Նյութի կրկնողություն նախագծային մեթոդով

Հեղինակ: 

Բոլոր ուսումնական ծրագրերում էլ դասավանդողներն ամեն ուսումնական տարվա սկզբում բախվում են մի խնդրի, այն է՝ նախորդ տարվա ուսումնական ծրագրով անցած նյութի արագ և արդյունավետ ամփոփում-կրկնողությունը: Դա առավել արդիական է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ ամեն տարի ընդունելությունը սովորողների ավելի առատ հոսք է բերում, ուսումնական ծրագրերն իրականացվում են հատուկ մշակված նախագծերով, իսկ նոր ընդունված սովորողները հաճախ չեն տիրապետում նախորդ տարվա ծրագրում ներառված նյութին: 

«Տիեզերք» ակումբն այդ առումով բացառություն չէ, քանի որ ակումբի գործունեության ծրագիրը երկար է և չի կարող սահմանափակվել մեկ տարում, իսկ սովորողներն ամեն տարի ակումբային գործունեության ընտրություն են կատարում: 
Այս խնդրի հաղթահարման նպատակով մշակվել է ուսումնական նյութի ամփոփման արդյունավետ եղանակ, որն արդեն մեծ հաջողությամբ կիրառվել է առաջին երեք շաբաթների ընթացքում: Ստորև ներկայացված է մեթոդի նկարագիրն ըստ գործողությունների հերթականության։

  1. Ակումբի ղեկավարը (դասավանդողը) կազմում է տվյալ թեմայի այն հարցաշարը (թեստային տարբերակով), որով կարելի է ծածկել ամբողջ նյութը:
  2. Այնուհետև մշակում է տվյալ հարցերին առնչվող այն հավելյալ տեղեկությունները, որ ինքը պետք է ներկայացնի դրանց ամփոփման ժամանակ՝ ամեն հարցից հետո օգտագործելով ոչ ավելի, քան 5 րոպե:
  3. Ցանկալի է նաև, որ հարցերը թարգմանվեն անգլերեն (սա ավելի շատ վերաբերում է ակումբային գործունեությանը), որպեսզի սովորողները ծանոթանան թեմատիկայի անգլերեն տերմինաբանությանը:
  4. Դասն սկսվելուն պես դասավանդողը սովորողներին բաժանում է փոքր խմբերի (4 հոգուց բաղկացած), որոնցից յուրաքանչյուրում կլինի անգլերենին վարժ տիրապետող սովորող: Խմբերն ամեն դասի պետք է ենթարկվեն փոփոխության, որպեսզի ամբողջ խումբն իրար հետ համագործակցելու հնարավորություն ստանա:
  5. Անգլերեն տարբերակով հարցը պրոյեկտվում է էկրանին և սովորողներին տրվում է մինչև 1 րոպե ժամանակ` ներխմբային քննարկում անցկացնելու, անհրաժեշտության դեպքում համացանցից օգտվելու և ճիշտ տարբերակն ընտրելու համար: Անհրաժեշտության դեպքում դասավանդողը կարող է թարգմանել հարցը (կամ առաձին բառեր), եթե սովորողների համար դժվարություններ է առաջանում:
  6. Ճիշտ պատասխան ընտրած խմբերը հիմնավորում են իրենց ընտրությունը և հավաքում 1 միավոր։
  7. Այնուհետև դասավանդողը ներկայացնում է հավելյալ տեղեկությունը, որը պատրաստել էր այդ հարցի համար:
  8. Դասի վերջում ամփոփվում են դաս-մրցույթի արդյունքները, և հայտարարվում է հաջորդ դաս-մրցույթի թեման:

Դասապրոցեսի ընթացքում օգտագործվում է դասավանդողի և սովորողների անձնական նոթբուք/նեթբուքները, պրոյեկտոր: Կարելի է հարցումն իրականացնել նաև էլեկտրոնային գրիչների միջոցով:

Մեթոդի կիրառման արդյունքները.

  • Մրցույթի տեսքով և փոքր աշխատանքային խմբերով դասապրոցեսն իրականացնելը թույլ է տալիս բոլոր սովորողների ուշադրությունը միշտ կենտրոնացած պահել քննարկվող նյութի, նաև դասավանդողի կողմից ներկայացվող համառոտ մեջբերումների վրա:
  • Հարցի անգլերեն լինելը և ներխմբային քննարկման արդյունքում պատասխանելը թույլ են տալիս  զարգացնել սովորողների՝
    - սեփական մտքերը համոզիչ արտահայտելու ունակությունը
    -  համագործակցությունը
    -թիմային աշխատանքը:
  • Կրկնողությունը բոլոր սովորողների համար դառնում է հետաքրքիր, մրցակցային, իսկ հարցերի պատասխանները` հիշվող և տպավորիչ:
  • Ամեն հաջորդ մրցույթում հաղթելու ցանկությունը սովորողներին մղում է հայտարարված թեմայի շուրջ տեղեկություններ հավաքելուն:

Այս մեթոդը կիրառելով` կարելի է նաև Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մասնակցող խմբին ծանոթացնել տիեզերագնացության պատմությանը և ծանոթացնել այս թեմային առնչվող անգլերեն տերմինաբանությանը:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский