Երևանը` մշակութային կենտրոն

Այս հետազոտությունը նվիրված է  Երևան - մշակութային կենտրոնին: Ուսումնասիրության շրջանակն իր մեջ ներառում է մշակույթ հասկացությունը լայն առումով: Այն իր մեջ ներառում է բազմաթիվ ուսումնական բաղադրիչներ, որոնք վերաբերվում են ինչպես դաշտային նյութերի հետ աշխատելու փորձին, այնպես էլ տեսական մասով վերլուծություններ անելու հմտություններին: Հետազոտության շրջանակներում ներառված խնդիրները և նկարագիրը կիրառելի են պատմություն, մշակութաբանություն, ազգագրություն, սոցիալ-մշակութային մարդաբանություն դասընթացների համար: Այն կարող է լինել օգտակար նաև արվեստ և երգ դասավանդողների համար, քանի որ խոսվում է  քաղաքային մշակույթում նաև այդ ոլորտների  արտահայտչաձևերի վերաբերյալ` որպես մշակույթի նեղ կիրառության մաս: Հետազոտությունը կարող է հետաքրքրել նաև «Սոցիոլոգիա» դասընթացն ուսումնասիրողներին, քանի որ առկա է վիճակագրական նյութ: Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ հետազոտության ընթացքում կիրառվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ վիրտուալ միջավայրը, հատկապես ժամանցային մշակույթի ուսումնասիրման մեջ: Վերջում հավելենք, որ սույն հետազոտության հետ ծանոթացողները կամ առնչվողներն ուղղակի կրողն են այն մշակութային միջավայրի, որի մասին կխոսվի այս շարքի շրջանակում:

Անկախացումից հետո այս խնդրին նվիրված համապարփակ ուսումնասիրություն  չկա: Այնինչ, հաշվի առնելով վերջին քսան տարիների հայտնի գործընթացները` Հայաստանյան բնակչության մեծ մասի կենտրոնացումը Երևանում և այլն, խնդիրն առավել քան կարևորվում է:

Քաղաքի ուսումնասիրությունն արդի ազգաբանության/մարդաբանության հիմնական հետազոտական խնդիրներից է: Ուսումնասիրության մեկնակետերն ու հիմնական հարցադրումները տարբեր են, սակայն քաղաքը` որպես ուրույն, դինամիկ զարգացող ու փոփոխական սոցիոմշակութային օրգանիզմ, ազգաբանության հետազոտությունների կարևոր  օբյեկտ է, քանի որ ընձեռում է էթնոմշակութային կարևորության տարբեր հարցերին պատասխանելու հնարավորություն (Երևան, գիտական հոդվածների ժողովածու, հ. 2-րդ, Գաբրիելյան Մ. «Երևանի ազգաբանության վիճակն ու խնդիրները», էջ 25, Եր., 2009թ.): Կոնկերտ այս պարագայում, խնդիրների շրջանակը բավականին լաjն է վերցված:

Երևանի, որպես մշակութային կենտրոնի վերաբերյալ ուսումնասիրությունների շրջանակը 

Ա. Պրոֆեսիոնալ մշակույթ. կինո, թատրոններ, թանգարաններ և այլն: Այս դեպքում հարկ է անդրադառնալ վերոնշյալ մշակութային օբյեկտների ենթադրվող դերին և իրական գործածությանը: Դրանք իրենց մեջ ներառում են ֆունկցիաների վերափոխումներ:

Բ. Ժամանցային մշակույթ. սա թերևս բավականին բարդ և հում դաշտ է: Դա պայմանավորված է մինչ այս պահը ուսումնասիրված չլինելով, ինչպես նաև այս ենթամշակույթում սոցիալ-մասնագիտական և սեռատարիքային բազմաթիվ խմբերի ընդգրկվածութամբ: Անհրաժեշտ է այդ խմբերի իրական վիճակի և ընկալումների որոշակի հետազոտություն:

Խորհրդահայ ազգագրությունն ունի քաղաքի ազգագրության ուսումնասիրման ավանդույթներ: Հեղինակների խմբային ջանքերով հրատարակվել է Երևանի բնակչությանը վերաբերվող ուսումնասիրությունը, որը ոչ միայն Հայաստանում, այլ նախկին ԽՍՀՄ-ում քաղաքի էթնոսոցիոլոգիական հետազոտության ամենահաջողված փորձերից է (Население Еревана: Этносоциологическое исследование, Ер., 1986.):

Խորհրդային շրջանում քաղաքների ազգաբանության ուսումնասիրությունը վերաբերում էր քաղաքայնացման գործընթացներին ու դրանց ազդեցություններին, քաղաքային մշակույթի ձևավորման ընթացքի ու առանձնահատկություններին, նոր միջավայրում սոցիալական, մշակութային, հոգեբանական  ադապտացիայի խնդիրներին ու այլ հարցերի: Գաղափարաքաղաքական իրավիճակից ելնելով` որոշ դեպքերում քաղաքային մշակույթի ձևավորման ընթացքը ներկայացվում էր հիմնականում դրական երանգով, անտեսվում էին ադապտացիայի բարդությունների խնդիրները, ուշադրություն չէր դարձվում այնպիսի հարցերի, ինչպիսիք են քաղաքակայնացման գործընթացների հետևանքներն ու ազդեցությունները բնակչության սեռատարիքային ու սոցիալ-մասնագիտական կառուցվածքի փոփոխությունների վրա:          

Հայաստանի անկախացմամբ էապես փոխվեց ազգաբանական հետազոտությունների ուղղվածությունն ու առարկայական շրջանակը: Ի հայտ եկան խնդիրներ, որոնցով ազգագրագետները խորհրդային շրջանում չէին զբաղվում (աղքատության, սոցիալական անհավասարության, ունեցվածքային բևեռացման և այլ հիմնախնդիրներ):

Հասարակական, մշակութային ու հոգեբանական իրողությունների նոր ուսումնասիրությունը պահանջում է հստակեցված մեթոդաբանություն, տեսական հարցադրումների նոր շրջանակ, հետազոտական նոր մեթոդների ու մոտեցումների կիրառում (Գաբրիելյան Մ., էջ 26):                                                                       

Գ. Երևանյան մշակութային տարածքի կազմակերպումը, խտությունը, ֆունկցիաները, վերափոխումները, կենտրոն ծայրամաս հարաբերակցությանը: Երևանը, որպես դինամիկ զարգացող քաղաք, համեմատաբար նոր երևույթ է: Երևանյան մշակութային տարածքի ձևավորումը հեղհեղուկ վիճակում է, և դեռևս հստակեցված չեն կենտրոն-ծայրամասեր  փոխառնչակցության խնդիրները:

Դ. Երևանը որպես մշակութային կենտրոն: Վերը նշվածից զատ` խնդիր կա երևանյան մշակութային կենտրոնի ընկալումների շուրջ: Ուսումնասիրության լուրջ խնդիր կա կապված այս հարցի շուրջ առկա երևանյան ընկալումների և դրսից ընկալումների հետ, որոնք ունեն ինչպես համպատասխանություններ, այնպես էլ կոնֆլիկտներ:

Ե. Վիճակ և զարգացումներ: Սա ենթադրում է արդի վիճակի զարգացումների ընդգրկուն ուսումնասիրություն, կապված վերջին շրջանի ժողովրդագրական փոփոխությունների հետ: Այս առումով առանցքային է երևանյան հասարակության տիպաբանությունը և դրանում առկա հակասությունները (երևանցիներ, երևանի բնակիչներ, կենտրոն, շրջան): Տվյալ դեպքում երևանյան հասարակության մի հատվածը` իրենց երևանցիներ համարողները, ունեն կողմնորոշման խնդիր: Սա առավել քան բարդացնում է ստեղծված իրավիճակը և այս առումով այն սերտ աղերսներ ունի մշակութային նկարագրի հետ:

Երևանի ներկայիս մշակութային խառնարանային վիճակն ունի ինչպես իր օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառները: Այս պատճառների շարքում, թերևս հարկ է առաջնային անդրադարձ կատարել վերջին մեկ դարում Երևանի բնակչության թվի կտրուկ փոփոխությանը:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский