«Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը

Նախաբան, ներկայացում

2013 թ-ից «Լուսաստղ» պատանեկան ամսագիրը «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հետ համատեղ սկսեց իրականացնել «Ճանաչենք մեր ժամանակակից հայ արվեստագետներին» նախագիծը:

 Նախագծի նպատակը հենց ժամանակակից հայերին ճանաչելն է, այն հայերին, որոնք այսօր ապրում և ստեղծագործում են մեր կողքին ու մեզ հետ:

Նախագծի ընթացքում լուծվում են մի քանի խնդիրներ, որոնք ստեղծում են ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու արդյունավետ նախապայմաններ, ձևավորում ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու մշակույթ.

  • Շփվելու, հարցեր մշակելու, բանավիճելու, լսելու
  • Ներկայանալու ու ներկայացնելու
  • Սեփական կարծիք արտահայտելու, կարծիքը հիմնավորելու
  • Ընթերցելու
  • Ճանաչելու
  • Համատեղ աշխատելու
  • Ստեղծագործական հավաք կազմակերպելու
  • Քննադատելու, պրոբլեմային ու վիճահարույց հարցեր առաջ քաշելու, ներկայացնելու
  • Հետագա կապ պահպանելու։

Նախագիծը նախ ընթերցելու ու ընթերցանությունը կարևորելու հնարավորություն է ընձեռում: Ընթերցել գիտակցված՝ կարևորելով տեքստը՝ տեքստն իբրև մշակութային, խոսքային, գեղագիտական միավոր:

Մաս I

Մշակութային գիտակցություն

Ապրող ու ապրեցնող Հայաստան. հնարավորություն պատանիներին ապրել ու ապրեցնել մշակութային Հայաստանը՝ տեսնելով իրենց կողքին ապրող, ստեղծող նկարչին, գրողին, երաժշտին: Ճանաչելով, կարևորելով ստեղծվածը՝ գիտակցել, որ ապրում ենք ապրող երկրում, քննադատել, վերլուծել, մտորել կարդացածի շուրջ՝ փաստելով, որ ապրեցնում ու ապրելու հնարավորություն, իրավունք ենք ստանում:

Հայերենի զարգացումն անհնար է պատկերացել առանց պոետական փնտրտուքի, լեզուն՝ առանց մտքի՝ բաց մտքի, նորարարության, ստեղծականության ու շարժման լեզուն փնտրում է միտք ու մտքով ու մտքի տեսքով զարգանում: Եթե հայերեն միտք չի ծնվում, իսկ ծնունդը լեզվական կառույցում չի ապրում, դատապարտվում ես մահացման:

Եթե ստեղծագործողը չունի ընթերցող ու ընթերցողը՝ ստեղծագործող, համակարգն արդեն խաթարված է. այս կառույցը ենթադրում է փոխադարձ ձգողություն՝ մի օղակի գոյությունն առանց մյուսի անիմաստ է: Եթե պոետը չի ճանաչում, չի փնտրում, չի տեսնում իր ընթերցողին, չի տեսնում նաև այն օբյեկտիվ իրականությունը, որը շրջապատում է իրեն. օբյեկտիվ իրականության չընկալումը հանգեցնում է պոետական արհեստածին տարրերի կուտակման՝ պոետ-հասարակություն անջրպետի խորացման, արհեստականության, անհուսալիության: Գրողը՝ արվեստագետը, դատապարտում է իր ստեղծածը, իր ընթերցողին, իսկ ընթերցողը՝ իր գրողին, արվեստը: Գրողը պետք է զգա ու գիտակցի ընթերցողին, բաց լինի ընթերցողի առաջ ու լինի նրա հետ. 21-րդ դարը իր հետ այլ՝ գրող-ընթերցող մշակույթի ստեղծում է բերում: Գրողն ու ընթերցողը միասին են ստեղծագործում. միայնակ մարդը միայնակ գրականություն է ստեղծում, իսկ այս դարաշրջանը մասսայականացման դարաշրջան է: Ընթերցողը բանաստեղծ է փնտրում՝ սոցիումում չկորչելու, ինտելեկտուալ իր պահանջմունքը բավարարելու, ստեղծական լինելու ու ստեղծականության մեջ մնալու, դրանից չօտարվելու համար:

Այս դաշտի ստեղծումն ու ստեղծման կարևորությունը կարծես դառնում է գիտակցված ու գործնական:

Միջավայրից մեկուսացումը ու միջավայրի կարևորության չգիտակցումն իրականում ստեղծել է քարացած, տխուր մշակութային կառույցներ, որոնք ասոցացվում են հնի, ուռճացվածի, արհեստականության, տաղտկալիության հետ: Կենդանի կառույցը, որտեղ ապրում ու ստեղծագործում են կենդանի, իրական մարդիկ, չի կարող անհետաքրքիր, պաթետիկ ու վանող լինել: Անհետաքրքիր արվեստագետը չարվեստագետ է՝ աշխարհին տալու բան չունի ու չի կարող ունենալ: Վերամբարձ խոսքերի հետևում թաքնված է ոչինչը՝ չարվեստը: Քար-պատերի հետևում՝ աշխարհին տալու բան չունեցողը: Կենդանի գրողն ու ընթերցողը պետք է տեսնեն, գիտակցեն, կարևորեն միմյանց. մշակութային հանդիպումը արդիական է ու հեռանկարային:

Մաս II

Իրականացում, կազմակերպում, աշխատանքներ

Նախագիծն, ինչպես արդեն նշվել է, իրականացվում է «Տիգրան Հայրապետյան» գրադարանի և «Լուսաստղ» ամսագրի խմբագրակազմի համատեղ գործունեության արդյունքում:

Ինչ ենք անում... ընտրում ենք հեղինակին:

Ինչպես ենք ընտրում. ..սկզբուքը՝ գրողի ակտիվությունը ներկա հասարակական-գրական-մշակութային կյանքում:

Այնուհետև... ընթերցում ենք:

Հետո... գրադարանը ստեղծում է հեղինակի ստեղծագործությունների մեդիափաթեթը, որին էլ առաջարկում է ծանոթանալ:

Ընթացքում...Կապ ենք հաստատում գրողի հետ, սկսում համագործակցել, հաճախ նրա խորհրդով ընթերցում այս կամ այն ստեղծագործությունը։

Ընթերցեցինք...խոսում ենք, քննարկում:

Քննարկումից հետո...Ստեղծում ենք նյութ, խոհ, վերլուծություն...Մեր խոհը, կարծիքը հասանելի դարձնում mskh.am-ի ընթերցողին, սոցիալական ցանցի մեր ընկերներին, գրողին:

Ստեղծվում է «Լուսաստղի» մեդիափաթեթը՝ արդեն սովորողների աշխատանքներով:

Պատրաստվում ենք հանդիպմանը:

Հանդիպմանը ծանոթանում ենք, խոսում, լսում, սովորում ու սովորեցնում, դիտարկումներ ու եզրահանգում անում:

Հանդիպումից հետո... Խոսում ենք հանդիպման, գրողի կերպարի, մեր հարցադրումների, թերացումների ու հաջողությունների մասին:

Հանդիպումից հետո... Գրողի հետ շփվում ենք սոցիալական ցանցում, ընկերանում:

Հանդիպումից հետո... Պատրաստվում ենք նոր հանդիպմանը:

Մաս III

Արձագանքներ

Դրական եմ գնահատում նախագիծը. այլ կերպ չէր էլ կարող լինել: Իմ և ձեր ազգը սիրում է քննադատել, խոսել տեղին-անտեղին, խոսել ավել-պակաս, խոսել առանց հիմունքների: Խոստովանեք` քանի՞ անգամ եք լսել «գրականություն չունենք», «գրող չունենք», «նկարիչ չունենք», «ժողովուրդը էլ տաղանդ չի ծնում» արտահայտությունները: Ու սա այն մարդկանց բառերն են, որոնք նույնիսկ չեն էլ փորձում հետքրքրվել, թե շնչո՞ւմ է արդյոք մեր գրականությունը Հրանտ Մաթևոսյանից հետո, թե` ոչ: Ուրեմն ինչո՞ւ բաց թողնել այս հիանալի հնարավորությունը՝ ճանաչելու այն մարդկանց, որոնք, հակառակ «մեռած գրականության» մասին բոլոր կարծրատիպերի, ստեղծագործում են: Մենք մեր երիտասարդ գրողներին (արվեստագետներին) ենք հարկավոր, նրանք էլ` մեզ: Ստեղծենք մեր արդի ստեղծագործող-ընթերցող սիմբիոզը:

Նինա Մամարյան, 10-րդ դաս.

Անկեղծ ասած` նախագծի սկզբում այնքան էլ լավ չէի պատկերացնում, թե ինչ տեսք է այն ունենալու: Արամ Պաչյանի պատմվածքներն էինք կարդում, վերլուծություններ գրում, մեդիափաթեթ կազմում, իսկ հանդիպումը չէի պատկերացնում: Հա, տաղանդավոր ժամանակակից գրող, սակայն ինչքանով է նա ուզում իմ գրողը լինել, ինչքանով է հասանելի:

Պաչյանը եկավ, հանդիպումը կայացավ...

Հասկացա, տեսա, զգացի արդյունքը:

Սա ինձ համար ստեղծագործող գրող է` անկախ իմ գրական ճաշակից: Հետո «հավեսի ընկա», Կարեն Անտաշյանն էլ եկավ: Հիմա հաճույքով Էդոյանի հետ հանդիպմանն եմ պատրաստվում:

Ճանաչիր քո այսօրվա գրողին, հասկացիր նրան, այլ ոչ թե միայն նրա ստեղծագործությունները, պատկերացրու՝ ինչ է նա քեզ տալու վաղը, և ինչ ապագա է նա տեսնում քո և իր համար հենց քո երկրում:

Մերի Շարոյան,11- րդ դաս.

Նախագծի նպատակը ժամանակակից հայերին ճանաչելն է, այն հայերին, որոնք այսօր ապրում և ստեղծագործում են մեր կողքին ու մեզ հետ:

Նպատակները շատ պարզ են ու հասկանալի, բայց թե ինչքանով են արդյունավետ, վիճելի հարց է։ Մի կողմից մենք զբաղվում ենք հայ գրականության զարգացմամբ, որն ինքն իրենով շատ մեծ գործ է, իսկ մյուս կողմից էլ՝ մենք մեր ժամանակը կարող էինք տրամադրել ավելի բարձրարժեք գրական գործերին։

Կարծում եմ, որ մեր այս նախագիծն ավելի շատ տնտեսական արժեք ունի՝ աջակցենք տեղական արտադրողին։

Իսկ ինչ վերաբերվում է գրականությունն ապրեցնելուն, ապա իմ կարծիքով լավ գրական գործերը գտնում են իրենց լսարանը, մենք ուղղակի աջակցում են դրան։

Հրաչ Հակոբյան, 11- րդ դաս.

Կարծում եմ, որ նախագիծը կարևոր է այնքանով, որ անցյալի ընդունված ու քննարկված գրողներից ու նրանց գործերի ազդեցություններից դուրս ենք գալիս, նայում ենք նրան, ինչ ունենք այսօր ու փորձում գնահատել դա: Այլ հարց է, թե ինչպիսին է գնահատականը: Նախագծի մյուս առավելությունն այն է, որ, ուսումնասիրելով ժամանակակից հայ գրողներին, ակամայից ուսումնասիրում ենք մեր իրականությունը. Իրականություն, որից անվերջ փախչում ենք: Նախագիծը պետք է, անխոս, լինի շարունակական:

Լիլիթ Աղաջանյան, 11-րդ դաս.

Ընդհանրապես հայերը միշտ սիրում են բողոքել. «Այս չկա, ինչու՞ չկա…»:Եվ ինչպես ասում են՝ մարդիկ իրենց ունեցածը կորցնելուց հետո են գնահատում այն, ինչ ունեցել են ու ուշադրություն չեն դարձրել, և կապ չունի՝ այդ օբյեկտը գիտնական է, երգիչ, թե ճարտարապետ: Այս նախագիծը մեզ հնարավորություն է տալիս ճանաչելու մեզ՝ մեր ժամանակակից գրողներին, փորձելու վերլուծել և հասկանալու, քննադատելու կամ հավանելու… Իսկ ահա հանդիպումները բխում են և՛ ստեղծագործողի, և՛ ընթերցողների շահերից. մենք կրթվում ենք, զարգանում, փորձում գտնել պատասխաններ, վերլուծում, քննադատում, իսկ նրանք լսում են այն կարծիքները, որոնք արտահայտում է 21-րդ դարի մտածող պատանին:

Իզաբելա Խանզրատյան, 11- րդ դաս.

Ժամանակակից գրականությունը ժամանակակից ընթերցողի համար գրեթե անհասանելի է, չլուսաբանված: Մեր ապագա քաղաքացին, ներկայիս ընթերոցողն էլ դպրոցականն է: Իսկ դպրոցականներից քչերն են, որ դպրոցից դուրս կազմակերպվող քննարկումներին, եթե իհարկե այդպիսիք կան, կգնան, կամ քչերին է, որ այդ քննարկումներին խոսելու հերթ կհասնի: Այսպիսով՝ ո՛չ դպրոցականն է տեղյակ, թե ովքեր են ստեղծագործում իր ժամանակներում, ո՛չ գրողը՝ թե ովքեր պիտի կարդան իր ստեղծագործությունները:

Իհարկե, «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը մեծ դեր պիտի ունենա թե՛ գրողի, թե՛ սովորողի համար: Ուղղակի գրողի համար այս նախագիծը կարող ենք անվանել «Ճանաչենք մերօրյա ընթերցողին»: Իսկ ընթերցողի համար, իհարկե, կարևոր ու արդյունավետ նախագիծ է: Սրա շնորհիվ կարողանում ենք ավելի շատ ընթերցել, վերլուծել, արտահայտել մեր կարծիքը, հավանել, կամ չհավանել: Ի վերջո պատկերացում կազմել գրողի մարդկային որակների մասին, որից հետո ըմբռնումով մոտենալ կամ չմոտենալ նրա ստեղծած գրականությանը:

Արամ Պաչյանի ու Կարեն Անտաշյանի հետ հանդիպումները, ըստ իս, շատ արդյունավետ էին: Պաչյան կարդացել էի ու հավանել, Անտաշյանը առանձնապես չէր հետաքրքրում: Հանդիպումներին պատրաստվեցի, վերլուծություններ գրեցի, երկուսն էլ հավասարաչափ հետաքրքիր դարձան ինձ համար: Հիմա, ազատ ժամանակ երկուսի գրածներն էլ կարդում եմ: Հիմա պատրաստվում եմ Հենրիկ Էդոյանի հետ հանդիպմանը… Հուսամ՝ այս անգամ էլ չեմ հիասթափվի:

Վիկա Մարկոսյան, 10-րդ դաս.

Չգիտեմ` որքանով է իմ կարծիքը օբյեկտիվ, որովհետև ինքս շատ եմ աշխատել այս նախագծի վրա ու չեմ կարող այն քննադատել: Ասեմ միայն, որ ինքս կարևորում եմ հատկապես ընթերցողների հանդիպումները՝ ոչ միայն գրողի, այլև ընթերցողի հետ:

Որքան էլ կարևորեմ մեդիաշփումը, կենդանի շփումը ավելի արդյունավետ է: Ասենք մի բան է երկու տող գրել «քոմենթում»՝ «haaaa, siracs girqn e, uxxx», բոլորովին այլ բան է զրուցել այդ գրքի շուրջ, իրական կարծիք հայտնել, տեսնել մարդկանց դեմքերը, նրանց հաստատակամ կամ ժխտական հայացքները, գրողի համր արձագանքը ասածիդ: Փաստորեն ամիսը մի անգամ մեր կրթահամալիրում ստեղծվում է ինտելեկտուալ մի միջավայր, որտեղ, կրկնում եմ, ոչ միայն գրողն է հանդիպում ընթերցողին, այլև ընթերցողն է հանդիպում իր պես ընթերցողին, ում հետ կարելի է զրուցել, վիճել, համաձայնել:

Արսենյան Սոնա, 12-րդ դաս.

Հետաքրքիր էր աշխատել նածագծի շրջանակներում: Ընթերցելով ժամանակակից հայ գրողներին՝ հասկանում ես, որ ոչ միայն հարուստ գրական ժառանգություն ենք ստացել ու դա փայփայում ենք, այլեւ ինքներս ենք գրում, ընթերցում, ազդում, ազդվում ու զարգանում: Խառնաշփոթ «մշակութային» կյանքում, երբ դժվար է արվեստը զատել «չգիտես՝ ինչից», նախագիծը սովորողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու, ընթերցելու, ճանաչելու ազգակից ու կենդանի գրողին, գրաքննադատական հոդվածներ գրելու փորձառություն ձեռք բերելու, այդպիսով՝ նաեւ որոշակի մշակութային ու ընթերցելու ճաշակ ձեւավորելու: Արդյունքում՝ որոշ մարդկանց մեջ գրելու «ջիղ» է արթնանում, որը, ըստ իս, շատ գովելի ու ուրախալի է: Նախագծի շրջանակներում ծանոթացել եմ մի քանի գրողի. աշխատանքների ընթերցանության արդյունքում կատարել եմ վերլուծական աշխատանքներ, ինչն իմ հմտությունները զարգացնելու մեջ ևս մեկ քայլ էր առաջ: Հետաքրքիր է ընթերցել այն մարդու գրածը, ով ապրում է այն ժամանակահատվածում, որում դու ես ապրում, ականատես է լինում այն փոփոխություններին ու իրադարձություններին, որոնց ականատեսն ես նաեւ դու:

Էմմա Կիրակոսյան, 11-3 դաս.

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский