Ուսուցման նախագծային մեթոդ

Կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում աշխատելիս սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ: Նրանք ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում և տանը՝  առկա, առցանց կերպով, կազմակերպում են նախագծի կատարման աշխատանքները: Որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ՝ տեսանյութ, աշխատանքի ցուցադրություն, համակարգչային ծրագրի յուրացում, հետազոտության փորձ և այլն: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է  դասավանդողի կողմից, ով առկա և առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Նախագծային աշխատանք կատարելը հարմար է հատկապես նախագծեր իրականացնելիս, որովհետև ժամանակ կա ուսումնասիրություն անելու։ 

Վերջնական արդյունքները հրապարակվում են դպրոցի կայքի «Նախագիծ» ենթաբաժնում, ենթակայքում, սովորողների բլոգներում:

Անցյալ տարվա քիչումիչ փորձն ունենալով՝ արդեն այս տարի «Վիկտոր Համբարձումյան» նախագիծն իրականացվեց բացառապես բլոգների միջոցով: Ինչո՞ւ բլոգների, որովհետև հատկապես նախագծային աշխատանքի ընթացքում բլոգները՝ որպես կրթական գործիքներ, շատ հարմար են. կատարված աշխատանքը, ամբողջական փաթեթի տեսքով, տեսանելի է ու թափանցիկ: Բնականաբար, աշխատանքի ընթացքում կարիք զգացվեց հստակեցնելու սովորողի բլոգի վարմանը ներկայացվող պահանջները: Ահա դրանք.

  • տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի.
  • նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով. կոպիտ ուղղագրական-կետադրական սխալներ, ընդհանուր առմամբ, չկան, տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական նշաններից և ինտերնետային այլևայլ սիմվոլներից.
  • զգացվում է համացանցային մշակույթի առկայություն. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:

Նախագծին  ներկայացվող պահանջներ
Նախագիծը պիտի ունենա. 

  • թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
  • աշխատաքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
  • աշխատանքի վերջնաժամկետ
  • ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)։

Նախագիծն իրականացնելիս պարզվեց, որ պիտի հստակեցվի նաև սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները: Ահա դրանք.

  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
  • ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
  • կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու առնվազն փորձ։

Ինչպես սկսել նախագիծը

Նախագիծը սկսվում է մասնակիցների մոտիվացիայից։ Մասնակիցներին հնարավորոթյուն տվեք զգալու՝ ինչ ասել է իսկական թիմ, գրի առեք և քննարկեք  յուրաքանչյուր մասնակցի արտահայտած գաղափար կամ միտք: Նախագծային աշխատանքներ իրականացնելու ընթացքում այդ երկխոսությունը անհրաժեշտ պայման է։

Սովորողի կարծիքը հաշվի առնելը սկզբունք է, որն անպայման հարկավոր է հաշվի առնել։ Սովորողների հետ միասին աշխատանքային ուղեցույց ստեղծեք, աշխատեք համատեղ ստեղծված աշխատանքային կանոնների համաձայն: Ընդհանուր համաձայնության եկեք աշխատանքի ընթացքում առաջացած դժվարությունները հաղթահարելիս։ Հաշվի առնելով մասնակիցների նախասիրություններն ու բնական հատկությունները՝  կատարեք աշխատանքի հնարավորինս հստակ բաժանում։

Նախագծի  ղեկավարը  կատարում է նախագծի նախնական պլանավորում, ապահովում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը, տալիս է համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ նախնական տեղեկություն: Հետևում է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին է հասցնում նախագիծը՝  վերջնական արտադրանքի տեսքով:

Առարկայական  ուսուցիչն  ապահովում է մասնագիտական խորհրդատավություն սովորողին: Օգնում է  որոնել տեղեկատվական գրականություն, այլ նյութեր, մեդիանյութեր, օգնում է կոնկրետ հարցեր լուծելիս առաջացած դժվարությունները հաղթահարել, փոխանցել համապատասխան հմտություններ: Օրինակ՝ «Վիկտոր Համբարձումյան» նախագծի աշխատանքի ընթացքում, երբ 9.2 դասարանի Էրիկն ու Զավենը առաջադրանք ստացան Համբարձումյանի «Կտակը» դիտարկել որպես իրավաբանական փաստաթուղթ, կարիք զգացվեց դիմելու տիար Տիգրանյանի խորհրդատվությանը:

Նախագծային աշխատանքը հետաքրքիր է նաև նրանով, որ ընդհանուր գործ կատարելիս սովորողներն էլ ավելի են մտերմանում, փորձում են օգտակար լինել իրար, ընկերանում են, իրար ուսումնասիրում-բացահայտում են, իրարից սովորում են, գնահատում են «ընկերություն» կոչվածը, հասկանում են դրա առավելությունները: Մի խոսքով՝  նախագծի վրա աշխատելու ընթացքում առավել ցայտուն են դառնում սովորողի ունակությունները:

Նախագծային աշխատանքի առաջին փուլ

Ստեղծվում են աշխատանքային խմբեր: Նախագիծը իրականացնում են խմբով, անդամների միջև աշխատանքի բաժանում է լինում, խումբը ունենում է ղեկավար, որը նաև համակարգում է մյուսների աշխատանքը: Նախագծի կատարումը վերահսկելու համար կազմում են աշխատանքային ժամանակացույց՝ միջանկյալ արդյունքներով.

  • գրանցվում են արդյունքին ներկայացվող պահանջները.
  • նախագծի խնդիրները արդյունքին հասնելու ճանապարհին հանդիպող դժվարություններն են։

Աշխատանքի երկրորդ փուլ

  • նախագծի իրականացման ընթացքում կատարվում են հետազոտական աշխատանքներ
  • նախագծի արդյունքի ներկայացում (արդյունքը պետք է ունենա հասարակական արժեք)
  • աշխատանքների գնահատում
  • ստացված արդյունքի համապատասխանությունը սկզբնական պահանջներին։

Աշխատանքի երրորդ փուլ

  • նախագիծը ենթադրում է վերանայում
  • ծրագրի կիրառման արդյունքում նկատված թերությունների, ստացված դիտողությունների, առաջարկությունների քննարկում և համապատասխան փոփոխությունների կատարում

Կատարված աշխատանքի ներկայացում

Սովորողը պիտի կարողանա ներկայանալ և ներկայացնել.

  • համառոտ նկարագրել կատարված աշխատանքը` ինչ խնդիր են դրել, ինչու են ընտրել հենց այդ թեման, ինչպիսին է աշխատանքի արդյունքը, որն է նախագծի արդյունավետությունը.
  • խոսել նախագծի ընթացքում ծագած դժվարությունների և աջակցությունների մասին. պետք է հիմնավորել՝ աշխատանքի ընթացքում ինչն են համարում անարդյունավետ, իսկ ինչը՝  օգտակար.
  • վերաբերմունք արտահայտել` կոնկրետ ներկայացնողի համար որքանով է օգտակար այդ նախագծին մասնակցելը, ինչ սովորեց, ինչը ճշտեց, ինչ է կարողանում ավելի լավ անել աշխատանքը կատարելուց հետո, ինչը ինքը կկիրառի հետագայում:

Իրական նախագծային աշխատանքի արդյունքում սովորողները ձեռքբերում պիտի  ունենան՝ միասին ստեղծելով շոշափելի արդյունք։

Դասավանդողը սովորողների հետ միասին, նախագծերի արդյունքում, ուսումնական տարվա ընթացքում ստեղծում է ուսումնական նյութեր, առաջադրանքների և հարցաշարերի շտեմարան, ուղեցույցներ, ուսումնական մեդիափաթեթներ, ուսուցման այլ նյութեր, տեսանյութեր՝ դրանք հրապարակելով  բլոգում, որպեսզի հասանելի լինի բոլորին:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский