Ինչպես կարդալ գրքեր

Հեղինակ: 

Տնտեսագիրության դոկտոր, պրոֆեսոր,
ՌԴ մշակությի վաստակավոր գործիչ
Բ.Ս.Եսենկինի՝ Մորտիմեր Ադլերի գրքի  նախաբանը

- Դե ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
- Կարդացի, Ձերդ գերազանցություն:
- Ինչի ՞մասին էր, բարեկա՛մս: Պատմեք:
- Մոռացել եմ, Ձերդ գերազանցություն:
- Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր` մեխանիկորեն եք կարդացել… Չեղա՜վ:
Ա.Պ. Չեխով

Էվրիկա՜։  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյակներ շարունակ գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել ժողովուրդների ձեռքին:
Հիշելով գրքի պատմությունը՝ ինչպես է ստեղծվել, տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների, մագաղաթի միջոցով, ինչպես է «պայքարել» իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք ճանաչում և գնահատում այն, ինչ ունենք:
Պոստինդուստրիալ դարը տեղեկության հայթայթման նոր հնարավորություն է ընձեռել: Այժմ մեկը արտագրում է, մյուսը՝ ներբեռնում, երրորդը՝ պատճենում՝ սխոլաստիկ գիտելիքներ ստանալով: Նշանավոր ստեղծագործությունների ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիայի սպառողին, որը, ինչպես ուրիշի տուն մտնողը, մտնում է տեքստի մեջ ու առանց հապաղելու դուրս գալիս, որպեսզի վերցնի մտածելու համար իրեն մեկնված սերմը: Հայացքը սահեցնելով տեքստի վրայով, քաղելով մտքի ու գաղափարների դրվագներ՝ համարում ենք, որ գտել ենք ճշմարտությունը: Ավա՜ղ, դա թափառող քամի է, որ մի ականջով մտնում է, մյուսից դուրս գալիս։ Եվ որպես տեսիլք՝ հալչում է ճանաչողության խորությունը։ Մենք նշանավոր գրքեր կարդալով չենք հասնում գագաթին, երբեմն նույնիսկ ինքներս մեզ չենք կարող ասել՝ ես կարդալ եմ սովորել, ես հասկանալ եմ սովորել, ես տեսնում եմ հոգին այն գրողի, ով ինձ իր աշխարհն է բերել, իր ապրումները, փորձը։
Այս գիրքը, որ գրվել է մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը, հնարավոր է, այսօր ավելի արդիական է, քան այն ժամանակ։ Համակարգչի և հեռուստացույցի էկրաններից վազող ժամանակակից տեղեկատվական հոսքի հետքն աննախադեպ աղքատ է։ Իհարկե, համացանցը ալեկոծեց հասարակությունը, և մենք տեսանք նորաձևության ուրիշ կտրվածք, երբ սկսեցին ավելի հաճախ խոսել էլեկտրոնային  գրադարանի մասին, այն մասին, որ շատ գրքեր են ներբեռնում և ունեն հսկայական թվային հարստություն։ Բայց ի՞նչ են ներբեռնում: Ինչո՞ւ: Զգո՞ւմ  են այդ գործողությունների ձևականությունը: Գիտե՞ն արդյոք՝ ովքեր են այդ գրքերը ստեղծել: Հասկանո՞ւմ են արդյոք այն մարդկանց, ովքեր իրենց գաղափարներն ուզում են մեզ փոխանցել, կամ գուցե անցյալն ու ներկան միացնել իրար և տեղափոխել ապագա: Հասկանո՞ւմ են արդյոք, որ իմաստ չունի նախնիների հետ զրուցել, եթե չես սովորել լսել։
Տեղեկության էլեկտրոնային կրիչի ապակե զրահը որոշ իմաստով դառնում է մարդու թշնամին: Որոնողական վերացական հարցումները չեն կարող գրքի հետ լիարժեք շփմանը փոխարինել:
Նշանավոր գրքերը մեր անցյալն են, ներկան և ապագան: Ժամանակից վեր կանգնած գրականությունը ուղեցույց է, որն օգնում է ահնատին՝ փնտրելու իրեն այս բարդ աշխարհում: Որքան խորն ենք մենք դրանք ճանաչում, այնքան մարդկության հիշողության մեջ ավելի են ամրապնդվում Արիստոտելը, Պլատոնը, Սենեկան։ Ինչպես գրում է Լոկկը, թեև մենք որոճացող ցեղատեսակ ենք, բավական չէ բազմաթիվ գրքերով մեր ուղեղը լցնելը, քանի որ դրանք մեզ ուժ ու օգուտ չեն տա, եթե մի լավ չծամենք ու չմարսենք:
Բայց ինչպե՞ս ընթերցումը դարձնել իսկապես խորը։ Ինչպես ազատագրել, ինչպես գրում է Իլյինն իր «Վերադարձ» գրքում, հոգևոր կարողությունների ու ընդունակությունների ողջ ուժը, որ գտնենք հոգևոր ճիշտ լարումը և բացենք գեղարվեստական պայծառատեսության շնորհը՝ հասկանալու համար ստեղծագործությունը։ Մեթոդաբանություն, գործիքներ, նույնիսկ մի ամբողջ գիտություն են ստեղծել և շարունակում են ստեղծել հայրենական ու արտասահմանյան հետազոտողները։ Հայտնի է ընթերցանության գիտության մասին Տոլստոյի, Կոֆեևի, Պովարնինի, Ռուբակինի և շատ ուրիշ գիտնականների ու գրողների հսկայական ներդրումը: Անվիճելի է, որ Ադլերի՝ Սան-Ֆրանցիսկոյում Փիլիսոփայական հետազոտությունների և Չիկագոյում մեծ գաղափարների ուսումնասիրման ինստիտուտի հիմնադրի աշխատությունը իր ներդրումն ունի հոգու և մտքի դաստիարակման այս կենսականորեն կարևոր ուղղության մշակման գործում։ Ադլերն ստեղծել է մի մեթոդ՝ գրքերի աշխարհներով «թենիս խաղալ» ցանկացողների համար, ընդհանուր ռազմավարության և կանոնների մշակման մի ձեռնարկ, որոնցով պիտի ղեկավարվես ցանկացած գիրք կարդալիս, որ արտադրվեն երջանկության հորմոններ և ընկալման մաքրություն, ընթերցանության արվեստին հասու լինելուց էլ հաճույք ստանաս։ Մի կողմից նա մեզ նորից ընկղմում է ընթերցանության ուսուցման մեջ, մյուս կողմից զրկում է պատրանքից մեր՝ գիրքն ընկալելու առումով այն պատգամախոսի նման, որն ազդարարում է ճշմարտությունը, որ ոչ թե պիտի պարզապես լսենք, այլ ապրենք՝ հասնելու համար մեր հոգևոր ակունքներին։ 

Ընթերցանությունը հաղորդակցման միջոց է: Այն, ինչպես Սոկրատն է ասել,  ճշմարտությունը որոնելու ուղղորդող երկխոսություն է հաստատում ընթերցողի և հեղինակի միջև: Իսկ ճշմարտությունը միշտ փախչում է. հարկավոր է լինում փնտրել ու հասնել նրան՝ ընդունելով նախնիների փորձը, ավելացնելով սեփականը: Չհասկանալով գրածը, չշոշափելով հեղինակի աշխարհայացքի արմատները, չբեկելով դրա բովանդակությունը սեփական գիտակցության մեջ՝ ընթերցողը չի կարող ամբողջովին գնահատել ստեղծագործության խորությունը: Ընկալունակության աստիճանի տարբերությունն էլ պայմանավորում է գրքի հաջողությունը որոշ ընթերցողների շրջանում և ուրիշների հիասթափությունը։ Մորտիմեր Ադլերի աշխատությունները ոչ միայն գիտություն են այն մասին, թե ինչպես է պետք կարդալ, այլև տեղեկությունն ընկալելու մի յուրօրինակ ժամանակակարգ, որը պիտի անցկացնենք մեր մաղով։ Ինչպես նշել է Պովարնինը, հարկավոր է համակարգված մտածողություն, քանի որ «մտքի մշակույթը» ձեռք է բերվում  մտածողության աշխատանքով և կարգապահությամբ։ Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում հագենալ հոգևոր առողջ սննդով, որպեսզի արիստոտելավարի գտնենք մարմինը, ոգին ու միտքը դաստիարակելու «ոսկե միջինը» և սթափ գնահատենք իրադարձությունը։
Այս աշխատության մեջ ի՞նչն է հատկապես արժեքավոր։
Նախ՝ Ադլերը ընթերցանությունը համարում է ոչ թե զվարճանք, այլ լուրջ մտավոր աշխատանք՝ անընդհատ ուսուցանմամբ, զգացմունքների, մտածողության մարզմամբ, ինչը մենք ներքուստ չենք գիտակցում։ Դա մի գործընթաց է, որի ժամանակ մարդու գիտակցությունը «հաղթահարում է նոր բարձունքներ բացառապես իր ջանքի շնորհիվ»։ Ընթերցանությանը հասու մարդուց պահանջվում են համբերատարություն, սովորություն և գիտակցում, որ լավագույն արդյունքի մարդ հասնում է մշտական մարզումներով, ինչպես սպորտում է։ Երբ մկանները հարմարվում են նոր պայմաններին, աստիճանաբար մշակվում է մկանային հիշողություն։ Դա նման է սար բարձրանալուն. եկել ես նվաճելու, իրականացնելու քո հավակնությունները, զվարճանք կամ տեղեկություն ստանալու։

Երկրորդ՝ Ադլերը ինքնաքննադատության օրինակ է ցույց տալիս ընթերցանության՝ իր սեփական հմտությունների առումով։ «Ես հստակ գիտակցում եմ՝ ինչ չեմ կարողանում և, հնարավոր է, ինչու չեմ կարողանում»։ Նա հաճախ խոստովանում է, որ եղել է ժամանակ, երբ ինքն զգացել է «ողջ աշխարհը գրպանում»։ Բայց, բարեբախտաբար, եկել է գիտակցության, որ քոլեջում ստացած գիտելիքը միֆ է։ «Որպեսզի գիրքը հասկանայի, ես կարդում էի ոչ թե հենց գիրքը, այլ դրա մասին»։ Նման հրապարակային ինքնագնահատականը, մեր կարծիքով, ինտելեկտի բարձրագույն ձևն է։ Չէ՞ որ անհատականություն դառնալու գործընթացը անցնում է այն գիտակցության միջով, թե ինչքան քիչ բան ենք կարողանում ու գիտենք։

Կաշառող է այն, որ Մորտիմեր Ադլերի գիրքը հրահանգչական բնույթ չունի, սա պարզապես նրա մտորումն է անցյալի և ներկայի մասին, այն մասին, թե որքան խելամիտ է գրքի հետ «շփվելը»։ Որևէ դիդակտիկություն չկա այնպիսի նշանավոր գրքերի ընթերցանության նրա դասընթացներում, ինչպիսին Ջոն Էրսկինինն է, և կարդացածի մասին զրույցներում, որոնք դասավանդողի հետ միասին հաստատում են անցյալի և ներկայի ճշմարտությունները։ Բայց ցանկություն կա այդ ճանապարհը կրկնելու։

Նկարագրելով ընթերցանության միջոցով անհատականություն դառնալու գործընթացը՝ Ադլերն ընդգրկում է նաև արվեստի մյուս տեսակները՝ համեմատելով նրա հետ, թե ինչպես ենք մենք կարողանում երաժշտություն լսել, նկարներ դիտել։ Չէ՞ որ ստեղծագործության մեջ ամեն ինչ միասնական է։ Եվ սա խորություն է ավելացնում գրքի մասին նրա գրքին։ Ընկղմվելով այս անգին տրակտատի մեջ՝ խոր ցավով հասկանում ես, թե առաջ կարդացածներիցդ որքան շատ բան անցել է գիտակցությանդ կողքով՝ հետք անգամ չթողնելով։ Բայց միշտ էլ ընթերցանության որակը բարձրացնելու հնարավորություն կա, որի արդյունքում միշտ կկարողանանք գրքերով արյունավետ սովորել։ Ինքնակրթությունն ու ինքնազարգացումը անհրաժեշտ են գործունեության տարբեր ոլորտներում. Դա փաստ է։ Եվ սեփական ընդունակությունները զարգացնելու առաջ ոչ մի խոչընդոտ չկա։ Ադլերի խոսքերով՝ գրեթե «բոլոր նշանավոր գրքերը՝ մարդու մտածողության ցանկացած ոլորտից, հասանելի են յուրաքանչյուրի հասկացողությանը, ով օժտված է մտավոր սովորական ընդունակություններով»։ Հարկավոր է միայն սովորել նրանցից, ովքեր մեզ գերազանցում են, ճանաչել ուսուցիչներին և հասկանալ, թե ինչպես նրանցից սովորենք։ Ընթերցել սովորելը «քեզ ընկալելու զուգահեռ ձև է» և կարդացածի համեմատական վիրտուալ վերարտադրումը, սեփական ապրած կամ ապրվող փորձի հետ համեմատումը, ինչպես նաև այդ համեմատության մեջ սեփական աշխարհընկալման ուղղումներ անելը։ Դրա համար էլ այս ձեռնարկի ընթերցանության ժամանակ ձգտում է առաջանում ավելի խորը թափանցելու այս ստեղծագործության մեջ և հասնելու նշանակալից գրքերի տրամաբանական ընկալմանը։ Մորտիմեր Ադլերի այս մեծ աշխատությունը հարկ է, որ դառնա յուրաքանչյուրիս սեղանի գիրքը, որը պետք է ոչ միայն կարդալ, այլև օգտագործել շրջակա աշխարհը հասկանալում, որ ինքդ զգաս, մտածես, ապրես, որ սկսես ինքդ ապրել։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский