Ձնծաղիկը հզոր ծաղիկ է

Մանկավարժական էսսե

Սովորեցնելով ուրիշներին սովորում ենք ինքներս:
Սենեկա

.... Եվ իմ հիշողության 57 տարիների միջով անցնում է սովորել-սովորեցնելու անընդմեջ և անկանգ երկմիասնությունը: Իմ մանկության բակից մինչև մայր դպրոցի փոքր դահլիճը, որտեղ այսօր սովորողներից ևս մեկն ինձ դիմեց «Ուսուցիչ» պատվաձևով: Դեռահասության ընդհատակյա ազգայնական խմբակից մինչև 2003 թվականի խորհրդարանական ընտրությունները, երբ ինձ համար սպառվեց արդարության իրավական ուղին: Նորագույն զինատեսակների պատանեկան երազից մինչև զինադադարի առաջին գիծը, որտեղ դիպուկահարը դիպուկ չեղավ, իսկ զինվորը և´ աշակերտ էր, և´ ուսուցիչ: Մոսկովյան ուսանողական գիտական կոնֆերանսներից մինչև Զանգեզուրյան օգոստոսյան մանկավարժական կոնֆերանսը, որտեղ ինձ հանրահռչակեցին հայկական Սուխոմլինսկի: Մթնաձորի անտառից մինչև Բանգլադեշի կիսաանապատը, որը մանկավարժության օազիս դարձավ նվիրյալների ջանքերով: Ձնծաղիկների արևակիր հանրապետությունից մինչև.... Ու շարունակվում է ընթացքը, ամրակայելով դասերը (մեկական օրինակ բերվում է կրթական շղթայի փակվող օղակից):

Դաս առաջին

Սովորողի և դասավանդողի ընդհանուր նպատակը կրթության արդյունավետության անկյունաքարն է: Նախագծային ուսուցումը նշված գործոնի կարևորագույն բաղկացուցիչն է: Ապացույցը կրթահամալիրում իրականացված և իրականացվող բազմաբնույթ նախագծերն են, որոնցից չորսի` «Գիտություն», «Հանրապետություն», «Բռնադատվածներ», «Երրորդ մաս», համահեղինակն եմ:

Դաս երկրորդ

Սովորողի և դասավանդողի անհատականության փոխադարձ արժևորումը կրթական մթնոլորտի պարտադիր պայման է: 9-րդ դասարանի սովորողներ Էրիկ Ոսկանյանի, Ֆրեդ Սահակյանի, Զավեն Համբարձումյանի և Էրիկ Սահակյանի մասնակցությունն առարկայական ծրագրերի կազմմանը, չնայած շատ գործընկերներիս վերապահումներին, առաջին հերթին նրանց անհատականության իրատեսական արժևորման հետևանք է: 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի (ընտրության բաղկացուցիչ)՝ հաստատման ներկայացված ծրագիրը երկրորդ դասի գործնական դրսևորումն է:

Դաս երրորդ

Ցանկացած այլընտրանքի հիմքում անհատի (կամ անհատների) հոգու և մտքի համարձակությունն է: Իմ հեղինակած պատմական վարժությունները (պարզագույն օրինակ` աշխարհամարտ + x – 100= y իրականություն, գտնել անհայտները), որոնք ժամանակին սահմանագծային բանավեճ առաջացրեցին համացանցում, այսօր ընդունված և սիրված են սովորողների կողմից ու հաճախ հանձնարարվում են իրենց առաջարկությամբ:

Դաս չորրորդ

Դասավանդողի և սովորողի լայնախոհությունը կրթական հաջողության անբաժանելի գործոն է: Միակողմանիության բացառումը՝ ոչ միայն առարկայական հիմնախնդիրներ քննարկելիս, այլև անձնական հետաքրքրությունների դաշտը ձևավորելիս և գործունեություն ծավալելիս, խթանում է սովորողի հմտությունների զարգացումը, այդ թվում` վերլուծական: Օրինակ` 4-րդ դասարանցին «Քանի՞ օր է տևում գարունը Երևանում» հարցադրմանը պատասխանում է, որ այս խնդրի լուծումն էլ անհատական ընկալման, ոչ թե տարածված մոտեցումների դաշտում:

Դաս հինգերորդ

Իրականության ամբողջականության ընկալումը հանրակրթության զարգացման գրավականն է: Գիտությունների և տեխնոլոգիաների ինտեգրման արդի ժամանակաշրջանում արդեն անխուսափելի է մեղմասացությամբ «միջառարկայական կապեր» անվանվածի բարձրացումը նոր որակական աստիճանի` «Իրականություն» առարկայի, որի ստեղծման առաջին քայլերն արված են, օրինակ` հասկացությունների սահմանումները քննարկելիս փորձում ենք ներառել հնարավորինս մեծ թվով գիտությունների տեսանկյունները, ընդհանուր էությունը` գերէությունը, բացահայտելու նպատակով:

Դաս վեցերորդ

Ծրագրային, ոչ միջոցառումային համագործակցությունը գիտնականների հետ սովորողի մտահորիզոնի ընդլայնմանը և արժեքային համակարգի եսակենտրոնության բացառմանը նպաստող կենսոլորտային էատարր է: Օրինակ` ծավալվող համագործակցությունը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ օգնում է սովորողներին յուրացնել գիտական մտածողության և մտավորական վարքի տարրերը:

Դաս յոթերորդ

Դպրոցը կյանքի մանրակերտն է, բայց այն մանրակերտը, որի փոփոխությունը կարող է փոխել կյանքը: Կրթահամալիրային իրականությունը և գաղափարախոսությւնը, որի կրողներից մեկն էլ ես եմ, սովորողին յուրաքանչյուր օր ապացուցում է իր գործոն լինելու փաստը: Այսպես է հասունանում ՀՀ քաղաքացին:

Եվ վերջին դասը: Անցյալի դասերը սովորել չցանկացող ներկան ապագայում վերաքննություն հանձնելու հույս չպետք է ունենա:

06 - 09.05 

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский