Մակտուբ

Հեղինակ: 

Սկիզբը

Ուսուցիչն ասաց.

- Դու պատրաստ չես փնտրելու Աստծո բացատրությունը:  Դու կարող ես լսել գեղեցիկ բառեր,  բայց դրանք հիմնականում դատարկ բառեր են:  Այդպես էլ դու կարող ես սիրո մասին մի ամբողջ հանրագիտարան կարդալ՝  չիմանալով, թե ինչ է սերը: Ոչ ոք երբեք չի կարող  ապացուցել, որ Աստված գոյություն ունի:  Կյանքում որոշակի բաներ  պարզապես պետք է զգացվեն և երբեք չբացատրվեն: Սերը մի բան է:  Աստված, որ սեր է,  նույնպես  այդպիսի  բան է:  Հավատը  մանկության  փորձառությունն է  հենց այնպիսի մոգական իմաստով, ինչպիսին մեզ սովորեցնում է  Հիսուսը. «Երեխաները  Աստծո արքայությունն են:  Աստված երբեք  քո գլուխը չի մտնի: Դուռը, որ  օգտագործում է նա, քո սիրտն է»:

Աբբահայրն ասում է, որ  աբբահայր  Ջուզեպպեն  այնքան շատ է աղոթել, որ դադարել է անհանգստանալ որևէ  բանի համար. ասել է թե, նրա  բոլոր  կրքերը հաղթահարված են: Այս խոսքերը  հասան Սցետի մենաստանի  իմաստուններից մեկի ականջին, ով   հավաքել էր իր բոլոր աշակերտներին երեկոյան ընթրիքից  հետո:

- Դուք լսեցիք, որ  ասվեց, թե  աբբահայր Ջուզեպեն  այլևս գայթակղություններ  չունի, որ պայքարի դրանց դեմ,- ասաց նա:- Պայքարի պակասից հոգին թուլանում է: Եկեք խնդրենք Աստծուն, որ աբբահայր   Ջուզեպպեին  մի հզոր  գայթակղություն ուղարկի:  Ու եթե նա ընդունակ լինի այդ գայթակղության առաջն առնելու, մենք կխնդրենք մեկ ուրիշը, և այդպես շարունակ: Եվ երբ նա կսկսի պայքարել գայթակղության դեմ, մենք կաղոթենք, որ նա երբեք չասի. «Աստված, հեռացրու այս սատանային»: Մենք  կաղոթենք, որ դրա փոխարեն նա խնդրի. «Աստված, ինձ ուժ տուր՝ հաղթելու չարին» :

Օրվա մեջ կա մի պահ՝ երեկոյան  ժամը, երբ  տեսանելիությունը  դժվարանում է։ Լույսն ու խավարը խառնվում են, և ոչինչ միանգամայն լուսավոր չէ, միանգամայն խավար չէ:Շատ    հոգևոր ավանդույթներում  այդ պահը սուրբ է համարվում:  Կաթոլիկական   սովորույթը ուսուցանում է մեզ,  որ երեկոյան ժամը վեցին մենք պետք է ասենք՝ «Ողջույն Մարիամ»:  Ինկերի սովորության համաձայն՝ եթե մենք կեսօրին հանդիպում ենք մեր բարեկամին և մնում նրա հետ մինչև երեկո,   պետք է ամեն ինչ նորից սկսենք՝  «Բարի  երեկո»  ասելովնրան։  Աղջամուղջին  ստուգվում է մարդու և մոլորակի  միջև եղած հավասարակշռությունը:  Աստված խառնում է մութն ու լույսը, որպեսզի տեսնի՝ Երկիր մոլորակն  այդքան խիզախություն ունի  արդյոք պտտվելու: Եթե Երկիրը մթությունից վախեցած չէ, գիշերը  նահանջում է. հաջորդ օրը դարձյալ շողում է արևը:

Գերմանացի փիլիսոփա Շոպենհաուերը  քայլում էր Դրեզդենի  փողոցներով՝ փնտրելով  իրեն հուզող հարցերի  պատասխանը:  Անցնելով  lհրապարակով՝  նա որոշում է մի քիչ նստել  և նայել ծաղիկներին:  Այդ տարածքի բնակիչներից մեկը հետևում էր փիլիսոփայի  տարօրինակ պահվածքին և ոստիկան է կանչում: Մի քանի րոպե անց սպան մոտենում է  Շոպենհաուերին:

- Ո՞վ ես դու,- կոպտորեն հարցնում է նա:

Շոպենհաուերը ոտքից գլուխ չափում է ոստիկանին և ասում.

- Եթե Դուք կարողանաք օգնել ինձ՝ գտնելու այդ հարցի պատասխանը,  ես հավետ շնորհակալ կլինեմ  Ձեզ:

Իմաստնություն փնտրող  մարդը որոշեց լեռը բարձրանալ, քանի որ նրան ասել էին, որ Աստված հայտնվում է այնտեղ ամեն երկու տարին մեկ: Իր  այնտեղ եղած  առաջին տարվա ընթացքում  նա կերավ այն ամենն, ինչ  հողը կարող էր առաջարկել:  Ի վերջո  ուտելիքն սպառվեց, և նա ստիպված էր  վերադառնալ քաղաք:

- Աստված անազնիվ է,- բացականչեց նա: - Մի՞թե   չգիտեր, որ ես մի ամբողջ տարի սպասում էի, որ լսեմ Իր ձայնը:  Ես քաղցած եմ  և պետք է վերադառնամ քաղաք:

Այդ պահին հայտնվեց հրեշտակը։

- Աստված  շատ է ուզում  խոսել քեզ հետ,- ասաց հրեշտակը։

- Ամբողջ տարին Նա կերակրեց քեզ: Նա հուսով էր, որ դրանից հետո դու ինքդ  կսկսես  արտադրել քո  ուտելիքը: Էլ ի՞նչ ես ուզում: Եթե մարդը ի վիճակի չէ  պտուղ աճեցնելու  իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո  հետ:

Մարդիկ ասում են.

-Ուրեմն՝ մարդու ազատությունը   ստրկության  իր նախընտրած տեսակի ընտրության մեջ է:  Ես աշխատում եմ ութ  ժամ, և եթե պարգևատրություն  ստանամ, կաշխատեմ տասներկու ժամ:  Ես ամուսնացել եմ և արդեն ինձ համար ժամանակ չունեմ: Ես  փնտրում էի  Աստծուն և այժմ  պետք է հաճախեմ  պաշտամունքային հավաքների, մեսսաների և այլ  կրոնական արարողությունների:  Այն,  ինչ կարևոր է կյանքում՝ սեր, աշխատանք,  հավատ, անհետանում է՝ վերածվելով ծանր բեռան, որը շատ դժվար է տանել:  Ուսուցիչ ասում է.

- Միայն  սերն է մեզ փախուստի  հնարավորություն տալիս:  Միայն սերն է ստրկությունը վերածում ազատության:  Եթե մենք չենք կարող սիրել, ավելի լավ է կանգ առնենք:  Հիսուսն ասում է. «Ավելի լավ է՝ մի աչքից կույր լինենք, քան մեր ամբողջ մարմինը ոչնչանա խավարի մեջ»:  Դաժան է  ասված:  Բայց ճշմարտություն է:

Ճգնավոր մեկը  մի ամբողջ տարի պաս էր պահում և սնունդ էր ընդունում շաբաթը միայն մի անգամ:  Այդ զոհողությունից հետո նա խնդրեց Աստծուն՝  բացատրել   իրեն Աստվածաշնչի  կոնկրետ մի գլխի  ճշմարիտ իմաստը:  Ի պատասխան  նա ոչինչ չլսեց:

- Ժամանակի ինչպիսի՜ կորուստ,- ինքն իրեն ասաց ճգնավորը:- Ես  այնքան շատ բան տվեցի, իսկ Աստված  անգամ  չպատասխանեց: Ավելի լավ է՝ թողնեմ այս փորձերը  և գտնեմ մի  հոգևորականի, ով գիտի գլխի  իմաստը:

Այդ պահին հայտնվեց հրեշտակը և ասաց.

-Տասներկուամսյա  քո  պասը  նրա համար  էր, որ ստիպեր քեզ հավատալու,  թե դու ավելին  ես, քան մյուսները,  և Աստված դատարկ մարդուն չի պատասխանում: Բայց  երբ դու համակերպվեցիր և սկսեցիր ուրիշի օգնությունը փնտրել,  Աստված ուղարկեց ինձ:

Եվ  հրեշտակը բացատրեց այն, ինչ նա  ուզում էր:

Ուսուցիչն ասում է.

-Բացատրեմ ձեզ, թե ինչպես են ձևավորվել մի  շարք բառեր, որպեսզի պարզ լինեն դրանց իմաստները:  Վերցնենք «preoccupation» («մտահոգություն») բառը:  Այն կարող է բաժանվել ՝ «pre» և «occupation»  մասերի: Դա նշանակում է քեզ զբաղեցնել  մի հոգսով, նախքան  դրա  կարիքը  լինելը: Դա նշանակում է հոգալ մի բանի մասին, որը դեռ չի պատահել։  Ողջ տիեզերքում ո՞վ   ունի այնպիսի ունակություն, որ իր համար հոգս  ստեղծի, այն,ինչը դեռ չի պատահել: Երբեք մի´ մտահոգվեք:  Ուշադի´ր եղեք ձեր  բախտի և ձեր ուղու հանդեպ:  Սովորե´ք ամեն ինչ, որ ձեզ պետք է իմանալ, որպեսզի  տիրապետեք ձեզ վստահված  փայլատակող թրին:  Ուշադրությո´ւն դարձրեք, թե ինչպես են կռվում ձեր ընկերները, ձեր ուսուցիչները և  ձեր թշնամիները:  Բավարար չափով մարզվե´ք, բայց սարսափելի սխալներ մի´ գործեք՝ ենթադրելով, թե դուք գիտեք՝ ինչպիսի հարված է մտադիր հասցնել ձեզ ձեր հակառակորդը:

Սկսվում է ուրբաթը,  Դուք գնում եք  տուն,  վերցնում  լրագրերը, որոնք ի վիճակի չեք եղել շաբաթվա ընթացքում կարդալու: Առանց ձայնի միացնում եք հեռուստացույցը:  Դնում եք ձայներիզը: Վերցնում  եք  հեռակառավարման վահանակը, որպեսզի մի ալիքից մյուսը  փոխեք, միաժամանակ փորձում եք թերթել լրագրերի էջերը և երաժշտություն լսել: Թերթերում ոչ մի նորություն չկա,  հեռուստացույցով  ծրագրերը կրկնվում են,  իսկ ձայներիզն արդեն մի հարյուր  անգամ լսել եք:  Ձեր կինը  զբաղված է երեխաներով՝  զոհելով իր երիտասարդ տարիները, առանց հասկանալու, թե ինչու է այդպես վարվում:  Դուք  տարվում եք այն գայթակղությամբ, թե երևի դա է կյանքի ուղին:  Ո´չ,  դա   չէ կյանքի  ճանապարհը:  Կյանքը   ոգևորություն  է:  Փորձեք հիշել, թե  Դուք  որտեղ եք թաքցրել Ձեր ոգևորությունը:  Վերցրեք Ձեր կնոջն ու երեխաներին և  նորից  գտե´ք  այն, քանի դեռ ուշ չէ:  Սերը երբեք ոչ ոքի  ետ չի պահել սեփական երազանքների  իրագործումից:

Ծննդյան տոների նախաշեմին  ճանապարհորդը և նրա կինը  ամփոփում էին  ավարտին մոտեցող տարին:  Պիրենեյան  գյուղակի  միակ ռեստորանում՝ ընթրիքի սեղանի շուրջ,  ճամփորդը բողոքում էր, որ չի գնացել այն ուղով, որով պիտի գնար իր կարծիքով:  Կինը  ակնդետ նայում էր ռեստորանը  զարդարող  Սուրբ Ծննդյան տոնածառին:  Ճանապարհորդը մտածեց, որ  կինն էլ տարված չէ զրույցով, և փոխեց թեման:

- Տոնածառի լամպերը հրաշալի են, չէ՞:

- Այո´, այդպես է,- պատասխանեց կինը:- Բայց եթե դու ուշադիր նայես,  կտեսնես, որ  մի  փունջ  լամպերի մեջ կա  մեկը,  որ վառված է:  Ինձ  թվում է՝  փոխանակ  շնորհակալությամբ ու շողշողացող  փունջ լամպերի  տեսանկյունից նայես  անցնող տարվան,  դու կենտրոնացել ես  այն միակ լամպի վրա, որը  չի լուսավորում:

-Նայի´ր փողոցն անցնող այս համեստ, սուրբ մարդուն,- ասաց սատանան մի  ուրիշ սատանայի: - Ես մտադիր եմ՝ գնամ ու գրավեմ նրա սիրտը:

-Նա չի լսի քեզ, քանի որ  մտազբաղ է  սուրբ  բաների շուրջ,- ասաց նրա գործընկերը:   Բայց սատանան,  իր սատանայական  սովորական շտապողականությամբ,  Գաբրիել  հրեշտակապետի  կերպարանքով  հայտնվեց սուրբ մարդու առջև: 

-Ես եկել եմ օգնելու քեզ,- ասաց նա:

- Դուք  հավանաբար ինձ շփոթել եք ուրիշի հետ,- պատասխանեց սուրբը:- Ես իմ կյանքում  ոչինչ չեմ  արել, որպեսզի արժանանամ  հրեշտակի ուշադրությանը:

Եվ նա շարունակեց իր  ճամփան՝  չիմանալով   անգամ, թե   ինչից է հրաժարվել: 

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский