Մեդիան չի շրջանցում գրասենյակը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության արդյունքում աստիճանաբար թվայնացվում են ուսումնառության մեջ անհրաժեշտ գրքերը, ուսումնական նյութերը, ծրագրերը: Եվ, իհարկե, անհնար է պատկերացնել, որ մեդիան շրջանցեր գրասենյակները: Թվային միջոցները` համակարգիչը, նեթբուքը, սքաները  դարձել են դպրոցի գրասենյակի ղեկավարի ձեռքի գործիք: Այժմ այլևս կարիք չկա զբաղվելու թղթավարությամբ, քանի որ համացանցի շնորհիվ էլեկտրոնային համակարգում հայտնվեցին հրամանագրքերն ու շարժմատյանները, սովորողների պայմանագրերը, արտակարգ պատահարների գրանցման մատյանը և, որը գրեթե անհնար էր թվում և ամենակարևորն էր, սովորողների հաշվառման և գնահատման մատյանները: Դրանք այսօր թույլ են տալիս սովորողին, ծնողին, դասավանդողին և ղեկավարին յուրաքանչյուր պահի վերահսկել, հետևել և ուղղակի տեղեկանալ սովորողի բացակայությունների, ուսումնական հաջողությունների և ձախողումների մասին:

Էլեկտրոնային մատյանների առավելություններից մեկն այն է, որ դասավանդողն ու գրասենյակի ղեկավարը, դպրոցի ղեկավարը յուրաքանչյուր պահի, տնից կամ աշխատավայրից կարող են տվյալներ լրացնել, տնային առաջադրանքներ ուղարկել և պատասխաններ ստանալ, արդյունքներ և դիտարկումներ գրանցել, իրար հետ, ծնողների հետ քննարկել ուսուցման կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Ծնողների մեծամասնությունը այսօր լիարժեք տիրապետում է թվային միջոցներին, և էլեկտրոնային մատյանը նրանց համար ժամանակի խնայողության հիանալի տարբերակ է: Բազմազբաղ և աշխատող ծնողը կարող է իր աշխատանքի վայրից հետևել, տեղականալ իր երեխայի հաճախումների, ուշացումների, ուսումնական արդյունքների, գնահատականների մասին:

Էլեկտրոնային մատենավարության մեծ փորձ ունի Ռուսաստանը, որի դպրոցներում դեռ 2008 թվականին նախագահ Դ.Մեդվեդևը առաջարկել էր ներդնել գործածման մեջ նման մատյաններ, իսկ 2010 թվականին այդ առաջարկը օրենքի ուժ ստացավ, ըստ ՌԴ նախագահին կից խորհդրի ընդունած փաստաթղթի, որը թույլ է տալիս կրթական համակարգում ներդնել էլեկտրոնային կրթական ռեսուրսներ և դրանց հանդեպ ընդհանուր պահանջներ գործադրել: Սակայն այժմ Ռուսաստանում դեռ դպրոցների կեսից ոչ ավելին է օգտագործում էլ.մատյաններ: Դրա պատճառներն են ոչ բավարար օրենսդրական կարգավորումը, դասավանդողների ծանրաբեռնվածությունը, նյութական խթանի պակասը և համացանցի դանդաղ աշխատանքը: Այս թեմաները Ռուսաստանում հաճախ քննարկվում են տարբեր համացանցային ֆորումներում: Սակայն կան նաև հաջողված օրինակներ` Էլեկտրոնային դասամատյանՕրագիրԴպրոցի էլ.մատյանԴպրոցական էլ.մատյանների համակարգ և այլ կայքեր:

Էլեկտրոնային մատյանների և օրագրերի համակարգում հիմնականում գործում է անհատական բաժինների սկզբունքը, որը կարող է ունենալ այս կամ այն տեղեկություններն ու գործառույթները` կախված մուտքի թույլտվության աստիճանից և այդ բաժնում օգտատիրոջ  դերից: Այն կարող է.

  • Ունենալ ընդհանուր գործառույթներ. ներքին սոցցանցի մեջ շփման, նյութերի և հաղորդագրությունների փոխանցման հնարավորություններ: Որոշ համակարգեր ունեն նաև հավելյալ հնարավորություններ, օրինակ` sms-հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Նման ծառայությունները, իհարկե, վճարովի են, սակայն հետաքրքիր է այն, որ ամառային արձակուրդներին հաղորդագրությունների ծառայությունը կասեցվում է` ծնողների գումարները խնայելու համար:
  • Թույլ տալ դասավանդողին տեսնել դասացուցակը, գրանցել տնային առաջադրանքներն ու օրվա թեմաները, կազմել իր առարկայի ուսումնական հաշվետվությունը:
  • Թույլ տալ սովորողներին և դասավանդողներին տեսնել թվանշանները, տնային առաջադրանքները, ուսուցչի մեկնաբանությունները:
  • Թույլ տալ դպրոցի ղեկավարությանը անցկացնել դասավանդողների և դպրոցի ընդհանուր գործունեության մոնիտորինգ:

 Ռուսաստանում գործում է էլետրոնային մատյանների երկու համակարգ.

  1. Ծրագրային ապահովում, որը տեղադրվում է տվյալ դպրոցում, և որը գործում է այդ դպրոցի ներքին ցանցում, առանց համացանցին միանալու:
  2. Առցանց համակարգ, որը միացված է համացանցին:

Դպրոցների էլեկտրոնային մատյանների տվյալները պահվում են կա´մ տվյալ մատյանը ստեղծող կազմակերպության տվյալների բազայում, կա´մ էլ դպրոցների կայքերում:

Ի դեպ, Ռուսաստանում այսօր մեծ թվով կազմակերպություններ ստեղծում և գործադրում են էլեկտորնային մատյանների և օրագրերի ծրագրային փաթեթներ, որոնք կարող է ձեռք բերել յուրաքանչյուր դպրոց: Օրինակ, КМ-школа նախագիծը, Էլեկտրոնային դպրոց ծրագիըը: : Նման ծրագրեր ստեղծվել են նաև նախակրթարանների համար:

Ռուսաստանյան էլեկտրոնային մատյանները չունեն ընդհանուր մուտքի թույլտվություն, տեղեկատվությունը գաղտնի է, և դրանց կարող են միանալ հատուկ մուտքանուն  և գաղտնաբառ ունեցող օգտատերերը:

Հայաստանյան շատ դպրոցներ ներգրավված են Dasaran.am համակարգում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը օգտագործում է էլեկտորնային մատենավարության իր տարբերակը, որը համապատասխանում է կրթահամալիրում իրականացվող ծրագրերին: Մեր մատյանները տեղադրված են mskh.am-ի ցանցում` դպրոցի փոստի SkyDrive կամ GoogleDisk համակարգերում: Դրանց վարման կարգերի, բովանդակության, ձևերի բոլոր մշակումները արվում են կրթահամալիրում:  

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский