Դժվար է աստված լինելը

Ումբերտո Էկո

Ումբերտո Էկոն՝ Ալեքսեյ Գերմանի «Դժվար է աստված լինել» ֆիլմի առաջին դիտողներից մեկը, այդ մասին էսսե է գրել, որը տպագրել է «Новая газета»-ն, Հռոմի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայի նախօրեին:  

Դժվար է աստված լինել, բայց Գերմանի այս դժնդակ ֆիլմի պարագայում դժվար է լինել նաեւ հանդիսատես:

Ես միշտ եմ ենթադրել ու գրել, որ ցանկացած տեքստ՝ գրական, թատերական, կինոֆիլմի եւ առհասարակ՝ ցանկացած, հասցեագրված է ոմն «հատուկ ընթեցողի»: Առաջին կարգի ընթերցողն ընդամենն ուզում է իմանալ, թե ինչի մասին է պատմությունն ու ինչպե՞ս կավարտվի: Երկրորդ կարգի ընթեցողը, անցնելով առաջին փուլը, կվերընթեցի տեքստն ու կփորձի պարզել, թե ինչպես է այն կառուցված, եւ տեքստում գործածված ի՞նչ պատմողական ու ոճական միջոցներ էին իրեն գերել առաջին ընթերցման ժամանակ:

Սովորաբար երկրորդ ընթերցումը հենց հատկապես երկրորդ ընթերցում է, չհաշված այն դեպքերը, երբ ընթերցանության նպատակը սառը վերլուծությունն է, ինչով զբաղված են բանասերները, բայց ոչ իսկական ընթերցողները: Այսինքն, ուզում եմ ասել, որ  հզոր «Դիլիժանս» ֆիլմի օպերատորական աշխատանքը, մոնտաժը եւ մյուս այլ աշխատանքները կարող է ուսումնասիրել ու վերլուծել  նա, ով առաջին մակարդակում անհանգստանում էր` յոթերորդ հեծյալ գնդին կհաջողվի՞ արդյոք վտանգից փրկել կառքը, ու ողջ կմնա՞ արդյոք «մանուկ» Ռինգոն, որ դուրս էր եկել մենամարտի:

Իսկ Գերմանի ֆիլմի առիթով նշեմ, որ չափազանց բարդ է երկրորդ մակարդակին հասնելը: Հենց հայտնվում ես այդ բոսխյան կտավում, ստիպված ես դեգերել ետնախորշերում, նույնիսկ այնպիսի, որոնք իրական կտավի վրա տեսանելի էլ չեն: Ու դեգերում ես սարսափի հիպնոսի ազդեցության տակ: Կամքի գերբնական ուժ է հարկավոր, որ կարողանաս վերականգնել առաջին մակարդակի ընկալումից դեպի երկրորդն անցնելու համար անհրաժեշտ հեռավորությունը:

Հեղինակն, անկասկած, իր տեքստում տեղադրում է որոշակի էջանիշներ, կարող եմ ասել` բանալիներ, որոնք մեզ հրավիրում են բացելու դեպի այդ երկրորդ մակարդակը տանող դռները: Նկատի ունեմ երկար կադրերի առատ գործածությունը, որոնք առաջացնում են հեռավորությունից (եւ նույնիսկ այլ հարթությունից, կարծես պատկերը մեզ չի էլ վերաբերում) դիտելու զգացողություններ: Բրեխտյան  ինչ-որ մի Verfremdung հնարքի պես է, որը Բրեխտի մոտ ձեւավորվել էր Շկլովսկու «օտարման հնարքի»  մասին մոսկովյան տեղեկատվության ազդեցության տակ:

Բայց ինչպե՞ս կարելի է օտարվել այն ամենից, ինչի մասին պատմում է ռեժիսոր Գերմանը:

Դանթեն, իհարկե, հաղթահարել է դժոխքի ոլորապտույտը (թեպետ առանց Վերգիլիուսի դժվար թե հաջողվեր), բայց մինչ այդ, անցել է բոլոր յոթ շրջանները, մասնավորապես` ոչ որպես վկա, այլ որպես մասնակից, համակված տեղի ունեցող իրադարձություններով, երբեմն անհնարինության աստիճանի վախեցած:

Մոտավորապես նույն վիճակում ես անցա Գերմանի ֆիլմի դժոխքի միջով. եւ ինձ համակում էր սարսափը, որից չհաջողվեց օտարվել: Անհանդուժողականության եւ եղկելի դաժանության արտահայտմամբ հյուսված այդ դժոխքում անհնար է գոյություն ունենալ առանձին, ձեւացնել, թե իբր խոսքը քեզ չի վերաբերում ու «fabula narratur»-ը  քո մասին չէ: Չէ, ֆիլմը հենց մեր մասին է, այն մասին, որ կարող է պատահել մեզ հետ, ու նույնիսկ պատահում է, թեպետ ավելի թույլ դրսեւորումներով: Փոքր-ինչ սոսկալի է ֆիզիկական իմաստով:

Բայց ես պատկերացնում եմ, թե ինչ զգացողություններ կարող են ունենալ մարդիկ, որոնց հասցեագրված է ֆիլմը,- դեռեւս սովետական, ստալինյան ռեժիմից դեռ շատ չհեռացած, բրեժնեւյան ժամանակների: Հենց այդ իրավիճակում է ֆիլմը դարձել ինչ-որ բանի այլաբանությունը, որը մեզանից, իհարկե, սահում-հեռանում է:

Եթե, այնուամենայնիվ, հաջողվում է ձերբազատվել այլ սոսկալի հմայությունից, բացվում են ոլորտներ, որոնք մենք անգիտակցաբար բացահայտել ենք իմացության երկրորդ մակարդակում: Դրանք ֆիլմում օգտագործված կինեմատոգրաֆիական բազմաթիվ արտահատություններն են եւ մոնտաժային որոշ հնարքներ: 

Բայց իսկապես քաջ առողջություն եւ այլաբանության տրաբանությանը հետեւելու հմտություններ են պետք, որոնց տիրապետել են միջնադարյան ընթեցողները, որ գիտեցել են` մի բան ասվում է, նկատի ունենալով լիովին այլ, հակառակ բան (aliud dicitur et aliud demonstratur): 

Մի խոսքով` հաճելի ճամփորդություն դեպի դժոխք: Գերմանի ֆիլմերի համեմատ, Քվենթին Տարանտինոյի ֆիլմերն ուղղակի Ուոլթ Դիսնեյ են:

Թարգմանություն ռուսերենից

Դիտեք աշխատանքային նյութեր ֆիլմից, կուլիմինացիոն տեսարանը և մի հաղորդում ռեժիսորի մասին։ 

Համար: 

Կարծիք

Տեքստերը, լինեն դրանք մատուցված կինեմատոգրաֆիայի թե արվեստի մեկ այլ ճյուղի կամ ուղղվածության լեզվով, հասցեատիրոջը էվոլուցիոն շարժի հնարավորություն են ընձեռում, հատկապես նրանց, որոնք հեղինակ լինելուց բացի, նաեւ ընթերցող են, եթե, իհարկե, նախանձախնդիր են ու պատասխանատու: Ի վերջո, հեղինակն իր տեքստի առաջին ընթերցողն է:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский