Մեկ տարի` կազմակերպիչ

Այս փոքրիկ հոդվածի մեջ կփորձեմ ներկայացնել իմ մեկ տարվա աշխատանքային գործունեության արդյունքները, որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանի կազմակերպիչ: Մինչ բուն աշխատանքային արդյունքներին անդրադառնալը` կփորձեմ անդրադառնալ կազմակերպչի ինստիտուտին` որպես արդեն կայացած համակարգ (ամեն դեպքում, ես այդպես եմ կարծում):

Կազմակերպչի գործունեությունը, որը փոխարինում է դասղեկին, ունի մի շարք առավելություններ, որոնք գոնե ինձ համար ակնհայտ դարձան այս մեկ տարվա ընթացքում:

Առաջին. կազմակերպիչն ազատված է պարտադիր ուսումնական դասընթացներ վարելու պարտականություններից (մեկ երկու- դասարանում քիչ ժամանակով դասավանդելն առավելություն է տալիս) և կարողանում է լիարժեք զբաղվել սովորողներին վերաբերվող կազմակերպչական խնդիրներով: Դասղեկի պարագայում դա մնում է թերի, քանի որ դասղեկը որևէ դասարան ղեկավարելուց բացի ունի նաև լիարժեք ծանրաբեռնվածություն: Իսկ դա արդեն իսկ խլում է տվյալ մարդու ժամանակի և ուժերի մեծ մասը, և նա չի կարողանում լիարժեք զբաղվել կազմակերպչական գործառույթներով:

Կազմակերպչի պարագայում չկա «իմ» և «քո» դասարանի սովորող տարանջատումը, որն այնքան բնորոշ է դասղեկական համակարգին և իր հետ բերում է որոշակի արատավոր հետևանքներ:

Կազմակերպիչը, ունենալով բավականաչափ ժամանակ, կարող է զբաղվել յուրաքանչյուր սովորողի հետ առանձին` հաշվի առնելով սովորողի առանձնահատկությունները: Սա նաև կարևորվում է կրթահամլիրում ներկայացված «Անհատի կրթական պատվեր» մոտեցման շրջանակներում: Ունի մանրամասն տեղեկություն յուրաքանչյուր սովորողի մասին: Ունենալով համապատասխան ժամանակ և գործառույթներ` կազմակերպիչն իրականացնում և կազմակերպում է ուսումնական-հասարակական նախագծեր, որոնք ինչպես սովորողին, այնպես էլ կազմակերպչին, հնարավորություն են ընձեռում լիարժեքորեն ներառվել կրթական համակարգում:

Կազմակերպչի առկայության պարագայում, առավել հեշտ են կազմակերպվում և իրականացվում ուսումնական նախագծերը, քանի որ կա կոնկրետ պատասխանատու, և այդ պատասխանատուն, լինելով ծրագրի անմիջական կրողը և ճանաչելով ծրագրում ներառված բոլոր սովորողների անձնային և կրթական որակները, կարողանում է օպտիմալ ընտրություն կատարել:

Կազմակերպչի գործառույթները լիարժեք կազմակերպելու համար, այս մեկամյա փորձը ցույց տվեց, որ բացի սովորողների հետ սերտ առնչակցություններից, անհրաժեշտ է նաև կազմակերպիչ-ծրագրի ղեկավար, կազմակերպիչ-դասավանդող, կազմակերպիչ-գրասենյակ սերտ համագործակցության դաշտի կայացումը: Այս հանգամանքների առկայությունը հնարավորություն է տալիս կազմակերպչին լիարժեքորեն դրսևորվելու և աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու:

Կազմակերպիչ-ծրագրի ղեկավար: Այս բաղադրիչն ապահովելու համար, ըստ իս, անհրաժեշտ է համագործակցության, փոխադարձ հարգանքի, վստահության, գաղափարական միջավայրի ընկալման բաղադրիչների կիրառելիությունը:

Կազմակերպիչ-դասավանդող: Կազմակերպչի աշխատանքի լիարժեքությունը պայմանավորվում է նաև դասավանդողների հետ սերտ համագործակցությամբ, որ հատկապես անհրաժեշտ է դրսևորել, տեղեկատվության ստացման և փոխանցման, ուսումնական-հասարակական նախագծերի մշակման և իրականացման, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների կազմակերպման և այլ ուսումնական բաղադրիչների իրականացման գործում:

Կազմակերպիչ-գրասենյակի ղեկավար: Սովորողների պարտականությունների կատարման, ամենօրյա հաճախումների վերաբերյալ տեղեկատվություն, այլ տեխնիկական և կազմակերպչական հարցերի վերաբերյալ արդյունավետ աշխատանքներ կազմակերպելու համար խիստ անհրաժեշտ է վերոնշյալ համագործակցության դաշտը:

Կազմակերպիչ-սովորող: Կազմակերպիչ-սովորող հարաբերություններում և աշխատանքային գործընթացում խիստ անհրաժեշտ է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտի առկայությունը: Այն հնարավորություն է տալիս սովորողին կազմակերպչին ընկալելու որպես որոշակի հմտություններ ունեցող ավագ ընկեր և վստահելու նրան, ինչն ինքնին ավելի ամբողջական է դարձնում աշխատանքը և միջավայրը դարձնում է կառուցողական: Այս տեսանկյունից՝ անհրաժեշտ է նաև, որ կազմակերպիչը պաշտպանի իր օղակում ներառված սովորողների իրավունքները և շահերը բոլոր օրինական միջոցներով:

Այսպիսով` անցնող տարվա ընթացքում փաստեցի, որ Ավագ դպրոց վարժարանում վերոնշյալ դրույթները մեծ ի մասամբ կիրառվում են՝ առավել արդյունավետ դարձնելով աշխատանքային միջավայրը: Կազմակերպչի ինստիտուտի կիրառումը համարում եմ կայացած և արդարացված:

Սակայն չեմ կարող չփաստել, որ փորձի պակասը (այն անըդհատ լրացվում է), հատկապես սկզբնական փուլում, հանգեցրեցին որոշակի թերությունների, որոնք վերջին փուլում շտկվեցին կամ շտկվում են:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский