Ճամփորդությունը` ուսումնական հետազոտական աշխատանք

«Ճամփորդությունը սովորեցնում է շատ ավելին, քան որևէ այլ բան: Երբեմն մեկ օրը` անցկացրած այլ տեղում, ավելի շատ բան է տալիս, քան տանը անցկացրած տասը տարին»: (Անատոլ Ֆրանս)

Ուզում եմ ներկայացնել վրաստանյան ճամփորդությունը` որպես ուսումնահետազոտական աշխատանք: Թբիլիսի մեկնելու միտքը այնքան էր դուր եկել սովորողներին, որ ամեն օր դիմում էին` իրենց ընդգրկելու խնդրանքով: Իհարկե, լավ էր, որ ցանկացողներն այդքան շատ էին, բայց բոլորին ընդգրկել չէինք կարող: Նախագիծն արդեն ունեինք` Թբիլիսի, Հավլաբար, Վարդատոն: Սովորողներին հանձնարարեցի կարդալ Թբիլիսիի մասին, համացանցի միջոցով ուսումնասիրել, տեղեկություններ հավաքել Հավլաբարի, Վարդատոնի մասին: Նրանք գործի անցան: Ամեն օր ես ստանում էի աշխատանքներ` նախագծի շրջանակներում (Հայերը Թբիլիսիում,  Վարդատոնը): Պետք է ասեմ, որ Գեղարվեստի ավագ դպրոցն ուներ մի քանի նախագիծ, ու սովորողներին հրապուրել էին և՛ ճամփորդությունը, և՛ նախագծերը: Եվ այսպես, մեկնողների կազմն արդեն հայտնի էր: Աշխատանքները, որոնք նրանք ներկայացրին, կատարված էին խնամքով, ոգևորված, նպատակային: Այդ աշխատանքների շնորհիվ նրանք իրենց համար բացահայտեցին նոր տեղեկութուններ, որոնք փոխանցում էին մյուս սովորողներին: Այստեղ այն աշխատանքների հղումներն են, որոնք կատարել են մինչ Վրաստան մեկնելը:

Վրաստանյան ուղևորության ընթացքում սովորողների խումբը երգեց, պարեց, կատակեց, լուսանկարեց:

Վրաստանում ենք` Թբիլիսիում: Այնտեղ անցկացրած օրերն արագ թռան: Մենք հասցրինք իրականացնել մեր նախագծերը, բայց, եթե էլի օրեր ունենայինք, անելիքներ կային: Բոլոր նախագծերը լուսաբանվեցին Երևան գալուն պես: Այնտեղից ևս տեղեկություններ էինք հայտնում, սակայն ամբողջական ներկայացրինք տանը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ես ուզում եմ անդրադառնալ սովորողների տպավորություններին, բայց մինչ այդ հայտնեմ իմ տեսակետը: Տարիներ շարունակ ճամփորդել եմ սովորողների հետ և ճանաչել եմ նրանց տարբեր կողմերից: Հետաքրքիր է, որ ճամփորդության ընթացքում սովորողները սկսում են ուսումնասիրել դասավանդողներին, կարծիքներ են հայտնում և վերջապես վստահում են ու դառնում ընկերներ: Ես է՛լ ավելի սիրեցի մեր սովորողներին` տեսնելով նրանց ուշադրությունը, պատրաստակամությունը, աշխատասիրությունը: Նախագծում, որը պետք է ներկայացնեինք, ընդգրկված էին սովորողներ, որոնց ես չեմ դասավանդում, բայց դա բոլորովին չխանգարեց մեր աշխատանքին: Նույնիսկ օգտակար եղավ. աշխատում էինք, քննարկում, վազվզում: Եղանք Հավլաբար թաղամասում, զրուցեցինք մի քանի հնաբնակ հայերի հետ, լուսանկարեցինք տներն ու փողոցները, եղանք Խոջիվանքում և խորը ակնածանքով շրջեցինք անվանի մեծերի պանթեոնում: Եղանք հայկական եկեղեցում, «Հայարտանը», հարցազրույց վերցրինք Վարդատոնի մասին, այցելեցինք Սայաթ-Նովայի հուշարձանին` Ս.Գևորգ եկեղեցու բակում, որտեղ տոնում են Վարդատոնը: Արձանը ծածկված էր մոմլաթով` մոտակայքի շինարարական աշխատանքների պատճառով: Շատ հայերի հանդիպեցինք, զրուցեցինք սիրով, քայլեցինք, դիտեցինք, նկարեցինք ու լուսանկարեցինք: 

Ճամփորդությունն ավարտվեց, սակայն մնացին աշխատանքները, լավ հուշերը և սովորող-դասավանդող հարգալից, ջերմ վերաբերմունքը:

Երևան վերադառնալուն պես ամբողջացրինք մեր կատարած աշխատանքները: Այստեղ արդեն տեսանելի էր, թե որտեղ ենք թերացել, ինչն ենք լավ արել, նորից անդրադարձանք, քննարկեցինք: Մի դասաժամի տարբեր դասարաններում ես հանձնարարեցի գրել ստեղծագործական շարադրություն` «Ի՞նչ է ճամփորդությունը»  վերնագրով: Այստեղ ուզում եմ մեջբերել նրանց տողերից.

«Ճամփորդությունը հրաշալի է, բայց միևնույն ժամանակ` սթրես: Շատ հաճախ ենք մեր կողքին լսում օտար լեզվով բառեր, տեսնում ենք անհասկանալի ցուցանակներ, քայլում օտար քաղաքով: Այդ դեպքում պետք է արագ կողմնորոշվել` ուր գնալ: Դա փոքրիկ խնդիր է, որը մարդը լուծում է, երբ հայտնվում է այդպիսի իրավիճակներում: Իմ կարծիքով, դա կյանքում միշտ պետք է գալու»: (Լուսինե Քոչարյան)

«Ճամփորդությունը սովորեցնում է շփվել տարբեր մարդկանց` իր ուղեկիցների և այլ բնակավայրերի մարդկանց հետ: Ճամփորդության ընթացքում վերանայում ես քո ապրելակերպը` չուշանալ, չմոլորվել, շատ տեսնել, ուսումնասիրել, հարգալից և սիրալիր վերաբերվել տանտերերին»: (Տիգրան Ոսկերչյան-12-րդ դաս.)

«Պաշտում եմ ճամփորդությունը…. Դա ինձ համար նոր բան իմանալու միջոց է: Նախօրոք կարդում եմ տվյալ տեղանքի մասին, ուսումնասիրում նրանց մշակույթը, ծանոթանում բարքերին, երբեմն` սովորում բարբառները: Բայց սիրում եմ պատմությանը ծանոթանալ հենց տեղում. այդպես հետաքրքիր է և տպավորիչ: Իսկ Թբիլիսի նորից մեկնելու համար պարզապես պետք է սովորեմ վրացերեն»: (Հայկ Գրիգորյան-10-րդ դաս.)

«Ճամփորդությունը ավելի ինքնուրույն է դարձնում: Նաև հնարավորություն է տալիս պատմել ընկերներին քո նախասիրությունների մասին: Սիրում եմ լուսանկարել ճամփորդության մանրամասները, զավեշտական կադրերը, վանքերն ու քարերը»: (Ծովինար Սիմոնյան)

«Ճամփորդության ընթացքում ես ինքս ինձ ավելի եմ ճանաչում: Դա օգնում է, որ հետագայում սխալներից խուսափեմ: Ճամփորդությունը ինձ համար բացահայտում է: Նաև հնարավորություն է ճանաչելու աշխարհը, (թող դա լինի հայրենիքի հեռավոր շրջանը) և հասկանալու, թե որքանով եմ այդ աշխարհի մի մասնիկը»: (Անահիտ Ակկամ)

«Վրաստանյան ճամփորդությունն ինձ համար զարմանք էր, մի քիչ անծանոթ քաղաք, ջրվեժ, նկարչություն, նոր բարեկամություն, զբոսանք և լիքը ժպիտներ»: (Քրիստինե Աթոյան)

Այս տողերը ես ներկայացնում եմ, որպեսզի ընթերցողին պարզ լինի, որ սովորողները սովորում են արտահայտել իրենց զգացածը, ստեղծում և ստեղծագործում են: Ճամփորդությունը օգնում է գնահատելու ընկերոջդ կարողությունները: Դա ես զգացի, երբ նկարիչ սովորողները սկսել էին պերֆորմանսը, մյուսները սիրով ու հպարտությամբ էին հետևում: Երբ, խմբերի բաժանվելով, գնում էինք` տարբեր նախագծեր իրականացնելու, երեկոյան անհամբեր միմյանց պատմում էին իրենց կատարածի մասին:

Սա նկարագիրն էր մեկ ճամփորդության: Բազում այսպիսի ճամփորդություններ են կազմակերպվել ու կազմակերպվում մեր կրթահամալիրում: Վստահ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ճամփորդություն տալիս է ստեղծագործելու, զարգանալու, աճելու հնարավորություն:

«Ճամփորդությունը, ինչպես բարձրագույն և լուրջ գիտություն, օգնում է նորից հայտնագործելու ինքդ քեզ»: (Քամյու)

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский