Երբ ժամանակը թանկ է, մոտեցումը՝ խնայող

Երբ կրթութունն անհատկան է, կրթական միջավայրն էլ պետք է անհատականացված լինի, անհատը՝ զինված նոր կրթական գործիքով՝ անհատական համակարգչով:

Այս կրթական տարին իր հետ բերեց նոր որակ, միջավայր. դասերին սովորողներն անհատական համակարգիչներով են: Պետք է խոստովանել, որ այս երևույթը մեր` հայաստանյան կրթական համակարգում արդեն ձեռքբերում է: Ձեռքբերում, որ շատ բան է փոխում կամ կարող է փոխել դասի կազմակերպման մեջ:
Ի՞նչն է փոխվում դասի կազմակերպման մեջ, ինչքանո՞վ և ինչպես կարող են սովորողի անհատական նեթբուք-նոթբուքը, անլար ինտերնետն ազդել ուսումնական գործընթացի, կրթության որակի վրա: Մեկամսյա աշխատանքային փորձի արդյունքում մի քանի դիտարկում արեցի։

  • Կրթությունը՝ կրթական տեմպը, դարձել է, կարող է դառնալ ավելի արագ ու դինամիկ՝ դարին համահունչ ու համապատասխան:
  • Ժամանակն ավելի ռացիոնալ է օգտագործվում:
  • Անհատի պահանջմունքը հայտնվում է առաջին գծում:
  • Անհատի պատասխանտավությունն ու տաղանդը՝ դառնում տեսանելի, հասանելի, կոնկրետ, կրթությունը՝ շոշափելի, արդյունավետ:

Պարզաբանեմ: Յուրաքանչյուր սովորող աշխատում է իր կարողությունների չափով, ձեռք բերում այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են հենց այդ պահին՝ կոնկրետ խնդիրը հաղթահարելու համար: Այդ պահին առաջացած խնդիրը՝ անհրաժեշտ գրականություն թերթելը, նյութեր նայելը և այլն, չի մնում «հետոյին»՝ ամեն ինչ ձեռքի տակ է ու հասանելի՝ հենց նույն պահին և կոնկրետ: Ոչ մեկը ստիպված չէ քայլել մյուսին զուգահեռ (խմբային աշխատանքի մասին չեմ խոսում)՝ սպասել, դանդաղել։ Յուրաքանչյուր մարդ կարող է թռչել՝ օգտագործելով իր հնարավորություններն ու կարողությունները, տաղանդն ու ցանկությունը: Ոչ ոք չի կոտրում թափդ, կասեցնում ընթացքդ. աշխատանքն ավելի դինամիկ ու ճկուն է դառնում: Երբ դու աշխատում ես ստեղծման, ստեղծականության ռեժիմում, արդյունքը տեսանելի է դառնում: Հնարավորություն ես ստանում քո հմտությունների ու ջանքերի շնորհիվ ներկայանալու համացանցում, ճանաչվելու:
Երբ գրականությունը հասանելի է ու միևնույն տարածքում, երբ հնարավոր չէ ասել, որ այդ գիրքը գրադարանում չկա, որ մի օրինակ էր, իսկ ընթերցասրահում ինձ հարմար չէր կարդալ ու… Շատ պատճառաբանություններ ինքնաբերաբար վերանում են: Իհարկե, առաջ են գալիս այլ պատճառաբանություններ. պատճառաբանություններ միշտ էլ լինում են: Կարևորվում է համացանցի հայացումն ու դրա զարգացումը, գրականության՝ մատչելիացումը, տարածումը:

Դասավանդողի մասին
Աշխատանքի ուղղորդումը, դրա ընթացքին հետևելն ավելի կոնկրետ և գործնական է դառնում, պարտադիր ընթերցման նյութը՝ ավելի շատ:

Իմ փորձը ցույց է տալիս, որ դասի ընթացքում սովորողը կարող է փոփոխություն պահանջել. նախագծերի շուրջ աշխատանքը կարող է հոգնեցնել, սովորողը կարող է հասնել մի այնպիսի կետի, որ շարունակելու համար դադար  խնդրի։ Այդ դադարը պետք է դարձյալ ուսումնական դարձնել: Հաճախ լսում եմ՝ մի լավ, կարճ բան ասեք, կարդամ, աշխատանքս վաղը կշարունակեմ: Ստացվում է, որ միշտ պետք է պատրաստ լինես՝ լավ ու ոչ շատ երկար ստեղծագործություն առաջարկելու: Ստեղծագործությունն էլ պետք է այնպիսին լինի, որ տվյալ սովորողի համար հետաքրքիր, ընկալելի, քննարկելի լինի:

Դասավանդողին հնարավորություն է տրվում ավելի հեշտ աշխատել սովորողների հետ, հասկանալ կոնկրետ սովորողին՝ նրա ուսումնական հետաքրքրությունները, մարդկային տեսակը, հմտություններն ու պահանջները: Աշխատել ուղղորդված, հստակ, նստել սովորողի կողքին, լսել, միասին մտածել, ուղղորդել:

Ուսումնական միջավայրն ավելի ժամանակակից է, մոբիլ, ժամանակը՝ կարևորված: Ժամանակի խնայումն ու ռացիոնալ օգտագործումը 21-րդ դարի մարդու, հետևաբար նաև կրթության (կրթություն մարդն է ստանում,մարդն է կրթական գործընթաց կազմակերպում) առանցքային խնդիրներից եմ համարում:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский