր Մութալիբովին»41:  Ստեղծվեց խորհրդակցական մարմին, մի շարք ընդդիմադիր առաջնորդեր ներգրավվեցին դրա մեջ: Հենց այդ խորհրդի համաձայնությամ, Մութալիբովը 1990 թ. աշնանն առաջին անգամ ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ: Նորընտիր Գերագույն խորհրդի անդամներից միայն յոթն էին աշխատավորներ, երկուսը՝ կոլտնտեսական, քսաներկուսը՝ մտավորականության ներկայացուցիչ: Մնացածը կուսակցական-պետական վերնախավի ներկայացուցիչներ էին: Ժողովրդական Ճակատը նորընտիր խորհրդի մեջ ստացավ 31 մանդատ: Ինչպես նկատում է Դ. Ֆուրմանը, կայունության պայմաններում Ժողովրդական ճակատը հնարավորություններ չուներ ավելի տեղեր ստանալու42

Հունվարի 20-ի արյունոտ դեպքերից հետո Ադրբեջանում Մութալիբովի և Մոսկվայի միջև ձեռք էր բերվել փոխհամաձայնություն: Ադրբեջանում վերականգնվում էր Կոմունիստական իշխանությունը, իսկ Կրեմլը քաղաքական աջակցություն էր ցույց տալիս Մութալիբովին Լեռնային Ղարաբաղի հարցում: Մութալիբովին աջակցությունը հիմնավորված էր այնքանով, որ Կրեմլը վախենում էր կորցնել ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը: Այս վախերը պատահակն չէին: 1990 թ. աշնանը Հարավային Կովկասում կայացած ընտրություններից հետո կոմունիստները կարողացան իրենց իշխանությունը պահպանել միայն Ադրբեջանում: Ինչպես հայտնի է, Հայաստանում հաղթանակ տարավ ՀՀՇ-ն, իսկ Վրաստանում` «Կլոր սեղան-ազատ Վրաստան» բլոկը43: Այնպես որ, Կրեմլի համար Մութավիբովի իշխանությանն աջակցելը հանդիսանում էր Հարավային Կովկասում իր ներկայության պահպանման խնդիր: 1991 թ. մարտի 17-ին խորհրդային ղեկավարությունը անցկացրեց համամիութենական հանրաքվե, որի նպատակն էր պահպանել ԽՍՀՄ միասնությունը։ Ադրբեջանը կողմ քվեարկեց Խորհրդային Միության պահպանմանը` նոր միութենական համաձայնագրի շրջանակներում: Հայաստանն ու Վրաստանը, հրաժարվեցին մասնակցել հանրաքվեին: Վրաստանում, ինչպես արդեն նշեցինք նախորդ ենթավերնագրում, մարտի 31-ին անցկացվեց անկախության հանրաքվեն44: Իսկ Հայաստանում իշխանության մոտ գտնվող ՀՀՇ-ը հայտարարեց, որ սեպտեմբերին կանցկացնի անկախության հանրաքվե:

Կրեմլի հանդեպ իր հավատարմության համար Ադրբեջանը հնարավորություն ստացավ ազատ գործելու Լեռնային Ղարաբաղում և իրականացնելու այսպես կոչված «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման» ծրագիրը: Ադրբոջանում այն անվանում էին «անցագրային ռեժիմի ստուգում», սակայն այն հայտնի է «Կոլցո» գործողություն անվամբ: Ստուգվում էր անձնագրերում մշտական բնակության վայրի և գրանցման վայրի տարբերությունը: Դրանով, ըստ Ադրբեջանական իշխանությունների, հնարավոր կլիներ հայկական սահմանային գյուղերում հայտնաբերել ու ձերբակալել զինված ֆիդայիներին, և Լեռնային Ղարաբաղում կրկին սահմանել կարգուկանոն: Այդ գործողությունը ընթացավ 4 ամիս, մինչև օգոստոսյան հեղաշրջման փորձը Մոսկվայում: Ռազմական գործողությունները հիմնականում ընթանում էին Խանլարի ու Շահումյանի շրջաններում: Որպես թիրախ էին ընտրվել Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը: Այս ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայաբնակ գյուղերից տարհանվեցին ավելի քան 10000 հայեր: ՕՄՈՆԻ զինվորների վայրագությունների զոհ դարձան հիմնականում տարեց կանայք ու ծերերը: Ընդհանուր զոհերի թիվը հասնում էր 170-ի45: «Կոլցո» գործողությունը իրականում հաստատեց խորհրդային իշխանությունների ճգնաժամը և ավելի խորացրեց լարվածությունը հայերի ու ադրբեջանցիների մեջ:

Ինչպես հայտնի է, օգոստոսի 18-ին Մոսկվայում ԽՍՀՄ փոխնախագահ Գենադի Յանաևը46 մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կատարեց պետական հեղաշրջման փորձ: Նրանք հայտարարեցին, որ Յալթայում գտնվող ԽՍՀՄ Նախագահ Մ. Գորբաչովը առողջական խնդիրների պատճառով չի կարող այլևս պաշտոնավարել: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության 127/7 հոդվածի` նախագահի պաշտոնը ստանձնում էր ԽՍՀՄ փոխնախագահ Գ. Յանաևը: Երկրում ստեղծված խորն ու համակողմանի ճգնաժամը հաղթահարելու համար ստեղծվում է Արտակարգ դրության պետական կոմիտեն (ԱԴՊԿ) հետևյալ կազմով` ԽՍՀՄ Պաշտպանության խորհրդի առաջին տեղակալ Օ. Բակլանով, ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ. Կլյուչկով, ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար Բ. Պուգո, ԽՍՀՄ վարչապետ Վ. Պավլով, ԽՍՀՄ Գյուղացիական միության նախագահ Վ. Ստարոդուբցով, Պետական ձեռնարկությունների և արդյունաբերական օբյեկտների, շինարարության, կապի ու տրանսպորտի ասոցիացիայի նախագահ Ա. Տիզյակով, ԽՍՀՄ Պաշտպանության նախարար Դ. Յազով, ԽՍՀՄ փոխնախարար Գ. Յանաև47: Օգոստոսի 19-ից Խորհրդային Միության որոշ շրջաններում հայտարարվեց արտակարգ դրություն և մտցվեց պարետային ժամ48: Այդ օրերին Մութալիբովը գտնվում էր Իրանում: Թեև նա իր` արտաքին հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեին խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ հայտարարություններից, սակայն Թավրիզում` բանաստեղծ Շահրիյարի հուշարձանի մոտ, նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ քննադատեց Գորբաչովյան քաղաքականությունը և անուղղակիորեն պաշտպանեց հեղաշրջման կազմակերպիչներին49: Սակայն Ադրբեջանի իշխանությունները սխալվեցին: Օգոստոսյան հեղաշրջման ժամանակ Վ. Պոլյանիչկոն Բաքվի հանրային ռադիոյի եթերում հայտարարեց. «Պատրաստ եմ իմ ղարբաղյան փորձը փոխանցել ԽՍՀՄ Արտակարգ դրության պետական կոմիտեին»50: Այս արտահայտության համար նա հեռացվեց Ադրբեջանից: Մութալիբովը Կրեմլի հետ ավելի զգուշավոր էր խաղում: Ինչպես նշեցինք, նա նաև ապացուցել էր իր հավատարմությունը Կրեմլին` մարտին կայացած հանրաքվեի ժամանակ: Այդ պատճառով նա պահպանեց իր իշխանությունը, քանի որ Կրեմլը նրան Հարավային Կովկասում իր միակ հենարանն էր համարում այդ պահի դրությամբ:

Օգոստոսյան իրադարձություններից հետո խորհրդային հանրապետությունները սկսեցին մեկը մյուսի հետևից հռչակել իրենց անկախությունը: 1991 թ. օգոստոսի 30-ին, Ադրբեջանի ԳԽ արտակարգ նիստի ժամանակ ընդունվեց «Հռչակագիր Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին»51: Կոմունիստական կուսակցությունը ինքնալուծարվեց սեպտեմբերի 14-ին: Օգտվելով ստեղծված իրավիճակից` «Ադրբեջանի Ժողովրդական ճակատը» կազմակերպեց հանրահավաք` պահանջելով անցկացնել խորհրդարանական ու նախագահական նոր ընտրություններ: Սակայն նրանք ճիշտ չէին հաշվարկել իրենց հնարավորությունները: Այս պայմաններում Մութալիբովին հաջողվեց 1991 թ. սեպտեմբերի 8-ին52  հապճեպ կազմակերպել նախագահական ընտրություններ: Ընտրություններին մասնակցեց քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 98,5%-ը: Մութալիբովը ստացավ քվեների 85,7%-ը53։ Ընտրությունների արդյունքը շատերի մեջ կասկած էր հարուցում: Բացի այդ` Մութալիբովը ավտոմատ կերպով հասավ հաղթանակի: Նրա անունը միակն էր ընտրացուցակում, քանի որ մնացած թեկնածուները բոյկոտելով հանեցին իրենց թեկնածությունները: 1991 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի ԳԽ-ը ընդունեց «Սահմանադրական ակտ` պետական անկախության վերականգնման մասին»54: Նույն շաբաթվա ընթացքում սկսվեց Հեյդար Ալիևի քաղաքական վերադարձը: Նա ընտրվեց Նախիջևանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում` ձեռք բերելով իշխանության նոր, անկախ հենարան55

Կոմունիստական կուսակցության ինքնալուծարումից հետո` հոկտեմբերի 30-ին, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը «Ժողովրդական ճակատի» ճնշման տակ ստիպված էր իր իրավասությունների մի մասը փոխանցել Ազգային ժողովին (Միլի մեջլիսին): Մեջլիսի անդամների թիվն այդ ժամանակ 50 պատգամավոր էր: Նրանց կեսը հանդիսանում էր ընդդիմության ներկայացուցիչ56: Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները սկսեցին պայքար ծավալել` Ա. Մութալիբովին իշխանությունից հեռացնելու համար: Իր հերթին Ա. Մութալիբովն ակնկալում էր Մոսկվայի աջակցությունը` իր իշխանության պահպանման համար: Սակայն սպասվող օգնությունն այդպես էլ չստացավ: Մութալիբովի դիրքերը հատկապես թուլացան, երբ հայկական ուժերը 1992 թ. փետրվարի 26-27-ին կարողացան գրավել Ստեփանակերտից 7 կմ հեռավորության վրա գտնվող Խոջալու գյուղը: Պաշտոնական Ադրբեջանը մեղադրեց հայերին քաղաքացիական բնակչության վրա կրակ բաց անելու համար: Այդ մասին հիշատակում է նաև Թոմաս դե Վալը, իր «Սև այգի» գրքում57: Սակայն մի կարևոր մեջբերում թե´ ադրբեջանական աղբյուրները և թե´ Թոմաս դե Վալը մոռանում են: Մարտի 6-ին ընդդիմության ներկայացրած վերջնագրի ճնշման տակ Ա. Մութալիբովը հրաժարական տվեց: Հրաժարականից որոշ ժամանակ անց Մութալիբովը կասկած հայտնեց Խոջալուի դեպքերի մեջ հայերի մեղավոր լինելու առթիվ: Նա ակնարկեց, որ նման սադրանքի գնացել են հենց ադրբեջանցիները իրեն վարկաբեկելու համար58:
Ադրբեջանի նոր ղեկավար դարձավ Ազգային ժողովի նորանշանակ խոսնակ Յաղուբ Մամեդովը: Նա Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան էր, և հեռու էր քաղաքականությունից: Դա նշանակում էր, որ իրական իշխանությունը Ադրբեջանում պատկանում է ընդդիմությանը: Դրա վկայությունն էր այն հանգամանքը, որ Ռահիմ Ղազիևը` «Ժողովրդական ճակատի» արմատականներից մեկը, նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարար: Նախագահական ընտրությունները տեղի էին ունենալու երեք ամսից` 1992 թ. հունիսի 7-ին59:

Իրադրությունը Ադրբեջանում ավելի լարվեց, երբ 1992 թ. մայիսի 9-ին հայկական զորքերը ազատագրեցին Շուշին: Քաղաքական պառակտումը Ադրբեջանում հասավ իր գագաթնակետին: Բոլոր կողմերը մեղադրում էին միմյանց դավաճանության և անգործության մեջ: 1992 թ. մայիսի 14-ին Բաքվում աշխատանքները վերսկսեց Ազգային ժողովը, և նախկին կոմունիստ պատգամավորները Մութալիբովին վերադարձնելու նպատակով իրականացրին սահմանադրական հեղաշրջում60: Մութալիբովի վրայից հանեցին Խոջալուի դեպքերի մեղադրանքը: Մութալիբովը մտավ նիստերի դահլիճ և հայտարարեց, որ ընդունում է նախագահի պաշտոնում վերականգնվելու առաջարկությունը: Հունիսի 7-ի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարվեցին: Միլի մեջլիսը ցրվեց61:

Դեպքերի նման զարգացումը բնականաբար հանգեցրեց քաղաքացիական պատերազմի: Ժողովրդական ճակատի շտաբում հավաքվում էին բազմաթիվ կամավորականներ: Նրանք եկել էին միանալու Ադրբեջանի` ռազմականացված «Գորշ գայլեր» կազմակերպության առաջնորդ Իսկանդեր Համիդովին: Նա ծրագրում էր գրոհել Գերագույն խորհրդի շենքը: Մայիսի 15-ին` կեսօրից հետո, Համիդովի գլխավորած շարասյունը, զրահատեխնիկայի ուղեկցությամբ, գրոհեց խորհրդարանի շենքն ու հեռուստակենտրոնը62: Մութալիբովը երկրորդ անգամ պաշտոնանկ արվեց և փախավ Մոսկվա: Նրան այստեղ ապաստան տվեց Վիկտոր Պոլյանիչկոն63:

Ընդդիմության վետերան Իսա Ղամբարը դարձավ ոչ միայն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ, այլև պետության գործող ղեկավարը մինչև հունիսի 7-ի վերականգնված նախագահական ընտրությունները: Ի. Համիդովը, որպես հեղաշրջման կազմակերպիչ, դարձավ ներքին գործերի նախարար: Ղազիևը մնաց պաշտպանության նախարարի պաշտոնում, իսկ ընդդիմության մեկ այլ վետերան` Թոֆիկ Քասիմովը, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Այնուհետև նոր իշխանությունների ճնշման տակ խորհրդարանը ինքնալուծարվեց` իր լիազորությունները փոխանցելով Միլլի Շուրային64 (Ազգային խորհրդին):

Առաջին անգամ 70 տարիների ընթացքում, 1992թվի հունիսին Ադրբեջանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնք չէին վերահսկվում Կոմունիստական կուսակցության կողմից: Ընտրությունների համար գրանցվել էր 5 թեկնածու` Ժողովրդական ճակատի ղեկավար Աբուլֆազ Էլչիբեյ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Յաղուբ Մամեդով, «Հանուն ժողովրդավարական բարեփոխումների» շարժման նախագահ և Արդարադատության նախարար Իլիաս Իսմաիլով, «Ազգային ժողովրդավարների» միության առաջնորդ Ռաֆիկ Աբդուլաև, և «Ժողովրդավար մտավորականության» միությունից` Նիզամի Սուլեյմանով: Հեյդար Ալիևը չկարողացավ առաջադրել իր թեկնածությունը, քանզի Սահմանադրության համաձայն թեկնածու կարող էին դառնալ մինչև 65 տարեկան քաղաքացիները: Այդ ժամանակ Ալիևն արդեն 69 տարեկան էր: Նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուները լայնորեն օգտագործում էին հեռուստատեսությունը: Կառավարությունը թույլատրեց միջազգային դիտորդներին մասնակցել ընտրություններին: Ա. Էլչիբեյը ստացավ 60.9 % քվե65: Ընտրություններին մասնակցեց 3,3 մլն. մարդ: Զարմանալի ցուցանիշ ունեցավ Նիզամի Սուլեյմանովը, ով կարողացավ հավաքել քվեների 33 %-ը: Նա խոստացել էլ Արցախյան պատերազմում անհապաղ հաղթանակ, և որ բոլոր ադրբեջանցիները կարճ ժամանակում կարող են հարստանալ, եթե ինքը դառնա նախագահ66: Մնացած թեկնածուները չհաղթահարեցին 5%-ի շեմը:

Այսպիսով` 1992 թ. նախագահական ընտրություններով ավարտվեց կոմունիստական կուսակցության դարաշրջանը Ադրբեջանում: Ընտրությունների հաջորդ օրը Էլչբեյը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով, որում նա մասնավորապես ասում էր. «Մեր նպատակն է կառուցել ազատ ու անկախ դեմոկրատական հանրապետություն, որում հարգվելու են բոլոր քաղաքացիների իրավունքները, անկախ կրոնական ու ազգային պատկանելիությունից: Այս նպատակին հասնելու համար մենք կբարեփոխենք մեր օրենսդրությունը` առաջին հերթին ընդունելով նոր Սահմանադրություն»67։ Սակայն, Արցախում կրած ռազմական պարտությունը, երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամը հանգեցրին Էլչիբեյի ու նրա ղեկավարած Ժողովրդական ճակատի հեղինակազրկման, և Էլչիբեյը հեռացվեց իշխանությունից:

Ամփոփելով, կարող են փաստել, որ 1988 թ. Ադրբեջանում սկսված ազգային շարժումը խարսխվում էր ոչ թե Մոսկվայից առանձնանալու և սեփական անկախ ազգային պետությունը կերտելու գաղափարի վրա, ինչպես ԽՍՀՄ մյուս պետություններում, այլ հենվում էր անյլատյացության, սեփական քաղաքացիների` հայերի հանդեպ իրականացվող ոճրագործության, հակահայ տրամադրությունները ժողովրդական զանգվածների մոտ բորբոքելու, և այդ ալիքի վրա քաղաքական դիվիդենտներ շահելու սկզբունքի վրա: Արցախյան հիմնահարցը Ադրբեջանի կոմկուսի կողմից նաև օգտագործվում էր որպես գործիք` Կրեմլի հետ շահեկան դիրքերից բանակցություններ վարելու համար: Հետագայում Արցախյան հիմնահարցը դարձավ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համար խաղաթուղթ` Մութալիբովին պաշտոնանկ անելու և իշխանության գլուխ անցնելու համար:

Ծանոթագրություններ

1. 1986 թ. դեկտեմբերին ղազախ ուսանողերը կազակերպեցին բողոքի ակցիա Ալմա- Աթայում: Նրանք պահանջում էին վերականգնել Դ. Կունաևին Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում և հեռացնել նրա փախարեն այդ պաշտոնին նշանակված ազգությամբ ռուս Գ. Կոլբինին: Բողոքը ճնշվեց: 1987 թ. ամռանն ազգային շարժումները Խորհրդային Միության ողջ տարածքում ավելի կազմակերպված բնույթ ստացան: Սկսվեց Ղրիմի թաթարների շարժումը ինքնավարւթյան վերականգնման համար: 1989 թ. մարտին Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքում տեղի ունեցավ ազգամիջյան բախում ուզբեկների ու մեսխեթցի թուրքերի միջև: Եղան մարդկայի զոհեր: Մոտ 16 հազար մարդ Ֆերգանայի մարզից վերաբնակեցվեց Ռուսաստանի մի շարք այլ մարզերում: Արցախյան շարժմանը հետևեցին աբխազական ու օսեթական շարժումները: Աբխազները միութենական հանրապետության կարգավիճակ էին պահանջում: Այս հողի վրա տեղի ունեցան արյունալի բախումներ վրացիների ու աբխազների միջև:
2. Թոմաս դե Վաալ, Սև այգի: Հայաստանն ու Ադրբեջաանը` խաղաղության ու պատերազմի միջով, Երևան, 2007, էջ 55:
3. Թոմաս դե Վաալ, նշված աշխ…., էջ 56:
4. Journal of the Institute of Muslim Minority Affairs, Vol. 9, issue 2, July, 1988, p. 429-434.
5. 1988 թ. փետրվարի 20-ի նստաշրջանի որոշումը  
6. Դիմում Հայաստանի ու Ադրբեջանի աշխատավորների ու ժողովուրդներին // Սովետական Հայաստան, 27.02.1988 թ.:
7. Իրադրությունը Սումգաիթում // Սովետական Հայաստան 05.03.1988 թ.:
8. Нагорный Карабах: программа развития // Известия, 25.03.1988.
9. Фурман Д. Несостоявшаяся революция. Политическая борьба в Азербайджане (1988-1993 годы) // Дружба народов. М., 1994. N 4. C. 155-156
10. Թոմաս դե Վալ, նշվ. աշխ…, էջ 127
11. Թոմաս դե Վալ, նույն տեղում:
12. Azerbaycan'da Çatışma// Milliyet, 24.11.1988.
13. Andrei Sakharov, Moscow and beyond: 1986 to 1989, London, 1991, p. 88.
14. Alexei Zverev, Ethnic Conflicts in the Caucasus 1988-1994 Contested border in the Caucasus, by Bruno Coppieters (ed.) 1996, VUB University Press.
15. Михайлов К. Тревожные дни Апшерона // Собеседник. М., январь 1989. N 3.
16. Указ Президиума Верховного Совета СССР о проведении особой формы управления в Нагороно-Карабахской Автономной области Азербайджанской ССР // «Бакинский рабочий», 15 января 1989 г.
17. Вольский А. Мир земле Карабаха // Правда. 15 января 1989.
18. Alexei Zverev, Ethnic Conflicts in the Caucasus 1988-1994 Contested border in the Caucasus, by Bruno Coppieters (ed.) 1996, VUB University Press.
19. Թոմաս դե Վալ, նշված աշխ…, էջ 132:
20. Նույն տեղում:
21. Блокада Армении в эти дни // Московские новости, 01.10.1989.
22. Фурман Д., նշված աշխատ…. էջ 157:
23. Թոմաս դե Վալ …. էջ 133:
24. Постановление Верховного Совета СССР о мерах хормализации обстановки в Нагорно-Карабахской Автономной области // Извстия, 30.11.1989
25. Թոմաս դե Վալ, նշված աշխ…, էջ 134:
26. Alexei Zverev, Ethnic Conflicts in the Caucasus 1988-1994 Contested border in the Caucasus, by Bruno Coppieters (ed.) 1996, VUB University Press.
27. Бакатин В. В., Дорога в прошедшем времени. — М.: издательство «Дом», 1999., с. 174.
28. Թոմաս դե Վալ. նշված աշխ…, էջ 136:
29. Указ Президиума Верховного Совета СССР объявлении черезычайного положение в Нагорно Карабахской Автономной области и нвкоторых других районах// Бакинский Рабочий, 17.01.1990 г.
30. Указ Президиума Верховного Совета СССР о введение черезвычайного положения в городе Баку // Бакинский Рабочий, 25.01.1990.
31. 20 Января 1990 Документальные кадры тех дней {http://www.youtube.com/watch?v=zEZzz5bpWH8}
32. Доклад союза «Щит» // «Московские новости, 12.09.1990 г.
33. Аltstadt A., The Azerbaijani Turks: Power and Identity Under Russian Rule, Hoover Press, Stanford, 1992, p. 217.
34. От Центрального комитета Компартии Азербайджана, Президиума Верховного Совета Азербайджанской ССР, Совет Министоров Азербайджанской ССР// Бакинский Рабочий, 27.01.1990.
35. Засидание Бюро ЦК КП Азербайджана // Бакинский Рабочий, 25.01.1990.
36. Թոմաս դե Վալ… էջ 143:
37. Նույն տեղում:
38. Заявленив Председателя Президиума Верховного Совета Азербайджанской ССР Кафаровой Э.М // Бакинский Рабочий, 25.01.1990.
39. Черезвычайная сессия верховного совета Азербайджанской ССР // Бакинский Рабочий, 25.01.1990.
40. Alexei Zverev, Ethnic Conflicts in the Caucasus 1988-1994 Contested border in the Caucasus, by Bruno Coppieters (ed.) 1996, VUB University Press.
41. Фурман Д. Указ. соч. С. 159.
42. Фурман Д. Указ. соч. С. 159.
43. Լուրեր արտասահմանից // Հայաստանի Հանրապետություն, 15.11.1990 թ.
44. Референдум состоялся и весма успешно // Вестник Грузии, 09/04/91 г.
45. Папаян Р. Маски террора. Ереван, 1992. Григорян Г. Есть ли дорога из ада? // Pro Armenia. 1992. N 7 и 8. (Г. Григорян был врачом в Геташене). Цифры приводятся по: Бабанов И., Воеводский К. Указ. соч. С. 49.
46. Указ вице-президента СССР Г. И Янаева от 18 августа 1991 г. // Правда, 20.08.1991 г.
47. Заявление Советского руководства от 18 августа 1991 г. // Правда, 20.08.1991 г.
Ավելի մանրամասն։ 
48. Նույն տեղում:
49. Ольга Васильева, Республики во время путча,(опыт комментированной хроники) // Русский Журнал, 1997 г. / http://old.russ.ru/antolog/1991/vasil2.htm/
50. Նույն տեղում:
51. http://az.wikipedia.org/wiki/Az%C9%99rbaycan
52. http://az.wikipedia.org/wiki/Ayaz_M%C3%BCt%C9%99llibov
53. Alexei Zverev, Ethnic Conflicts in the Caucasus 1988-1994 Contested border in the Caucasus, by Bruno Coppieters (ed.) 1996, VUB University Press.
54. Azərbaycan Respublikasının dövlət müstəqilliyi haqqında Konstitusiya Aktı
(18 oktyabr 1991) //

55. Թոմաս դե Վալ, նշված աշխ., էջ 231:
56. См. Фурман Д. Указ. соч. С. 159.
57. Թոմաս դե Վալ, նշված աշխ., էջ 243-246:
58. Տես `интервью Муталибова «Независимой газете» // 02.04.1992 г.
59. Թոմաս դե Վալ, նշված աշխ., էջ 247:
60. Darbeye karşı darbe // Milliyet, 15.05.1992.
61. BakՖ'de seջim uzlaşması // Milliyet, 18.05.1992
62. Muttalibov kayıp // Milliyet, 22.05.1992
63. MՖtəllibov vs Aliev - Azərbaycan / 
64. Glenn E. Curtis, ed. Azerbaijan: A Country Study. Washington: GPO for the Library of Congress, 1995.
65. Azərbaycan Respublikası Prezident seջkiləri (1992) / 
66. Alexei Zverev, Ethnic Conflicts in the Caucasus 1988-1994 Contested border in the Caucasus, by Bruno Coppieters (ed.) 1996, VUB University Press.

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский