Ավելի գրավիչ, քան փողոցը, առավել հետևողական, քան աղանդավորական գործիչը

Հեղինակ: 

Մտովի պատկերացնենք, որ սովորողը, որևէ տարիքի, պարտադիր ուսումնական պարապմունքներից հետո որոշել է պարզապես մնալ դպրոցում։ Քանի՞ ժամ կթույլատրվի նրան այդպիսի հանդգնությունը, ինչպե՞ս կարձագանքի այս իրադարձությանը դպրոցի ռեժիմը։ Եթե փորձենք վերլուծել պարտադիր ուսումնական պարապմունքներից դուրս դպրոցական շենքերի և գույքի զբաղվածությունը, պարզապես լրացուցիչ (արտադպրոցական) կրթության կազմությունը, բացի բազմապիսի կարատեներից ու պարի խմբերից ուրիշ ինչի՞ կհանդիպենք։ Սովորողի ինքնավարության ինչպիսի՞ ակումբներ են գործում՝ սկսած վոկալ-գործիքայինից, մարմնամարզական-խաղային, հայրենագիտական-ճամփորդական, գեղարվեստական-թանգարանային, տեխնիկական-բնագիտական, թատերական-ստեղծագործական ինչպիսի՞ իրական, գործող, զարգացող կառույցներ կան այսօր դպրոցում։ Ինչպե՞ս է սովորողը մասնակցում իր կրթական պատվերի ձևակերպմանը։ Ինչպիսի՞ն է դպրոցի մեդիան՝ կայքը. ինչքա՞ն է զբաղեցնում սովորողին, ինչքա՞ն է ուսումնական։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեզ հաջողվել է ջնջել անջրպետը դպրոցականի և արտադպրոցականի միջև, մեծ թվով սովորողների համար, սկսած 1-ին դասարանից, դպրոցը դարձնել ուսումնական աշխատանքի և հետաքրքրությունների կենտրոն՝ որպես բաց համակարգ՝ ֆիզիկական և մեդիամիջավայրում, առանց ոստիկանի, փայտով կամ բանալիով պահակի, առանց թևկապավոր մանկավարժական աշխատողի՝ հերթապահի, առանց զանգի, կողպված կաբինետի, առանց շաբաթ-կիրակի ու հանգստյան կամ տոն օրերի, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը սովորողը, նրա ծնողը և ուսուցիչը անարգել կարող են և օգտվում են դպրոց-կենտրոնի՝ կրթահամալիրի բոլոր միջոցներից, հնարավորություններից։ Սրա հիմքում.

  • սովորողի, նրա ուսուցչի և ծնողի ազատությունն է, սովորողի, նրա ուսուցչի և ծնողի իրական ինքնավարությունը, սրանց վրա կառուցված գործընկերությունը, կրթական ծրագրի մշակումը որպես համատեղ ստեղծական աշխատանք.
  • մարդկային հարաբերություններում ձևականության, կեղծիքի, արհեստականության հաղթահարումը. սրա վրա կառուցված ակումբային գործունեությունը, որն ընդգրկում է սովորողի գործունեության բոլոր ձևերն ու տարիքները.
  • ուսումնա-հայրենագիտական անընդհատ ճամփորդությունները.
  • ուսումնական գործունեության շուրջտարյա ստուգատեսները, ծեսերը, ստեղծագործական հավաքները.
  • դաս-դասարանային փակ ու հիերարխիկ համակարգի փոխարինումը ուսումնական պարապմունքների բաց ու մոբիլ ցանցով՝ սկսած ամենօրյա, ամենշաբաթյա համերգ-պարապմունքներից, երբ դրանք կազմակերպում և դրանց մասնակցում են տվյալ կրթական ծրագրի բոլոր սովորողներն ու մանկավարժները, պարապմունքներ միատարիք և տարատարիք խմբերով՝ թանգարաններում, համերգասրահներում, ցուցահանդեսներում, բնության և պատմության հուշարձանների տարածքում, զորամասերում, գիտա-արտադրական կենտրոններում.
  • ուսումնական-ստեղծագործական ճամբարներ, պլեներներ՝ բացթյա ստեղծագործական հավաքներ.
  • կրթական փոխանակումների բաց համակարգի՝ հանրակրթական կամուրջների գործարկումը, ինչպես հայաստանյան, այնպես էլ արցախյան, վրաստանյան դպրոցների հետ։

Մենք ստեղծել ենք մեր նույնքան բաց ու գրավիչ մեդիամիջավայրը՝ մեր mskh.am սոցիալական ցանցը` իր ենթակայքերով, մեդիագրադարանով,  TV-ռադիոներով, մանկավարժական, պատանեկան,  մանկական ամսագրերով, սովորողների և ուսուցիչների անհատական, դասարանների, ակումբների ուսումնական բլոգներով։ Մեր սովորողները այդ մեդիաաշխարհի ստեղծման և զարգացման մասնակիցն են։ Համեցեք mskh.am, ծանոթացեք, համոզվեք, գնահատեք։

Եթե այս ամենը բերենք ցուցանիշի՝ որպես ուսումնական չափելի արդյունքի, վարկանիշվորման, կարո՞ղ ենք խնդիր դներ, որ սովորողը՝

  • ամեն օր զբաղվի մարզանքով, որպես վարք, իսկ 5-րդ դասարանից սկսած՝ ունենա նախընտրած մարզական ակումբը, թիմը.
  • ուսումնառության ընթացքում ընթացքում նվաճի  հայաստանյան 10 ամենահայտնի լեռնագագաթները.
  • ամեն օր զբաղվի երաժշտական գործունեությամբ, ունենա երաժշտական նախընտրելի գործունեություն՝ վոկալ, գործիքային, թե վոկալ-գործիքային, սկսած պարզ շրխկանից, մինչև ջութակը.
  • ամեն օր զբաղվի տեխնոլոգիական-կերպարվեստային-դիզայներական գործունեությամբ.
  • բակում ունենա իր ծառը, որի որպիսության համար կրի անհատական պատասխանատվություն.
  • ունենա իր պատասխանատվության տարածքը՝ ֆիզիկական ու մեդիա միջավայրում.
  • ունենա նախասիրության զարգացման իր գործունեությունը, ավագ դպրոցում՝ նախընտրելի ակումբը.
  • ունենա իր անհատական ուսումնական բլոգը.
  • մասնակցի արշավների, ճամբարների, ավագ տարիքում՝ նաև ռազմա-մարզական ճամբարների՝ Արցախում և Հայաստանում.
  • երիտասարդը ծառայի հայաստանյան բանակում՝ առանց որևէ բացառության, տարկետման, խտրության՝ որպես իր անօտարելի քաղաքացիական պարտականություն։

Հաճույքով արձանագրում եմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն օր մոտ ենք այս ցուցանիշներին։

Մենք նախաձեռնող ու բաց ենք. գործընկերության, նշվածի պահպանման այլ ճանապարհ չկա, անհատի ու խմբի, ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության հաստատության, պետական բոլոր մարմինների հետ, Հայաստանում, Արցախում։

Օրինակելի են, իհարկե, ամեն օր ընդարձակվող մեր կապերը Հայաստանի պաշտպանության համակարգի, նախարարության հետ։ Շնորհակալ ենք ու պատրաստ կապերի ընդարձակման՝ ի փառս հայրենյաց և ի սարսափ թշնամյաց։

Ելույթ ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» գիտագործնական կոնֆերանսում։ 

26.04.2014թ. 

Որպես լրացում՝ հարցազրույց «1-ին լրատվականում»։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский