Մակտուբ

Հեղինակ: 

 

Անտոնիո Մաչադոն գրում է.
«Հարվածը հարվածի հետևից, քայլը՝ քայլի
Որսո՛րդ, այստեղ ճանապարհ չկա,
Ճանապարհը գոյություն ունի՝ նրանով անցնելու համար,
Առաջ գնալով՝ դու ճանապարհ ես ստեղծում,
Եվ եթե դու ետ նայես,
Դու միայն հետքեր կտեսնես
Որոնցով երբևէ
Նորից կանցնեն քո ոտքերը:
Որսորդ, այստեղ ճանապարհ չկա.
Ճանապարհը գոյություն ունի՝ նրանով անցնելու համար»:

Խորհրդավոր ընթրիքին Հիսուսը նույն բառերով ու միևնույն լրջությամբ մեղադրում է իր երկու առաքյալներին: Երկուսն էլ Հիսուսի կանխատեսած ոճիրը կգործեն: Հուդա Իսկարիովտացին կսթափվի և կմեղադրի իրեն: Պետրոսը նույնպես կսթափվի այն բանից հետո, երբ երեք անգամ կուրանա ամենը, ինչին հավատացել է: Բայց վճռական պահին Պետրոսը կհասկանա Հիսուսի ուղերձի ճշմարիտ իմաստը: Նա ներողություն կխնդրի ու նվաստացած կշարունակի ապաշխարել: Նա կարող էր ընտրել և ինքնասպանությունը, բայց դրա փոխարեն կհանդիպի առաքյալներին և կասի. «Իմ գործած սխալի մասին կիմանա ողջ մարդկությունը: Բայց թո'ւյլ տվեք ինձ ուղղել այն»: Պետրոսը կհասկանա, որ Սերը ներողամիտ է: Հուդան ոչինչ չի հասկանա:

Մի հայտնի հեղինակ զբոսնում էր ընկերոջ հետ, երբ մի տղա որոշեց մոտեցող բեռնատար մեքենայի առջևից վազել-անցնել փողոցը: Գրողը մի ակնթարթում իրեն նետեց բեռնատարի առաջ և փրկեց երեխային: Բայց մինչ որևէ մեկը կհասցներ գովել նրան հերոսական արարքի համար, նա ապտակեց տղային:

-Իմ հայտնվելու համար մի' ուրախացիր, տղաս, - ասաց նա: -Ես փրկեցի քեզ միայն նրա համար, որ դու չկարողանաս խույս տալ այն խնդիրներից, որոնք կհայտնվեն քո առաջ հասուն տարիքում:

Ուսուցիչն ասում է.

-Երբեմն մենք վախենում ենք բարիք գործել: Մեր մեղքի զգացումը մեզ միշտ փորձում է ասել, որ երբ մենք մի մեծահոգի արարք ենք իրագործում, պարզապես ուզում ենք ուրիշների վրա տպավորություն գործել: Մենք դժվարությամբ ենք խոստովանում, որ ի բնե բարի ենք: Թաքցնում ենք մեր լավ արարքները հեգնանքի և անտարբերության հետևում, ասես թե կյանքը թուլության հոմանիշն է:

Հիսուսը նայում էր իր առջև փռված սեղանին ու խորհում, թե սեղանին դրված ուտեստներից որը կարող է իր՝ Երկիր վերադառնալու լավագույն խորհրդանիշը լինել: Սեղանին դրված էին Գալիլեայից բերված նռներ, հարավի անապատների համեմունքներ, չոր մրգեր՝ Սիրիայից և եգիպտական արմավ: Նա Իր ձեռքը պիտի մեկներ, որ սրբագործեր դրանցից մեկը, երբ հանկարծ հիշեց բոլոր մարդկանց համար բերած իր ուղերձը: Եվ հնարավոր է, որ նռներն ու արմավը աշխարհի ոչ բոլոր վայրերում գոյություն ունեն: Նա դա էր փնտրում, և մի ուրիշ միտք ծագեց նրա գլխում. նռների, արմավի և մրգերի մեջ Հրաշագործը բացահայտեց իրեն՝ առանց մարդկանց հետ որևէ փոխհարաբերության: Այնպես որ, նա բարձրացրեց հացը, երախտագիտություն հայտնեց, բաժանեց մասերի և տվեց իր աշակերտներին հետևյալ խոսքերով. «Վերցրե'ք և կերե'ք բոլորդ, ահա իմ մարմինը»: Քանզի հաց ամենուր կա: Եվ հացը արմավի, նռների և սիրիական մրգերի համեմատությամբ առ Աստված տանող ճանապարհին լավագույն խորհրդանիշն է: Հացը երկրի և մարդկության աշխատանքի պտուղն է:

Ձեռնածուն կանգնեց հրապարակի կենտրոնում, երեք նարինջ հանեց և սկսեց դրանք վեր ու վար անել: Մարդիկ շրջապատեցին և սկսեցին զմայլվել նրա շարժումների գեղեցկությամբ ու ճկունությամբ:

-Սա կյանքի պես է, մի քիչ ավել, մի քիչ պակաս,- ասաց ճանապարհորդի կողքին կանգնած ինչ-որ մեկը: Մենք էլ միշտ մի-մի նարիջ ունենք յուրաքանչյուր ձեռքում, մեկն էլ՝ օդում: Բայց հենց այդ մեկը, որ օդում է, ամեն ինչ ուրիշ է դարձնում: Այն, հնարավոր է, նետված է ընդունակ և փորձառու ձեռքից, բայց թռչում է իր սեփական ուղեծրով: Ձեռնածուի նման մենք էլ աշխարհ ենք նետում մեր երազանքը, բայց միշտ չէ, որ կարողանում ենք վերահսկել: Այդպիսի պահերին մենք պետք է իմանանք, թե ինչպես մեզ դնենք Աստծո ձեռքերում և եթե ճիշտ պահի խնդրենք դա, ապա երազանքը ճշտորեն կհետևի իր ուղեծրին և ավարտուն տեսքով դարձյալ կհայտնվի ձեր ձեռքերում:

Ներքին հասունացմանն ուղղված առավել զորեղ վարժություններից է մեկը ուշադրության արժանացնելն է այն բաները, որոնք առաջ մեխանիկորեն էինք անում. դրանք են՝ շնչառությունը, աչքերի թարթումը, ինչպես նաև մեզ շրջապատող երևույթներին ուշադրություն դարձնելը: Երբ մենք այդպես ենք անում, թույլ ենք տալիս մեր ուղեղին աշխատելու ավելի մեծ ազատությամբ՝ առանց բախվելու մեր ցանկություններին: Որոշ խնդիներ, որոնք թվում էին մեզ անլուծելի, հաջողությամբ լուծվում են, իսկ որոշ հիվանդություններ, որոնց մասին մենք մտածում էինք, որ երբեք չեն անցնի, անմնացորդ անհետանում են: Ուսուցիչն ասում է.

-Երբ դուք հայտնվում եք դժվարին իրավիճակում, փորձեք կիրառել այս տեխնիկան: Պահանջվում է մի քիչ կարգապահություն… բայց արդյունքները կարող են ձեզ ապշեցնել:

Մարդը տոնավաճառում մրգամաններ էր վաճառում: Մի կին է մոտենում նրան և սկսում ուսումնասիրել ապրանքը: Մրգամանների մի մասը զարդարված չէին, այնինչ մյուսների վրա մանրակրկիտ արված զարդեր կային: Կինը հարցրեց գինը: Ի զարմանս նրա՝ պարզվեց, որ բոլորն էլ միևնույն գինն ունեն:

-Ինչպե՞ս կարող են նախշազարդ ամանները նույն արժեքն ունենալ, ինչ նախշ չունեցողները, - հարցնում է կինը, - ինչո՞ւ են գները նույնը, չէ՞ որ նախշեր ունեցողների վրա ավելի շատ էներգիա և ժամանակ են ծախսվել:
-Ես նկարիչ եմ, - ասում է վաճառողը: -Ես կարող եմ գին նշանակել իմ սարքած մրգամանի վրա, բայց ոչ նրա գեղեցկության: Գեղեցկությունն ազատ է:

Մի ճանապարհորդ եկեղեցում մենակ նստած էր պատարագին: Հանկարծ նրան մոտեցավ ընկերը և ասաց.

-Ես պետք է խոսեմ քեզ հետ:

Ճանապարհորդը նախախնամություն տեսավ նրանում, որ եկել է ընկերը, և սկսեց խոսել նրա մասին, ինչ ինքն էր կարևոր համարում: Նա խոսում էր աստվածային օրհնության, սիրո մասին, ինչպես նաև այն մասին, որ ինքը, ընկերոջ գալով, իր հրեշտակից նշան ստացավ, որովհետև մինչ այդ ինքը իրեն մենակ էր զգում, իսկ հիմա ընկերակցություն ունի: Ընկերը լսեց նրան ՝առանց մի բառ անգամ ասելու, շնորհակալություն հայտնեց և գնաց: Դրանից հետո ճամփորդը ոչ թե երջանկություն, այլ ավելի շատ մենակություն զգաց: Ավելի ուշ նա հասկացավ, որ ոգևորության մեջ ուշադրություն չի դարձրել ընկերոջ խնդրանքին՝ զրուցելու ցանկությանը: Ճանապարհորդը աչքերը ներքև հառեց և տեսավ հատակին նետված իր բառերը, որովհետև տիեզերքն ուզում էր, որ այդ պահին մի ուրիշ բան կատարվեր:

Երեք հավերժահարսեր հրավիրված էին արքայազնի կնունքին: Առաջինը նրան նվիրեց ՝ իր սերը գտնելու շնորհք: Երկրորդը տվեց նրան այնքան փող, որ անի, ինչ ուզենա: Երրորդը նրան գեղեցկություն շնորհեց: Բայց ինչպես լինում է բոլոր հեքիաթներում, հայտնվում է կախարդը: Նա կատաղության մեջ էր, որովհետև իրեն չէին հրավիրել, և նա անիծեց արքայազնին.

-Քանի որ դու արդեն ամեն ինչ ունես, ես ուզում եմ քեզ մի բան էլ նվիրել: Դու շատ տաղանդավոր կլինես ամեն ինչում, ինչ էլ որ անելիս լինես:

Արքայազնը մեծացավ գեղեցիկ, հարուստ և սիրով շրջապատված: Բայց նա այդպես էլ չկարողացավ երբևէ ավարտին հասցնել իր գործը երկրի վրա: Նա հրաշալի նկարիչ էր, քանդակագործ, երաժիշտ, մաթեմատիկոս, բայց երբեք չէր կարողանում ավարտին հասցնել գործը, որովհետև շատ արագ շեղվում և ուզում էր անցնել մի ուրիշ գործի:
Ուսուցիչը ասում է.

-Բոլոր ճանապարհները տանում են միևնույն տեղը: Բայց ճանապարհը դուք եք ընտրում և մինչև վերջ գնում եք ձեր ընտրած ճանապարհով. մի' փորձեք անցնել բոլոր ճանապարհներով:

18-րդ դարի անհայտ հեղինակի տեքստում պատմվում է մի ռուս հոգևորականի մասին, ով իր համար հոգևոր ուսուցիչ էր փնտրում: Մի անգամ նա լսում է, որ ինչ-որ գյուղում ապրում է մի ճգնավոր, ով իրեն նվիրել էր հոգու շուրջօրյա փրկությանը: Հոգևորականը սկսում է փնտրել այդ սուրբ մարդուն: Ճգնավորին գտնելուց հետո հոգևորականն ասում է.

-Ես ուզում եմ, որ Դուք ինձ առաջնորդեք հոգևոր ճանապարհով:
-Հոգին ունի իր սեփական ուղին, և քո հրեշտակը կուղեկցի քեզ, - պատասխանում է ճգնավորը, - անվե'րջ աղոթիր:
-Ես չեմ կարողանում այդպես աղոթել, կկարողանա՞ք ինձ սովորեցնել:
-Եթե դու չգիտես՝ ինչպես անվերջ աղոթել, ապա աղոթի'ր Աստծուն, որ Նա քեզ ուսուցանի:
-Դուք ինձ ոչինչ չուսուցանեցիք, - ասաց հոգևորականը:
-Այստեղ բան էլ չկա ուսուցանելու, քանի որ դու չես կարող ընկալել հավատն այնպես, ինչպես ընկալում ես մաթեմատիկական գիտելիքը: Ընդունի'ր կրոնի խորհրդավորությունը, և Տիեզերքը կբացահայտի իրեն:

Ուսուցիչն ասաց.

-Գրի'ր: Անկախ նրանից՝ ինչ է դա՝ նամակ, օրագիր, թե պարզապես մի քանի գրառում, որ անում ես դու հեռախոսով խոսելիս, գրի'ր: Գրելիս մենք ավելի մոտ ենք դառնում Աստծուն և մեզ շրջապատողներին: Եթե դու ուզում ես հասկանալ քո դերն այս կյանքում, գրի'ր: Փորձի'ր քո հոգին տեղավորել տողերում, եթե նույնիսկ ոչ ոք երբևէ դրանք չի կարդալու, կամ ավելի վատ՝ գուցե մեկը կարդա այն, ինչ դու չէիր ուզենա, որ կարդացվեր: Սովորական նամակը օգնում է մեզ կազմակերպելու մեր մտքերը և ավելի պարզ տեսնելու, թե ինչ է մեզ շրջապատում: Թուղթն ու գրիչը հրաշքներ են գործում. նրանք թեթևացնում են ցավը, իրականանալի են դարձնում երազանքները և վերադարձնում են կորցրած հույսը: Բառը ուժ ունի:

Անապատում ապրող հոգևորականները հաստատում են, որ անհրաժեշտ է շարժել հրեշտակի ձեռքը: Դրա համար նրանք երբեմն անհեթեթ բաներ են անում, այսպես՝ խոսում են ծաղիկների հետ կամ անտեղի ծիծաղում: Ալքիմիկոսները հետևում են «Աստծո նշաններին». գաղտնիքի բանալին, որ հաճախ շատ քիչ իմաստ է ունենում, հանկարծ դառնում է շատ կարևոր: Ուսուցիչն ասում է.

-Մի' վախեցեք, որ Ձեզ խենթի տեղ կդնեն, այսօր մի այնպիսի բան արեք, որ լրիվ հակառակ է Ձեր մտածողությանը: Ձեզ ճիշտ հակառակը պահեք, քան սովորաբար պահում եք: Այդպիսի մի չնչին բան, կարևոր չէ՝ որքան չնչին, կարող է հոգու ու մարմնի մեծ արկածների մի նոր դուռ բացել:

Մի երիտասարդ գնում էր իր շքեղ Մերսեդես Բենցով, ու հանկարծ մեքենայի անիվը թողեց: Երբ փորձեց փոխել այն, նկատեց, որ ամբարձիչ չունի: «Լավ, կմոտենամ առաջին իսկ պատահած տանը ու կհարցնեմ՝ արդյոք մի ամբարձիչ չեն տա ինձ, - օգնություն գտնելու նպատակով մտածում էր նա: -Գուցե մարդը, ում ես խնդրեմ, տեսնելով իմ մեքենան, ինձնից փող պահանջի իր ամբարձիչը փնտրելու համար,-ասաց ինքն իրեն երիտասարդը: - Այսպիսի մեքենայի համար ու ես էլ հետը վերադիր, նա հավանաբար տասը դոլար կպահանջի: Ո'չ, միգուցե նաև հիսուն դոլար պահանջի, որովհետև գիտի, որ ինձ իսկապես ամբարձիչ է հարկավոր: Նա իմ հանդեպ առավելություն ունենալով՝ ինձնից մի քանի հարյուր դոլար կպահանջի»:

Եվ ինչքան առաջ է գնում, գինն ավելի է աճում: Երբ հասնում է մոտակա տանը, և տանտերը բացում է դուռը, նա բղավում է.
-Դուք գո'ղ եք, ամբարձիչն այդքան չարժե: Ձե'զ պահեք:
Մեզանից ո՞վ կարող է ասել, որ ինքը երբեք այսպես չի մտածել:

 Միլտոն Էրիքսոնը հեղինակն է նոր հոգեբանական թրեյնինգների, որ Միացյալ Նահանգներում հազարավոր զբաղվողների գրավեց: Երբ նա տասներկու տարեկան էր, հիվանդացավ պոլիոմելիտով: Տասը ամիս անց նա լսեց, որ բժիշկն ասում է ծնողներին.
-Ձեր որդին այս գիշեր չի լուսացնի:
Էրիկսոնը լսեց նաև, թե մայրն ինչպես էր լալիս:
«Ով գիտե, եթե ես լուսացնեմ այս գիշերը, մայրս այդպես չի տառապի»,- մտածեց նա: Եվ նա որոշեց չքնել, մինչև սկսվի հաջորդ օրը: Երբ արևը սկսեց բարձրանալ, նա կանչեց մորը.
-Է՜յ, ես դեռ կենդանի եմ:
Ուրախությունը տանն այնքան մեծ էր, որ նա որոշեց միշտ չքնել գիշերը, որպեսզի հաղթահարի ընտանեկան վիշտը: Նա մահացավ 75 տարեկան հասակում 1990 թվականին՝ թողնելով բազում կարևոր գրքեր մարդուն տրված ահռելի հնարավորությունների շնորհիվ սեփական սահմանափակումները հաղթահարելու մասին:

-Սո՛ւրբ մարդ, - ասաց ուսուցչին նորեկ մեկը, - իմ սիրտը լի է սիրով աշխարհի հանդեպ, և այն հեռու է սատանայի գայթակղությունից: Ո՞րն է իմ հաջորդ քայլը:

Պադրեն խնդրեց նրան իր հետ այցելել հիվանդ մի մարդու, ով ապաշխարության կարիք ուներ: Այն բանից հետո, երբ մխիթարեց ընտանիքին, պադրեն աշակերտի ուշադրությունը հրավիրեց մի սունդուկի, որ դրված էր տան անկյունում:

-Ի՞նչ կա այս սունդուկում, - հարցրեց նա:
-Հագուստ է, որ իմ քեռին երբեք չհագավ, - ասաց հանգուցյալի զարմուհին, - նա միշտ մտածում էր, որ հատուկ մի առիթ է հարկավոր դրանք հագնելու համար, արդյունքում՝ հիմա դրանք խունանում են սունդուկում:
-Մի' մոռացիր սունդուկի մասին, - ասաց պադրեն աշակերտին, երբ նրանք հեռացան: -Եթե քո սրտում հոգևոր գանձեր կան, հենց հիմա' օգտագործիր, թե չէ դրանք կանհետանան:

Միստիկներն ասում են, որ երբ մենք սկսում ենք մեր հոգևոր ուղին, հաճախ ենք ուզում խոսել Աստծո հետ, բայց չենք լսում, թե Նա մեզ ինչ է ասում: Ուսուցիչն ասում է.
-Հանգստացե՛ք. դա հեշտ չէ: Մեզ հատուկ է միշտ ճիշտ արարքներ անելու բնական անհրաժեշտությունը, և մենք մտածում ենք, որ գործը ավարտին կհասցնենք, եթե անդադար աշխատենք: Կարևորը փորձելն է, ընկնելը, վեր բարձրանալն ու նորից փորձելը: Բայց եկեք թույլ տանք մեզ՝ ընդունելու Աստծո օգնությունը: Մեծ գործի կեսին եկեք նայենք մեզ և թույլ տանք Աստծուն՝ հայտնվելու և առաջնորդելու մեզ: Թույլ տվեք ձեզ՝ Աստծուն իրավունք տալու, որ ձեզ իր գիրկը վերցնեի:

Մի երիտասարդ, ով ուզում էր հոգևոր զարգացման ուղին բռնել, այցելեց Սցետի մենաստանի վանահորը:
-Մի ամբողջ տարի փո'ղ տուր բոլոր նրանց, ովքեր կանարգեն Ձեզ,- ասաց վանահայրը: Տասներկու ամիս շարունակ երիտասարդը փող էր տալիս նրանց, ովքեր վիրավորում էին իրեն: Տարվա վերջին նա վերադարձավ վանահոր մոտ, որպեսզի իմանա, թե որն է իր հաջորդ քայլը:
-Գնացե'ք քաղաք և ինձ համար ուտելիք գնեք,-ասաց վանահայրը:
Հենց որ մարդը դուրս եկավ մենաստանից, վանահայրը ծպտվեց աղքատի հագուստով և կարճ ճանապարհով հասավ քաղաքի դարպասներին: Երբ երիտասարդը երևաց, վանահայրը սկսեց հայհոյել նրան:
-Սա չափից դուրս է, -ասաց երիտասարդը ծպտված աղքատին: - Ես պարտավոր էի մի ամբողջ տարի վճարել նրանց, ովքեր վիրավորում էին ինձ, իսկ հիմա ես կարող եմ ձրի անարգված լինել՝ չվատնելով ոչ մի ցենտ:
Լսելով այդ՝ վանահայրը հանեց իր ծպտյալ հագուստը և ասաց.
-Դուք պատրաստ եք հաջորդ քայլին, քանի որ սովորել եք ծիծաղել Ձեր խնդիրների վրա:

Մի Ճամփորդ իր երկու ընկերների հետ զբոսնում էր Նյու-Յորքի փողոցներով: Հանկարծ ինչ-որ բանի քննարկման կեսին նրա ընկերները սկսեցին վիճել՝ համարյա վիրավորելով իրար: Ավելի ուշ, երբ նրանք հանգստացել էին, մտան մի բար: Նրանցից մեկն սկսեց ներողություն խնդրել մյուսից և ասաց.
-Ես նկատեցի, որ շատ հեշտ է ցավ պատճառել նրան, ում դու գիտես: Եթե դու օտարերկրացի լինեիր, ես կվերահսկեի ինձ, բայց քանի որ մենք ընկերներ ենք, և դու ինձ շատ լավ գիտես, ես կարող եմ շատ ագրեսիվ լինել քո հանդեպ: Այսպիսին է մարդու էությունը:
Գուցե և այդպիսին է մարդու էությունը, բայց մենք պիտի պայքարենք դրա դեմ:

Լինում են պահեր, երբ մենք շատ ենք ուզում օգնել մարդուն, բայց ոչինչ անել չենք կարող: Կամ հանգամանքները մեզ թույլ չեն տալիս գնալ օգնության, կամ այդ մարդն է անընկալունակ իր հանդեպ դրսևորած օժանդակությանն ու հոգատարությանը: Ոուսուցիչն ասում է.
-Սերը միշտ գոյություն ունի: Անգամ այն ժամանակ, երբ մենք ողջ խորությամբ զգում ենք մեր անօգտակարությունը, դեռ կարող ենք սիրել՝ չսպասելով վարձատրության, փոփոխության ու շնորհակալության: Եթե մենք սիրենք, սիրո էներգիան կսկսի փոխել մեր շուրջ եղած ողջ Տիեզերքը: Երբ այդ էներգիան գոյանում է, իր անելիքն անում է:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский