Խաղերը կրտսեր տարիքի սովորողների զարգացման գործոն

Զուր չի ասել Սուխոմլինսկին. «Խաղը կայծ է, որ վառում է հետաքրքրասիրության կրակը»:
Խաղը երեխաների համար իրական կյանքի հետազոտման, ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշմանը վարժվելու միջոց է: Խաղի միջոցով նույնիսկ մեծերն են ազատվում  սթրեսներից, հաղթահարում տարբեր դժվարություններ: Այն ստեղծագործական գործունեություն է և նպաստում է երեխայի անհատական առանձնահատկությունների բացահայտմանը: Խաղի ընթացքում դրսևորվում են մարդու հակումներն ու հետարքրքրությունները:
Խաղալիս երեխաները դառնում են ավելի ազատ ու անկաշկանդ, ինչպես նաև յուրացնում են նոր հմտություններ: Այդ ընթացքում նրանք հաշվում են, նոր, հետաքրքիր ու անսպասելի լուծումներ են գտնում, տարբեր խոչընդոտներ հաղթահարում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 1-4-րդ դասարանում մարմնակրթության բաղկացուցիչն են արշավները, լողը, գեղարվեստական մարմնամարզությունը,  տարբեր շարժախաղեր, ինչպես նաև ազգային խաղերը: Այժմ ավելի հանգամանալից ներկայացնենք ազգային խաղերը, դրանց ազդեցությունը սովորողների ճանաչողական գործունեության և հուզական աշխարհի վրա:
Շատ կարևոր է, երբ ազգային, բակային խաղերը չեն անտեսվում դպրոցում, ավելին, դառնում են սովորողների համար սիրելի ու հաճելի զբաղմունք: Մասնակցելով խաղին՝ սովորողները հնարավորություն են ստանում ազատ ստեղծագործելու, հանդես գալու նախաձեռնողական, կազմակերպչական  հատկություններով: Ի հայտ են գալիս հոգեկան ամենատարբեր հույզերը, իրավիճակն ըմբռնելու կարողությունը, մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը: Օրինակ՝ «Քարկտիկ»,  «Հոլ» խաղալիս զարգանում է խաղացողի մանր մոտորիկան, ուշադրությունը, իսկ «Լեփուկը» նպաստում է աչքաչափին, տարածության մեջ կողմնորոշվելուն։ Խաղացողները նաև չափումներ են անում, հաշվում, համեմատում… «Չլիկ դաստան», «Կտի, ջոխին» նպաստում են խաղացողի ուշադրության կենտրոնացմանը, արագաշարժությանը։ Խաղացողը ձեռք է բերում պահը գնահատելու, արագ գործելու վճռականություն, իսկ սրանք հատկանիշներ են, որ անհրաժեշտ են մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Ազգային խաղերից «Ճլոթը» հետաքրքիր հատկանիշ է մշակում մարդու մեջ։ Սովորաբար մեր շրջապատը, այդ թվում մեր ընկերներին, ճանաչում ենք միայն տեսնելով։ Երբ ստիպված ենք լինում ճանաչել նրանց փակ աչքերով, դա առիթ է դառնում շփման ժամանակ ուշադիր լինելու, զգալու նաև ջերմությունը, անգամ մաշկի որակը։ Սա բերում է նաև խմբի (դասարանի) անդամների մտերմության, հարազատության։ «Շղթա », «Խաշիլ ճաշ», «Մուկն ու կատուն» խաղերը հստակ կանոններ ունեն, որոնք խաղացողների թիմային մտածողության վրա են ազդում։ Խաղացողները ոչ միայն սովորում են ենթարկվել բոլորի համար ընդհանուր կանոններին, այլև պատասխանատվություն են զգում խաղընկերների նկատմամբ։ Նման խաղերի ժամանակ դրսևորվում են նաև խաղացողի առաջնորդական հատկանիշները, կազմակերպչական կարողությունները, պատասխանատվութուն ստանձնելու խիզախությունը։
Այս հատկանիշների շնորհիվ է, որ խաղը ժողովուրդների մեջ եղել ու մնում է իբրև ամենասիրված զբաղմունք:

Ազգային բակային խաղերից շատերը հենց շարժուն խաղեր են, որոնք զարգացնում են սովորողների ճարպկությունը, կողմնորոշվելու, համապատասխան, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունները, ժամանակի և տարածության զգացողությունը:
2013-2014 ուստարում իրականացնում ենք «Ազգային խաղեր» նախագիծը , որը մեծ աշխուժություն, ոգևորություն է առաջ բերել: Նախ՝ սովորողների համար սա ոչ միայն պարզապես խաղ-գործունեություն է, այլև լուրջ հետազոտական աշխատանք, որ նրանք կատարում են իրենց պապիկ-տատիկների հետ։  Աշխատանքի ժամանակ սովորողները լսում-ընկալում են բարբառը, որոշ դեպքերում իրենք են պատմում։ Հաղթահարում են շփման բարդույթները և խնդրում իրենցից տարիքով շատ մեծ մարդկանց պատմել, բացատրել։ Ընթացքում սովորողները նկարահանումներ են կատարում, հարցազրույցներ վարում, օգտագործում թվային միջոցներ, արդյունքը մոնտաժում՝ այսպես ձեռք բերելով նաև թվային միջոցներով աշխատելու հմտություններ։
Աշխատանքը ոգևորել է նաև հասարակությանը։ Սկզբում մենք էինք փնտրում, հետո մեզ էին փնտրում:
Վաղուց մոռացված ու անտեսված ազգային խաղերը «եկան դասարան», մեծահասակները հիշեցին իրենց մանկությունն ու պատանեկությունը, նույնիսկ շնորհակալ էին՝ իրնց այդպիսի հնարավորություն տալու համար։
Նախագիծն իհարկե ունեցել է նաև  նախապատրաստական աշխատանք։ Սկզբում  դասարանական բլոգում բացեցինք «Ազգային խաղեր»   բաժինը, որտեղ տեղադրեցինք սովորողների կատարած հետազոտության արդյունքները՝ պատրաստած ֆիլմերը, ռադիոնյութերը, պատումներ, ինչպես նաև դասերի ընթացքում խաղացած խաղերը:
Որպեսզի աշխատանքը հաջող լիներ, սովորողների հետ մանրակրկիտ ուսումնասիրեցինք ազգային խաղերը, խաղերի հետ կապված սովորույթները…
Սովորողները սկսեցին տեղեկություններ փնտրել տարբեր աղբյուրներից՝ համացանց, գրականություն, հարցազրույցներ վարեցին: Դրանց օրինակներ են՝ Ազգային խաղեր «Չլիկ դաստա»«Լեփուկ», «Քարկտիկ»,  «Շղթա»։
Արդեն ծանոթ, խաղացած խաղերը կազմակերպեցինք և իրականացրինք դասերի ժամանակ՝  «Խաշիլ ճաշ»«Ճլոթ », «Աչքկապուկ» ։ 

Սովորողները ռուսերենի մասնագետների հետ համացանցից փնտրեցին  և գտան այլ ազգերի տարբեր խաղեր: Պարզեցին, թե ինչպես են կոչվում, ինչպես են խաղում, ինչպես նաև թարգմանեցին հայկական ազգային խաղերը՝ "жмурки", "Национальные игры" ։ Վերը նշված բոլոր խաղերը թվայնացվել և հրապարակվել են սովորողների բլոգներում,  կայքում և դարձել են առանձին նյութեր, որոնք ներկայացնում են սովորողի թե՛ հմտությունները, թե՛ ինքնուրույնությունը և թե՛ գրագիտությունը: Աշխատանքի այս փուլում առավել չափով ի հայտ է գալիս սովորողի մեդիագիտելիքների մակարդակը (ինչ ծրագրեր գիտի, ինչպես է օգտվում մեդագործիքներից, համացանցից, ինչպես է սպասարկում իր բլոգը...): Կրթահամալիրում մարմնակրթության դասերին արդեն օգտվում են այս խաղերից նաև մյուս սովորողները:

Խաղին հետևելով` կարելի է շատ բան պարզել սովորողի հոգեվիճակի, մտածելակերպի, խառնվածքի, բնավորության գծերի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, այս խաղերը լուծում են մի շարք խնդիրներ: Խաղը՝ որպես գործունեության ձև, ֆիզիկական ազատ, անկաշկանդ շարժման հնարավորություն է տալիս, որը նպաստում է երեխաների ֆիզիոլոգիական զարգացմանը: Այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կոփում է օրգանիզմը, ձևավորվում է ճիշտ կեցվածք: Երեխան միաժամանակ դառնում է ավելի կազմակերպված, ինքնուրույն:

Կարծում ենք, որ ինչպես մարզատոնը մտավ ուսումնական օրացույց, այդպես էլ խաղատոնը մի օր կդառնա ուսումնական օրացույցի բաղկացուցիչ: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский