Նոր տեխնոլոգիաները արհեստում. ոսկերչություն

Կրթության նոր բովանդակության անընդհատ փնտրտուք պետք է իրականացնել: Ջոն Դյուի

Մանկավարժ, փիլիսոփա Ջոն Դյուին դեմ է, որ դպրոցական ծրագիրը մնա անփոփոխ: Նրա կարծիքով հասարակական-մշակութային ոլորտներում շարժումներն աղբյուր և խթան պետք է դառնան անընդհատ ընտրության և կրթության բովանդակության փոփոխության համար:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստների ավագ դպրոցում ոսկերչությունը ուսուցանվող մասնագիտություններից է: Այս արհեստի ավանդական ուսուցման  ծրագրերի կազմակերպմանն ու բովանդակությանը փոփոխություն բերեցին նոր թվային միջոցներն ու ծրագրերը: Ամեն ինչ սկսվեց, երբ ոսկերիչների խմբի հետ այցելեցինք Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին: 

«Երևան շոու-2013» ցուցահանդեսին մասնակցում էին ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ՝ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից: Ոսկերիչների մեր խումբը, «Արտբզզան» ռադիոն այդ ցուցահանդեսին այցելեցին ցուցադրության վերջին օրը: Ցուցահանդեսում ներկայացված էին աշխարհի լավագույն հայ ոսկերիչների աշխատանքները: Ծանոթացանք, զրուցեցինք մեր հայրենակիցների հետ: Մեզ հետաքրքրեց Նորայր Ռեյ Բաբիկյանի տաղավարը: Պարոն Բաբիկյանը Ամերիկայի Ռեսեդա քաղաքից է: Նրա գործերը արված էին Firestorm 3D CAD  ծրագրով: Գործերը գեղեցիկ էին, և մեզ հետաքրքրեց ծրագիրը, որ ներկայացրեց ամերիկահայ ոսկերիչը: Զրուցեցինք և հրավիրեցինք կրթահամալիր:

Պարոն Բաբիկյանը սիրով առաջարկեց համագործակցել մեր ոսկերիչ սովորողների հետ՝ տրամադրելով գործն ավելի հեշտացնող և ժամանակակից  ծրագիր: Նա անցկացրեց վարպետության հետաքրքիր դաս: Նոր թվային միջոցները ոսկերչության ծրագրի ուսուցման նոր կազմակերպում էին պահանջում: Այս ամենն էլ առիթ հանդիսացան մի նոր համագործակցության և կրթության բովանդակության կազմակերպման փոփոխության համար:

Firestorm 3D CAD ծրագիրը կարևոր գործիք է բոլոր ոսկերիչների համար, քանի որ այն պարզ է և ունի բավականին արագ խմբագրող գործիքներ: Ծրագիրն ավելի կհեշտացնի սովորողների գործը: Երկու սովորողների հնարավորություն տրվեց՝ անվճար սովորելու նոր ծրագիրը (վճարումը կատարել է պարոն Բաբիկյանը)։ Ինքս կատարում եմ համակարգման աշխատանքները: Սովորողների հետ սկսեցինք ուսումնասիրել նոր ծրագիրը: Քանի որ նյութերը անգլերեն են, սկսեցինք թարգմանել դրանք հայերեն: Կարևորվեց անգլերենի իմացությունը, և աշխատանքը  սովորողների համար խթան եղավ խորացնելու օտար լեզվի իրենց գիտելիքները:

Հեռավար ուսուցման մեթոդի կիրառումը այսօր անմիջականորեն կապվում է նորագույն տեխնոլոգիաների զարգացման, համացանցի, մեդիակրթության հետ, և համացանցն այսօր դարձել է հրաշալի միջոց վիրտուալ ուսումնական միջավայր ստեղծելու համար: Հենց հեռավար ուսուցման մեթոդն էլ մեզ օգնեց կապ հաստատել ամերիկահայ ոսկերչի հետ: Հեռավար դասերի և պարզաբանումների համար օգտագործում ենք  scipe ծրագիրը: Անցկացնում ենք առցանց դաս-քննարկումներ, որոնց ընթացքում պարզաբանում ենք աշխատանքի ժամանակ առաջացած խնդիրները: Սովորողներն ստանում են առաջադրանքներ, կատարում և ուղարկում են պարոն Բաբիկյանին: Նյութերը տեսագրում ենք և տեղադրում կայքում ու համացանցում: Սովորողներն արդեն պատրաստում են մատանիներ հենց այդ ծրագրով:

Firestorm 3D CAD ծրագիրը ներկայացրել ենք հանրակրթական դիջիթեք 2014-ի «Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում» անվանակարգում:

Մեր համագործակցությունը շարունակվում է:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский