Մակտուբ

Հեղինակ: 

Տասնհինգ տարի առաջ՝ խորը հավատամերժության ժամանակներում, ճանապարհորդը կնոջ և ընկերոջ հետ Ռիո դե Ժանեյրոյում էր: Երբ նրանք բարում նստած խմում էին, բար մտավ ճամփորդի հին ծանոթներից մեկը, ում հետ նա անցկացրել էր 60-70- ական թվականների խենթ ժամանակները:
-Հիմա ի՞նչ բանի ես, - հարցրեց զբոսաշրջիկը:
-Հոգևորական եմ, - ասաց ընկերը:
Երբ նրանք դուրս եկան բարից, ճանապարհորդը ցույց տվեց մայթի վրա քնած երեխային և ասաց.
-Տեսնո՞ւմ ես՝ ինչպես է Հիսուսը անհանգստանում այս աշխարհի համար:
-Իհարկե տեսնում եմ, - ասաց հոգևորականը, - նա երեխային հենց քո առաջ է դրել, որպեսզի համոզվի, որ դու իսկապես տեսնում ես նրան և կարող ես ինչ-որ բան անել նրա համար:

***

Հրեա իմաստունների մի խումբ հավաքվեց, որպեսզի փորձի ստեղծել ամենակարճ Սահմանադրությունն աշխարհում: Ժողովի ժամանակ պայմանավորվեցին, որ նրանցից յուրաքանչյուրը հերթով կձևակերպի օրենքը՝ հավասարակշռությունը մեկ ոտքի վրա պահելով: Նա, ով կձևակերպի օրենքը, որ պիտի կառավարի մարդուն, կհամարվի ամենաիմաստունը իրենց մեջ:
-Աստված կպատժի հանցագործներին, - ասաց մեկը:
Մյուսները ապացուեցին, որ դա օրենք չէ, այլ սպառնալիք: Ձևակերպումը չընդունվեց: Բայց հենց այդ պահին րաբբի Հիլլելը միացավ ժողովականներին: Կանգնելով մեկ ոտքի վրա՝ նա ասաց.
-Մի' արեք ուրիշներին այն, ինչ չեք ուզենա, որ նրանք անեն ձեր հանդեպ: Սա է օրենքը: Մնացածը իրավաբանական մեկնաբանություններ են:
Այսկերպ րաբբի Հիլլելը ճանաչվեց ամենաիմաստունը նրանց մեջ:

***

Գրող Ջորջ Բերնարդ Շոուի հայացքը կանգ առավ իր ընկերոջ՝ քանդակագործ Ջոն Էփստայնի հյուրասենյակում եղած մի հսկա քարակտորի վրա:
-Ի՞նչ ես մտադիր անելու այս քարակտորից, - հարցրեց Շոուն:
-Դեռ չգիտեմ, մտածում եմ, - պատասխանեց Էփստայնը:
-Ուզում ես ասել, որ դու ծրագրո՞ւմ ես սեփական ներշնչանքը, - զարմացավ Շոուն։ - Չե՞ս կարծում, որ արվեստագետը պետք է երբ ուզի, ազատ լինի իր կարծիքը փոխելու մեջ:
-Դա գործում է միայն այն դեպքում, երբ որոշումդ փոխելով՝ դու ընդամենը մի կտոր թուղթ ես ճմռթում, որը մի հինգ գրամ է կշռում: Բայց երբ գործ ես ունենում չորստոննանոց մի զանգվածի հետ, դու պետք է այլ կերպ մտածես, - ասաց Էփստայնը:
Ուսուցիչն ասում է.
-Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես ավելի լավ անի իր գործը: Բայց, այնուամենայնիվ, մարդը կանգնում է խնդրի առաջ՝ շատ լավ գիտակցելով, թե ինչ դժվարություններ են իրեն սպասում:

***

Եղբայր Հովհաննեսը մտածում էր. «Ես ուզում եմ նմանվել հրեշտակներին: Նրանք ոչինչ չեն անում՝ բացի Աստծո հոյակերտությունը վայելելուց»: Եվ նույն գիշեր նա թողեց Սցետի մենաստանը և ճանապարհվեց անապատ: Մի շաբաթ անց նա վերադարձավ մենաստան: Դարպասները հսկող եղբայրներից մեկը լսեց նրա թակոցը և հարցրեց, թե ով է: -Եղբայր Հովհաննեսն է: Ես քաղցած եմ:
-Չի կարող պատահել, - ասաց պահակը,- եղբայր Հովհաննեսը անապատում է, նա ուզում է հրեշտակի վերածվել: Նա այլևս քաղց չի զգում, և աշխատանքի կարիք չունի, որ իրեն կերակրի:
- Ների'ր իմ գոռոզամտությունը, - ասաց եղբայր Հովհաննեսը,- հրեշտակները օգնում են մարդկանց: Դա նրանց գործն է, ահա թե ինչու են նրանք վայելում Աստծո հրաշակերտությունը: Ես էլ կարող եմ վայելել այդ հրաշակերտությունը իմ ամենօրյա աշխատանքում:
Այդ խոնարհ խոսքերից հետո պահակը բացեց դարպասը:
Ոչնչացման զենքերից ամենահզորը, որ մարդը ընդունակ է եղել ստեղծելու, ամենասարսափելին ու ամենավախկոտը խոսքն է: Բռունցքներն ու հրազենը իրենցից հետո, ծայրահեղ դեպքում, արյուն են թողնում, ռումբերը ոչնչացնում են տներն ու փողոցները: Թույները կարող են հայտնաբերվել:
Ոուսուցիչն ասում է.
-Բառը կարող է ոչնչացնել՝ իր հետևից հետք չթողնելով: Երեխաները երկար տարիներ մեծանում են ծնողների ազդեցության տակ, տղամարդիկ սարսափելի կռիվներ են մղում, ամուսինները վիրավորում և նվաստացնում են իրենց կանանց: Հավատացյալները հեռանում են կրոնից նրանց պատճառով, ովքեր իրենց կոչում են Աստծո խոսքի թարգմաններ: Մտածե'ք ամեն անգամ, երբ ուզում եք բառը որպես զենք օգտագործել: Ուշադրությո'ւն դարձրեք նրանց վրա, ովքեր այդ զենքն օգտագործում են ձեր դեմ: Եվ խանգարեք նրանց՝ շարունակելու դա:

***

Անապատի մասին մի լեգենդում խոսվում է մի մարդու մասին, ով ուզում էր տեղափոխվել հարևան օազիսը և սկսեց բարձել իր ուղտը: Նա ուղտի վրա լցրեց իր գորգերը, խոհանոցային պարագաները, հագուստով լի սնդուկները, և կենդանին  դիմանում էր այդ ամենին: Երբ նրանք ճանապարհ ընկան, մարդը հիշեց հոր նվիրած կապույտ գեղեցիկ գրիչը: Նա հանեց այն և դրեց ուղտի մեջքին: Հենց դրեց, կենդանին ծանրությունից տապալվեց գետնին ու սատկեց: «Իմ ուղտը մի գրիչին անգամ չկարողացավ դիմանալ», - մտածեց մարդը: Երբեմն մենք էլ մտածում ենք ինչպես ոմանք՝ չհասկանալով, որ մեր չնչին կատակը կարող է լինել այն կաթիլը, որ լցնում է տառապանքի բաժակը:

***

-Երբեմն մարդիկ վարժվում են այն ամենին, ինչ տեսնում են ֆիլմերում, և մոռանում ռեալ իրականությունը, - ասաց անծանոթը ճանապարհորդին: - Դուք հիշո՞ւմ եք «Տասը պատվիրանները» ֆիլմը. «Իհարկե, Մովսեսը՝ Չարլտոն Խեստոնը, բարձրացնում է իր գավազանը, մի կողմ տանում ծովի ջրերը, և Իսրայելի մարդիկ կտրում-անցնում են Կարմիր ծովը»: Աստվածաշնչում այդպես չէ, - հայտարարեց մարդը: Այնտեղ Աստված Մովսեսին հանձնարարություն է տալիս. «Հրամայի'ր Իսրայելի որդիներին առաջ գնալ»: Եվ միայն այն բանից հետո, երբ մարդիկ առաջ են շարժվում, Մովսեսը բարձրացնում է գավազանը, ու ջրերը հետ են քաշվում: Քանզի ճանապարհն անցնելու քաջությունն է հնարավորություն տալիս, որ ճանապարհը երևա:

***

Թավջութակահար Պաբլո Կասալսը գրել է. «Ես միշտ վերածնվում եմ: Ամեն առավոտ ժամանակն է կյանքը կրկին սկսելու: Ութսուն տարի առաջ ես իմ օրն այսպես սկսեցի, բայց դա չի նշանակում, որ այն մեխանիկական ծրագիր է: Դա շատ կարևոր է իմ երջանկության համար: Ես արթնանում եմ, մոտենում դաշնամուրին և նվագում Բախի երկու մուտքն ու ֆուգան: Այս պիեսները ներգործում են որպես օրհնանք իմ տան վրա: Բայց այս պրակտիկան նաև մարդկության գոյության հրաշքի և կյանքի խորհրդի հետ հարաբերվելու ճանապարհն է: Եթե անգամ այս ութսուն տարիների ընթացքում ես նույն բանն եմ արել, միևնույն է, երաժշտությունը երբեք միանման չի լինում. այն ինձ միշտ մի նոր, ֆանտաստիկ, անհավանական բան է ուսուցանում»:

***

Ոուսուցիչն ասաց.
-Մի կողմից մենք գիտենք, թե որքան կարևոր է Աստծո որոնումը: Բայց մյուս կողմից կյանքը մեզ հեռացնում է Նրանից: Մենք մեզ Աստվածայինից վտարված ենք զգում կամ էլ խրված ենք մեր ամենօրյա գործերում: Դա մեղքի զգացում է առաջացնում. կա'մ մենք չափից ավելի ենք սահմանափակում մեզ, որ Աստծուն մոտ լինենք, կա'մ զգում ենք, որ կյանքի պատճառով զգալիորեն հեռանում ենք Աստծուց: Այս բացահայտ կոնֆլիկտը երևակայության արդյունք է: Աստված կյանքի մեջ է, և կյանքը՝ Աստծո: Միայն սա պետք է իմանալ, որպեսզի ավելի լա'վ հասկանանք «ճակատագիր» ասվածը: Եթե մենք մեր ամենօրյա գործունեության մեջ ընդունակ ենք ներթափանցելու սուրբ ներդաշնակության մեջ, ապա միշտ ճիշտ ուղու վրա կլինենք և կավարտենք մեզ վրա դրված հանձնարարությունը:

***

 Մի մեջբերում Պաբլո Պիկասոյից. «Աստված նկարիչ է: Նա ստեղծել է ընձուղտ, փիղ և մրջյուն. իրականում նա երբեք էլ իր ոճը չի փնտրել. նա պարզապես արել է այն, ինչ ուզել է»:

***

Ուսուցիչն ասում է.
-Երբ մենք սկսում ենք մեր ճանապարհը, սաստիկ վախ ենք զգում: Մենք մեզ պատասխանատու ենք զգում՝ ամեն ինչ ճիշտ անելու համար: Վերջիվերջո, քանի որ մենք մի կյանք ենք ապրում, ապա ո՞վ է եղել այն մարդը, որ հորինել է «ամեն ինչ ճիշտ է» ստանդարտը: Աստված ընձուղտ, փիղ ու մրջյուն է ստեղծել, մենք ինչո՞ւ պիտի հետևենք ստանդարտներին: Դրանք գոյություն ունեն միայն նրա համար, որպեսզի ցույց տան մեզ, թե ինչպես են մյուսները բնորոշում իրենց սեփական իրականությունը: Մենք հաճախ սքանչանում ենք ուրիշների գործելակերպով և շատ հաճախ կարող ենք խուսափել սխալներից, որ գործում են ուրիշները: Բայց ապրելը հրաշալի է, և միայն մենք գիտենք, թե մեզ համար ինչ անենք:

***

Մի քանի հավատավոր հրեաներ աղոթում էին սինագոգում, երբ մանկան ձայն լսեցին, որ կրկնում էր՝ «Ա, Բ, Գ, Դ»: Նրանք փորձեցին կենտրոնանալ սուրբ գրությունների վրա, բայց ձայնը կրկնում էր՝ «Ա, Բ, Գ, Դ»: Նրանք ընդհատեցին ժամասացությունը և երբ շրջվեցին, տեսան մի տղայի, որ երգեցիկ ձայնով կարդում էր այբուբենը: Րաբբին հարցրեց տղային.
-Ինչո՞ւ ես այդպես անում:
-Քանի որ սուրբ բառեր չգիտեմ, -ասաց տղան,- հույս ունեմ, որ եթե ես կարդամ այբուբենը, Աստված տառերից բառեր կկազմի, իսկ նրանցից՝ անհրաժեշտ տողեր:
-Շնորհակալ եմ քեզ այս դասի համար, - ասաց րաբբին,- և գուցե ես իմ կյանքի օրերը նվիրեմ Աստծուն, ինչպես դու ես նվիրում Նրան քո տառերը:

***

 Ուսուցիչն ասում է.
-Աստծո ոգին, որ մեր մեջ է, երևի կարելի է համեմատել կինոթատրոնի էկրանի հետ: Էկրանին տարբեր դեպքեր են տեղի ունենում. մարդիկ սիրում են, բաժանվում, գանձեր գտնում, հայտնաբերում անհայտ երկրներ: Կարևոր չէ, թե ինչ ֆիլմ է գնում: Էկրանը շարունակ նույնն է: Կարևոր չէ՝ արցունքներ են հոսում, թե արյուն է կաթկթում, քանի որ ոչինչ չի կարող էկրանի սպիտակության վրա հետք թողնել: Կինոէկրանի նման էլ Աստված այնտեղ է՝ կյանքի ամեն մի տառապանքի ու ուրախության թիկունքին: Մենք կտեսնենք դա, երբ մեր ֆիլմը ավարտվի:

***

Մի աղեղնավոր անցնում էր անտառի միջի՝ իր ուսումունքի խստությամբ հայտնի հինդու մենաստանի մոտով, ուր տեսավ, որ մի խումբ հոգևորականներ այգում խմում և զվարճանում են:
-Ի՞նչ ցինիկ են նրանք, ովքեր փնտրում են Աստծո ճանապարհը, - բարձրաձայն ասաց աղեղնավորը, - նրանք ասում են, որ ամենակարևորը կարգապահությունն է, բայց հենց իրենք են հարբում:
-Եթե Դուք հարյուր նետ անընդմեջ արձակեք, ինչ կլինի Ձեր աղեղին, - հարցրեց հոգևորականներից ամենաավագը:
-Իմ աղեղը կկոտրվի, - ասաց աղեղնավորը:
-Եթե ինչ-որ մեկը անցում է իր սահմանը, նրա կամքը նույնպես կոտրվում է, -ասաց հոգևորականը, - նա, ով աշխատանքը չի համատեղում հանգստի հետ, կորցնում է խանդավառությունը և չի կարող առաջ գնալ:

***

Թագավորն իր դեսպանին ուղարկեց հեռու երկիր՝ խաղաղության պայմանագրով, որը պիտի ստորագրվեր։ Բանագնացը, որոշելով ճամփորդությունից օգուտ քաղել, այդ երկրում կարևոր գործարքներ իրականացնող իր մի քանի ընկերներին տեղեկություններ հաղորդեց: Սրանք խնդրեցին նրան հետաձգել իր ճամփորդությունը, ու քանի որ հաշտության պայմանագիրը պիտի կնքվեր, նրանք ձևակերպեցին նոր պատվերներ և փոխեցին իրենց աշխատանքային ռազմավարությունը: Երբ վերջապես դեսպանը ուղևորվեց, արդեն շատ ուշ էր այդ համաձայնագիրը գլուխ բերելու համար. պատերազմ սկսվեց՝ տապալելով ոչ միայն թագավորի, այլև բոլոր այն մարդկանց գործերը, ովքեր հետաձգեցին դեսպանի ուղևորությունը: Ուսուցիչն ասում է.
-Մեր կյանքում մի կարևոր բան կա. այն է՝ ապրել սեփական ճակատագրով, կոչումով, որ մեզ է տրված: Բայց մենք մեզ վրա ենք վերցնում ուրիշ հոգսեր, որոնք էլ կործանում են մեր երազանքները:

***

Ճանապարհորդը, Սիդնեյի նավահանգստում կանգնած, նայում էր քաղաքի երկու կողմերն իրար միացնող կամրջին, երբ իրեն է մոտենում մի ավստրալիացի և խնդրում կարդալ թերթի հայտարարությունը:
-Տառերը շատ մանր են, - ասում է նա,- իսկ ես ակնոցս մոռացել եմ տանը և առանց դրա չեմ կարող կարդալ:
Ճանապարհորդն էլ էր առանց ակնոցի և ներողություն խնդրեց այդ մարդուց՝ նրան չօգնելու համար:
-Լավ, կարծում եմ՝ ես պարզապես կմոռանամ այս հայտարարությունը, - ասաց մարդը: Եվ զրույցը շարունակելու ցանկություն ունենալով՝ նա ավելացրեց.
- Այսպես միայն մեզ հետ չի, որ պատահում է: Աստծո տեսողությունն էլ է թուլանում: Ոչ նրա համար, որ Նա ծեր է, այլ որ այդպես է ուզում: Եթե Իր մտերիմներից մեկը սխալ է գործում, Նա դա համառորեն չի տեսնում: Չուզենալով անազնիվ լինել՝ Նա ներում է այդ մարդուն:
-Մի հարցնող լինի՝ իսկ լավ գործերի դեպքո՞ւմ:
-Աստված երբեք իր ակնոցը տանը չի մոռանում,- ծիծաղելով պատասխանեց ավստրալիացին ու հեռացավ:

***

-Կա՞ ավելի կարևոր բան, քան աղոթքը, - հարցրեց աշակերտն իր ուսուցչին: Վերջինս խնդրեց իր աշակերտին գնալ մոտակա թփուտն ու մի ճյուղ կտրել: Աշակերտը հնազանդվեց:
-Թուփը դեռ կենդանի՞ է, - հարցրեց ուսուցիչը:
Նա նույնքան կենդանի է, որքան մինչ այդ էր, - պատասխանեց աշակերտը:
-Հիմա գնա և կտրի'ր նրա արմատները, - ասաց ուսուցիչը:
-Եթե դա անեմ, թուփը կմահանա, - ասաց աշակերտը:
Աղոթքները ճյուղերն են այն ծառի, որի արմատները կոչվում են հավատ, - ասաց ուսուցիչը: Հավատը լինում է առանց աղոթքի, բայց ոչ մի աղոթք չի կարող լինել առանց հավատի:

***

Սուրբ Թերեզա դը Ավիլիան ասում է. «Հիշե'ք. Աստված հրավիրել է բոլորիս, ու քանի որ Նա մաքուր ճշմարտություն է, մենք կարող ենք չկասկածել, որ հրավիրել է: Նա ասում է. «Եկեք ինձ մոտ բոլորդ, ով ուզում է խմել, և Ես կհագեցնեմ բոլորիդ»: Եթե հրավերը լիներ ոչ բոլորին, Աստված կասեր.«Թող գան ինձ մոտ բոլոր նրանք, ովքեր ծարավ են, քանզի դուք ոչինչ չունեք կորցնելու: Բայց ես կհագեցնեմ նրանց ծարավը, ովքեր պատրաստվել են»: Նա ոչ մի պայման չի դնում: Դա բավական է, որ գան և խնդրեն, ու բոլորը կստանան Նրա սիրո Կենարար Ջրից»:

***

Ձեն հոգևորականները, երբ ուզում են մտահայեցությամբ զբաղվել, նստում են քարի առաջ:
-Հիմա ես պիտի սպասեմ, մինչև այս ժայռը մի քիչ աճի, - ասում են նրանք:
Ուսուցիչն ասում է.
-Մեր շուրջն ամեն ինչ մշտապես փոփոխվում է: Ամեն օր արևը բացվում է մի նոր աշխարհի վրա: Այն, ինչ մենք առօրյա ենք կոչում, լի է նոր առաջարկներով ու հնարավորություններով: Բայց մենք չենք նկատում, թե ինչով է այս օրը տարբերվում մյուսից: Այսօր ինչ-որ տեղ ձեզ մի գանձ է սպասում: Դա, հնարավոր է, ակնթարթային մի ժպիտ է, բայց հնարավոր է՝ մի մեծ հաղթանակ է, կապ չունի: Կյանքը մեծ ու փոքր հրաշքների ամբողջություն է: Ոչինչ ձանձրալի չէ, քանզի մշտապես փոփոխվում է: Ձանձրույթն այս աշխարհին հատուկ չէ: Բանաստեղծ Թ. Ս. Էլիոթը գրել է. « Շատ ճանապարհներ անցի'ր, վերադարձի'ր քո տուն և նայի'ր ամեն ինչին այնպես, ինչպես առաջին անգամ»:

 ՎԵՐՋ

Թարգմանությունը՝ ռուսերենից։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский