Գրադարան գոյություն ունի այնտեղ, որտեղ իրականացվում է կրթություն

Հեղինակ: 

Այսօր՝ տեղեկատվական մեր դարում, գրադարանների կողմից կազմակերպվող տեղեկատվական, մշակութային, կրթական և գիտական գործունեության հիմնական նպատակը պետք է լինի գրադարանային հավաքածուների, մասնագետների ու նյութա­տեխնիկական բազայի միջոցով նպաստել մարդու` տեղեկատվություն ստանալու և ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացմանը։  Տեղեկատվական միջոցների հեղափոխության մեր ժամանակներում  գրադարաններն այլևս սոսկ «գրքերի դարաններ» չեն, այլ «տեղեկատվության»։

Այդ տեսանկյունից  մասնավորապես դպրոցական գրադարանները պետք է կարողանան դառնալ ավելի ընդարձակ՝ գլոբալ տեղեկատվական և գրադարանային ցանցերի մի օղակը, ոչ միայն դուռ՝  դեպի բազմազան ու բազմաբնույթ տեղեկատ­վության աշխարհ, այլ նաև ուղեցույց  այդ աշխարհում չմոլորվելու համար։

Կրթահամալիրի գրադարանն արդեն քանի տարի լուրջ, բազմակողմանի ու բազմաբնույթ աշխատանքներ է ծավալում՝ նման դուռ և ուղեցույց դառնալու ուղղությամբ։ Այդ առումով մեր աշխատանքները չեն սահմանափակվում միայն կրթահամալիրի և միայն Երևանի շրջանակներում։

Հանրապետությունում արդեն ճանաչում ունեցող կրթահամալիրի գրադարանը երբեք էլ չի բավարարվում իր ստեղծածով և ունեցածով: Անընդհատ փնտրտուքների մեջ է. և՛ գիրքն է քիչ կամ հրատարակությունն է հին, թերթելը և կարդալը գրավիչ չէ, և՛ թվային միջոցներն են պակաս, և՛ընթերցողների կարիք ունենք, և՛ ծրագրերի ու նախագծերի… Քի՜չ է,  քիչ...

Անցնող ուսումնական տարում ևս գրադարանը լայնածավալ գործունեւթյուն է ծավալել։ Ներկայացնեմ կատարած աշխատանքներից պատառիկներ՝ հղումներով:

2013 թ., տարվա սկիզբը գրադարանի համար նշանավոր էր կրթահամալիրի տնօրենի այն ուղերձով, որտեղ կարևորվում էին գրադարանը, ընթերցասրահները, գիրքը.

  • Հիշեցնեմ,  որ կրթահամալիրի հոմանիշը գրադարանն է, կաբինետի հոմանիշը ընթերցարանն է: Ուսումնասիրության մեթոդը, որի յուրացումը մեր նոր խնդիրն է, ինքնին նոր սպասարկումի կարիք ունի: Չկա ուսումնասիրում՝ առանց առկա բազմազան տպագիր ու մեդիագիր տեքստերի:
  • 2013թ. Համար մշակված «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը ընթերցասիրության զարգացման ավելի ինտերակտիվ, ավելի հետաքրքիր և մատչելի հնարավորություն է ընձեռում կրթահամալիրցիներին: Նախկինում էլ հրատարակչություններն ու գրադարանները  (քաղաքային,  ազգային) համատեղ իրականացնում էին գրքի ցուցահանդես-վաճառքներ և գրքի համալրման ու ընթերցանության խրախուսման այլ ձևեր: Բայց փորձեք հիշել մի դեպք, երբ հրատարակչությունը մտել էր ուսումնական հաստատություն: Նախկինում ուսումնական հաստատության և հրատարակչության միջև միջնորդ էին լինում այլ կառույցներ: Իսկ «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» նախագծի շնորհիվ հրատարակչությունը կրթական հաստատություն մտավ առանց միջնորդի և առանց կոմերցիոն նպատակների:
  • Ուսումնական մեդիափաթեթ

Ինչի՞համար է ուսումնական էլեկտրոնային փաթեթը:
Այստեղ հավաքվում են տվյալ ծրագրին համապատասխան ձեռնարկներ, հոդվածներ, ֆիլմեր, այլոց կարծիքներ,  աուդիոգրքեր, ֆոտոշարքեր՝ մի խոսքով ՝ամեն ինչ:
Գուցե լինեն մարդիկ, որ կասեն համացանցում  ցանկացած լեզվով ցանկացած նյութ կա, կփնտրենք, կգտնենքՃիշտ է, իհարկե, բայց միայն այն դեպքում, երբ գիտես՝  ինչ ես փնտրում:  Իսկ եթե չգիտե՞ս...

Փաթեթների էջեր այցելողների քանակն ապացուցում է, որ այն գնալով մեծ պահանջարկ է ունենում:

  • «Տիգրան Հայրապետյան»  գրադարանը նախաձեռնում է  «Բազմակետ…» ալմանախը (էլեկտրոնային գիրք), որտեղ ներառվելու են միայն կրթահամալիրի սովորողների,  շրջանավարտների, ուսուցիչների ստեղծագործությունները:
  • Հաջորդ կարևոր ծրագիրը «Շրջիկ գրադարանավարն» է, որ ինքը՝գրադարանավարն է գնում այլ հաստատություն և ստեղծում է գրադարան:

Կարծում եմ այս նախագծերն արդեն ունեն իրենց զարգացումը, քանի որ նախագծի շրջանակում ամեն անգամ հանդես ենք գալիս նոր մոտեցումներով,  կյանքը ստիպում է  ձեռք բերել նոր գաղափարներ, նոր գործընկերներ, համագործակցել տարբեր կազմակերպությունների և անհատների հետ:

Գիրքը կրթահամալիրում վերածնվում է մեդիայի հետ՝ համատեղ շարժվելով:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский