«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և՛ սովորեցնում ենք, և՛ սովորում

Ըստ Ջ. Ռոդարիի` դասավանդողի աշխատանքն արդյունավետ և նպատակային կլինի, եթե նա կարողանա հավատարիմ մնալ իր կոչմանը և յուրաքանչյուր դաս դարձնել յուրօրինակ, գրավիչ, բովանդակալից ու հիշվող: Պետք է կարողանալ հայտնաբերել սովորողի լավագույն որակները, խրախուսել ու ոգևորել նրան և որ, ամենակարևորն է, սովորողին տալ ընտրության հնարավորություն: Յուրաքանչյուր դաս պետք է սովորողին բավարարվածություն և հրճվանք պարգևի:

Կարևոր է, որ ուսուցչի և սովորողի միջև լինի դրական հաղորդակցություն և համագործակցություն: Եթե նույնիսկ դասվանդողը հրաշալի մասնագետ է, իսկ աշակերտը` շնորհալի, միևնույն է, լավագույն արդյունք ակնկալել հնարավոր չէ, եթե ուսուցումը զարգացնող չէ: Գլխավորը դասավանդման ճիշտ ու արդյունավետ մեթոդներ ընտրելն է: 
Անցնելով մասնագիտական փորձառություն և եռամսյա վերապատրաստում կրթահամալիրում` ձեռք բերեցի բազմաթիվ նոր հմտություններ: Երբ կրթահամալիրում հայտարարվեց Ռոդարիական ստուգատես, մանրամասն ուսումնասիրեցի Ջ. Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գիրքը: Յուրացրածս ստեղծագործական հնարքները փորձեցի կիրառել տարբեր տարիքային խմբերի հետ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողներ):
Ինձ համար շատ հետաքրքիր ու ստեղծական էր Ջաննի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության երկանդամության» մեթոդը։ 
«Ստեղծագործական երևակայության երկանդամության» մեջ բառերն իրենց սովորական իմաստով չեն վերցվում, այլ ձերբազատվում են լեզվային շարքից, որտեղ գտնվում են առօրյայում: Նրանք «արտիմաստավորվում են», «տեղաշարժվում», դուրս են քաշվում և ճախրում մինչ այդ անհասանելի երկնակամարում: Ըստ իս՝ հետաքրքրաշարժ պատմության աշխարհ գալու նպաստավոր պայմաններն այսպիսիք են: 

 Ջաննի Ռոդարի

Նոր դպրոցում անցածս մասնագիտական փորձառության շրջանում 2-րդ և 4-րդ դասարաններում կիրառել եմ այս հնարքը և ստացել բավական հետաքրքիր արդյունքներ:

Մեթոդի նկարագրություն`

2-րդ դասարան .երկու երեխա Էլեկտրոնային գրատախտակին գրում են երկուական բառ (օրինակ. մեկը`«պաղպաղակ» և «մոլորակ», մյուսը` «սառույց» և «կոշիկ»), բայց այնպես, որ մեկը մյուսի գրածը չտեսնի, հետո համադրում են այդ բառերը և ստանում բառակապակցություններ («Պաղպաղակի մոլորակ» , «Սառցե կոշիկը»): Արդյունքում ծնվեցին հետաքրքիր պատմություններ 1, 2 : Ուսումնական պարապմունքը ավելի հետաքրքիր դարձավ, երբ սովորողները (համակարգչային paint-ծրագրով) նկարեցին իրենց հորինած պատմությունները, Word ծրագրով մուտքագրեցին հորինուկները իրենց նոթբուք - նեթբուքերի մեջ։

 4-րդ դասարան. Հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները և զարգացվածության աստիճանը` առաջադրանքը մի փոքր բարդացվում է: Նախապես խաղի միջոցով ընտրվում են սովորողների համար հետաքրքիր 2 բառ, որոնց համադրությամբ հորինված բառերը կամ բառակապակցությունները սովորողները, թղթի վրա գրելով, փոխանցում են միմյանց: Այս մեթոդի խնդիրը նորաստեղծ բառերի շուրջ հետաքրքիր պատմություններ հորինելն է: Աուդիոգիրք ստեղծելու նպատակով ուսումնական պարապմունքի ողջ ընթացքը ձայնագրվել է:

 Մյուսը` «Հեքիաթների աղավաղում» մեթոդը (հեքիաթներում, պատմվածքներում կարող են ավելանալ նոր հերոսներ և փոխել ընթացքը), կիրառել եմ Հիմնական դպրոցի 3-րդ դասարանում:

Մեթոդի նկարագրություն`

 «Կենդանիների վեճը» հեքիաթը դասարանում ընթերցելուց և քննարկելուց հետո սովորողները դերերով պատմեցին, հետո ներառվեցին նոր հերոսներ: Երեխաների վառ երևակայության արդյունքում հորինվեց նոր՝ ‹‹Կենդանիների վեճը›› հեքիաթը:

 1-ին դասարան. Գործի դնելով տեխնոլոգիական և ստեղծագործական հմտություններ` սովորողները պատրաստեցին Ռոդարիի Ալիսա Գլորիկին:

Կրտսեր դպրոցում վերոնշյալ մեթոդների կիրառման նպատակն է զարգացնել սովորողների երևակայությունը, ազատ, անկաշկանդ արտահայտվելու, հաղորդակցվելու կարողությունները, խբային և անհատական աշխատանքներ կատարելու հմտությունները, մեդիահմտությունները: Աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվել են էլեկտրոնային գրատախտակ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համակարգիչ, նոթբուք- նեթբուք, համակարգչային ծրագրերից movie maker, word, paint, power point, համացանց: 

Սա իմ ձեռք բերած հմտությունների միայն մի մասի նկարագրությունն է: Կրթահամալիրում անցկացրածս ամիսների արդյունքում (գրեթե մեկ տարի) եկել եմ այն համոզման, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դասավանդումը կազմակերպում է ի նպաստ երեխաների բազմակողմանի, ազատ և ինքնուրույն զարգացման:

Նոր ուսումնական տարում իմ 1-ին դասարանի սովորողների հետ աշխատելիս հետաքրքիր նախագիծ ենք իրականացրել(«Տիեզերք. Երկիր մոլորակ»): Իսկ նախագծային ուսուցման արդյունքում, ինքնին, սովորողները պասիվ լսողից ակտիվ մասնակից, հետազոտող, ստեղծագործող, գործունեություն ծավալող  են դարձել: Այսինքն սերտելով և հավատարիմ մնալով կրթահամալիրի ուսումանական սկզբունքներին` այժմ ես ունեմ բավական ակտիվ, մտածող, ստեղծական սովորողներ: Համոզվեցի , որ յուրաքանչյուր երեխա կարող է լավ սովորել մայրենին, մաթեմատիկան, տեխնոլոգիան, օտար լեզուները… Սակայն այս ամենից բացի լիարժեք, ինքնուրույն և ինքնավստահ քաղաքացի դառնալու համար անհրաժեշտ են այլ գործոններ, որոնք ապահովում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` իր դասավանդողներով, ստեղծական, ազատ և բաց միջավայրով, ժամանակակից մեթոդներով: 
Իմ կարծիքով, հնարավոր չէ լավագույն արդյունքի հասնել միայն դասագրքի օգնությամբ, եթե նույնիսկ այն ամենալավն է: Դասավանդողից մեծ բան է կախված. նա պետք է շարունակի կատարելագործվել` դասավանդման նոր մեթոդներ փնտրել, ինչպես փորձառության, վերապատրաստման, աշխատելու ընթացքում գտա ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

 Պետք է միշտ հիշել, որ սովորել սովորեցնելով երեխային, անընդմեջ սովորում ենք մենք ինքներս: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский