Վրաց-աբխազական և վրաց-հարավօսեթական հարաբերությունները 1989-1991 թթ.

Խորհրդային Միության փլուզման գործընթացը, որի առիթը Գորբաչովի կողմից իրականացվող վերակառուցման գործընթացն էր, առաջ բերեց ազգային հիմնահարցի սրում ողջ կայսրության տարածքում: Միության մեջ գոյություն ունեցող էթնիկական և տարածքային չլուծված հակամարտությունները նորից օրակարգի հարց դարձան: Հարավային Կովկասում ժամանակ առ ժամանակ վերաբացվող այս էթնիկական ու տարածքային հակամարտություններն անշուշտ իրենց վրա կրում են աշխարհաքաղաքական կնիքն այն փոփոխությունների, որոնք տեղի են ունենում ողջ տարածաշրջանում և, որպես օրինաչափություն, կապված են Ռուսաստանի հետ: Պատմական գործընթացը հաճախ կրկնվում է, եթե դրա համար կան համապատասխան նախադրյալներ ու առիթներ, իսկ պատճառը դեռևս վերացված չէ: Եթե 1918-1921 թթ. Կովկասյան տարածաշրջանում բռնկված էթնիկական հակամարտությունները ցարական Ռուսաստանի քայքայման արդյունքն էին, ապա 1990-ականների սկզբներին Կովկասում ի հայտ եկած էթնիկական նոր ճգնաժամը պայմանավորված էր ԽՍՀՄ-ի թուլացմամբ և որոշ ժամանակ անց` փլուզմամբ: Խորհրդային Միության դաշնային բնույթը հիմնված էր էթնոտերիտորիալ բաժանման սկզբունքի վրա: Գոյություն ուներին ինչպես ԽՍՀՄ լիիրավ անդամ ազգային պետություններ, այնպես էլ ինքնավարություններ, որոնք կցված էին այս կամ այն պետությանը: Այսպիսի ինքնավարությունները փաստացի չլուծված հակամարտությունների օջախներ էին, որոնք համապատասխան նախադրյալների առկայության պարագայում անպայման բորբոքվելու և վերաճելու էին միջէթնիկական բախումների: 
Ահա այսպիսի հակամարտություններից երկուսը բաժին ընկան Վրաստանին` անկախ պետականության վերականգնման դժվարին ճանապարհին: Խոսքը վրաց-աբխազական և վրաց-հարավօսեթական հակամարտությունների մասին է:
Դեռևս անկախության համար մղվող պայքարի շրջանում Վրաստանի ազգային շարժման ղեկավարները, մասնավորապես Զ. Գամսախուրդիան և նրա թիմակիցները, հստակորեն դրսևորեցին իրենց քաղաքական կեցվածքը երկրի տարածքում ապրող էթնիկական փոքրամասնությունների հանդեպ: Այս երևույթը Վրաստանի նման էթնիկապես ոչ միատարր պետության համար անընդունելի էր, եթե հաշվի առնենք, որ Գամսախուրդիան ու նրա թիմակիցները պայքարում էին Վրաստանում ժողովրդավարական տիպի անկախ պետություն ստեղծելու համար: Իրավիճակը էլ ավելի սրվեց, երբ իշխանության անցնելուց հետո Գամսախուրդիան սկսեց գործնականում իրականացնել «Վրաստանը` վրացիներին» կարգախոսը: Պայքարի սկզբնական շրջանում այս կարգախոսը օգնում էր համախմբել վրացիներին ու բարձրացնել նրանց քաղաքական ակտիվությունը: Սակայն 1990 թ. հոկտեմբերի ընտրություններից հետո, երբ իշխանությունն ամբողջովին անցավ Գամսախուրդիայի ձեռքը, նա սկսեց իրականացնել ծայրահեղ ազգայնական ու անհանդուրժողական քաղաքականություն, որը չէր կարող չանդրադառնալ Խորհրդային Վրաստանի կազմում գոյություն ունեցող ինքնավարությունների վրա: Հատկանշական է, որ Գամսախուրդիան բացահայտ հայտարարում էր, որ ապագա անկախ Վրաստանի Հանրապետության կազմում ինքնավարություններ գոյություն չեն ունենալու:1 Նման միակողմանի քաղաքական դիրքորոշումն, անշուշտ, չէր արտահայտում Վրաստանի ԽՍՀ կազմում գոյություն ունեցող ինքնավարությունների ու նրանցում ապրող ժողովուրդների շահերը: Այնպես որ բախումն անխուսափելի էր:
Անդրադառնանք վրաց-աբխազական հակամարտությանը: Ամբողջ Խորհրդային Միությանը համակած ազգային շարժման ալիքից Աբխազիան անմասն մնալ չէր կարող: Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Աբխազիայում ազգային շարժումը գլխավորեցին մտավորականները, ովքեր առաջինն էին հասկացել ողջ կայսրությունում, ինչպես նաև Վրաստանում ստեղծված իրավիճակը, և միջոցներ ձեռնարկեցին ազգային համախմբման համար: Մտավորականության կողմից կարևոր նպատակ էր դիտվում միասնական, համազգային կազմակերպության ստեղծումը, որը կարող էր իր ուսերին կրել աբխազ ժողովրդի անկախության պայքարը: Այդպիսի կազմակերպություն դարձավ Ազգային ֆորումը «Այդգըլարան», որի կազմկոմիտեն ձևավորվեց 1988 թ. դեկտեմբերի 8-ին, իսկ դեկտեմբերի 13-ին Աբխազիայի պետական ֆիլհարմոնիկի դահլիճում տեղի ունեցավ նրա հիմնադիր համագումարը: Կազմակերպության նախագահ ընտրվեց աբխազ հայտնի գրող Ալեքսեյ Գոգուլան:2 Ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Աբխազիայում 1989 թ. դեկտեմբերից սկսեցին կանոնավոր ձևով անցկացվել հակախորհրդային հանրահավաքներ, որոնք կազմակերպում էին Թբիլիսիից Սուխումի ժամանած վրացի ակտիվիստները: Եթե սկզբնական շրջանում Ազգային ֆորումի առաջնորդները այս հանրահավաքներին դրականորեն էին վերաբերում, ապա Վրաստանում ազգային շարժման օրեցօր աճող ալիքը և այս շարժման ղեկավարների հնչեցրած ծայրահեղ ազգայնական հայտարարությունները աբխազ մտավորականության համար անհանգստության առիթ դարձան: Այս ամենի մեջ նրանք հստակ վտանգ էին տեսնում իրենց երկրի ապագայի համար: Իրադրությունն էլ ավելի սրվեց, երբ Վրաստանի ազգային շարժման ղեկավարները սկսեցին հանդես գալ բացահայտ հայտարարություններով, որ Վրաստանի պետական անկախության վերականգնումից հետո պատրաստվում են վերացնել երկրի տարածքում գոյություն ունեցող բոլոր ինքնավարությունները3:
1989 թ. մարտի 18-ին Աբխազիայի Գուդաուդայի շրջանում գտնվող Լիխնի գյուղում Աբխազիայի Ազգային ֆորումի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 30 հազարանոց հավաք: Հավաքը պատահական բնույթ չէր կրում: Առաջիկայում սպասվում էր ԽՄԿԿ Կենտկոմի համագումարը` միության ժողովուրդների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների հիմնախնդրի շուրջ: Այս հավաքի ժամանակ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահ Մ.Ս. Գորբաչովին ուղղված որոշում ընդունվեց: Այս հայտարարության մեջ աբխազ ժողովուրդը կենտրոնական իշխանություններից խնդրում էր վերականգնել Աբխազիայի՝ 1921 թ. ստացած սուվերեն պետության կարգավիճակը Խորհրդային Միության կազմում:4 Այս փաստաթուղթը ստորագրեցին ինչպես Աբխազիայի խորհրդային իշխանությունները, այնպես էլ Աբխազիայի Ազգային ֆորումի ղեկավարությունը: Եթե խնդիրը քննության առնենք ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի լույսի ներքո, ապա աբխազ ժողովրդի միասնական կամքն արտահայտող այս փաստաթուղթը լիովին արդարացված էր: Ազգերը իրավասու են վճռելու սեփական ճակատագիրն ու ընդունելու որոշումներ, այդ թվում` անկախ պետականություն հիմնելու կամ ինքնորոշվելու: Հատկանշական է, որ հենց այս իրավունքի վրա էր հիմնված խորհրդային ժողովուրդների ազգային զարթոնքը: Սակայն նժարի մյուս կողմում դրված էր տարածքային ամբողջականության իրավունքը: Վրաստանը, որ Աբխազիան համարում էր սեփական երկրի անբաժանելի մի մաս, բնավ չէր պատրաստվում համակերպվել այդ տարածքի կորստի հետ: Ինչպես և ակնկալվում էր, փաստաթղթի ընդունումը հանգեցրեց վրաց ժողովրդի զանգվածային բողոքի ալիքի ինչպես Վրաստանում, այնպես էլ Աբխազիայում: Մարտի 25-ին «Իլյա Ճավճավաձեի միության» նախաձեռնությամբ Սուխումիում կազմակերպվեց վրացիների բազմահազարանոց հանրահավաք, որի ժամանակ ընդունվեց Լիխնի գյուղում ընդունված հայտարարությունը քննադատող բանաձև:5 Բանաձևում կոչ էր արվում դադարեցնել Աբխազիայում վրաց ժողովրդի հանդեպ իրականացվող մասսայական ճնշումները: Իսկ Վրաստանի կառավարությանը կոչ էր արվում համարժեք պատասխան տալ Աբխազիայում ստեղծված իրավիճակին, և անհապաղ անցկացնել հանրաքվե` Վրաստանի տարածքում գոյություն ունեցող ինքնավարությունների գոյության նպատակահարմարության շուրջ:6 Նման արձագանքը, անշուշտ, բացառում էր որևէ երկխոսության հնարավորություն, և վկայում էր, որ երկու ժողովուրդների միջև անհանդուրժողականության մթնոլորտն ավելի խոր արմատներ ունի: Խորհրդային Միության տարածքում կողք կողքի խաղաղությամբ ապրող այն ժողովուրդները, որոնք ունեին պատմական չլուծված հիմնախնդիրներ, այդպես էլ չկարողացան վերացնել դրանց պատճառները և հաստատել իսկական բարիդրացիական հարաբերություններ: Առավել ևս, որ ԽՍՀՄ ազգային քաղաքականությունը ոչ մի կերպ չէր նպաստում դրան, և ժողովուրդների բարեկամության կարգախոսը ոչ այլ ինչ էր, քան միության կազմի մեջ մտնող ազգերին ուժով հնազանդեցնելու արդարացումը: 1989 թ. ապրիլի 1-ին գրանցվեց էթնիկական հողի վրա առաջին լուրջ բախումը: Աբխազիայի Բզիբ գյուղում, աբխազ երիտասարդները հարձակվեցին Լեսելիձե գյուղում տեղի ունեցած հանրահավաքից վերադարձող վրացիների ավտոբուսի վրա: Բախման ժամանակ մի քանի մարդ ստացավ մարմնական վնասվածքներ: Թբիլիսին բավական ցավոտ արձագանքեց այս բախմանը: Ապրիլի 2-ին՝ Կառավարության տան դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ, Մերաբ Կոստավան հայտարարեց. «Մենք սև օրեր կբերենք աբխազ անջատողականներին…. թող շնորհակալ լինեն, որ ապրում են մեր հողի վրա»:7  Իր հերթին, Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Դ. Պատիաշվիլին աբխազների ընդունած հայտարարությունը որակեց որպես «հակասահմանադրական»:8 Ապրիլի 9-ի ողբերգական դեպքերը և նրան հաջորդած իրադարձությունները չէին կարող չանդրադառնալ վրաց-աբխազական հարաբերությունների վրա: Աբխազիայի պետական համալսարանում սովորող վրացի ուսանողները, մայիսի 6-ին Սուխումիի թատրոնի դիմաց նստացույց սկսեցին` պահանջելով համալսարանի ռեկտոր Ալեկո Գվարամիայի հրաժարականը, որովհետև սա իր ստորագրությունն էր դրել Լիխնի գյուղում կայացրած որոշման տակ: Մեկ ամիս անց Սուխումիի համալսարանի ուսանողները հանդես եկան նոր պահանջով, այն է` Աբխազիայի պետական համալսարանում բացել Թբիլիսիի պետական համալսարանի առանձին մասնաճյուղ: Այս պահանջին իրենց համերաշխությունը հայտնեցին Վրաստանի ազգային շարժման որոշ գործիչներ: Ստեղծված իրավիճակում Վրաստանի ԽՍՀ Մինիստրների խորհուրդը մայիսի 14-ին ընդունեց որոշում` Սուխումիում բացել Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղ: Հանձնարարվում էր Վրաստանի լուսավորության մինիստրին համապատասխան քայլեր ձեռնարկել որոշումն ի կատար ածելու համար:9  Ի պատասխան այս որոշման, մայիսի 15-ին Սուխումիի կենտրոնական հրապարակում կազմակերպվեց բողոքի ակցիա: Աբխազների այս քայլը որակեցին որպես Վրաստանի կողմից աբխազների ինքնության և ինքնավարության ոտնահարման հերթական փորձ: Իրենց հերթին վրացի ուսանողները մայիսի 19-ին հանդես եկան կոչով` ամսի 26-ին Սուխումիում Վրաստանի առաջին հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպել ջահերով երթ: Չնայած Սուխումիի շրջկոմը արգելեց այդ միջոցառման անցկացումը, սակայն իր որոշումն ի կատար ածել նա չկարողացավ: Մայիսի 21-ին Սահմանադրության հրապարակում անցկացվեց չարտոնված հանրահավաք, որի մասնակիցները առաջ քաշեցին երկու պահանջ. առաջին` Սուխումիում բացել 1989թ. ապրիլի 9-ի զոհերին նվիրված հուշարձան և երկրորդ` կառավարության մակարդակով ընդունել որոշում` վրացական բանակում Աբխազիայի քաղաքացիների պարտադիր ժամկետային ծառայություն անցնելու մասին:10 Մայիսի 26-ին Սուխումիում վրացի ցուցարարները վրացական դրոշներով և Ի. Ճավճավաձեի նկարներով կազմակերպեցին 10-հազարանոց հանրահավաք: Մայիսի 26-ին Աբխազիայի շրջանային կոմիտեն և Մինիստրների խորհուրդը, Գերագույն խորհրդի նախագահությունը ընդունեցին համատեղ որոշում` Աբխազիայի պետական համալսարանը մասնատելու անհնարինության մասին: ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվեց հանձնախումբ, որը պետք է ուսումնասիրեր Սուխումիում ստեղծված իրավիճակը: Հանձնախումբը եկավ այն եզրակացության, որ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, և այն շտկել ի զորու չեն ո՛չ Աբխազիայի և ո՛չ էլ Վրաստանի իշխանությունները:11 Հուլիսի 8-ին Աբխազիայի Ազգային ֆորումը դիմեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահին՝ խնդրելով երկրում անմիջապես մտցնել արտակարգ դրություն: Նույն հուլիսի 8-ին հանձնախումբը Վրաստանի ղեկավարությանը ուղարկեց հեռագիր, որտեղ պնդում էր փոխել Աբխազիայի համալսարանում Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու որոշումը: Հուլիսի 10-ին հանձնախումբը մեկնեց Աբխազիայից՝ վերջնականապես հաստատելով, որ Աբխազիայի պետական համալսարանի մասնատումը նպատակահարմար քայլ չէ: Այս տեսակետը պաշտպանեց նաև ԽՍՀՄ Լուսավորության նախարարությունը: Սակայն հուլիսի 13-ին մոտ 100 վրացի ուսանողներ վերջնագրի ձևով պահանջեցին Սուխումիի շրջկոմի քարտուղարից «Խորհրդային Աբխազիա» թերթում հրապարակել հայտարարություն առ այն, որ հանձնախմբի որոշումը վերջնական լինել չի կարող, և ԹՊՀ-ի մասնաճյուղը կշարունակի գործել:12 Հուլիսի 15-ին Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահության կողմից ընդունվեց որոշում`«Սուխումիի պետական համալսարանում ԹՊՀ-ի մասնաճյուղ բացելու անօրինական փորձի հետ կապված Աբխազիայում միջէթնիկական հարաբերությունների սրման մասին»:13 Փաստաթղթում Աբխազիայի Գերագույն խորհուրդը խնդրում էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդից պարտավորեցնել Վրաստանի ԽՍՀ-ին չեղյալ հայտարարել Սուխումիի համալսարանի մասնատման մասին որոշումը: Չնայած բոլոր ջանքերին ԹՊՀ Սուխումիի մասնաճյուղը հանդես եկավ ընդունելության քննությունների անցկացման մասին հայտարարությամբ: Այս հողի վրա իրավիճակը խիստ լարվեց աբխազների ու վրացիների միջև, լարումն իր գագաթնակետին հասավ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը: Միջէթնիկական բախման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 11 վրացի, 5 աբխազ և մեկ հույն: Վիրավորների թիվը հասնում էր 4448-ի:14 Ստեղծված իրադրությունը հարկադրեց իշխանություններին երկրում հուլիսի 18-ից մտցնել արտակարգ դրություն:15 Այս որոշման համաձայն խոշոր քաղաքներում մարդկանց կուտակումները և անձնական մեքենաներով տեղաշարժվելը, հանրահավաքներ ու երթեր անցկացնելը խստիվ արգելվում էր: ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից այս ողբերգությունը այդպես էլ քաղաքական գնահատական չստացավ:
1990 թ. օգոստոսի սկզբին, Վրաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց օրինագիծ, որն արգելում էր աբխազներին մասնակցել Վրաստանի պառլամենտական ընտրություններին: Դա արվում էր հոկտեմբերին կայանալիք ընտրություններին Աբխազիայի Ազգային ֆորումի մասնակցությունը կանխելու համար: Նույն օգոստոս ամսվա 25-ին Աբխազիայի Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց պետական ինքնիշխանության մասին 15 կետից բաղկացած հռչակագիրը, որով ամբողջ փաստական իշխանությունը երկրում անցնում էր Գերագույն խորհրդին:16 Գերագույն խորհրդի վրացի անդամները հրաժարվեցին մասնակցել այս հռչակագրի ընդունմանը և այն համարեցին հակասահմանադրական: 1990 թ. հոկտեմբերին կայացած պառլամենտական ընտրություններում Գամսախուրդիայի ղեկավարած «Կլոր սեղան - ազատ Վրաստան» բլոկը տարավ տպավորիչ հաղթանակ: Ընտրություններից հետո աբխազական կողմը սկսեց վրացական իշխանություններին բացահայտ հակադրվելու քաղաքականություն վարել: 1990 թ. դեկտեմբերին Աբխազիայի Գերագույն խորհրդի աբխազ պատգամավորները խորհրդի նախագահ ընտրեցին Վլադիսլավ Արձինբային: Այդ օրերին ամբողջ կայսրության մեջ քաղաքական օրակարգի գլխավոր թեման ԽՍՀՄ-ի պահպանման հարցի շուրջ մարտին կայանալիք համամիութենական հանրաքվեն էր: Փետրվարի 28-ին Աբխազիայի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց` մասնակցելու միութենական հանրաքվեին:17 Մարտի 10-ին Վրաստանի Գերագույն խորհրդի նախագահ Զ. Գամսախուրդիան հանդես եկավ աբխազ ժողովրդին ուղղված կոչով, որում ընդգծում էր իր հարգանքը երկու հարևան ժողովուրդների դարավոր բարեկամության նկատմամբ և հնարավոր էր համարում նրանց խաղաղ գոյակցությունը կողք կողքի: Միաժամանակ նա կոչ էր անում չմասնակցել միութենական հանրաքվեին և նպաստել Վրաստանի պետական անկախության կայացմանը: Ինչ վերաբերում է Աբխազիայի իշխանություններին` Վ. Արձինբայի գլխավորությամբ, ապա Գամսախուրդիան նրանց բոլորին անվանում էր դավաճան և գործիք Մոսկվայի ձեռքին:18 Ի պատասխան Վ. Արձինբան հայտարարեց, որ Գերագույն խորհուրդը Աբխազիան դեռևս համարում է ԽՍՀՄ անդամ և պատրաստվում է մասնակցել հանրաքվեին, որը ապահովում է ԽՍՀՄ-ի կազմում ինքնավար պետությունների գոյությունը: Մարտի 17-ին կայացած հանրաքվեին մասնակցեց ընտրողների 52.4%, որից 98.4% կողմ քվեարկեց ԽՍՀՄ-ի պահպանման համար: Գամսախուրդիան սպառնաց վերացնել Աբխազիայի ինքնավարությունը: Որպես հակաքայլ Արձինբան Կրեմլի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց` Մերձբալթիկայում տեղակայված ռուսական դեսանտային գումարտակն Աբխազիա տեղափոխելու մասին: Ստեղծված իրադրության պայմաններում Աբխազիայի կողմից հանրաքվեին մասնակցելը, նաև երկրի տարածքում ռուսական դեսանտային գումարտակի տեղակայումը ազդու միջոցներ էին Վրաստանին բացահայտ ռազմական գործողություններից հետ պահելու համար: Նախ և առաջ, եթե Աբխազիան հրաժարվեր հանրաքվեին մասնակցելուց, կամ հանրաքվեն տապալվել, կնշանակեր, որ ինքը չի ընդունում խորհրդային Միության հետագա գոյության փաստը: Դրանով Աբխազիան փաստացի հայտնվում էր օդից կախված վիճակում: Այսպիսի պայմաններում, նա ստիպված էր հռչակել սեփական պետական անկախությունը կամ գոնե հայտարարել անցումային շրջանի մասին, որով առաջին հերթին իր դեմ էր հանում Վրաստանը, երկրորդ` զրկվում էր Կրեմլի աջակցությունից: 
Երկրի կայունացման համար հաջորդ կարևոր քայլ էր դիտվում Գերագույն խորհրդի ընտրությունների կազմակերպումը: Ի սկզբանե այս ընտրությունների համար օր էր նշանակվել սեպտեմբերի 22-ը: Արդեն 1991 թ. հուլիսի 20-ին Աբխազիայի Գերագույն խորհուրդը ստեղծեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով և որոշեց նրա կազմը: Օգոստոսի 15-ին կայացավ Աբխազիայի Գերագույն խորհրդի հերթական նիստ, որում քննության էր դրված Աբխազիայի Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների անցկացման օրինագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ամսի 27-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց օրինագիծ, որը բաղկացած էր 12 կետից: Ի սկզբանե Աբխազիայի կողմից առաջարկվում էր ընտրել երկպալատյա պառլամենտ, որը կազմված էր լինելու հանրապետության խորհրդից (տարածքային բաժանմունքներից ընտրված պատգամավորներ) և ազգությունների խորհուրդից` ընտրված Աբխազիայի 5 ազգությունների ներկայացուցիչներից` աբխազներ, հայեր, վրացիներ, ռուսներ, հույներ: Սակայն Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից այս առաջարկությունը կտրականապես մերժվեց: Ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ընթանում էին բավական լարված մթնոլորտում: Ընտրությունների առաջին փուլը կայացավ սեպտեմբերի 29-ին, որի արդյունքում հնարավոր եղավ ընտրել 36 պատգամավոր 65-ից: 12 ընտրատարածքներում ընտրությունները չկայացան ընտրողների չներկայանալու պատճառով: Թեկնածուներից 17-ը չէին հավաքել քվեների 50%-ից ավելին: Հոկտեմբերի 13-ին 17 ընտրատարածքներում կայացավ ընտրությունների երկրորդ փուլը, իսկ դեկտեմբերի 1-ին՝ լրացուցիչ փուլ: Արդյունքում ընտրվեցին 59 պատգամավորներ` 27 աբխազներ, 21 վրացիներ և 11 այլ ազգությունների ներկայացուցիչներ:19

Թեմայի շարունակությունը՝ հաջորդ հոդվածում։

Գրականության ցանկ

  1. Etnik fırtına // Milliyet, 19.11.1990
  2. Абхазский Узел; документы и материалы по этническомуконфликту в Абхазии. Вып. 2. Народный форум «Аидгилара» и его союзники. 1989-1990 г.г. Составитель и ответственный редактор М. Ю. Чумалов. М., 1995,  с. 190-193.
  3. А. Ф. Авидзба Отечественная война (1992—1993 гг.). Вопросы военно-политической истории Абхазии, Сухум, 2008 г, с. 26.
  4. “Постановление собрания представителей абхазского народа в селе Лыхны”// Советская Абхазия, 20.03.1989. 
  5. გიორგი ამჩაბაძე, ქართველები და აფხაზები. ისტორია და თანამედროვენი თბილისი 2009. გ. 48:
  6. Նույն տեղում
  7. “Новый спеск грузинского национализма” // Советская Абхазия, 03.04.1989.
  8. “Обращения первого секретая ЦК КП Д. Патиашвили”. // Зарья Востока, 13.04.1989 г. 
  9. Региональные конфликты в Грузии – Юго-Осетинская автономная область, Абхазская АССР (1989 – 2005). Сборник политико-правовых актов.Тбилиси, 2005. С. 5.
  10.  Важная веха в истории Абхазии (сост. Сагария Б. Е.). Сухум. 2002. С. 3.
  11. Шамба Т. М., Непрошин А. Ю. Абхазия: правовые основы государственности и суверенитета. М., 2004. С. 146:  
  12. "წერილი დანიშვნის გამოცდების იმ ფილიალი თბილისის სახელმწიფო უნივერსიტეტი", საბჭოთა აფხაზეთი, 15.07.89
  13. Конфликты в Абхазии и Южной Осетии. Сборник документов 1989-2006 гг. М., 2008. С. 92-94.
  14. В. Чирикба. Советская Абхазия в 1921 - начале 1991 г. // Абхазы. М., 2007. С. 98.
  15. “Постановление президиума Верховного Совета и Совета министров Абхазской АССР о введении особого режима поведения граждан на всей территории Абхазской АССР”// «Советская Абхазия». 20.07.1989. 
  16.  Декларация о государственном суверенитете Абхазской Советской СоциалистическойРеспублики //«Советская Абхазия». 28.08.1990.
  17. Конфликты в Абхазии и Южной Осетии. Сборник документов 1989-2006 гг. М., 2008. С. 107-108.
  18. “Обращение к абхазскому народу” // Вестник Грузии. 12.03.1991,  \
  19. “Аидгылара” № 12, декабрь 1991 г. 

 

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский