Բաց ստուգատես-փառատոները կրթական ծրագրի կազմակերպման և արդյունքների ներկայացման ձև

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով կրթական ծրագրի ուսումնական կիսամյակները և տարին ավարտվում են  «Ես կարողանում եմ» հանրակրթական ստուգատեսով, հունվարյան, հունիսյան ուսումնական ճամբարներով, դրանց հաջորդող՝ սովորողների նախասիրությունների զարգացման ամենամյա ստուգատես-փառատոներով.

  • հունվարին՝ հանրակրթական Դիջիթեք, հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, հանրակրթական մարմնամարզական ստուգատեսներ.
  • հունիսին՝  երաժշտական, կինո-ֆոտոյի, թարգմանական, թատերական, ամառային ուսումնական նախագծերի ստուգատես-փառատոներ:

Ամենամյա, ուսումնական օրացույցով նախատեսված ստուգատեսներ կազմակերպվում են նաև ուսումնական տարվա ընթացքում, ինչպես պատմության-հասարակագիտության-լրագրության «Տիգրան Հայրապետյան» ստուգատեսը, Հանրակրթական Էկոտուրը, «Ձոն» տեխնոլոգիական, «Ես կարողանում եմ», «Ընթերցում ենք... (Թումանյան, Տերյան, Չարենց, Բակունց)» ստուգատեսները։

Ուսումնական ստուգատես-փառատոների նպատակը ստեղծականության խթանումն է, սովորողների և դասավանդողների ուսումնական հմտությունների ներկայացումն ու զարգացումը: Ստուգատեսն առիթ է, որպեսզի   կրթահամալիրի դպրոցի, քոլեջի սովորողի, դասավանդողի՝ կոնկրետ ուղղությամբ կոնկրետ աշխատանքն ամփոփվի, յուրաքանչյուրի համար յուրատեսակ հաշվետվություն է, արածը գնահատելու, եղածի մեջ արժեքավորը առանձնացնելու հնարավորություն: Հեղինակային կրթական ծրագրի հեղինակները ստուգատեսի միջոցով կարողանում են տվյալ ուսումնական բնագավառում` տարվա ընթացքում արված աշխատանքը գնահատել, խնդիրները ձևակերպել, նոր ուսումնական տարվա ծրագիրը լրամշակել, ներկայացնել ուսումնական որոշակի ոլորտում և մանկավարժության մեջ այլոց առաջավոր փորձը։ Ստուգատեսներից յուրաքանչյուրի արդյունքները ներկայացվում են սովորողի, դասավանդողի, դասարանի, ակումբի ուսումնական բլոգներում, ստուգատեսի կայքում (էջում), mskh.am-ում, մեթոդական հոդվածները, մանկավարժական թարգմանությունները՝ «Դպիրի» ստուգատեսյան համարներում։ Ստուգատեսը դառնում է հեղինակային կրթական ծրագրերի և դրանց իրականացման արդյունքների տարածման միջոց։ Ստուգատես-փառատոնը ստեղծագործական հավաք է, որն ապահովում է ոչ միայն ուսումնական հմտությունների և դրանց կիրառման արդյունքների ներկայացումը, այլ նաև զարգացումը։

Ստուգատես-փառատոները բաց են։ Ստուգատեսի կազմակերպումը կրթահամալիրի ակումբի, սովորողների և դասավանդողների խմբի ուսումնական նախագիծն է։ Նրանք ծրագրում են ստուգատեսի ուղղությունները, որոշում անվանակարգերն ու մրցանակները, կապ են պահպանում ստուգատեսի գործընկերների հետ, գտնում են նոր գործընկերների, հովանավորների: Կազմակերպման մեջ մտնում է նաև հանրապետության, Արցախի, Վրաստանի հանրակրթական հաստատությունների սովորողների ներգրավումը՝ ստուգատեսի գրավիչ ու ժամանակին ներկայացումը, աշխատակարգի հարմարեցումը մասնակիցներին, այլոց մասնակցության ապահովումը։ Կրթահամալիրը ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալում է կրթական փոխանակումների կացարաններում: Ստուգատեսը հնարավորություն է տալիս տարբեր դպրոցների, բնակավայրերի, տարբեր ազգության սովորողներին-ուսուցիչներին ոչ միայն ծանոթանալու և իրար ներկայացնելու իրենց ուսումնական ձեռքբերումները, իրար փոխանցելու իրենց փոձը, այլև իրար հետ զբոսնելու-ճամփորդելու, համատեղ ուսումնական նախագծեր իրականացնելու, անցկացնելու երեկոները, հանդես գալու համատեղ: 

Ստուգատեսը կազմակերպվում է նախօրոք հրապարակված ծրագրով, ժամանակացույցով, աշխատակարգով։ Կազմակերպիչները ծրագրում են ստուգատեսի ոչ միայն ընթացքը, այլև դրա նախապատրաստումն ու ամփոփումը։ Ստուգատեսների անվանակարգերը ենթադրում են և՛ կրթահամալիրի դպրոցի սովորողի հաշվետու մասնակցություն, և՛ այլ հաստատությունների սովորողների մասնակցության հնարավորությունը, և՛ դասավանդողների մեթոդական մշակումները, և՛ այլոց առաջավոր, նորարարական փորձի ներկայացումը։

Ստուգատես-փառատոների աշխատակարգով կազմակերպվում են ուսումնական բաց պարապմունքներ և վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկումներ, ներկայացումներ, համերգներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ։

Ստուգատեսի կազմակերպիչները և մասնակիցները ապահովում են նաև ստուգատեսի պատշաճ լուսաբանումը: Ստուգատեսի կազմակերպման, տարածման, արդյունքների ներկայացման համար լայնորեն կիրառվում են թվային ուսումնական միջոցները՝ ձայնագրիչն ու ֆոտո-տեսախցիկը, համակարգչային ծրագրերը, համացանցը։ 

Ստուգատեսների մրցանակը ուսումնական ճամբարի ուղեգիրն է, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունը: 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский