Ինչով է տարբերվում ինտելեկտուալը

Անհատ: Հասարակություն: Անհատի դերը հասարակության մեջ: Հասարակության ազդեցությունը անհատի վրա: Ահա մի շարք հարցադրումներ, որոնք մշտապես հուզել են մի շարք գիտնականների: Այսօր հասարակության կայացման գործում կարևոր դեր ունեն անհատները, իսկ անհատի ձևավորման գործում հսկայական դեր ունի դպրոցը: Չէ՞ որ դպրոցն է կրթում, դաստիարարկում անհատին և նպաստում է նրա ձևավորվմանը։ Հասարակության մեջ ինտելեկտուալ անհատների դերի, նրանց տեսակների, նրանց ծավալած գործունեության մասին ծավալուն ուսումնասիրություն է կատարել մեր ժամանակի խոշորագույն սոցոլիոլոգներից մեկը` Յուրգեն Հաբերմասը (ծ. 1929թ., փիլիսոփա և սոցիոլոգ, Գիտատեխնիկական աշխարհում  կյանքի պայմանների ուսումնասիրության իստիտուտի տնօրեն, Շտրանբերգ):

Սիրով  թարգմանաբար ներկայացնում ենք Հաբերմասի դիտարկումները:

Էմանուել Ագջոյան
 
Յուրգեն Հաբերմաս
 
Ինչն է տարբերում ինտելեկտուալին
 
Երբ «Կարլ Ռեների» անվան Ինստիտուտի տնօրենը ինձ հայտնեց ուրախ լուրը` այս տարի ես եմ ստանալու Բրունո Կրայսկու անվան մրցանակը, այս հանգամանքը ինձ մղեց մտածելու երկու ուղղությամբ: Առաջինը` ես մտածում էի, որ այս իրավիճակում   ինչ- որ նյարդայնացնող բան կա, երբ մի քանի տասնամյակ վիճաբանություններից և բավականին հակասական համբավ ձեռք բերելուց հետո ես ստացա չվաստակած ճանաչում: Իսկ երկրորդը, որն ամենակարևորն է, Ավստրիայի  Հանրապետության բուռն պատմության մեջ այնքան փառահեղ տեղ զբաղեցնող Կարլ Ռեների ու Բրունո Կրայսկու անունները  ինձ առիթ տվեցին մտածելու, թե ինչ կապ ունեմ ես վիեննական սոցիալ-դեմոկրատների հետ: Քաղաքական կապի մասին խոսք չկա, բայց այս երկու պատմական անուններն ինձ հիշեցրին այն ինտելեկտուալ ազդակների մասին, որոնց համար ես պարտական եմ ավստրոմարքսիզմի թեորետիկ մեծ ժառանգությանը: Օգտվելով առիթից՝ ես կուզենայի շնորհակալություն հայտնել այս հնագույն ավանդույթին երկու կարևոր գաղափարների համար, որոնք խթանեցին իմ միտքը:
 
Շնորհակալության խոսք ավստրոմարքսիզմին
 
Երբ 1956թվին ստացա բավականին պայմանական փիլիսոփայական կրթություն, ընկա  Ֆրանկֆուրտի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ոչ սովորական միջավայրը, Մի փորձարարական հետազոտական նախագծի նախապատրաստման ժամանակ ստիպված եղա ծանոթանալ իրավական պետության ու ժողովրդավարության խնդիրներին նվիրված գրականությանը: Այն ժամանակ դա դեռ զուտ իրավաբանական բնույթի գրականություն էր: Վայրամյան պետության առաջատար իրավագետների միջև ծավալվող բանավեճերը ինձ  հետաքրքիր թվացին, բայց ես չէի կարողանում կապ տեսնել նորմատիվ իրավաբանական հասկացությունների ու  հասարակական այն տեսության միջև, որի լույսի տակ փորձում էի իմաստավորել ինձ այդ պահին շրջապատող քաղաքական իրականությունը: Քաղաքական տնտեսության և իրավունքի միջև կապը ինձ համար բացահայտեց 1929թվին լույս տեսած «Մասնավոր իրավունքի իրավաբանական ինստիտուտները և նրանց սոցիալական գործառույթները» չոր-ցամաք վերնագրով գիրքը: Այն հիմնված է այն գիտական աշխատությունների վրա, որոնցով դարերի սահմանագլխին զբաղվում էր երիտասարդ Կառլ Ռեները, երբ գրադարանավար էր աշխատում ավստրիական պառլամենտում` ռեյխստարում:
Այս գրքի շնորհիվ ես հաղորդակից եղա ավստրոմարքսիստների աշխատություններին, որտեղ գտա երեք բան, որոնք ինձ պակասում էին Ֆրանկֆուրտի համալսարանում` Թեոդոր Ադորնոյի մոտ: Առաջինը` տեսության ու քաղաքական պրակտիկայի միջև ինքնըստինքյան հասկանալի կապն էր, երկրորդը` ակադեմիական գիտության նոր նվաճումների նկատմամբ հասարակության մարքսիստական տեսության խիզախ ընկալունակությունը (այդ ընկալունակ դիրքորոշումից Խորկհայմերն ու Ադորնոն «Կրթության դիալեկտիկայից» հետո նորից նահանջեցին), և երրորդը`գլխավորը, ժողովրդավարական, իրավական պետության ձեռբերումների հետ անվերապահ համերաշխությունը՝ չհրաժարվելով ձեռքբերած կետից դեռ երկար առաջընթաց ճանապարհ նախատեսող արմատական ռեֆորմիստական նպատակներից։
Իմ՝ հեգելյան-մարքսյան դիրքորոշումից դեպի կանտյան պրագմատիզմ շարժման համար նույնքան զգալի խթան է հանդիսացել Մակս Ադլերի՝ 1936թվին լույս տեսած «Հասարակության գաղտնիքը» գիրքը:  Ադլերը, ներմուծելով  «սոցիալական ապրիորի» հասկացությունը, ոչ միայն հիշեցնում է, որ մեր ինքնագիտակցությունը և մեր գիտելիքը աշխարհի մասին սահմանվում են հասարակության մեջ, այլև ցույց է տալիս, որ սոցիալական կենսական կառույցները դասավորվում են գիտենալու գործողությամբ։ Այդ դեպքում ստացվում է, որ ինքը՝ հասարակությունը հիմնված է իմաստավորման այն պահանջմունքների իրականության վրա, որոնք մենք առաջ ենք քաշում մեր հաղորդակցական դարձվածքների միջոցով։ Այսպիսով՝ Ադլերը ուշ Գուսսերլի նման պնդում է, որ հասարակությունը արմատապես կապված է արտահայտությունների ճշմարիտության և նորմերի ճշտության հետ։
Օտտո Բաուեր և Ռուդոլֆ Գիլֆերդինգ, Կարլ Ռեններ և Մակս Ադլեր, չնայանած իրենց աշխատությունների գիտականությանը՝ իրենց համարում էին ինտելեկտուալ կուսակցականներ, որոնք, երբ հարկավոր է, կարող էին ենթարկվել տակտիկայի և կազմակերպման կարգապահական պահանջներին: Բայց լինելով ժողովրդավարներ՝ բոլորովին այլ կերպ էին պատկերացնում կուսակցության դերը, քան լենինյան Քուկաչը «պատմության և դասակարգային գիտակցության» մեջ: Ինչ էլ լինի, կուսակցական ինտելեկտուալի կերպարը պատկանում է պատմության արխիվն անցած գաղափարական ձախ կուսակցականների մոդելին: 1945թվից հետո այս տեսակը տեղ չուներ Արևմուտքում: Վիլլի Բրանդտի նման, Բրունո Կրայսկին էլ Սկանդինավներից վերադառձավ բոլորովին այլ մարդ դարձած: Էմիգրացիայից վերադարձած այս սոցիալ-դեմոկրատների երախտիքի շարքին հարկավոր է դասել նաև այն հագամանքը, որ ելնելով սոցիալական պետության մոդելից՝ խաղաղություն էր հաստատված դասակարգային հասարակությունում, որը արդեն ձևափոխվել էր քաղաքացիական հասարակության:
Ինտելեկտուալի ժամանակակից տեսակը կտրուկ տարբերվում է իրեն նախորդած տեսակից: Այն ինտելեկտուալները, որոնք եկան 1945թվից հետո՝ Քամյուն, Սարտրը, Ադորնոն, Մակս Ֆրիշը, Հենրիխ Բեյլը և այք, նման էին ինտելեկտուալների, որոնք հայացքներով համարվում էին կուսակցական, սակայն հեռու էին քաղաքական գործունեությունից, և բոլորովին նման չէին կուսակցական գրողներին ու պրոֆեսորներին: Պատմությունից դասեր քաղած լինելով՝ նրանք սեփական նախաձեռնությամբ արձագանքում էին հասարակության մեջ ընթացող կարևորագույն իրադարձություններին, այսինքն դա անում էին առանց կուսակցական հանձնարարության և կոլեգիալ որոշման, հրապարակայնորեն օգտագործում են իրենց պրոֆեսիոնալ կարողությունները իրենց հիմնական աշխատանքից դուրս: Ընդ որում, չհավակնելով էլիտայի կարգավիճակի, նրանք չեն կարող հղում անել որևէ այլ օրինական բանի, քան դեմոկրատական պետության քաղաքացու  դերն է:
 
Ինտելեկտուալն ու նրա հասարակայնությունը
 
Գերմանայում ինտելեկտուալների կողմից սեփական կարգավիճակի էգալիտար ընկալումը վերագրվում է Գյոթեին ու Հեգելին հաջորդած սերունդներին: Երիտգերմանացի և ձախ հեգելյանների շարքին պատկանող դասախոսներն ու գրականագետները նպաստել են ազատ ճախրողի, ինքնաբուխ խառնվողի, երբեմն սենտիմենտալի, հուզված վիճարկողի և անկանխատեսելի ինտելեկտուալի կերպարի ձևավորմանը։ Վերոհիշյալ անձիք էլ նպաստել են կայուն բացասական նախապաշարմունքների ձևավորմանը այդ կերպարի շուրջը։ Պատահական չէ, որ Ֆոյերբախի, Հայնեի, Բյորնի, Բրունո Բաուերի, Մաքս Շտրիների, Մարքսի, Էնգելսի և Կիերկեգորի սերունդը ասպարեզ եկավ 1848թ.-ի հեղափոխությունից առաջ, երբ ի հայտ եկան պարլամենտարիզմն ու մասսայական մամուլը:
Արդեն ինկուբացիոն շրջանում, երբ ֆրանսիական մեծ հեղափոխության բացիլները տարածվում էին ողջ Եվրոպայում, ուրվագծվում էր այն ազդեցությունը, որը իր հետքը պետք է թողներ ժամանակակից ինտելեկտուալ անհատների ձևավորման գործում: Չէ՞ որ ինտելեկտուալները, որոնք հռետորաբար ցցուն դարձրած փաստարկների միջոցով ազդում են հասարակական կարծիքի վրա, կարիքը ունեն սթափ, տեղեկացված, արձագանքելու ընդունակ հասարակության։ Նրանց անհարժեշտ էր շատ թե քիչ լիբերալ տրամադրված հանրություն, այդ իսկ պատճառով ինտելեկտուալները ստիպված են հույսը դնել գոնե ինչ-որ կերպ գործող իրավական պետության վրա, չէ՞ որ արդարության համար պայքարում, որով փակում են նրանց բերանը, կամ ինչ- որ  մեկից խլված իրավունքի համար պայքարելիս, նրանք վկայակոչում են համընդհանուր մարդկային արժեքները: Նրանք այն աշխարհի մասնիկն են, որտեղ քաղաքականությունը չի սահմանափակվում պետության գործունեությամբ, նրանց աշխարհը իրենից ներկայացնում է առարկությունների քաղաքական մշակույթ, որտեղ քաղաքացիների հաղորդակցության ազատությունները հնարավոր է և՛ ընդունել, և՛ մոբիլիզացնել:
Դժվար չէ ուրվագծել ինտելեկտուալի իդեալական տեսակը, որը շոշափում է կարևոր թեմաներ, առաջ է քաշում արդյունավետ թեզեր և ընդլայնում է համապատասխան փաստարկների շարք՝ նպաստելով հասարակության մեջ ընթացող քննարկումների անհուսալի ցածր մակարդակը բարձրացնելուն: Ամեն դեպքում պետք չէ լռությամբ շրջանցել այն փաստը, որ ինտելեկտուալները, երբ զբաղված չեն փոխադարձ հայհոյախոսությամբ, աշխարհում ամենից շատ սիրում են միացնել իրենց ձայները  ծիսական ողբին, թե «ինտելեկտուալ» տեսակը վերանում է։ Խոստովանեմ, երբեմն ես էլ եմ նման մեղք գործում։ Մի՞թե դատարկություն չեն զգում այնտեղ, ուր մի ժամանակ մեծ ակցիաներ ու «47 խմբի» մանիֆեստներն էին լինում։
Մի կողմից հաղորդակցության փոխանցումը թղթե կրիչներից` գիրք, մամուլ, էլեկտրոնայինի` հեռուստատեսություն, համացանց, անսպասելիորեն հանգեցրեց հանրային ոլորտում զանգվածային հաղորդակցման միջոցների գործունեության ընդրաձկամանը և հաղորդակցական ցանցերի աննախադեպ խտությանը: Հասարակական ոլորտը, որտեղ ինտելեկտուալները լողում էին ինչպես ձուկը ջրում, դառնում է ավելի ընդգրկուն, իսկ հասարակական երկխոսությունը` ավելի ինտենսիվ, քան երբեիցե: Մյուս կողմից ստեղծվում էր այնպիսի տպավորություն, որ ինտելեկտուալները կարող են նաև խեղդվել իրենց կյանք տվող միջավայրից, որը հասել է  աղետի սահմանների, ինչպես չափաբաժինը գերազանցելու ժամանակ է լինում։ Ստացվում է, որ բարիքը վերածվում է անեծքի: Ես սրա պատճառը տեսնում եմ նրանում, որ հասարակական ոլորտը դառնում է պակաս ձևավորված, իսկ հասրակության մեջ գոյություն ունեցող դերերը դառնում են ավելի քիչ տարբերակված: 
 
Համացանցի և հեռուստատեսության ազդեցությունը
 
Համացանցից օգտվելը միաժամանակ ընդլայնում և կոտորակում է հաղորդակցության միջոցները: Այդ իսկ պատճառով ինտերնետը կործանիչ ազդեցություն է թողնում հասարակական ասպարեզներում ավտորիտար ռեժիմների վրա: Բայց հորիզոնական ու պակաս պաշտոնականացված  հաղորդակցական ցանցերի գոյացումը միաժամանակ ամլացնում են հասարակական ոլորտի ավանդական ձեռքբերումները: Չէ՞ որ  նրանց ֆունկցիան էր քաղաքական միավորումների միջոցով կենտրոնացնելը անանուն ու ցրված լսարանի ուշադրությունը որոշ ընտրված հաղորդագրությունների վրա, այնպես որ քաղաքացիները միևնույն րոպեին կարողանան զբաղված լինել նույն՝ քննադատաբար զտած թեմաներով և դրանց առթիվ արտահայտություններով։ Համացանցը նպաստում է համընդհանուր հավասարության կայացմանը, որը կարելի է միայն ողջունել, սակայն դրա վարձը լինում է չխմբագրված արտահայտությունների հասանելիության ապակենտրոնացումը։ Այս դեպքերում ինտելեկտուալների խոսքը կորցնում է հասարակության ուշադրությունը կենտրոնցանելու ողջ կարողությունը:
Ամեն դեպքում, վաղ է խոսել այն մասին, որ հաղորդակցության միջոցների մեջ էլեկտրոնային հեղափոխությունը ոչնչացրել է փառասեր ինտելեկտուալների էլիտար ելույթների ասպարեզը: Չէ՞ որ թերթերի, ամսագրերի ու գրականության գործունեության ասպարեզը ավելանում է հեռուստատեսության շնորհիվ, որ  գործում է հիմնականում ազգային պետության առաջադրած հասարակական ասպարեզում: Դրա հետ մեկտեղ հեռուստատեսությունն ու վիդեոն փոփոխեցին այդ ասպարեզը։ Այն, ինչ սա ուզում է ասել, պետք է պատկերներով ցույց տա, դրա համար էլ արագացրեց բառից կերպարին՝ iconicturn անցումը։ Բառի այս հարաբերական արժեզրկման պայմաններում նաև հավասարակշռությունն է խախտվել հասարակական ասպարեզի երկու տարբեր գործառույթների մեջ։
Քանի որ հեռուստատեսությունը հաղորդակցության ցուցադրող միջոց է, մարդկանց, ովքեր հեռուստատեսությամբ հրապարակային ելույթ են ունենում, դարձնում է երևելի, այսինքն՝ հայտնի։ Տեսախցիկի առաջ նստելով՝ գործող անձիք, անկախ հաղորդման ընդհանուր բովանդակությանը իրենց ներդրումից, ցուցադրում են իրենց։ Դրա համար էլ հանդիսատեսը, պատահաբար հանդիպելով նրանց փողոցում, հիշում է, որ ինչ- որ  տեղ տեսել է այդ դեմքը: Հեռուստատեսությունը, օրինակ՝ բազմաթիվ ու հանրահայտ թոք-շոուները, խրախուսում է ելույթ ունեցողին՝ խաղալու ինքն իրեն, ընդ որում՝ նաև այն դեպքում, երբ հաղորդման գլխավոր բովանդակությունը, տեսականորեն, քննարկումն է։ Քանի որ էկրանին մարդիկ վերածվում են դերասանների, հանրությունն էլ, որ նստած է էկրանի առաջ, հետևում է համընդհանուր շահ հանդիսացող թեմայով վեճին, ձևավորում է նրանց մասին սեփական կարծիքը, անխուսափելիորեն վերածվում է հանդիսատեսի։
Դա, իհարկե, շոյում է ինտելեկտուալների հիվանդագին փառասիրությունը, նրանցից ոմանք, հեռուստատեսությամբ ինքնաներկայացնաման այս հնարավորության շնորհիվ մեծամտացել են և կորցրել իրենց հեղինակությունը: Չէ՞ որ ինտելեկտուալի լավ հեղինակությունը կայանում է ոչ թե  նրանում, որ աչքի առաջ լինի և հանրաճանաչ, այլ որ ունենա բարի անուն: Նման հեղինակություն, լինի նա գրող թե ֆիզիկոս, նախ պետք է ձեռք բերի՝ աշխատելով իր ոլորտում, նախքան կսկսի հանրայնորեն օգտագործել իր գիտելիքն ու սեփական անունը: Եթե նա իր փաստարկներով խառնվում է որևիցե քննարկման, ապա պետք է դիմի հանրությանը, որը կազմված է ոչ թե հանդիսատեսից, այլ երկխոսության պոտենցիալ մասնակիցներից, որոնք պատասխանատու կերպով են խոսում և միմյանց լսում են: Նմանատիպ քննարկման իդեալական տիպը ենթադրում է փաստարկների փոխանակում, այլ ոչ թե հանդիսատեսի հայացքների հմուտ որսում:
Միգուցե սա է պատճառը, որ ստուդիայում՝ տեսախցիկների առջև, որտեղ հրաշալի հեռուստավարողը խոսակցության է հրավիրում քաղաքական գործիչների, փորձագետների և լրագրողների, չկա ազատ տեղ, որը պետք է գրավեր ինտելեկտուալը: Չի կարելի ասել, թե նրա բացակայությունը զգացվում է. չէ՞ որ ուրիշները արդեն վաղուց նրա դերն են կատարում և երբեմն ավելի լավ, քան ինքը:
Քանի որ թոկ-շոուի մասնակիցները միաժամանակ թե՛ քննարկում և թե՛ իրենց են ներկայցնում, ապա ջնջվում է սոցիալական դերերի միջև տարբերությունը, որը նախկինում ինտելեկտուալը պետք է տարբերեր միմյանցից: Հիմա այդ բաժանումը հնացած է համարվում:
Նախկինում ինտելեկտուալը պետք է տարբերեր «ազդեցությունը» և «իշխանությունը» և չօգտագործեր այն ազդեցությունը, որն ինքը ուներ խոսքի միջոցով, իշխանություն ձեռք բերելու համար: Բայց այսօր, նստելով թոկ-շուոյի, ինչո՞վ նա կարող է տարբերվեր քաղաքական գործիչներից, որոնք արդեն վաղուց օգտագործում են հեռուստատեսությունը որպես ինտելեկտուալ մրցակության հարթակ, որտեղ մրցակցությունը կայանում է արդի թեմաները և հասկացութունները սեփական անձով ներկայացնելու մեջ:
Ինտելեկտուալը չի գնահատվում նաև որպես փորձագետ: Նախկինում նրա գործն էր, չմոռանալով, որ ինքը կարող է և սխալվել, խիզախորեն առաջադրել նորմատիվ կարծիքներ և երևակայությամբ նկարել հետաքրքիր զարգացումներ: Բայց ինչով նա կարող է տարբերվել այսօր փորձագետներից, որոնք ուրիշ փորձագետների հետ վեճերում հմտորեն կարողանում են ոչ միայն թվեր և փաստեր օգտագործել, այլև համոզիչ և տպավորիչ մեկնաբանություններ անել: Եվ վերջապես, խելացի լրագրողից ինտելեկտուալը նախկինում պետք է տարբերվեր ոչ այնքան արտահայտման ոճով, որքան իր դիրքի առավելականությամբ. հասարակական գործերով նա զբաղվում էր միայն իր հիմնական աշխատանքի հետ համատեղությամբ, նրա պարտքն էր խառնվել միայն այն ժամանակ, և այստեղ նա ստանձնում էր արագ արձագանքման համակարգի դեր, երբ գործերը վատ ընթացք էին ստանում:
Եվ այստեղ մենք անդրադառնում ենք այն միակ որակին, որը այսօր էլ կարող է տարբերել ինտելեկտուալին՝ կարևոր բանը առաջինը զգալու ունակությունը: Նա պետք է ընդունակ լինի անհանգստանալու որոշ ճգնաժամային միտումներից այն ժամանակ արդեն, երբ մյուսները, առանց տարօրինակ բան նկատելու, շարունակում են զբաղվել իրենց սովորական գործերով:
Ինտելեկտուալների տարբերակիչը ամենևին էլ չպիտի հերոսականությունը լինի։ Կասկածամտությամբ արտահայտված նրբազգացողությունը հասարակական օրգանիզմի նորմատիվ ենթակառուցվածքների խախտման նկատմամբ, հիվանդագին հակումը՝ կանխելու վտանգները, որ սպառնում են ինտելեկտուալ ճեղքով կյանքի այն քաղաքական ձևին, որ գոյություն ունի հասարակության մեջ, կարողությունը տեսնելու՝ ինչի պակասը կա, կամ  ինչը կարող էր «այլ կերպ լինել», մի քիչ երևակայություն, որ կարողանան այլընտրանք մշակել, և մի քիչ խիզախություն, որպեսզի դիրքորոշումների բևեռացում ապահովի, ելույթ ունենա սկանդալային հայտարարություններով, հրապարակի պամֆլետներ:
Այս ամենը, իհարկե, ասելն ավելի հեշտ է, քան անելը: Ինտելեկտուալը պետք է կարողանա լինել մտահոգված և միևնույն ժամանակ ունենա բավականաչափ քաղաքական սթափություն, որպեսզի թույլ չտա չափազանց (չափից դուրս) էմոցիոնալ արձագանքներ: Քննադատները՝ սկսած Մաքս Վեբերից և Շումպետերից մինչև Գելեն և Շելսկի, բազմիցս քննադատել են ինտելեկտուալների «անպտուղ մտահոգությունը»: Ինտելեկտուալը չպետք է վախենա նման կշտամբանքից: Սարտրը ավելի ազդեցիկ ինտելեկտուալ էր, քան Ռայմոն Առոնը, բայց քաղաքական մտորումներում առավել հաճախ էր սխալվում: Պարզ է, որ հոտառությունը կարող է նաև սարսափելի թյուրըմբռնումների հանգեցնել: Օրինակ, երբ պատմաբանը գրում է, որ Գերմանիային այսօր անհրաժեշտ է «մահվան քաղաքական երկրպագություն», որին վերջ է դրվել 1945 թվականին, ապա նա իրեն իհարկե խայտառակում է, քանի որ գաղափար չունի ֆաշիզմի մտավոր միջուկի մասին:

 Թարգմանությունը՝ ռուսերենից

Թարգմանիչ: 
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский