Պետական ավարտական, միասնական քննություններին պատրաստվելը սովորողի ինքնուրույն անհատական աշխատանքն է

Մտահոգություն

Տեղեկատվական բազմաբնույթ միջոցներն անասելի մեծ հնարավորություններ են բացում երեխայի առջև, և այսօր դժվար կլինի բավարարել նրա հետաքրքրությունները, եթե կազմակերպվող ուսումնական գործունեությունը չքայլի ժամանակին համընթաց: Այլ պարագայում այն կվերածվի ուղղակի ձանձրալի գործընթացի: Իսկ ավագ դպրոցում սովորողի դեպքում այս ամենին գումարվում է նաև իր ընտրած մասնագիտական կրթությանը պատրաստվելու կամ արդեն այդ մասնագիտությունը սովորելու (եթե ավագ դպրոցում կա դրա հնարավորությունը) խնդիրը: Բուհ ընդունվել ցանկացող սովորողի համար 12-ամյա դպրոցի 12-րդ դասարանը, ինչպես արդեն երկար ժամանակ 10-ամյա դպրոցի 10-րդ դասարանն էր, վերածվել է սովորողի ուսումնական աշխատանքից, ընդհանրապես դպրոցական առօրյայից դուրս մի շրջանի, որտեղ նրա օրվա մեջ դպրոցն իրականում չկա (չի հաճախում, ձևական է հաճախում, չի սովորում, եթե պարապում է կրկնուսույցի մոտ, չի հասցնում շփվել դասընկերների հետ, եթե չի պարապում, զբաղվում է այլ հետաքրքրություններով և հանգիստ կարող է նաև այլ շրջապատում հայտնվել): Այս վիճակը սովորողին վարժեցնում է անտարբերության, մյուս կողմից` իրականում ծուլացնում և անպատասխանատու է դարձնում, քանի որ գիտելիքի, իր ուսումնական աշխատանքի, իր ժամանակի, իր ապագայի համար պատասխանատու է համարում կրկնուսույցին, ծնողին, այլոց, բայց ոչ իրեն:  Անհեթեթ վիճակ. «պարապող» 12-րդ դասարանցին կտրվում  է դպրոցի առօրյայից, հասարակական-մշակութային, անգամ ընտանեկան հարաբերություններից: Մեկուսանում է, փոխանակ ակտիվ ապրի, առավելագույն չափով ինքնուրույն լինի, սովորի նախատեսել, ծրագրել (անելիքը, ժամանակը), պատասխան տալ:

Այնինչ  հայաստանյան բուհական շեմերը հաղթահարելը տարեցտարի դառնում է ավելի հեշտ:

Իսկ արտաքին աշխարհում կենսական հեռանկարներ և ինքնիրացման հնարավորություն գտնելու համար, ընտրություն կատարել կարողանալու համար սովորողը պիտի ակտիվ ապրի, առավելագույն չափով ինքնուրույն լինի, սովորի նախատեսել, ծրագրել (անելիքը, ժամանակը), պատասխան տալ:

Չկա՞ն սովորողներ, որ ընկալում են այս իրողությունը: Իհարկե կան, և նրանք քիչ չեն: Ավարտական դասարանի սովորողները բաժանվում են 3 խմբի.  մի մասը կրկնուսույցների մոտ «ինքնամոռաց» պարապողների խումբն է, մյուս մասը` ընկերների (սոցիալական միջավայրի) համար իր կյանքի հերթական տարին դպրոցում անցկացնող,  ուսումնական  աշխատանքից խուսափող սովորողներ, մի մասն էլ` սովորողներ, որ լիարժեք ապրում են իրենց կյանքն ու կոնկրետ օրը` առավելագույն չափով ներառվելով կրթահամալիրի կյանքում, նախագծերում և ստուգատեսներում, ճամփորդություններում, ակտիվ շփվելով, և բարեխիղճ յուրացնում ընտրած մասնագիտական-նախամասնագիտական դասընթացները, ինքնուրույն պատրաստվում ավարտել-ընդունվելուն:

Խնդիրներ

Ավագ դպրոցում սովորողի գործունեությունից մեծապես կախված են նրա մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Գուցե առաջին խնդիրն այն է, որ սովորողն անտեսում է մասնագիտության ընտրության համար կարևորագույն աշխատանքը, այն է` աշխատանքի շուկայի ուսումնասիրություն, իր ընտրած մասնագիտական կրթության շրջանավարտների գործունեությունը, սոցիալական և հասարակական դիրքը, իր ընտրած մասնագիտության ոլորտի վիճակը, առաջնորդվում է հնացած կարծրատիպերով, գնում ծնողների կամ այլ հեղինակությունների նշած ճանապարհով: Այնինչ  լեզվական գործունեության միջոցով պետք է ապահովել ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում։

Մյուս խնդիրն այն է, որ կապի նորագույն միջոցներով, հարուստ տեղեկատվությամբ, համակարգչային հմտություններով, համացանցից, էլեկտրոնային փոստից օգտվելու կարողությամբ մեր սովորողը, թվում է, բոլոր հնարավորություններն ունի այլ տիպի սովորող ու շրջանավարտ, այլ տիպի համալսարանական ու մասնագետ դառնալու, բայց դպրոցում և կրկնուսույցի մոտ, ցավոք, հիմնականում տեսնում ենք անկամ-կրավորական, անհետաքրքիր երիտասարդ մարդկանց:

Եվ վերջապես՝ հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է շրջանավարին ներկայացվող պահանջները, դրան համապատասխան` հայոց լեզվի, գրականության առարկայական ծրագրերը (ոչ միայն հեղինակային կրթական ծրագրի) գիտելիք, կարողություն, հմտություն ինքնուրույն ձեռքբերելու կարողության, խոսքի զարգացման և շարունակական մշակման պահանջ են դնում, բայց, ցավոք, ստուգվում է միայն վարժանքի արդյունք գիտելիքի պատրանքը, որը, պատանուն պետք է լինում միայն թեստային առաջադրանքները կատարելու, որոշակի դրական միավոր վաստակելու և  որևէ բուհի ուսանող դառնալու համար…

Ինչո՞ւ  չի վերանում կրկնուսուցման համակարգը

Մեզանում չափազանց տարածված մի երևույթ` դպրոցական ուսումնառության վերջին տարիներին բուհական ընդունելության համար նախատեսվող առարկաները կրկնուսույցների հետ պարապելը, թվում էր, պետք է վերանար ավագ դպրոցների ներդրմամբ, բայց ինչպես պարզվում է` ոչ միայն չի վերանում, այլև շահում է հավելյալ ժամանակ: Ծնողների գերակշիռ մասը, չբավարարվելով դպրոցում իրենց երեխաների ստացած գիտելիքներով, դիմում են կրկնուսույցներին` մասնավոր պարապմունքների արդյունքում բուհական ընդունելության շրջանում ակնկալելով բարձր գնահատականներ: Կրկնուսույցների մոտ մի քանի առարկայի ծանրաբեռնված ուսուցման հետևանքով սովորողը պատշաճ ուշադրություն չի դարձնում դպրոցում ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներին, նաև` հաճախակի բացակայում է պարապմունքներից, իսկ մասնավոր դասուսույցները տալիս են սպասված արդյունքը, որ ամենակարևորն է ծնողի համար: Այնինչ` «մասնավոր» պարապմունքներով սովորողը գիտելիք չի ստանում: Նա և  իր կրկնուսույցը ընդամենը կատարում են ծնողի պատվերը, պատրաստվում են ընդունելության քննությունների: Մնում է միայն մեկ կամ երկու տարվա դառը հիշողությունը՝  հայոց լեզվի քերականական համակարգը  անգիր սերտելու տանջանքը:

Համակարգը չի փոխվում, գործում է. ինչո՞ւ. որովհետև դժվար է փոխվում մարդը, որովհետև համակարգի պահպանումը ձեռնտու է կրկնուսույցներին (հավելյալ եկամուտ է ապահովում), ծնողներին (դրսևորում են իրենց հոգատարությունը, հանուն երեխայի զոհողություն անելու պատրաստակամությունը), թույլ-ծույլ սովորողին (օտարում են իրենից պատասխանատվությունը):

Բայց չէ՞ որ բերված երեք պատճառներն էլ պիտի որ նեղացնեին-վիրավորեին սովորողին…

Ի՞նչ անենք

Պետք է նախ` իրար կողքի դնել թվերը` վերջին տարիներին հայաստանյան դպրոցների շրջանավարտների և հայաստանյան բուհերի ընդունելության տեղերի, վերջապես, ընդունվածների, և հետևություն անել: Կարելի է հարցում անել ավագ տարիքի ուսանողերի շրջանում և պարզել, թե ինչպես են գնահատում ռեպետիտորի հետ անցկացրած իրենց ժամանակը, ինչքան է արդարացված եղել ծնողի և սովորողի ակնկալիքը «պարապելուց»: Դա կօգնի, որ սովորողները կարևորեն իրենց ժամանակը:

Պետք է սովորողները վերջապես հասկանան և ընդունեն, որ թեսթային առաջադրանքները իրենք կարող են հիմնականում անել առանց հատուկ պատրաստության` կողմնորոշվելով լեզվի իրենց նախնական իմացությամբ, ստուգելով արդյունքները բառարանների օգնությամբ: Կարևորը` կարողանան համացանցը իր ամբողջ հզորությամբ օգտագործել և´ որպես տեղեկությունների աղբյուր, և´ որպես աշխատանքը (թեկուզ սերտում կամ վարժանք) արագացնելու անփոխարինելի գործիք: Ցավոք, նույնիսկ բլոգեր և սոցցանցերում հայտնի սովորողները դեռ չեն հայտնաբերել իրենց համար համացանցային բառարաններն ու տեղեկատու գրականությունը` որպես թեստային աշխատանք սպասարկողներ:

Պետք է անհատականացվի նաև թեսթային աշխատանքին վարժվելը, քանի որ տարբեր սովորողներ տարբեր խնդիրներ ունեն, տարբեր կետերում են դժվարանում: Դրա համար ընդամենը «պարապելն» սկսելուց առաջ ուղղակի պետք է մի քանի թեսթ անել և ստուգել: Սովորողներից յուրաքանչյուրը պիտի իր առաջադրանքը ունենա, որը նա կամավոր է ստանձնում: 

Կարելի է շտեմարանները ևս անհատական-խմբային հետազոտական աշխատանքի առարկա դարձնել, որի արդյունքում կստեղծվի դիմորդի մեդիագրադարանը`  

  • հղումներ` շտեմարանների, տեղեկատու գրականության,
  • առանձին բաժինների համար հատուկ կազմած ստուգողական թեսթեր ինքնաստուգման համար,
  • տարբեր շտեմարանների տարբեր բաժիններից հանված ծուղակ-հարցերը: 

Ուսուցչի բլոգում պետք է գործի խորհրդատվության` սովորողի հարցերի և դրանց պատասխանների բաժինը:

Համար: 

Կարծիք

Ելենա ջան, այնքան արդիական է ու մեր կրթական ծրագրի իրագործման համար տեղին այս ուսումնասիրությունդ՝ հոդվածի տեսքով, որ մեկ բառով՝ շնորհակալ եմ։ Խորհուրդ եմ տալիս, որ մեր վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի, Արհեստագործական ավագ դպրոցի սովորողները, ուսուցիչները, ծնողները, մեր 9-րդ դասարանների շրջանավարտները՝ իրենց ուսուցիչների և ծնողների հետ, ոչ միայն կարդան, այլև արձագանքեն կարծիքի, լրացման, առաջարկության տեսքով՝ նախապատրաստելով ճամբարային Կլոր սեղանը, որ երեկ «Կենտրոն» TV-ում խոստացել է Աշոտ Փաշինյանը։ Հեյ, գիտի, Աշոտ Փաշինյան, որտե՞ղ ես, դուրս եկ մեյդան։

Այս տեսակետը մասամբ է առաջադեմ: Առաջարկվում է միայն խուսափել կրկնուսույցի մոտ պարապելուց, և ապավինելով միայն սեփական աշխատասիրությանը` միայնակ հաղթահարել շտեմարանային թեստերը` օգտվելով համացանցում առկա բառարաններից և տեղեկատվական գրքերից, որպեսզի սովորողը ավելի շատ ժամանակ ունենա դպրոցական կյանքով ապրելու համար: Փաստորեն սովորողին նորից ու նորից համոզում են դառնալ շտեմարանների գերի, բայց արդեն` միայնակ: Մայիսյան հավաքի մեր կլոր սեղանին այս հարցն այլ ձևով բարձրացվեց: Մեջբերում եմ. «Անգլերենի պետական ավարտական և միասնական քննությունների պահանջները բոլորովին չեն համապատասխանում «Օտար լեզու» ուսումնական բնագավառի համար հաստատված պետական չափորոշիչների պահանջներին: Օտար լեզվի իմացության հինգ բաղադրիչները`լսելով հասկանալը, խոսելը, ընթերցելով հասկանալը, գրելը և թարգմանելը ծայրահեղ նեղացվել է` սահմանափակվելով միայն «ընթերցելով հասկանալու» կարողությամբ: Չափորոշիչներով սահմանված բարձր նպատակն իջեցվել է ծնկից էլ ցածր: Սովորողն իր ուսումնառության հատկապես վերջին տարվա ընթացքում վերածվում է բազմընտրական առաջադրանքների լուծումների տարբերակների փակ բերանով պասսիվ ընտրողի: Այս պայմաններում նույնիսկ կրկնուսույցների դերն է ավելորդ դառնում. բոլոր առաջադրանքների պատասխանները տրված են, հարկ չկա խոսելու, միտք շարադրելու, ունկնդրելու, թարգմանելու: Կարդա, մտածիր կամ չէ, ընտրիր ու քո հերթական խաչը դիր»:
Այս ձևով խորհուրդ տալը որևէ հեղինակային մանկավարժություն չի էլ պահանջում: Բոլոր նրանք, ովքեր բավականաչափ գումար չունեն կրկնուսույցին վճարելու համար, հենց այդպես էլ անում են` ինքնուրույն են պարապում: Իմ խորին համոզմամբ չի կարելի դառնալ տարատեսակ շտեմարանների գերին: Ուսուցումը դպրոցում պետք է այնպես կազմակերպել, որ դպրոցն ավարտողը ունենա բավականաչափ լեզվական իրազեկություն, որպեսզի հաղթահարի ցանկացած թեստային առաջադրանք առանց նախօրոք դրանց վարժեցվելու, կամ էլ` վարժվելու: Անցյալ տարի, երբ Աիդա Գրիգորյանը 11-րդ դասարանում էր սովորում, դասերի ընթացքում խոսում էր, քննարկում, բանավիճում, թարգմանում, և երբեք էլ շտեմարանային վարժանքներ չէինք անում: Ուսումնական տարվա վերջում ես փորձնական մի ավարտական ու միասնական քննության թեստ տվեցի և Աիդան 16,5 ստացավ: 12-րդ դասարանում նա երբեք անգլերեն չի խոսել: Այդ արտակարգ ընդունակություններով աղջկա միակ ձեռքբերումը եղել է այն, որ հիմա այդ նույն թեստից 19,5 միավոր է ստանում, որովհետև ամեն օր միայն վարժեցվում է շտեմարանային առաջադրանքներին: Դա մեծագույն սխալ է: Կրկնուսույցի հետ, թե` մենակ, չի՛ կարելի դառնալ շտեմարանների գերին:

«Կրկնուսույցի հետ, թե մենակ, չի՛ կարելի դառնալ շտեմարանների գերին»: Այս մտքի հետ ոչ մեկը չի վիճում, տիար Յուրա: Տիկին Ելենան էլ է բողոքում պետական ավարտական քննությունների բովանդակությունից: Բայց հիմա գործում ենք այս իրավիճակում, որ մեր ավագ դպրոցի շրջանավարտը հանրապետության միջնակարգ հանրակրթական ծրագիրն ավարտող մյուս սովորողների հետ նույն ձևով նույն քննություններին է մասնակցում: Եվ եթե չենք ասում, թե թեսթերը ստուգման ճիշտ ձև չեն, ուստի մեր սովորողները այլ քննական աշխատանք են գրելու, այլ կերպ են ավարտելու դպրոցը, ուրեմն ուսուցումը այնպես կազմակերպենք, որ սովորողները թեսթային քննությանն էլ պատրաստվեն որպես ստեղծողի մոբիլ դպրոցի սովորողներ, ոչ թե որպես «շտեմարանի գերի»: 

Տիար Յուրա, բավականին վերջերս, մեկ շաբաթ առաջ, առիթ հանդիսացավ, որպեսզի Աիդան խոսի անգլերենով և հանդիսանա թարգման-միջնորդ իմ և գերմանացի բարեկամներից մեկի միջև, որը տիրապետում էր անգլերենի: Հավաստիացնում եմ Ձեզ, որ նա դա արեց փայլուն և որևէ հմտություն չէր կորցրել: Իսկ ինչ մնում է առաջ քաշված մյուս խնդիրներին, ապա դրանց չեմ անդրադառնա, քանզի արդեն ունեցել եմ հոդված-անդրադարձ այլ ձևաչափով:

12-րդ դասարանում սովորելիս ես պարապել եմ երեք առարկա, երկուսը՝ կրկնուսույցի մոտ, մեկը (պատմություն)՝ դպրոցում: Միակ խնդիրն ինձ համար եղել է հայոց լեզուն՝ ոչ այնքան բարդությամբ, ինչքան խճճվածությամբ ու իմաստազուրկ բովանդակությամբ: Ասածս հետևյալն է. էականը շտեմարանի լինել-չլինելու հարցը չէ, այլ թե այդ գրքերում ինչի վրա են կենտրոնանում, ինչն են կարևորում: Անգլերենի ու պատմության դեպքում շտեմարան կամ թեստ գրելը երբեմն նույնիսկ ինքնամենամարտ-ինքնաերկխոսություն է, կարող ես ինչ-որ հետաքրքրություն ստեղծել, բայց իմ սովորած առարկաներից հայերենի պարագայում չկա ոգևորվածություն, որովհետև չկա սովորածը կիրառելու հեռանկար: Ինչ վերաբերում է բանավոր անգլերենը առօրյայում կիրառելուն, հարգելի միստր Յուրա, ապա չեմ կարծում, որ ողջ մեղքը պետք է դպրոցական-ավարտական ծանրաբեռնվածության վրա դնել: Դա կարող է սովորողի ցանկությամբ դառնալ իր օրվա գրաֆիկի մաս որպես լրացուցիչ զբաղմունք կամ ակտիվ հանգստի ձև: Եվ կա հարցի մեկ այլ կողմը. լեզուն կենդանանում է, երբ սկսում ես դրանով խոսել, և միանշանակ գալու է այն ժամանակը, երբ առաջին պլանում լինելու է օտար լեզվի ուսուցումը: Խոսքը արդեն մասնագիտական փուլում հայտնվելու և որոշակի հմտություններ զարգացնելու մասին է:

Աիդա ջան, 2014-2015 ուստարում հատուկ ծրագիր է գրվելու նաև արտակարգ լեզվական ընդունակություններ ունեցող սովորողների համար: Իմ ասելիքն այն էր, որ քո նման արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողին պետք էր նման մի արտակարգ ծրագիր: Հաջորդ տարի կունենանք այդպիսի ծրագիր և կհուսանք, որ գոնե քո նման մեկ սովորող էլ կհայտնվի:Ուրախ եմ, որ մեր քննարկումը ստացվեց:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский