Կարող են արդյոք պլանշետները բարձրացնել սովորողների առաջադիմությունը դպրոցում

Ներածություն

Թե՛ շուկայում և թե՛ մեր առօրյայում պլանշետները բավականին նոր երևույթ են: Մասնագիտական գրականության մեջ և համացանցում բավարար նյութեր չգտնվեցին որպես ուսուցման միջոց նրանց օգտագործման և հեռանկարների մասին: Միևնույն ժամանակ շատ են նյութերը, որոնք բացահայտում են նրանց տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Այս փուլում դրանք մեզ քիչ են հետաքրքրում: Ներքևում շարադրված նյութը, որ ներկայացնում եմ թարգմանաբար, լավագույնս ցուցադրում է եվրոպական դպրոցների պատասխանատուների շփոթվածությունը նորարարական տեխնոլոգիաները և ծրագրերը որպես ուսուցման միջոց դպրոցներում կիրառելու գործում: Քաղաքակիրթ Եվրոպան չի շտապում տեխնիկական հեղափոխություն կատարել կրթության բնագավառում: Դատելով ստորև բերված հոդվածից, մեր կրթահամալիրը բավական առաջ է անցել եվրոպական դպրոցներից թե՛ տեխնիկական զինվածության առումով և թե՛ նոր տեխնոլոգիաների ու ծրագրերի օգտագործման ցուցանիշներով: Այն, որ մինչ նրանք մտածում, ծանր ու թեթև են անում նոր տեխնոլոգիաների օգուտն ու վնասը, մենք համարձակորեն կիրառում ենք ուսումնական գործընթացում, խոսում է նրանցից մեր առնվազն մի քայլ առաջ լինելու մասին: Մեր օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ գոնե մեր դպրոցում հաղթահարված է սոցիալական անհավասարություն ասվածը, ինչից այդքան վախենում կամ խուսափում են նրանք՝ դատելով հոդվածից: Մի խոսքով համոզվեք ինքներդ՝ կարդալով հոդվածը:

 ("Atlantico" (Ֆրանսիա) պարբերականի հարցազրույցը Միխայել Ստորայի (Michael Stora) և Ֆիլիպ Կոտիեի (Philippe Cottier) հետ)

Կրթության նախարար Վենսան Պեյոնի ելույթը նվիրված էր թվային տեխնիկայի դարաշրջանին դպրոցում: Նա առաջարկեց օգտագործել պլանշետները ուսումնական գործընթացում: Այդ տեխնիկան համարվում է խոստումնալից ուսման նկատմամբ անհատականացված մոտեցման, ընդհանուր մակարդակի և սովորողների առաջադիմության բարձրացման գործում: Միևնույն ժամանակ, նշեց նա, այս ամենին պիտի վերաբերվել զգուշավորությամբ:  

Ատլանտիկոյի թղթակից. Ամերիկյան հետազոտողները փորձարկել են պլանշետը դպրոցում: Այն երեխաները, ովքեր օգտվել են պլանշետից ,ավելի բարձր ու կայուն գիտելիքներ են դրսևորել մաթեմատիկայից, քան նրանք, ովքեր չեն գործածել պլանշետ: Այս փորձը մեծ տարբերություն ցուցադրեց նույն դասարանի երեխաների մակարդակների մեջ: Թույլ կտա՞ արդյոք պլանշետի գործածումը անհատականացնել ուսումնական գործընթացը, և ո՞րն է այստեղ ուսուցչի դերը:

Մխայել Ստորա (Պատենայի կլինիկական կենտրոնի մանկական հոգեբան) Պլանշետները արմատապես փոխում են ուսուցիչ – աշակերտ հարաբերությունները: Դրանք եթե նախկինում ուղղահայաց էին, ապա հիմա ավելի շատ են հայտնվում հորիզոնական դիրքում, որովհետև ուսուցիչը աշակերտների հետ միասին է նայում պլանշետին: Դա ձևավորում է նոր պայմաններ էրգոնոմիկայի (մարդ – տեխնիկա համակարգված հարաբերություններ-Հ.Մ.) և մանկավարժության համար:

Պլանշետները զգալի մոտիվացիոն ազդեցություն ունեն ժամանակակից սերնդի վրա, որը լույս աշխարհ է եկել այդ տեխնոլոգիաների հետ միաժամանակ: Հաստատված է, որ պլանշետներ օգտագործելով՝ հաջողվում է ավելի երկար ժամանակով կենտրոնացնել սովորողի ուշադրությունը: Դա բարձրացնում է ուսուցումն ավելի պատկերավոր դարձնելու հարցը: Ընդհանրապես ինտերակտիվ էկրաններով սարքերը մեծ առավելություններ ունեն: Դրանք երեխային թույլ են տալիս ակտիվորեն մասնակցելու սեփական կրթության գործընթացին: Տեղեկության հետ խաղալը օգնում է ավելի հեշտ յուրացնել դա: Ինչպես վիդեոխաղերի ժամանակ, այստեղ նույնպես ավանդական կրթության համար քիչ հանդիպող՝ սեփական սխալներից  սովորելու տրամաբանություն է ի հայտ գալիս։ Սխալներ անելը ավելի հեշտ է: Վիդեոխաղերում պարտությունը սովորեցնում է ձգտել-հասնել հաղթանակի։ Այսպես՝ դա ուժեղացնում է առաջ շարժվելու ձգտումը:
Դասավանդողները դժկամությամբ են անցնում պլանշետների գործածմանը, քանի որ դա խաթարում է ուսուցիչ – աշակերտ ուղղահայաց կապը: Ուսուցիչը սովոր է իր սեղանի հետևից տեսադաշտում պահելու բոլոր աշակերտներին, հսկելու ողջ դասարանը: Նոր դասարաններում, որտեղ պլանշետներ են օգտագործվում, ստեղծվում է դասի բոլորովին նոր կառուցվածք: Այստեղ ուսուցիչը շրջում է աշակերտների միջև և հետևում առաջադրանքների կատարմանը: Այս նոր հարաբերությունները կարող են անհարմար վիճակի մեջ դնել որոշ դասավանդողների, հատկապես նրանց, ովքեր բավարար հեղինակություն չունեն: Բացի դրանից, որոշ աշակերտներ, հնարավոր է, ավելի լավ տիրապետեն տեխնիկային, քան որոշ ուսուցիչներ և ծնողներ: Գիտելիք ստանալուն ուղղված նոր տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են խախտել հին հարաբերությունները կրտսեր և ավագ սերունդների միջև, մանավանդ որ նոր սերունդը ավելի պահանջկոտ է իրեն մատուցվող գիտա – կրթական ծառայությունների նկատմամբ:

Ֆիլիպ Կոտիե (Մեն համալսարանի գիտաշխատող) – Պլանշետները դպրոցում ընդամենը ուսուցման նոր միջոցներ են, գլխավորը, միևնույն է, ուսուցիչն է, քանի որ հենց նա է կազմակերպում ուսումնական գործընթացը: Ուսումնասիրությունների արդյունքներին պետք է զգույշ վերաբերվել, քանի որ այլ հետազոտությունների եզրակացություններն ասում են, որ եթե անգամ բոլոր երեխաներին պլանշետներ բաժանեն, միևնույն է՝ հրաշք չի լինի:

Խոսքը ուսումնական լրացուցիչ միջոցների մասին է, որ դասավանդողը կարող է օգտագործել կամ չօգտագործել՝ կախված սեփական գիտելիքներից ու նախասիրություններից: Արդյունքներն ամբողջությամբ համեմատելու համար պետք է վերցնել երկու դասարան՝ մեկը պլանշետներով, մյուսը՝ առանց պլանշետի, բայց նույն ուսուցչի հետ: Իդեալականը նույն աշակերտները պիտի լինեին, բայց դա ֆիզիկապես հնարավոր չէ։ Կարծում եմ, որ վերապահումով պիտի մոտենալ այն հետազոտություններին, որոնք պնդում են, թե պլանշետները իրական օգուտ են բերում: Պլանշետը հետաքրքիր է այնքանով, որ այն կարելի է ձեռքից ձեռք փոխանցել, որ ունի սենսորային ինտերֆեյս, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել էկրանն ուղիղ կապով։ Այս ամենը ձևավորում է տեխնիկական միջոցներից և նորագույն տեղեկատվական ծրագրերից օգտվելու մշակույթ: Այդուհանդերձ, պարտադիր չէ, որ դպրոցը ուղղորդված լինի դեպի համակարգչային տեխնիկայի ուսուցումը: Չպետք է շփոթել տեխնիկական նորարարությունը մանկավարժականի հետ:
Պլանշետները կարող են ապահովել առավել անհատականացված մոտեցում ուսուցմանը, այնքանով, որ այդ սարքերից յուրաքանչյուրից օգտվում է մի աշակերտ: Այնուամենայնիվ, պլանշետը կարող է ծառայել որպես լրացուցիչ միջոց, քանի որ դասավանդողները առանց այդ էլ աշխատում են մեծ ուշադրություն դարձնել աշակերտի անձնական առանձնահատկություններին: Ժամանակ է պետք, որ պլանշետի իրական հնարավորությունները գնահատական ստանան:Կրթության պատմությունից հայտնի է, որ նոր տեխնոլոգիաների, ասենք համակարգիչների ի հայտ գալը հեղափոխություն չառաջացրեց կրթական գործընթացներում: Ինչ էլ անենք, ամեն անգամ, հենց նոր տեխնոլոգիաներ են հայտնվում, կասկածի տակ են դնում ուսուցման գոյություն ունեցող մեթոդները:

Հարց. – Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բարձր դասարանների սովորողները ոչ միշտ են ուսուցիչներին հայտնում իրենց դժվարությունների մասին: Կարո՞ղ են պլանշետները արդյունավետ միջոց դառնալ հետևելու սովորողների առաջադիմությանը ավագ դպրոց փոխադրվելիս:

Միխայել Ստորա. Ինձ թվում է, որ դասավանդողները միմյանց հետ քննարկում են աշակերտների դժվարությունները, և չեմ կարծում, որ պլանշետի նորարարական որակները անհրաժեշտ են դրա համար: Նույնիսկ նախակրթարաններում մանկավարժները բազմաթիվ ժողովներ են անցկացնում, որ պարզեն երեխաների մակարդակը:

Հարց. – Էլ ինչպես կարելի է օգտագործել պլանշետը, որպեսզի բարձրացվի աշակերտների մակարդակը:

Միխայել Ստորա. Խնդիրը ոչ թե պլանշետն է, այլ նրա պարունակությունը: Այստեղ խոսքը ակնկալվող գիտելիքների մասին է: Հյուսիսային երկրներում վիդեոխաղերի օգտագործման փորձ է արվել:  Այսպես օրինակ՝ պատմության դասերին օգտագործվում է էլեկտրոնային խաղ XVΙΙΙ դարի ծովային առևտրի մասին: Սկզբում աշակերտը խաղում է այդ խաղը, հետո գրավոր շարադրում այն: Հաջորդ քայլով շարադրությունն ու խաղը համեմատում են իրական պատմական փաստերի հետ: Այս մեթոդով սովորողը հաճույք է ստանում սովորելուց: Մեզ հայտնի է Ֆրեյդից, որ ուսուցումը պետք է հաճույք պատճառի սովորողին: Ոչ բոլոր դասավանդողներն են նվիրված իրենց գործին, որի հետևանքով աշակերտները չեն կարողանում կենտրոնանալ դասի վրա, եթե նույնիսկ շատ են սիրում առարկան: Ուսուցիչը մեծ դեր է խաղում. նա է համակարգում ուսուցումը, բայց երբեմն նա զիջում է իր դերը նորարարական մեթոդներին: 

Հարց. – Արդյո՞ք դասավանդողներին սովորեցնում են նոր տեխնոլոգիաներից օգտվել այնպես, որ նրանք կարողանան արդյունավետ օգտագործել:

Միխայել Սթորա. Այսօր դասավանդողներին չեն սովորեցնում, թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել այդ տեխնոլոգիաները: Ուսուցիչների ժամանակը չի հերիքում: Նրանցից շատերը խանդավառությամբ են վերաբերվում նոր տեխնոլոգիաները դասարանում օգտագործելու գաղափարին, բայց դա պահանջում է ժամանակի մեծ ծախս:

Ֆիլիպ Կոտիե. Դասավանդողները բավարար ներգրավված չեն քննարկումներում և եթե նրանց որոշակիորեն պարտադրենք պլանշետների գործածումը, հնարավոր է՝ հողից կտրվածի զգացում ունենան: Սարքերը գնում են տեղական իշխանությունները, մինչդեռ ուսուցման մասին որոշումը ընդունում է կրթության նախարարությունը: Այդպիսի խնդիր առաջացավ անցյալում համակարգիչների կիրառման հետ կապված: Որպեսզի կազմակերպվի պլանշետներով ուսուցումը, որոշակի գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ են պետք: Դրանից բացի այդ տեխնիկան կրթական հիմնարկներին հարմարեցնելու համար ժամանակ է պետք: Որոշ կրթօջախներ տեխնիկան կիրառելու գիտելիքներ են փոխանցում միմյանց, բայց դա դեռ համատարած բնույթ չի կրում: Վերջապես դասավանդողներին սովորեցնելը բարդ է, որովհետև շատ քչերն են, առայժմ, դրանից օգտվում:

Հարց. – Վտանգ կա՞, որ խզում կառաջանա այն դպրոցների միջև, որոնք պլանշետ են օգտագործում և նրանց, որոնք հրաժարվում են դրանից:

Միխայել Սթորա. Դա վերաբերվում է ոչ միայն թվային տեխնոլոգիաներին: Այդ տարբերությունը միշտ էլ եղել է: Խնդիրն այստեղ ավելի շատ ընտանեկան է, քանի որ որոշ ընտանիքներում երեխաներին ավելի են ուղղորդում դեպի ուսումը, քան ուրիշներում: Թվային տեխնիկան առաջնահերթ կարգով պիտի մտցնել այն ուսումնական հաստատությունը, որոնք գտնվում են, այսպես կոչված, «զգայուն» գոտիներում։  Բանն այն է, որ բարեկեցիկ և ապահովված շրջանների դպրոցների հագեցումը թվային տեխնիկայով ավելի կլայնացնի անդունդը: Ես աշխատում եմ Կրետեյան դպրոցի հետ, ուր սովորողների 40% չի կարողանում քննություն հանձնել: Այնտեղ մտցվում են թվային տեխնոլոգիաների օգտագործման ծրագրեր, որոնք պիտի չառաջադիմող աշակերտների հետաքրքրությունը  ուսման նկատմամբ վերադարձնեն: Մենք պետք է անպայման օգնենք երիտասարդությանը:

Ֆիլիպ Կոտիե. Այստեղ հարկավոր է նշել տարածքային անհավասարության մասին, որովհետև գնումների որոշումը կայացնում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Դրանից բացի կարելի է նշել նաև աղջիկների և տղաների, բնակչության ապահովված և վատ ապահովված շերտերի անհավասարության մասին: Թե՛ թվային տեխնիկայի և թե՛ թղթային նյութերի հետ աշխատելիս աղջիկները ցույց են տալիս նույն արդյունքները, մինչդեռ տղաները թվային տեխնիկայի հետ աշխատելիս առավել հաջողությամբ են դրսևորվում, քան գրքերով աշխատելիս:

Սովորաբար թվային տեխնիկան ավելի է ընդգծում գոյություն ունեցող անհավասարությունը: Երեխայի՝ հասարակական կապերի ձևավորումը կախված է նրա սոցիալական խմբից։ Ապահով խավերի երեխաները, որպես կանոն, արդեն լավ են տիրապետում այդ տեխնոլոգիաներին, այդ թվում նաև մասնագիտական կիրառման առումով (էլեկտրոնային հասցե, համացանցում փնտրտուք…), մինչդեռ պակաս ապահովված խավերի երեխաների կողմից բարձր տեխնոլոգիաները ընդունվում են որպես զվարճության միջոց:
 

Թարգմանությունը ռուսերենից

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский