Անգլերեն-հայերեն մասնագիտական բառարանը՝ որպես նախագիծ

Մանկավարժության մեջ նախագծերի մեթոդը նոր երևույթ չէ : Այն կարևոր տեղ է զբաղեցնում ուսուցման ժամանակակից մեթոդների շարքում, քանի որ սովորողներին հնարավորություն է տալիս դրսևորելու ինքնուրույնություն իրենց գործունեության ընթացքում: Նախագծային մեթոդը կարևորվում է նաև նրանով, որ ուսուցումը կազմակերպվում է սովորողների նպատակային, կոնկրետ ու գործնական աշխատանքի միջոցով:

Տեսանելի է,  որ նախագիծ մշակող և իրականացող սովորողները կարողանում են աշխատել խմբում, համագործակցել ընկերների հետ, կոնկրետ այս կամ այն խնդիրը լուծելու համար կիրառել իրենց ձեռք բերած գիտելիքները:  Միայն ուսուցման ավանդական մեթոդները չեն կարողապահովել ուսման բարձր որակ և կարողությունների զարգացում, հատկապես մասնագիտական ուսուցման բնագավառում։ Դասավանդողներն այսօր ուսուցման մեթոդների ընտրության մեծ հնարավորութ­յուններ ունեն:

Արհեստների ավագ դպրոցի սովորողների հետ իրականացնում ենք նախագիծ՝ հայերեն-անգլերեն մասնագիտական բառարան ստեղծելու նպատակով։

Մասնագիտական կրթության ոլորտում օտար լեզուների ուսուցումը առօրյա հաղորդակցական խնդիրներից բացի պետք է լուծի նաև օտար լեզուներով մասնագիտական հաղորդակցության կարողությունների ձևավորման հարցը։ Բացի այդ, շատ կարևոր է, որ ապագա մասնագետները կարողանան օգտվել նաև օտարալեզու մասնագիտական գրականությունից։ Ահա թե ինչու որպես առաջին նախագիծ որոշեցինք ստեղծել դպրոցում գործող արհեստների ոլորտի մասնագիտական տերմինների բառարան:

Նախագծի իրականացման համար ընտրել ենք ուսուցման համագործակցային մեթոդը, քանի որ, կարծում եմ, այն ավելի արդյունավետ է նախագծային աշխատանքների համար: Խմբային աշխատանքը սովորողներին հնարավորություն է տալիս իրենց գիտելիքներն ու փորձը փոխանակել դասընկերների հետ, մեծացնում է սովորողների ակտիվությունը:

Նախագծին մասնակցում են 10-11-րդ դասարանների սովորողները: Հենց սկզբում ձևավորվեցին խմբեր, որոնք ունեն միատարր կառուցվածք, այսինքն՝ խմբերը ձևավորվեցին ըստ մասնագիտությունների։ Առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ էր, որ խմբի անդամները համագործակցեն միմյանց հետ, և խմբում ընդգրկվեցին  3–5 աշակերտ։ Խմբերի ձևավորման այս եղանակը հատկապես հարմար է շնորհալի երեխաների հետ աշխատանքի համար կամ այնպիսի իրավիճակներում, երբ անհրաժեշտ է, որորոշ աշակերտներ առաջադիմության առումով հետ չմնան իրենց դասընկերներից։

Կատարվեց աշխատանքի բաժանում սովորողների մեջ՝ըստ արհեստների:  Օրինակ, խոհարար սովորողների մի խմբի հանձնարարվեց համացանցից գտնել մրգերի անգլերեն անվանումները, մյուս խմբին հանձնարարվեց գտնել արտահայտություններ այդ բառերով: Երրորդ խմբին հանձնարարվեց համախմբել կատարված աշխատանքները: Պետք է տեսնել սովորողների ակտիվությունը՝ ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելիս, մասնագիտական արհեստանոցնե­րում գործիքները նկարահանելիս, անհրաժեշտ տեղեկություններ հայթայթելիս: Աշխատանքի արդյունքը և սովորողների ակտիվությունն ու հետաքրքրությունը վկայում են, որ նախագծային մեթոդը օգտակար է և արդյունավետ:

Հույս ունենք, որ նախագծի ընթացքում բառարանը կընդարձակվի նաև մասնագիտական տերմինների ռուսերեն համարժեքներով։

Կարծում ենք, որ նախագծի արդյունք բառարանները լավ  ուսումնական նյութ կդառնան նաև մյուս տարիների ուսանողների համար։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский