Թումանյանը 1-4-րդ դասարաններում

Հայ գրականությունն առանց Հովհաննես Թումանյանի անհնար է պատկերացնել: Դեռ թոթովախոս տարիքից երեխան արտասանում է Թումանյանի բանաստեղծությունները, հաճույքով լսում և բերանացի պատմում է նրա հեքիաթները: Թումանյանը հասկանալի և սիրելի է բոլոր տարիքներում և կրթում ու ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Թումանյան սիրում են բոլորը: Կրթահամալիրի ուսումնական օրացույցով յուրաքանչյուր տարի անցկացվում են թումանյանական օրեր:Այդ ընթացքում հնարավորություն է ստեղծվում ներկայացնել մինչ այդ իրականացրած թումանյանական նախագծերը: Երբ փորձեցի ի մի բերել այս չորս տարիների ընթացքում կատարված աշխատանքը, զգացի, որ թումանյանական նյութերի մեծ պաշար ենք կուտակել: Առաջին դասարանից սկսած՝ մենք իրականացրել ենք թումանյանական մի շարք նախագծեր: Դրանք իրարից տարբերվում են նպատակներով և խնդիրներով, տարիքային առանձնահատկություններով, գործունեության տարբեր ձևերով:
Թումանյանը գրել է.«Խաղը մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, դա նրա ձևն է, դա նրա մեթոդն է: Եվ ամեն բան, ինչ որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում՝ առանց ձանձրանալու, առանց հոգնելու»: (Երկեր, 1955թ., էջ 702):  Թումանյանական այս խոսքը հատկապես կրտսեր դպրոցի ուսուցչի համար մի մեծ աշխարհ է բացում: Իմ համոզմամբ ուսումնական գործունեության կարևորագույն բաղկացուցիչը հենց խաղն է‚ իսկ կրտսեր դպրոցը մշտապես խաղում է: 

Առաջին դասարանում գրաճանաչության փուլում դերային և ստեղծագործական բնույթի խաղերի միջոցով սովորեցինք Թումանյանի մի շարք բանաստեղծություններ՝ «Շունը»‚ «Փիսոն»‚ «Ամպը»‚  «Կռունկները» «Էս էն է...»: Սովորեցինք թումանյանական մի շարք հեքիաթներ՝ «Ծիտը»‚ «Անհաղթ աքլորը»‚ «Ուլիկը»‚  «Երկինքը փուլ է գալիս»‚ «Պոչատ աղվեսը»: Նկարեցինք թումանյանական հերոսներ‚ իսկ գունավոր գուլպաներից պատրաստեցինք թումանյանական տիկնիկ-կերպարներ: Իհարկե‚ այս փուլում սովորողները դեռևս դժվարանում էին ինքնուրույն ստեղծել տիկնիկները‚ քանի որ չէին տիրապետում տեխնոլոգիական մի շարք հմտությունների: Անհրաժեշտ եղավ իմ և երկարացված օրվա դաստիարակի միջամտությունը: Ստեղծված տիկնիկներով հենց դասասենյակում բեմադրեցինք «Երկինքը փուլ է գալիս»  հեքիաթը:
Հաջորդ փուլում‚ երբ սովորողներն արդեն յուրացրել էին հեքիաթները‚ սկսեցինք օգտագործել ռոդարիական հնարքներ: Խառնում էինք տարբեր հեքիաթների հերոսներին‚ դեպքերի հաջորդականությունը‚ նոր ավարտ էինք հորինում  և այլն: Տարեվերջին բեմադրեցինք և թատերական փառատոնին ներկայացրինք հեքիաթների շիլափլավ՝ «Պոչատ ծիտը»:

Երկրորդ դասարանում մայրենի լեզվին ներկայացվող պահանջներն ավելանում են՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում‚ ազատ‚ անկաշկանդ մտածելու‚ երևակայելու և հաղորդակցվելու կարողությունների ձևավորում‚ տեքստը հասկանալու և վերարտադրելու կարողության մշակում և այլն:

Ընթերցեցինք  և յուրացրինք «Ամպն ու սարը»‚ «Մարտ»‚ «Կիկոսի մահը»‚ «Մուկիկի մահը»‚ «Չարի վերջը» ստեղծագործությունները:

Հետաքրքիր ու զվարճալի ստացվեց‚ երբ փորձեցինք Թումանյան կարդալ տարբեր տրամադրություններով:

Թվային միջոցների մուտքը դպրոց  նոր հմտությունների ձևավորման և ստեղծագործական նոր ուղիներ որոնելու խթան հանդիսացավ: Ուսումնական գործունեության ձևերից մեկը դարձավ մեդիաթատրոնը: Մենք նույնպես փորձեցինք ստեղծել որևէ մեդիաներկայացում: Թումանյանական օրերին‚ օգտագործելով ռոդարիական հնարքներ, ստեղծեցինք «Մուկիկոսի վերջը» խառնաշփոթ հեքիաթը: Սովորողներն անպիտան ձայնասկավառակներից ստեղծեցին մեր խառնաշփոթ հեքիաթի կերպարները: Յուրաքանչյուր սովորող մարմնավորեց իր իսկ ստեղծած կերպարը, և մեր մեդիաներկայացումը կարծես թե հաջողվեց:

Այս փուլում նաև ընտանեկան ներկայացումների առաջին փորձերն արեցինք: Դասարանում խաղ‚ ներկայացում կամ ուսումնական այլ գործունեություն կազմակերպելու համար առավել նպատակահարմար և ճիշտ միջոց է խմբային աշխատանքը‚ երբ բոլորը զբաղված են, և յուրաքանչյուրն ունի իր բաժին անելիքը: Ընտանեկան ներկայացումների դեպքում իրավիճակը կարող է փոխվել: Երեխան պատմելով հեքիաթը՝ միանգամից կարող է մարմնավորել հեքիաթի բոլոր հերոսներին: Այստեղ նրա աշխատանքը ավելին է. նա պիտի կարողանա հնարավորինս ճիշտ ներկայանալ ու ներկայացնել բոլոր կերպարներին: Այս շարքից կներկայացնեմ «Կիկոսի մահը» մեդիահեքիաթը սովորողներից մեկի՝ Էմանուելի ներկայացմամբ: Տե՛ս այստեղ:
Երրորդ դասարանում ընտանեկան ներկայացումների քանակը զգալիորեն ավելացավ: Մեր կրթահամալիրի ծրագրային առանձնահատկություններից մեկն էլ այն է‚ որ նույն ստեղծագործությանը դասվարը կարող է անդրադառնալ մի քանի անգամ և յուրաքանչյուր անգամ դրա միջոցով  լուծել տարբեր խնդիրներ: Այդ տարիների ընթացքում մեր յուրացրած թումանյանական հեքիաթներից շատերը դարձան ընտանեկան ներկայացումներ: Ներկայացումներում ներգրավվեցին ընտանիքի անդամները:

Սովորողի խոսքն ավելի հստակ դարձավ‚ նա արդեն ավելի ուշադիր էր առոգանության‚ դիմախաղի‚ շարժումների‚ դերի նկատմամբ: Թումանյանական օրերին այս անգամ ներկայացվեցին ավելի շատ ընտանեկան նախագծեր. «Սուտասանը» ‚  «Բարեկենդանը»«Անխելք մարդը» ‚  «Խելոքն ու հիմարը»‚  «Կիկոսի մահը»:
Անցած տարի մեր թումանյանական ժողովածուն համալրվեց «Ամենից լավ տունը»‚ «Թռչնի մտածմունքը»‚ «Բարեկենդանը»‚ «Անխելք մարդը»‚ «Անբան Հուռին»‚ «Սուտասանը»‚ «Ձախորդ Փանոսը» ստեղծագործություններով:

Անկախության 20-ամյակի առթիվ ստեղծեցինք «Ամենից լավ տունը» աուդիոգիրքը:

Թումանյանական օրերին բեմադրեցինք  «Անխելք մարդը» տիկնիկային մեդիաներկայացումը: Այս անգամ հենց սովորողներն առաջարկեցին տիկնիկներ պատրաստել սովորական թղթե բաժակներից և դրանց ձևավորման բոլոր աշխատանքները կատարել են ինքնուրույն: Իսկ ա՛յ, «Ձախորդ Փանոս»-ի հեքիաթը յուրացնելուց հետո քննարկեցինք նրա կերպարը, և յուրաքանչյուրը նկարեց իր պատկերացրած Փանոսի դիմանկարը: Եվ ծնվեց մեր Ձախորդ Փանոսների շքերթը:

Սովորողներն արդեն տիրապետում էին համակարգչային մի քանի ծրագրերի և ինքնուրույն պատրաստում էին նյութեր: Powerpoint ծրագրով ստեղծեցին  նկարազարդ ընթերցարաններ՝ Թռչնի մտածմունքըԿույրերի կարծիքը:

Չորրորդ դասարանում մայրենի լեզվի պահանջներին ավելանում են նաև հետազոտելու‚ ուսումնասիրելու‚ տեղեկություններ հավաքելու‚ բառարաններից և համացանցից օգտվելու կարողությունների ձևավորումն ու ամրապնդումը: Թումանյանի «Բզեզի դպրոցը» դարձավ հետազոտական լուրջ աշխատանք: Ամեն ինչ սկսվեց նրանից‚ երբ փորձեցինք համացանցից որոնել և գտնել Վարպետ բզեզի թվարկած խոտաբույսերի մասին տեղեկություններ: Պարզվեց‚ որ համացանցում դրանց մասին տեղեկությունները շատ աղքատիկ էին, իսկ որոշ բույսերի մասին ընդհանրապես տեղեկություններ չկային: Մեր տեղեկատու բառարան-ընթերցարանը ստեղծելու համար աշխատանքային խմբեր կազմեցինք: Մի խումբն աշխատում էր  «Տիգրան Հայրապետյան» գրադարանում:  Մի շարք բառարաններից (բուսաբանական,  բացատրական, հոմանիշների, «Հայաստանի բնաշխարհ») սովորողները գտան մեզ հետաքրքրող տեղեկությունները: Մեզ օգնության հասավ նաև Լ. Պետրոսյանի «Թումանյանական գեղարվեստական երկերի բառարանը»: Մյուս խումբն օգտվելով համացանցի՝ օտար լեզուներով կայքերից‚ նաև մեծահասակների հետ հարցումներից ՝ հավաքեց տեղեկությունների մյուս մասը: Ռուսերենից թարգմանեցինք որոշ նյութեր: Արդյունքում ստացվեց մեդիաընթերցարան, որը միաժամանակ նաև բույսերի տեղեկատու է: Իմ կարծիքով սա մեր ամենահաջողված աշխատանքներից մեկն է

Այս տարի որոշեցինք փոխել նաև ընտանեկան նախագծերի ձևը: Իսկ ի՞նչ կլինի, եթե հեքիաթի դերակատարներ դառնան հենց ծնողները: Ընտրեցինք «Պոչատ աղվեսը» հեքիաթը և ձայնագրիչը գործի դրեցինք: Հայրիկ-մայրիկները հաճույքով միացան մեր նախագծին, և ձայնագրությունը կարճ ժամանակում արդեն պատրաստ էր: Դասարանում կատարեցինք ձևավորման, նկարահանման, մոնտաժման աշխատանքներ, և արդյունքում հետաքրքիր աուդիոհեքիաթ ստեղծվեց: Այս աշխատանքի ընթացքում աշխատեցինք համակարգչային նկարչական նոր ծրագրով: Մեզ շատ հետաքրքիր էր։

Սովորողները ներկայացրին նաև անհատական աշխատանքներ: Նանոր Հովհաննիսյանը որոշեց իր սիրելի գրքերից մեկը՝ Թումանյանի «Մանկական երգերը», վերածել աուդիոգրքի: Ձայնագրման, ձևավորման բոլոր աշխատանքները կատարել է ինքնուրույն: Զոյան էլ եղբոր հետ միասին պատմում է «Երկինքը փուլ է գալիս»  հեքիաթը:

Կարդացել ենք նաև «Սասունցի Դավիթը» Հ. Թումանյանի մշակմամբ‚ «Չախչախ թագավորը»‚ «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Մոծակն ու մրջյունը», « Ծղրիդը»,  «Համերգ»,  «Շունը» ստեղծագործությունները:

Այցելությունը Թումանյանի թանգարան համալրեց սովորողների գիտելիքները ամենայն հայոց բանաստեղծի մասին: Նրանք իրենց տպավորությունները պատմել են կայքում:
Ընդհանուր առմամբ ծանոթ ենք թումանյանական երեսունից ավելի ստեղծագործությունների և պատրաստել ենք մոտ քսան մեդիանյութ:

Այժմ պատրաստվում ենք բեմադրել ներկայացում Թումանյանի հեքիաթներից մեկի մոտիվներով: Նախագիծն արդեն ընթացքի մեջ է. մշակում ենք սցենարը: Այն կներկայացնենք կրթահամալիրում ամառային ամենամյա թատերական փառատոնին և դրանով կամփոփենք նաև այս տարվա աշխատանքը: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский