Բնագիտության դասերը բնական միջավայրում

Ուսուցման պրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, որոնց շարքում առանձնահատուկ դեր ունի ուսուցման կազմակերպման միջավայրը: Ինչ վերաբերում է բնական գիտություններին, ապա այս առումով ուսուցման միջավայրը կարող է խիստ բազմազան լինել՝ դասավանդողի կաբինետ, լաբորատորիա, վիրտուալ միջավայր և իհարկե բացօթյա դաս՝ բնության գրկում կամ ճամբարներում:

Չնայած տեխնոլորտի արագ զարգացմանը՝ այսօր էլ ուսուցման միջավայրի ընտրության հարցում իր առանձնահատուկ տեղն ունի բնական միջավայրը:

Թե ինչ կարելի սովորել ճամբարում, մեկ անգամ անդրադարձել եմ՝ ներկայացնելով «Ուսուցումը «Ասպետ» ռազմամարզական ճամբարում» հոդվածը: Սակայն ճամբարը, ճամբարային գործունեությունը համար է ոչ միայն ռազմագիտություն սովորելու համար, բնագիտական մի շարք առարկաների ուսուցումը ևս կարելի է կազմակերպել ճամբարային գործունեության ժամանակ:  Բնական միջավայրը ոչ միայն ուսումնական նախագծեր իրականացնելու, բաց դասեր անց կացնելու լավ միջավայր է, այլ նաև տարբեր առարկաներից ստացած տեսական գիտելիքները խորացնելու և հմտություններն օգտագործելու հնարավորություն է, այսպես ասած, հազար անգամ լսածը մեկ անգամ տեսնելու հնարավորություն:

2011թ-ի սեպտեմբերի 17-ից (այդ ժամանակ առաջին ճամփորդությունս էր դեպի Արագածի հվ գագաթ) մինչ այժմ իրականացրել եմ հինգ տասնյակից ավելի տարբեր ճամփորդություններ, որոնց ընթացքում փորձել եմ շրջապատում հանդիպող նյութերն ու երևույթները օգտագործել որպես դիդակտիկ նյութեր: Առանձին դեպքերում հաջողվել է իրականացնել բաց դասախոսություններ բնության գրկում:

Փորձեմ ներկայացնել մի քանի օրինակ: Աշխարհագրություն դասընթացից ծանոթանում ենք գետ, գետային համակարգ, վտակ, ակունք գետաբերան,  գետի անկում, գետի ջրհավաք ավազան հասկացություններին, որոնք թեև տեխնիկապես հագեցած կաբինետում հնարավոր է տարբեր պատկերների միջոցով ցուցադրել, սակայն ավելի պատկերավոր ու հաջողված եմ համարում այն մի քանի փոքրիկ դասախոսություններն ու բացատրությունները, որոնք առիթ եմ ունեցել իրականացնելու սովորողների փոքրիկ խմբերի հետ տարբեր գետերի ափերին` Արփա, Քասախ, Որոտան, Դեբետ, Թարթառ, Հագարի, Կուր, Արաքս և այլն: 

Դե, իհարկե, մեր բնաշխարհի կարևոր բաղադրիչ են տարբեր ծագման ու բարձրության լեռները, որոնք էլ իրենց հերթին կարող են լավագույն դիդակտիկ նյութը լինել: Տարբեր ծագման լեռները միաժամանակ շատ լավ միասին երևում են, երբ անցնում ես Սյունիքի մարզով: Ճանապարհի մի հատվածում վեր են խոյանում  Զանգեզուրի լեռները, մյուս հատվածում տարածվում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակը: Այսինքն՝ հնարավորություն է ընձեռում միանգամից ներկայացնելու տարբեր տեսակի լեռներ՝ այդ ընթացքում տարբերակելով դրանք նաև իրենց արտաքին հատկանիշներով: Փորձը համարում եմ հաջողված, քանի որ հետ գալու ճանապարհին արդեն վայելում էի գոհացուցիչ արդյունքը:  

Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածքը շատ հարմար է բնակլիմայական պայմանների փոփոխությունն ուսումնասիրելու համար, քանի որ փոքրիկ տարածքը լի է այդպիսի բազմազանությամբ:

Բնության գրկում, հատկապես ճամփորդության ժամանակ, շատ լավ նկատելի են դառնում բնակլիմայական պայմանների փոփոխությունը, հատկապես եթե այդ ճամփորդությունը անցնում է Սևանի ավազանից դեպի Տավուշի մարզ: Անցնելով ընդամենը 2 կմ երկարություն ունեցող թունելով՝ հայտնվում ենք բոլորովին այլ բնաշխարհում, որտեղ տարբեր են բնության բոլոր բաղադրիչները՝ կլիման, հողը, բուսականությունը և կենդանական աշխարհը:

Բնական միջավայրը շատ հարմար է նաև էկոլոգիական դասեր անցկացնելու համար: Մասնավորապես այդպիսի լավ հնարավորություն է ընձեռվում Սևանա լճի հարավային ափերին, որտեղ նկատվում է և՛ լճի ճահճացման գործընթացը, և՛ ջրի մակարդակի բարձրացման հետևանքով լճի մեջ մնացած շինությունները, ինչպես նաև նախկին մակարդակի հետքերը:

Ցավոք սրտի, ՀՀ տարածքի գրեթե ամեն անկյան բնորոշ է յուրահատուկ էկոլոգիական խնդիր, որը այդքան էլ հաճելի չէ արձանագրել:

Բնական միջավայրը նաև այլ գիտությունների, մասնավորապես բուսաբուծության, կենդանաբանության, քիմիայի, ֆիզիկայի, էկոլոգիայի համար կարող է ծառայել որպես ուսուցման կազմակերպման միջավայր: Եվ որ ամենակարևորն է, բնական միջավայրը այն վայրն է, որտեղ կարելի է իրականացնել համատեղ նախագծեր՝ կառուցելով միջառարկայական կապեր: 

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский