Մորիս Ջանովիցի քաղաքացիական հանրապետական տեսությունը

Սույն հոդվածը հրապարակվում է որպես շարունակություն «Քաղաքագիտություն» առարկայի այլընտրանքային մեդիափաթեթի:

Հոդվածում քննության առնվող խնդիրները խիստ արդիական են այսօրվա միջազգային հարաբերություններում և աշխարհաքաղաքական գործընթացներում:

Մորիս Ջանովիցին ընդունված է համարել ռազմական սոցիոլոգիայի և Զինված ուժերի ու  հասարակության միջհամալսարանական գիտաժողովին պատկանող «Armed Forces & Society» միջազգային հեղինակավոր պարբերականի հիմնադիրը: Այսպիսով, ինչպես նշում է Ֆևերը, նա Ամերիկայի ՔԻ-ՌԻ (քաղաքացիական ինստիտուտ-ռազմական իշխանություններ) հարաբերությունների տեսության երկրորդ հիմնասյունն է Հանթինգթոնից հետո[1]: Ջանովիցի «Արհեստավարժ զինվորը» աշխատությունը (1960 թ.) համարվում է ռազմական ինստիտուտների «առաջատար և համընդհանուր սոցիոլոգիական քննական առարկան»:[2] Նա ռազմական համակարգը դիտում է որպես սոցիալական համակարգ, որտեղ հրամանատարական կազմի արհեստավարժ ներկայացուցիչները որակական փոփոխության են ենթարկվում ժամանակի ընթացքում և ուժի կիրառման ու վերահսկողության հատկանիշների հետ մեկտեղ ձեռք են բերում հմտություններ և արժեքներ: Բացի այդ, Ջանովիցը պնդում է, որ զինվորականները դառնում են «ոստիկանական ստորաբաժանումներ (constabulary)» և մասնակցում են ուժի գործադրման արդարացված գործընթացին` աջակցելու «կենսունակ միջազգային հարաբերություններին», որտեղ «հստակ տարանջատում չկա պատերազմի և խաղաղության կամ ռազմական ու քաղաքական գործողությունների միջև»:[3] Սոցիոլոգը, սակայն, նշում է, որ այդ ստորաբաժանումները պետք է վերածվեն ոչ թե «ոստիկանական համակարգի», այլ այնպիսի ուժի, որը մտահոգված կլինի խաղաղության պահպանմամբ, ինչպես նաև պատրաստված կլինի պատերազմի:[4]

Ֆևերը, իր հերթին, համեմատության ենթարկելով Հանթինգթոնի և Ջանովիցի տեսությունները, նկատում է, որ վերջինս չի ընդունում «աշխատանքի իդեալական բաժանման» սկզբունքը, որը, ըստ Հանթինգթոնի, անհրաժեշտ ատրիբուտ է ռազմական արհեստավարժության հարցում:[5] Իրականում, ըստ Ֆևերի, Ջանովիցը ապացուցում է ռազմական ինստիտուտի քաղաքականացման անխուսափելիությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ԽՍՀՄ մրցակցության կարևորությունը թե՛ միջազգային և թե՛ ներքին քաղաքականության համար:

Ջանովիցը նաև քննության է առնում Հանթինգթոնի «Ֆունկցիոնալ հրամայականը», որը, ըստ Ֆևերի, «ռազմական-տեխնիկական սպառնալիքի շրջանակն է»: Նա համարում է, որ զինվորականները պարտավոր են պատրաստ լինելու` իրականացնելու թե՛ ռազմավարական զսպում և թե՛ սահմանափակ պատերազմական գործողություններ: Սա ստեղծում է նոր ռազմական գործառույթ և «նոր իդեալական ռազմական» մի կոնցեպցիա` «ոստիկանական ստորաբաժանման կոնցեպցիա»:[6] Ըստ Ջանովիցի` ռազմական «իսթեբլիշմընթը» դառնում է ոստիկանական ստորաբաժանում, երբ շարունակաբար պատրաստ է լինում գործադրելու նվազագույն ուժ և երբ հաղթանակի փոխարեն փնտրում է կենսունակ միջազգային հարաբերություններ:[7] Ջանովիցի այս կոնցեպցիայի համաձայն` պատերազմի և խաղաղության միջև տարբերությունները վերանում են և «ռազմական ինստիտուտի ներկայացուցիչներն ավելի շատ ոգևորվում են ոստիկանական սպա դառնալու գաղափարից, քան պատերազմող դառնալու»:[8] Այս ամենով հանդերձ, Ջանովիցը զգուշությամբ է մոտենում այն հարցին, թե գործողությունների հրապարակը պետք է լինի միջազգայինը, այլ ոչ թե ներքինը: Գիտնականը միաժամանակ  ահազանգում է հնարավոր այլ սցենարի զարգացման մասին. ռազմական ինստիտուտի քաղաքականացումը ձեռնոց է նետում «քաղաքացիականների գերիշխանությանը»:[9] Նա մտահոգություն է հայտնում, որ ոստիկանական ստորաբաժանումների կարգավիճակին աստիճանական անցումը կարող է պատճառ դառնալ զինվորական մեծ ֆրուստրացիայի:[10]Ըստ Ջանովիցի` ոստիկանական ստորաբաժանումների կոնցեպցիան մշակվել է` թե՛ ընդգծելու ռազմական ինտիտուտի պրոֆեսիոնալիզմը, թե՛ կանխելու ֆրուստրացիայի կործանիչ  զգացումը:[11]

Ֆևերը հավաստում է, որ ՔԻ-ՌԻ հիմնախնդրում Ջանովիցի ամենաարժեքավոր ներդրումը նրա այն փաստարկումն է, թե ինչպես է Սառը պատերազմի ժամանակաշրջանի քաղաքականացված զինվորականությունը փորձում ազդեցություն գործել քաղաքացիական իշխանությունների վրա և ընդդիմանում անցանկալի քաղաքականության մոտեցումների դրսևորմանը: Բացի այդ, ըստ  Ջանովիցի, քաղաքացիները և քաղաքացի-զինվորները «քաղաքացիական հասարակության արտացոլումն են». այն գործում է շարքերի համալրման և հավաքագրման սկզբունքով` խոստանալով ուսում և ռազմական փորձառություն պրոֆեսիոնալ կարիերայի համար: Ջանովիցը հավատում է, որ քաղաքացիները և քաղաքացի-զինվորները պետք է մասնակցեն հանրային կյանքին` հանուն հասարակական շահերի:

 

Գրականություն

1.      Feaver, Peter D. “The Civil-Military Problematique: Huntington, Janowitz, and the Question of Civilian Control”, “Armed Forces & Society” 23(2), 1996, էջ 164.
2.      Larson, Arthur D. “Military Professionalism and Civil Control: a Comparative Analysis of Two Interpretations”, “Journal of Political and Military Sociology” 2 ( 1974 Spring, էջ 61:
3.      Larson, 1974……., նույն տեղում:
4.      Larson, 1974….., նույն տեղում:
5.      Feaver, 1996, էջ 164:
6.      Feaver, 1996….., նույն տեղում:
7.      Janowitz, Morris. “The Professional Soldier”. Glencoe, IL: Free Press, 1960, էջ 418:
8.      Feaver, 1996….., նույն տեղում:
9.      Feaver, 1996….., նույն տեղում:
10.  Feaver, 1996….., նույն տեղում:
11.  Janowitz, 1960, էջ 435, 234

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский