Ինչ ասել է՝ լավ գիրք

«Յուրաքանչյուր լավ գրքի աներկբայելի հատկանիշն է. որքան մարդ մեծանում է, այնքան այն ավելի շատ է դուր գալիս»

Լիխտենբերգ

Լավ գիրք, լավ ստեղծագործություն…. Երեխաներին պետք է միայն լավը տալ։ Պետք է ճաշակ զարգացնել…. Բայց ի՞նչ ասել է լավ գիրք։ 
Ստեղծագործությունների՝ քննադատների վերլուծություններին եթե հավատանք, արժեքավոր է գրքի սյուժեն, որը, լավ կլինի, սրընթաց, աշխույժ լինի։ Հերոսներն այնպես կերտված լինեն, որ ընթերցողը նրանց ապրումներին հաղորդակից դառնա, հերոսներն իրենք արտակարգ մի բան լինեն. զարմանալի, հիանալի՝ անհատականություններ լինեն, տեքստը խորք՝ ասելիք ունենա, ճանաչողական լինի ու էլ չգիտեմ՝ ինչ։

Լավ կլիներ… Բայց սրանք բոլորը միասին քիչ է պատահում, որ լինեն։ Փոխարենը շատ են, օրինակ, սրընթաց սյուժեով ստեղծագործությունները։ Անընդհատ հետապնդում է, փախուստ, հերոսին փրկել ձգտող մարդիկ, որ զոհվում են այդ «վեհ» առաքելության ճանապարհին…
Սարսափի ժանրում, եթե շատ ապաշնորհ չէ, իհարկե, հերոսի հետ սարսափում ես՝ հաղորդակից ես նրա զգացմունքներին։ Ավելի շատ մարդ հաղորդակից է թախծաթաթախ մելոդրամաների հերոսների զգացմունքներին՝ «խեղճ աղջիկ, խեղճ տղա»… Հոգեբանորեն սրանք արդարացված են. մարդն իրեն հերոսների հետ չի նույնացնում, ընդհաառակը՝ հակադրում է, իրեն հերոսներից ավելի կայացած ու լավն է զգում։ Եվ՝ ի՞նչ. Դա արդեն լա՞վ գրականություն է։

Կա և մյուս ծայրահեղությունը՝ «ինտելեկտուալ» գրականությունը. սա ոչ բոլորին է հասու։ Ֆոլկները, Ջոյսը, Դոստոևսկին ամեն մարդու համար չեն։ Շատերը նույնիսկ չեն նայի դրանց կողմը, ոմանք կփորձեն՝ ի սեր բարձրահունչ անունի մի քանի էջ կկարդան, բայց ի՞նչ արժեք կունենա այն գրականությունը, որ ընթերցված է՝ պարծենալու համար, թե կարդացել ես…
Գեղարվեստական ստեղծագործություններն իրենց ստեղծողների զգացածն ու իմացածն են, նրանց մտքերը, կենսափորձը… Ընթերցելով համաշխարհային գրականություն՝ հաղորդակցվում ենք հենց այդ համաշխարհային կենսափորձի, մտքի ու տեղեկացվածության հետ։

Գիրքը հավանում ես, երբ քեզ ինչ-որ բան է ասում և դու հասկանում ես, կամ երբ ասում է այն, ինչ դու վաղուց հայտնաբերել էիր, բայց չգիտեիր՝ համախոհ ունե՞ս, շատ տարօրինակ չէ՞ քո մտածածը…

Այս տեսակետից գեղարվեստական գրականությունը քո անշահախնդիր զրուցընկերն է։ Եվ գրքի հետ էլ կարող ես վիճել, չընդունել, չհամաձայնել, նույնիսկ նրանից խռովել, բայց հավանել, որովհետև դու նրա հետ ապրում ես։ Այսինքն՝ գիրքը պիտի ասելիք ունենա։
Ասելիքը ցանկացած խոսքում, ինչպես մի անգամ իմ հոգեբան ընկերներիցս մեկն ասաց, որպես կանոն, կա։ Պարզապես հաճախ թաքնված է խոսողի ենթագիտակցության մեջ, բայց ավելի հաճախ, կախված խոսողի մտավոր զարգացածությունից, վատ է թաքնված։ Դա սովորաբար ինքնագովեստն է, իրեն ցուցադրելու, հանրության կողմից գնահատվելու ցանկությունը։ Եթե գեղավեստական գրականության ասելիքն է այս մակարդակում, հազիվ թե բավարար համարվի, և դժվար թե դա կարելի է լավ գրականություն կոչել։ Ու եթե, ինչպես ասում է Հարուկի Մուրակամին «… Խորքային իմաստը կարող է միանգամից չհայտնաբերվել. այն կարող է քեզ սպասել նախասրահում կամ վերջում` դուռը փակելուց հետո», իսկ դա շատ հաճախ հենց այդպես է, ապա ասելիքի բացակայությամբ , այսինքն՝ հանուն պատմելու  պատմված մի սյուժեն, երբ «դուռը փակելուց հետո» էլ ոչինչ չես գտնում, հիասթափություն է առաջացնում, չի բերում մարդուն ո՛չ իր մտքերն ամփոփելուն, ո՛չ նոր մտքերի։ Մի առիթով կարծեմ Մարկեսն էր ասում՝ չի կարող իսկական գիրքը վերջին էջով ավարտվել։ Գիրքը քեզ պիտի ուղեկցի դեռ։ Բայց դրա համար դու էլ պիտի «ճանապարհորդ» լինես։
Գրականությունն իր ասելիքով պիտի քո առաջ բացահայտի աշխարհը կամ հենց քեզ։ Որքան տարբեր լինեն մարդիկ, որ գտնում են իրենցը տվյալ ստեղծագործության մեջ, այնքան արժեքավոր է ստեղծագործությունը։ Դա ամենաուղղակի ցուցիչն է, որ նյութը բազմաշերտ է՝ լայն ընդհանրացումներով, իր առաջադրած խնդիրներին (մտածվում է, որ խնդիրներ պիտի առաջադրվեն) միանշանակ պատասխան չի տալիս, չի խրտնեցնում ընթերցողին բարդ ոճով, անհասկանալի կառույցներով։

Ի դեպ՝ ոճի ու կառուցվածքի մասին։

Որքան էլ այսօրվա համաշխարհային ու նաև հայ գրականության մեջ միտում կա հրաժարվելու ձևից (դա արձանագրում և խրախուսում են գրականագետները՝ Ռոնալ Բարտից մինչև մեր համալսարանների երեկվա շրջանավարտները), ստեղծագործությունը, միևնույն է, տեքստ է, իսկ գրական ստեղծագործությունը՝ բառային տեքստ։ Եթե ստեղծագործությունը մարդկանց համար է, պիտի հասանելի ու հասկանալի լինի նրանց։ Դա նման է այն հագուստին, որից դատում են մարդու ինքնության մասին։ Նորից դիմենք Մուրակամիին. «Այն, ինչ իրոք թաքնվում է գրքի հենց սրտում՝ սրբություն սրբոցը, կարելի է քննարկել ու տեսնել այն բանից հետո միայն, երբ հաղթահարված է առաջին շերտը…»։ Եթե այդ առաջին շերտը անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի լինի, ինչպե՞ս պիտի մարդ դատողություն անի դրա «սրբություն սրբոցի» մասին։ «Այն, ինչ լավ է գրված, երբեք չի ձանձրացնում. ոճը ինքը՝ կյանքն է. դա մտքի արյունն է»,- ասում է Ֆլոբերը։

Երբ սովորողները հարցնում են՝ որն է լավ գրքի չափանիշը, ես երկու բան եմ ասում. ինչի մասին էր խոսում քեզ հետ այդ գիրքը՝ ինչ բացահայտեց քեզ համար և ինչպես դա արեց։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский