Ազգայնականության ավարտը, կամ արցախյան էյֆորիան զիջում է

Սույն հրապարակախոսություն-հոդվածը շարունակությունն է  նախորդ երկու` «Մենք փողոցայի՞ն ազգ ենք» և  «Հրապարակի ուսումնական գործառույթները» հոդվածների, որոնցում ես անդրադառնում էի հրապարակի ուսումնական գործառույթներին:  Վերը նշված հոդվածներում ես անդրադառնում էի այն խնդիրներին, թե ի՞նչ կարելի է սովորել հրապարակից,  ցույցային գործընթացից:  Պետության կայացման ի՞նչ մոդելներ կան: Ի՞նչ ուսումնական գործառույթներ և ուղղություններ ունի հրապարակը: Այս խնդիրներին անդրադառնալով տեսական մասով` կարծում եմ, հարկ է, որ սեփական օրինակով ցույց տամ սովորողներին, թե ինչպես կարելի է առկա նյութի հիման վրա դիտարկումներ և եզրահանգումներ անել հրապարակային գործընթացներից:

Պատահական չէ նաև վերնագրում առկա «ազգայնականություն» բառը, որն այս դեպքում ավելի շուտ հասկացություն է, ունի բացատրության կամ բացելու կարիք:

Այսպես. հասարակական գիտության կողմից առ այսօր տրված չէ ազգայնականության միասնական, ընդունված սահմանում. կա շփոթ՝ ազգայինի, ազգայնականության և ազգայնամոլության: Այս հոդվածի շրջանակում չեմ սպառնում հստակ սահմանում տալ կամ վերացնել շփոթը:

Ըստ ազգայնականության հայտնի տեսաբան Է. Սմիթի՝ ազգայնականությունը լինում է երկու հիմնական տեսակի՝ տարածքային և էթնիկ: Տարածքային ազգայնականությունը հիմնվում է քաղաքացիության հայեցակարգի վրա, իսկ էթնիկը՝ գենետիկ միասնության: Է. Սմիթն այս երկու տիպերը, իր հերթին բաժանում է երկու ենթատիպերի, որոնք տարանջատվում են մինչանկախացման և հետանկախացման շրջաններին բնորոշ դրսևորումներով: Այսպես` տարածքային ազգայնականության երկու ենթատիպերը.

  • մինչանկախացման շրջանի տարածքային ազգայնականությունը նպատակ ունի օտար նվաճողներին վտարելու սեփական տարածքից, ստեղծելու  նորազգային պետություն: Այս ազգայնականությունը կրում է հակագաղութային բնույթ.
  • հետանկախության շրջանի տարածքային ազգայնականության նպատակն է ստեղծել նոր «տարածքային ազգ»՝ նորաստեղծ պետականության սահմաններում: Սա ինտեգրացիոն ազգայնականությունն է:

Էթնիկ ազգայնականության երկու ենթատիպերը.

  • մինչանկախացման շրջանի էթնիկ ազգայնականությունը հիմնված է էթնիկ և գենետիկ ընդհանրության հայեցակարգի վրա, նպատակ ունի անջատվելու խոշոր քաղաքական միավորումից  և սեփական տարածքում հիմնելու նոր քաղաքական «էթնո-ազգ».
  • հետանկախության շրջանին բնորոշ էթնիկ ազգայնական շարժումների հիմքում նույնպես ընկած է էթնիկ և գենետիկ ընդհանրության հայեցակարգը, բայց նպատակ ունի արդեն գոյություն ունեցող պետական միավորման տարածքից դուրս ապրող իրեն ազգակից խմբերին ներառելու իր կազմի մեջ՝ ստեղծելով մեկ հզոր ազգային պետություն: Այս ազգայնականությունը կոչվում է նաև համաազգայնականություն, օր.՝ համաթուրքականություն, համասլավոնականություն և այլն (այս շարքում կարելի է ներառել նաև քարոզվող՝ Հայկական աշխարհ կամ նմանատիպ գաղափարները: Վ. Թ.):

Այս համատեքստում, եթե փորձենք տարանջատել ազգայնականությունն ազգայնամոլությունից, ապա կարող ենք ստանալ զուտ ազգասիրական միտում կամ, որ ավելի ճիշտ է դնել բառի բացման հիմքում, «ազգասիրական մոտիվացիա»: Չպնդելով Սմիթի կողմից առաջ քաշված բոլոր մոտեցումները, այնուամենայնիվ հարկ եմ համարում փաստել, որ նրա բնորոշումների մեծ մասը կարծես տիպական են մեր հասարակության համար: Այսպես.

  • ազգայնականության վերջին դրսևորումները մեզանում ի հայտ եկան Արցախյան ազատագրական շարժման հողի վրա.
  • ԽՍՀՄ փլուզման և անկախացման փուլում:

Այստեղ մեկ շեղում: Անկախ այն հանգամանքից, թե ԽՍՀՄ կործանման վերաբերյալ, տարբեր տեսաբաններ և վերլուծաբաններ ինչ պատճառներ և գործոններ կնշեն, ամեն դեպքում, ես հակված եմ կարծելու, որ ԽՍՀՄ, ինչպես և շատ այլ կայսրությունների կործանման գլխավոր պատճառն ազգային հարցն է:

Շարունակելով այդ թեման` շարժվենք առաջ: Չնայած այն հանգամանքին, որ շատ հեղինակներ նշում են, թե մեզանում ազգային զարթոնքը վաթսունականներն են, ամեն դեպքում, այդտեղ ազգային զարթոնքի կամ ազգայանակության առաջացման լուրջ հետքեր չենք տեսնում: Անցյալի ողբերգության գովազդումն առանձնապես չի կարելի կապել ազգային զարթոնքի հետ: Իրական զարթոնքը և դրանից բխող ազգայնական դրսևորումները նկատվեցին հենց ութսունականների վերջին, երբ այդ զարթոնքը դրսևորվեց նաև մշակութային ազգայնականության հենքի վրա (սա առանձին թեմա է, ուստի չեմ ծանրանա):  Շարժման գլխավոր հանգույցը Սմիթի նշած տարածքային ազգայնականության առաջին ենթատիպն է՝ մինչանկախացման շրջանի տարածքային ազգայնականությունը նպատակ ունի օտար նվաճողներին վտարելու սեփական տարածքից, ստեղծել նորազգային պետություն: Այս ազգայնականությունը կրում է հակագաղութային բնույթ:

Այս կետը մեզանում հաջողվեց: Իսկ դրսևորումների գործընթացն սկսվեց հրապարակից: Նույն մոտեցման երկրորդ ենթատիպը մեզանում քարոզվեց ազգայնական համարում ունեցող ուժերի կողմից, որոնք սակայն ներկայիս աշխարհքաղաքական իրադրության պայմաններում սնանկ են և որևէ իրական հիմքից զուրկ: Այստեղ կուզենայի անդրադառնալ այն հանգամանքին, որ բնավ կարիք չկա ազգայնականությունը վերագրել միայն այն ուժերին, որոնք իրենք են իրենց այդպիսին համարում: Օրինակ` ՀՀՇ-ն այդ փուլում, չնայած իրեն հռչակում էր ազատական գաղափարներ կրող կուսակցություն, բայց իշխանության եկավ հենց ազգայնականության հողի վրա:

Ընդհանրապես, իշխանության վերարտադրությունը մեզանում տեղի է ունենում հոդվածի վերնագրում նշված Ղարաբաղյան էյֆորիայի1 հիման վրա: Բոլոր երեք նախագահները և մինչ օրս իշխանության կրողները այս կամ այն կերպ առնչվում են Արցախյան հարցի փուլում առաջացած ազգայնականության պլատֆորմի հետ:

Իսկ ինչու՞ է մեռնում ազգայնականությունը, կամ Արցախյան էյֆորիան զիջում է: Օրերս Ազատության հրապարակում Արցախյան պատերազմի մի խումբ մասնակիցներ քաղաքացիական նախաձեռնության շրջանակում հանրահավաք էին հրավիրել և պահանջում էին իրենց վիճակի բարելավում: Այստեղ առաջ եկավ սոցիալական գործոնը: Սոցիալականն այս դեպքում, նեղ իմաստով, հակադրվում է գաղափարական գործոնին: Դեռ որոշ ժամանակ առաջ վերաբերմունք կար, այսպես կոչված, «կռված տղերքի» նկատմամբ: Իսկ ազգայնական հովերով տարված երիտասարդական խմբավորումները գնում էին նրանց հետևից: Բայց, օրվա իրադարձությունները, որոնք ծավալվում էին Ազատության հրապարակում, ցույց տվեցին հետևյալը.

  • խիստ նոսր հանրահավաք. մոտ երկու հարյուր մարդ.
  • հասարակական աջակցության բացարձակ բացակայություն.
  • անցորդների, լավագույն դեպքում, կրավորական, երբեմն էլ ծաղրական պահվածք:

Հավաքվածներին մի ժամանակ առաջնորդել էին այդ ազգայնական գաղափարները, որոնց հիմքի վրա նրանք մասնակցել էին վերոնշյալ գործընթացին: Բայց երբ առաջ է գալիս սոցիալական խնդիրը, մարդիկ մոռանում են գաղափարականը: Այստեղ չենք փնտրում մեղավորներ: Քայլերն այս համատեքստում արդարացված են: Կոչերում և ելույթներում նրանք առավելագույնս անկեղծ էին: Մարդիկ փող էին ուզում՝ հացի, տրանսպորտի: Բայց միևնույն ժամանակ, ելույթ ունեցողներից մեկը, չզլացավ հայտարարելուց, որ չփորձեն հանկարծ փակել իրենց բերանը մի քանի պատառ շպրտելով: Հետևությունները թողնում եմ ընթերցողին:

Այսպիսով.

  • Չկային այն տարրերը, որոնք կարող էին և պարտավոր էին աջակցել Արցախ ազատագրած և Արևմտյան Հայաստանն ազատագրել պատրաստվող իրենց եղբայրներին կամ ավագ եղբայրներին: Ազգայնականությունը մեզանում չի դրսևորվում պետականաշինության քայլերով կամ նման նկատառումներով: Մեծ մասով այն դրսևորվում է հնարավորինս շատ հայհոյելով ադրբեջանցիներին կամ թուրքերին։
  • Արցախյան էյֆորիան արդեն վաղուց զիջել է իր դիրքերը։
  • Հաջորդ ընտրություններում կունենանք նախագահ, որը անմիջական կապ չի ունենա Արցախյան շարժման հետ:
  • Ցանկացած երեխա սիրում է հեքիաթներ, բայց այդ հեքիաթները հաճելի են, երբ փորը կուշտ է, իսկ տակը՝ չոր:
  • Գաղափարներով ազգեր չեն բավարարում և միայն գաղափարներով պետություն չեն կառուցում: Զուր չէ այն իտալական ճշմարտությունը, որն ասում է. «Մենք ստեղծեցինք Իտալիան, մնում է ստեղծենք իտալացիներին»։

Լալայան Մ., Ազգայնականություն, Եր, 2012 (noravank.am):
Геллнер Э., Нации и национализм, М., 1991.
Ренан Ж. Э., Что такое нация, Л., 1982.
Смит Э. Д., Национализм и модернизм, M., 2004.

1Էյֆորիա-օտարամուտ տերմին է, որը կիրառվում է ռուսական կամ ամերիկյան միջավայրում: Այն կիրառվում է սովորաբար թմրադեղերի կամ այլ միջոցների հոգեբանական ազդեցությունը ներկայացնելու համար, որը ներառում է թմբիրի վիճակ՝ զուգորդված  խաղաղությամբ, թաքնված կամ չափավոր ուրախությամբ՝ հաճույքի գերակայությամբ, ինքնավստահությամբ, որը բերում է հանգստի: Սակայն որոշ հեղինակներ այն կիրառում են նաև գաղափարական առումով, որպես մտավոր թմբիրի տեսակ ՝ Ջովաննելի, Պրեյսի, Տակոր և այլն: Սույն հոդվածում այն կիրառվում է որպես գաղափարական թմբիր (ծանոթությունը` Վ.Թ.):

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский