Դիզայնը, մեդիան և դրանց գործիքը

Մեր իրականության մեջ «դիզայն», «մեդիա» բառերը բավականին երիտասարդ են կիրառական առումով, որովհետև խորհրդային փողոցի 70-ամյա գորշությունը հազիվ կարողացանք լավ թե վատ թոթափել ու այսօր քայլում ենք նույն փողոցներով, որոնք արդեն իրենցում կրում են վերը նշված Դիզայնի ու Մեդիայի առարկայացած, ինչ-որ տեղ ոչ պատշաճ, բայց առաջադեմ տարրեր:

Կոնցեպտուալ առումով Հայաստանում ծնված Դիզայն և Մեդիա երևույթները շատ տարբեր են որևէ ինդուստրիալ երկրում ոչ պատահականորեն, այլ անհրաժեշտաբար ծնված այս երկու մասնագիտություններից: Ինդուստրիալ հասարակության մեջ Դիզայնը կոչված է առավելագույնս հարմարեցնելու արտադրանքը սպառողին, իսկ Մեդիան ապահովում է դիզայնված ապրանքի գովազդումը: Իհարկե, իրենց ծնունդից հետո և´ Դիզայնը, և´ Մեդիան մտան մարդու գործունեության ու սպառման բոլոր ոլորտները` քաղաքականություն, հեռուստատեսություն, կրթություն, կենցաղ, ինտերնետ…

Ու չնայած այսօր դեռևս մեր հասարակությունը մեծ հաշվով ինդուստրիալ հասարակություն չէ, այնուամենայնիվ Դիզայնը և Մեդիան մտել են մեր կյանք. սկզբում` որպես երևույթ, իսկ հիմա, 20 տարի անց, արդեն որպես մասնագիտություն:

Դրանցից անմասն չի մնացել նաև «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրը: Ու քանի որ Դիզայնն ու Մեդիան շատ դեպքերում համարվում են արդիական, շատ աշխատատար, նաև ընդհանրապես ոչ նյութատար, քիչ էներգատար մասնագիտություններ, կրթահամալիրի տնօրինությունը ճիշտ համարեց այս մասնագիտությունները կյանքի կոչել կրթահամալիրում:
Կրթահամալիրի արվեստագետ մասնագետների խումբը անընդհատ աշխատելով կրթահամալիրի սովորողի ու սովորեցնողի հետ ձևավորում են այս մասնագիտությունների զարգացմանը նպաստող ուրույն մթնոլորտ: Այս ամենը նպաստում է և հող հանդիսանում նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ մեդիակրթություն իրականացնելու համար: Համակարգիչներն ու համապատասխան ծրագրային ապահովումը համարվում են ժամանակակից դիզայնի ու մեդիայի հիմնական գործիքները:

Ի տարբերություն մեր հասարակության, որը շարժվում է արտաքին թելադրանքով և սպառողական արժեքների պահանջներով, ձևավորելով ռևերսիվ դիզայն ու մեդիա, դպրոցում առկա է ինտերյեր-էքստերյերի ձևավորման պահանջների լուծման ստեղծագործական հիմնավորված ազատություն:

Կրթահամալիրում առկա են և´ դիզայնի օբյեկտը, գործիքն ու նպատակը, և´ այն իրականացնելու պայմանը: Սա իդեալական ստեղծագործական վիճակ է ստեղծում և նպաստում է սովորողի ստեղծական աշխարհայացքի ձևավորմանը:

Միևնույն ժամանակ ավելորդ չէ նշել նաև կրթահամալիրի կոլեկտիվ ձեռքբերումը web-դիզայնի ու զանազան մեդիաների իրականացման ոլորտում: Այսօր թե´ սովորողը, թե´ սովորեցնողը իրականացնում են ամենատարբեր մտահղացումներ ու դրանք մեդիայի միջոցով ներկայացնում են մրցույթներում ու կրթահամալիրի կայքում: Մենք չենք սահմանափակվում քիչ էներգատարության և քիչ նյութատարության գաղափարով, ու այսօր կրթահամալիրի հինգ դպրոց-մասնճյուղերում գործում են  խեցեգործության լաբորատորիաներ, որտեղ և յուրացվում են ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի հիմունքները:

Ինտերյեր-էքստերյեր ձևավավորումների նախագծերը մշակվում են կրթահամալիրի
նկարիչ-դիզայներների կողմից կամ նրանց ղեկավարությամբ: Նախագծերն իրականացվում են կրթահամալիրի արհեստավոր վարպետների, դպրոցի սովորողների և ուսուցիչների միջոցով, որպես ուսումնական աշխատանք: Նաև կարևոր է նշել կրթահամալիրի ամենատարբեր միջոցառումների ձևավորումները, որոնք արագ լուծումներ են պահանջում: Դրանք լավ առիթ են դպրոցի ստեղծագործող արվեստագետների և սովորողների համար` կիրառելու անսովոր հնարքներ և հետաքրքիր ստեղծագործական միջոցներ: Արդյունքում նոր բացահայտումներ են առաջանում և դառնում ոգևորության աղբյուր նորանոր ստեղծագործություններ իրականացնելու համար:

Իսկ որտեղ նոր մտքեր և գաղափարներ` այնտեղ նոր գործիքների յուրացման պահանջներ և կիրառման նոր մեթոդներ:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский