Գունանկարչությունը` որպես նախագիծ. ուսուցման կազմակերպում և իրականացում

Կերպարվեստի կարևորագույն և առանցքային բաղադրիչներից մեկը` գունանկարչությունը իր վրա է վերցնում ուսուցանողին  բազային գիտելիքներով զինելու, կատարողական վարպետությունը զարգացնելու և կատարելագործվելու առաքելությունը: Դրա իրականացման ճանապարհը անցնում է գունատեսության, գեղարվեստական արտահայտչամիջոցների կիրառման և բնօրինակից նկարչության միջով:
Ուսուցանողի անհատական առանձնահատկությունները (համակողմանի պատրաստվածության մակարդակը, նախասիրությունները), պայմանավորում են անհատական աշխատանքի ողջ մարտավարությունը: Այդ սկզբունքով ուսուցման առանցքը թե' անհատական է և թե' ընդհանուր: Ընդհանուրի մեջ ներառվում են գունատեսության վերաբերյալ բազային գիտելիքները, ջրաներկով, գուաշով, յուղաներկով, տեմպերայով, պաստելով և այլ ներկերով ու նյութերով աշխատելու կարողությունները, որոնք փորձարկվում են ինչպես գունատեսական վարժությունների, այնպես էլ բնօրինակից նկարելու առաջադրանքների ժամանակ: Գեղարվեստական արտահայտչամիջոցները (անալիտիկ գունաբաժանումներ, դեկորատիվ-սինթետիկ մտածողություն, գունապատկերային փոխակերպումներ) դարձնում են բնօրինակից նկարչությունն առավել վերլուծական և ստեղծագործական:
Բազային գիտելիքների և հմտությունների հիման վրա էլ կառուցվում է ուսուցանողի հետ անհատական աշխատանքը` ձևակերպվելով զանազան նախագծերի մեջ:
Նախագծերով աշխատելու սկզբունքն իր բնույթով նման է էքստրեմալ իրավիճակներում գործելու լարմանն ու պատասխանատվությանը: Պարունակելով նոր փորձառությանն հաղորդակից լինելու գայթակղությունը՝ այն դառնում է լուրջ խթանիչ նախագիծն իրականացնելու ընթացքում: Առաջին հայացքից բարդ, նույնիսկ անհնարին թվացող որոշ նախագծեր աշխատանքի ընթացքում բացում են իրենց նախնական արահետները՝ հնարավորություն տալով առավելագույնս մոտենալու նպատակին, ընկալելու և հետագայում էլի անդրադառալու համար: Նույնիսկ մասնակի արդյունքը խրախուսելի է և ուսուցանողի համար ոգևորիչ:
Երբ մենք իրականացրինք «Բարև պրն. Պիկասո» նախագիծը, որն իր մեջ պարունակում էր անալիտիկ և սինթետիկ կուբիզմի մտածողությունները, սկզբնական շրջանում կախվածությունը Պիկասոյի գործերից ակնհայտ էր, սակայն գործընթացի տևականությունը բերեց նրան, որ սկզբունքը դարձավ առավել ընկալելի, իսկ արված աշխատանքներն ավելի ինքնուրույն և ստեղծագործական: Իսկ շատ սովորողներ նախագիծն ավարտելուց հետո էլ շարունակում են առանձին փորձարկումները՝ կիրառելով այդ մտածողությունները:
Որոշ ուսուցանողներ, որոնք սկզբնական շրջանում ունեին մասնագիտական խնդիրների հետ կապված բարդույթներ, նախագծերին մասնակցելուց հետո դարձել են ինքնավստահ և նախաձեռնող:
Բնօրինակից նկարչության առաջադրանքներում նախագծերը ընդունում են առավել վերլուծական և սինթետիկ ձևեր՝ դրանով իսկ նպաստելով ուսումնասիրվող օբյեկտներին այլ տեսանկյունից նայելու, վերախմբագրելու և սեփական հայեցողությամբ ընտրված արտահայտչամիջոցների օգնությամբ արտահայտելու համար: Այս սկզբունքի առավելությունը, ինտելեկտուալ մասնակցության շնորհիվ, զերծ է պահում բնօրինակի ուսումնասիրման պասիվ և միակողմանի գործընթացից:
Առաջադրանքներում, բացի վերլուծական-հետազոտական խնդիրներից, կարևորվում է հմտությունների շարունակականությունը և կատարողական վարպետության ավելացումը, քանզի առանց կատարողական վարպետության դժվար է ակնկալել ցանկալի արդյունք:
Խրախուսվում և ղեկավարվում են ակտիվ ուսուցանողների ինքնուրույն նախաձեռնությունները` միջավայրի գեղարվեստական միջամտության աշխատանքներում գեղարվեստի դպրոցում, կրթահամալիրի տարբեր օղակներում: Առանձին ուսուցանողների օրինակելի և հաջողված աշխատանքները խրախուսական կարգով ցուցադրվում են առանձին ցուցահանդեսներով:
Առավել կայացած ուսուցանողներ իրենց աշխատանքներով մասնակցում են ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսներին:
Տարբեր երկրներից ժամանող արվեստագետների արդեն ավանդույթ դարձած շնորհանդեսները կարևոր դերակատարություն ունեն ուսուցանողների ստեղծագործական խոհանոցը հարստացնելու և նորանոր գաղափարներով լիցքավորվելու գործում:
Կատարված աշխատանքները թվայնացվում են և առանձնացվում անհատական համակարգչային թղթապանակներում՝ առավել ամփոփիչ և ներկայացուցչական դարձնելով կատարված ողջ աշխատանքը:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский