Մանկապատանեկան զբոսաշրջության դերը մանկավարժության մեջ

«Կարող եք ինձ մանկավարժության մեջ հրեշ կոչել, բայց ես իմ կյանքի փորձից խորապես համոզվել եմ նրանում, որ հիանալի լանդշաֆտը երիտասարդ հոգու զարգացման վրա ունի ահռելի  դաստիարակչական ազդեցություն, որի հետ դժվար է համեմատել մանկավարժի ազդեցությունը, և որ սովորողի հետ արտերում ու մարգագետիններում անցկացրած մեկ օրը համարժեք է աշակերտական սեղանի վրա անցակցրած բազմաթիվ շաբաթների»: Կ․Դ Ուշինսկի

Դեռևս խորհրդային շատ ականավոր մանկավարժների մեթոդաբանության մեջ մեծ տեղ էին գրավում սովորողների հետ հայրենագիտական ճամփորդություններն ու արշավները։ Հայտնի մանկավարժ Ա․Ս․ Մակարենկոն կազմակերպում էր սովորողների հետ հայրենագիտական ճամփորդություններ դաստիարակչական նպատակներով։ Այս նոր փորձը նա կիրառում էր որպես խթան, նվեր ամբողջ ուսումնական տարվա աշխատանքի և հաջողությունների համար։ Ըստ Մակարենկոյի, հայրենագիտական ճամփորդությունն ու դրա նախապատրաստական աշխատանքներն օգնում են հասնելու դաստիարակչական, կրթական և առողջապահական բարձր արդյունքների։

Մանկապատանեկան զբոսաշրջությունը երեխաների (14 տարին չլրացած անձանց) և դեռահասների (18 տարին չլրացած անձանց) ներդաշնակ զարգացման միջոց է, որն իրականացվում է հանգստի և հանրօգուտ աշխատանքի համադրման միջոցով, և որի հիմնական բաղադրիչներն են արշավը, ճամփորդությունը, էքսկուրսիան։

Մանկապատանեկան զբոսաշրջությունը դաստիարակչական, ուսուցողական, մասնագիտական կողմնորոշման, սոցիալ-ինտեգրման և առողջապահական  ամենաարդյունավետ միջոցներից մեկն է,  որի ընթացքում սովորողները վարում են առողջ ապրելակերպ, տեղի է ունենում դեռահասների և երեխաների անձի անընդհատ զարգացում և կատարելագործում։

ՌԴ մանկապատանեկան զբոսաշրջային շարժման մասնակիցները համարում են, որ մանկապատանեկան սպորտային զբոսաշրջության զարգացումը՝ որպես անձի ֆիզիկական, հոգևոր և հայրենասիրական դաստիարակչության տարր, կարող է զգալի հակակշիռ լինել հասարակության մեջ օրեցօր աճող այնպիսի վնասակար երևույթների, ինչպիսիք են թմրամոլությունը, ալկոհլային կախվածությունը և մանկապատանեկան հանցագործությունները։

Հայրենագիտական ճամփորդությունների, արշավների կրթական և առողջապահական նշանակությունը

Դասավանդողը միշտ ուսուցման այնպիսի մեթոդների փնտրտուքի մեջ է, որոնք սովորողի զարգացման համար կտան հնարավոր առավելագույն և ամբողջական արդյունք։ Եվ շատ դասավանդողներ բնազդաբար սկսում են զբաղվել զբոսաշրջությամբ։

Ցավոք սրտի, մանկավարժական ԲՈՒՀ-երում ուսանողներին չեն նախապատրաստում ուսումնահայրենագիտական ճամփորդությունների ղեկավարմանը։ Չնայած այս ամենի, դպրոցների ղեկավարների մեջ հիմա էլ կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ երեխաների մոտ պետք է զարգացնել գործունեության այնպիսի տեսակներ, որոնք տալիս են հնարավորինս համալիր արդյունք։ Զբոսաշրջությունն ու հայրենաճանաչությունը գործունեության հենց այն տեսակներն են, որոնց խելամիտ կազմակերպումը տալիս է կրթական և առողջարարական հսկայական արդյունք։ Սակայն դպրոցի մանկավարժների մեծ մասի պատկերացումները ճամփորդությունների մասին սահմանափակվում են զվարճալի ժամանցով։ Նրանք իրենց այցը բնության գիրկ պատկերացնում են միայն զբոսախնջույքի (պիկնիկի) տեսքով, քանզի վախենում են և՛ իրենց հոգնելուց, և՛ սովորողներին հոգնեցնելուց։ Բայց ինչպես հին իմաստությունն է ասում, քայլելը վնաս չէ, չքայլելն է վնաս։ Քայլարշավի կազդուրիչ ազդեցությունը հնարավոր չէ գերագնահատել։ Ճամփորդության մեջ հիմնական դերը խաղում է քայլքը։ Չկա շարժունակության զարգացման ավելի բնական ճանապարհ։ Այս դեպքում երեխայի ֆիզիկական զարգացումը տեղի է ունենում աննկատ, նա ձեռք է բերում որոշակի փորձ և որոշ ժամանակ հետո զարմանք գիտակցում է, որ նախկինում իր համար շատ բարդ ճանապարհն այժմ կարող է անցնել առանց որևէ դժվարության։ Բացի դրանից, ճամփորդություններին ակտիվ մասնակցելը բացառում է սրտանոթային հիվանդությունների հինգ պատճառներից երկուսը՝ ճարպակալումն ու նստակյաց կյանքը։

Զբոսաշրջային գործունեության մեջ սկսնակ դասավանդողը կարող է նաև ճամփորդության հետ կապված բազմաթիվ հարցեր ուենալ` ի՞նչ երթուղի ընտրի, ինչպե՞ս չմոլորվեն, արդյո՞ք սովորողները կարգապահ կլինեն, ինչպե՞ս ապահովի նրանց անվտանգությունը ճանապարհին և բնության գրկում, և վերջապես՝ «դա իմ ինչի՞ն է պետք»։

Առանձնացնեմ մի քանի կետեր, որոնք ուսումնաճանաչողական ճամփորդությունը գրավիչ կդարձնեն դասավանդողի համար:

Շարժունակության զարգացման շնորհիվ Ճամփորդությունը հիանալի կազդուրիչ միջոց է։ Ընդ որում, ամենահասարակ, յուրաքանչյուրիս ֆիզիոլոգիապես հասանելի եղանակով՝ քայլքով։
Ճամփորդության ընթացքում խումբը հեռու է լինում քաղաքային անբարենպաստ միջավայրից և ազդեցություններից` ճանապարհատրանսպորտային պատահարներ, թունավոր նյութերի ազդեցություն, փոշի, աղմուկ և այլն։ Սա սովորական աշխատանքային գործունեությունը էկոլոգիապես մաքուր, բնական միջավայրում ծավալելու հնարավորություն է։

Ճամփորդության ընթացքում շատերին գրավում է սովորող-սովորող կամ սովորող-դասավանդող փոխհարաբերությունների ավելի անկեղծ, ոչ ֆորմալ բնույթը։ Սովորողների մեջ ձևավորվում է փոխօգնության, փոխադարձ հարգանքի, խմբային աշխատանքի և համերաշխության մթնոլորտ, ինչը նպաստում է հետագա ներդաշնակ աշխատանքին։

Եվ վերջապես, դեպի հուշարձաններ, թանգարաններ, պատմամշակութային կոթողներ ճամփորդությունը հոգևոր կարիքները բավարարելու և կրթական մակարդակը բարձրացնելու հիանալի միջոց է։

Իսկ ի՞նչ հնարավորություններ ունի զբոսաշրջությունը:

Առաջին հերթին այն հնարավորություն է տալիս սովորողին ձեռք բերելու որակներ, որոնք անհրաժեշտ են նրան կրթությունը շարունակելու, ուսումնական գործունեության համար։ Դրանք են՝ ճամփորդության ընթացքում աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության նոր (սովորական դասարանական պայմաններում յուրացրածից տարբերվող) հմտությունների ձեռքբերումը, որոնք հետաքրքրություն են առաջացնում շարունակելու սեփական եզերքի ուսումնասիրումն ու ճանաչումը։  Ուսումնահայրենագիտական ճամփորդական գործունեության մեջ սովորողին հաճախակի ներգրավելն ընդարձակում է նրա պատկերացումներն այն մասնագիտությունների մասին, որոնք կապված են կենդանի բնության հետազոտության և ճանաչման հետ։ Դպրոցի շրջանավարտների համար դա կարող է հետագա մասնագիտական ճիշտ կողմնորոշման հիմք դառնալ։

Երկրորդ՝ ճամփորդական գործունեության ընթացքում սովորողները համագործակցելու հմտություն են ձեռք բերում։ Չէ՞ որ միայն հասակակիցների, ընկերների հետ շփումը դեռահասների համար կարող է ճամփորդություններին մասնակցելու պատճառ լինել։ Փոխօգնությունը, փոխադարձ աջակցությունը, միմյանց կարծիքների հետ հաշվի նստելը այնպիսի որակներ են, որոնք միշտ դրսևորում են ճամփորդության մասնակիցները։ Իսկ խմբով աշխատանքի, ճամփորդության ընթացքում դեռահասի մեջ ձևավորվում են հասարակական վարքի ճիշտ կանոններ, և նա բարոյական նորմերն ընդունում է որպես արժեք։ Երեխան հաղորդակցվելու փորձ է ձեռք բերում. դրական հարաբերություններ հաստատում կոլեկտիվի հետ, խմբի անդամների հետ շփումը պահպանում դժվարություններ հաղթահարելիս, ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության ժամանակ, ինչպես նաև լուծումներ է գտնում կոնֆլիկտային իրավիճակներում։

Երրորդ՝  ճամփորդական գործունեությունը կարող է սովորողի մեջ առաջնորդի հատկություններ բացահայտել և  զարգացնել։  Երկար ժամանակ ճամփորդությունների մասնակցությունը սովորողին ժամանակի ընթացքում առաջարկներ անելու, ճամփորդությունն ինքնուրույն պլանավորելու, ինքուրույն որշումներ կայացնելու և այլ  հնարավորություն է տալիս։ Եվ այս հատկանիշների հիման վրա ձևավորվում է առաջնորդի ոգին։

Չորրորդ՝ դպրոցում ուսումնառության ընթացքում սովորողի պարբերաբար ներգրավումը հայրենագիտական-ճամփորդական գործունեության մեջ խթանում է ֆիզիկական ինքնազարգացման և սեփական առողջության պահպանման պատրաստակամությունը։ Այս ուղղությամբ կարելի է սովորողին հատուկ գիտելիքներ տալ բժշկության, հիգիենայի, առաջին բուժօգնության վերաբերյալ, ինչպես նաև սովորեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ինքնակարգավորման մեթոդները։ Ժամանակի ընթացքում սովորողն իր առողջությանն ավելի լուրջ է վերաբերվում, որն էլ ֆիզիկական ինքնազարգացման խթան է։ Զբոսաշրջությունը գործունեություն է, որը պահանջում է անձի որոշակի հատկություններ՝ նպատակասլացություն, կարգապահություն, համբերատարություն, համառություն և այլն։ Այս հատկանիշները ժամանակի ընթացքում վերածվում են սովորության։

Հինգերորդ՝ դպրոցական զբոսաշրջությունը կարևոր է նաև սովորողի մեջ հայրենիքի նկատմամբ սեր ու հարգանք ձևավորելու համար, ինչպես նաև տղաներին նախապատրաստում է բանակում ծառայելուն։ Ճամփորդությունները դեպի պատմական հուշարձաններ, պատմության թանգարաններ զարգացնում են հայրենասիրական ոգին, իսկ ճամփորդությունների ընթացքում զարգանում են տեղանքում կողմնորոշվելու, բնական արգելքները հաղթահարելու, արշավական առօրյան կազմակերպելու հմտությունները, որոնք շատ կարևոր են հայրենիքի պաշտպանի համար։

Վեցերորդ՝ հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում սովորողների մոտ կարելի է ձևավորել բնապահպանական գործունեության պատրաստակամությունը։ Ի՞նչն է նպաստում դրան։ Բնական հուշարձաններ այցելելով` երեխան հասկանում է կենդանի բնության կարևորությունը հանրության և ամեն մի մարդու համար։ Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում սովորողը գաղափար է կազմում շրջակա միջավայրի վրա մարդկանց դրական և բացասական ազդեցությունների մասին, որն էլ հիմք է դառնում, որ նա սեփական կարծիք ձևավորի մարդ-շրջակա աշխարհ փոխհարաբերության վերաբերյալ։ Իսկ դիտումները հետաքրքրություն են առաջացնում բնության ուսումնասիրման համար։

Ինչպե՞ս ընտրել ճիշտ երթուղի:

Հայրենագիտական ճամփորդություն պլանավորելիս ամենակարևոր խնդիրներից մեկը երթուղու ճիշտ ընտրությունն է։

Երթուղին ընտրելիս պետք է ղեկավարվել հետևյալ սկզբունքվ՝ երթուղին պետք է մանկավարժի «օգնականը» լինի։ Եթե երթուղին շատ հեշտ է կամ ոչ այնքան հարուստ  ճանաչողական օբյեկտներով, ապա մանկավարժը պետք է լրացուցիչ ջանք թափի այդ բացը լրացնելու համար։ Այսպիսով՝ ճամփորդությունն սպասված արդյունքը չի տալիս։

Նշեմ երթուղու ճիշտ ընտրության մի քանի նախապայման:

Երթուղին ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ֆիզիկական ծանրաբեռնվածության  առումով հարմար լինի երեխաներին։  Որպես կանոն՝ նորեկ զբոսաշրջիկները արշավները պատկերացնում են առաջին հերթին որպես դժվարություն՝  ճանապահ հաղթահարելու, եղանակի, խմբում ինտեգրվելու և այլ։ Մանկավարժի խնդիրն է սկզբում քայլարշավների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել, սովորեցնել երկարատև քայլքից հաճույք ստանալ։ Պետք չէ հնարավոր դժվարությունների և ճանապարհին հանդիպող արգելքների մասին պատմելով վախեցնել նրանց։  Առաջին երթուղիները պետք է լինեն ոչ շատ երկար և հնարավորինս հեշտ հաղթահարելի։ Պետք է սահմանափակվել առավելագույնը 4 ժամյա արշավով։ Կարելի է ազատ ժամանակը տրամադրել զանազան խաղերին, բնության ուսումնասիրությանը և այլն։ Ժամանակի ընթացքում սովորողները փորձ են ձեռք բերում, և արդեն կարելի է ընտրել ավելի բարդ, երկարատև երթուղիներ։

Ճամփորդության ամենակարևոր նպատակը պետք է լինի ուսումնական արդյունքը։ Ուստի երթուղին պետք է այնպես ընտրել, որ սովորողներն այդ ընթացքում լրացնեն կամ ամրապնդեն դասընթացի շրջանակում յուրացվող գիտելիքները։

Երթուղին ինքնին պետք է հետաքրքիր լինի, անցնի բազմազան հետաքրքիր վայրերով։ Փորձը ցույց է տալիս, որ ճամփորդության մասնակիցները ճանապարհից ավելի քիչ են հոգնում, եթե այդ ճանապարհն անցնում է անտառային, հարթավայրային տարածքներով։

Այսպիսով՝ հայրենագիտական ճամփորդական գործունեությունն ընտրելով` դասավանդողը կարող է լուծել մանկավարժական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գիտելիքների ամրապնդումը, ոչ ֆորմալ միջավայրում սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բացահայտումը, դասարանում միասնականության ձևավորումը և այլն։ Գոնե մեկ անգամ սովորողների հետ ճամփորդության գնացած դասավանդողը հասկանում է, որ դա իր համար ոչ թե լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, այլ բազմաթիվ դաստիարակչական և կրթական խնդիրներ լուծելու հիանալի միջոց, հնարավորություն իրեն և սովորողներին պարգևելու շփման բերկրանք և առողջություն։

Ինքս բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել ուղեկցելու զբոսաշրջիկների  խմբերի, որոնց մեջ և’ մեծահասակներ են եղել, և’ երեխաներ: Հետաքրքիր է դիտարկելը, թե ինչպես են տարբեր տարիքի անձինք իրենց դրսևորում: Որպես կանոն` երեխաներն ավելի հետաքրքրասեր են, ավելի պրպտող, ավելի տպավորվող, ավելի արագ են նկատում մանրուքները, սպունգի պես վերցնում են տվածդ ողջ ինֆորմացիան և տեղավորում իրենց հիշողության դարակներում: Եվ վերջապես` չնայած նրան, որ փոքրիկների հետ հազար անգամ ավելի լարված ես քեզ զգում, և պատասխանատվությունն ավելի մեծ է, հազարապատկվում է նաև այն դրական էներգիան, որ ունենում ես ցանկացած ճամփորդությունից հետո: Եվ ամեն անգամ ես հասկանում եմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու այդ փոքրիկ ինչուիկներից:

ՀՀ-ում քիչ են կրթական հաստատությունները, որտեղ հայրենագիտական ճամփորդությունները կազմում են դասընթացի բաղադրիչ մաս: Հոդվածում ներկայացված են հայրենագիտական ճամփորդությունների դերն ու նշանակությունը մանկավարժության մեջ: Թարգմանությունը ռուսերենից է:

Ազնիվ Հովհաննիսյան

Աղբյուրներ՝

http://ru.wikipedia.org/
http://nkosterev.narod.ru/

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский