Ուսուցման կազմակերպում ուսումնական օրացույցով

Իր մոբիլ և ստեղծական 25 տարիների ընթացքում կրթահամալիրը ձևավորել է իր ուսումնական օրացույցը, որը ամեն ուսումնական տարվա համար ճշգրտվում-լրացվում է։ Կրթահամալիրի, ինչպես անհատի և ընտանիքի, հասարակության-պետության, եկեղեցու կյանքում կան սովորական, «կենցաղային» ուսումնական-աշխատանքային օրեր, և կան ամենամյա, պարբերական ստեղծագործական հավաքները, ստուգատեսները, ճամբարները, տոները, այլ ուսումնական նախագծերը՝ կրթահամալիրի սովորողների, նրանց ծնողների, ուսուցիչների համար կարևոր նույնքան, ինչքան իրենց, հարազատ-բարեկամների համար կարևորված իրադարձությունները։ Դրանք կազմակերպում են, ուղղորդում են նաև կրթահամալիրի դպրոցներում և քոլեջում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի առօրյան, դառնում ուսումնական աշխատանքի արդյունքներն ի մի բերելու-ամփոփելու, գնահատելու առիթ ու հնարավորություն։

Կրթահամալիրի պաշտոնական կայքում այս պահին 2 ուսումնական օրացույց կա։ 2013-2014-ուսումնական տարվա օրացույցն է, որով կազմակերպված ուսումնական տարվա վերջին ակորդներն են՝ բոլոր տարիքի սովորողների «Ուսումնական ամառը», նախադպրոցականների «Ամառային պարտեզը», ուսումնական-ստուգատեսային ճամբարները Երևանում, հանրապետության մարզերում, Արցախում։ Հրապարակված է, ահա, նաև 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական օրացույցի նախագիծը։

  • Կրթահամալիրի 2014-2015-ի օրացույցն արձանագրել է կրթահամալիրի մեծին ու փոքրին վերաբերող, ուսումնական տարվա մեջ սեբաստացիներին միավորող ամսաթվերն ու գործերը՝ այդ թվում՝ ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը՝ դպրոցների, ուսումնական կենտրոնների, գրասենյակների ղեկավարների համար՝ օգոստոսի 11, մանկավարժական աշխատողների համար՝ օգոստոսի 18, սովորողների համար՝ օգոստոսի 28, երկրորդ կիսամյակի սկիզբը՝ փետրվարի ուսումնական պարապմունքիների սկիզբը։ Ուսումնական կիսամյակներն ավարտվում են սովորողների ինքնագնահատման «Ես կարողանում եմ» հանրակրթական ստուգատեսով, ուսումնական ճամբարով և հանրակրթական և ձմեռային, ամառային ստուգատես-փառատոներով։
     
  • Այն, որ ուսումնական տարվա ընթացքում տրվող աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային արձակուրդները ուսումնական են՝ ապահովելով սովորելու անընդհատությունը։
     
  • ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ  օրենքից, Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցից ընտրվում են այն տոները, որոնք կապվում-աջակցում են հեղինակային կրթական ծրագրին, լրացուցիչ լիցք, ոգեղենություն են տալիս ուսումնական նախագծերին։
     
  • Մյուսը հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման և տարածման՝ ՀՀ ԿԳՆ հետ կնքված պետական աջակցության պայմանգրով որոշված ամենամյա աշխատանքներն են՝ տարիների փորձով արձանագրված։  
     
  • Անընդհատ՝ ամենշաբաթյա, ամենամսյա պարբերական հավաքները, ուսումնական տարվա մեջ իրենց մշտական տեղը գրանցած ամենամյա մյուս ուսումնական նախագիծ-ստուգատես-ստեղծագործական հավաքները, որ կազմակերպվում են կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս՝ ՀՀ մարզերում, Արցախում, Վրաստանում, և որոնք կրթահամալիրում ինքնահաստատվել են ուսումնական աշխատանքի տարիների փորձով։

Նախօրոք հրապարակված օրացույցը, որ կրթահամալիրի պաշտոնական կայքի հիմնական վերնագիր-«մենյու»ներից է, միշտ վերևի տողում`

  • հիշեցնում է կրթահամալիրի աշխատողներին, սովորողներին և ծնողներին մոտակա աշխատանքի մասին.
  • ցույց է տալիս երկարաժամկետ նախագծերը ավարտուն տեսքի բերելու ժամանակը.
  • հնարավորություն է տալիս կրթահամալիրի գործընկերներին, բարեկամներին, հետաքրքրվողներին, ցանկացողներին մասնակից դառնալու մեր ուսումնական աշխատանքին ու տոնին: 

Ուսումնական օրացույցով որոշված աշխատանքներն ու տոները միջոցառումներ չեն։ Դրանցից յուրաքանչյուրն ուղղակի կապվում է կրթահամալիրի բոլոր մանկավարժական աշխատողների, հանրակրթական դպրոցների, քոլեջի սովորողների, նախակրթարանների սաների ուսումնական աշխատանքի հետ, վերաբերում է կրթահամալիրի ծնողական համայնքին, գործընկերներին։ Դա մտնում է կրթական ծրագրերի, դասընթացների բովանդակության մեջ, դառնում որոշված ժամանակահատվածի ուսումնական պարապմունքների թեման։ Դա կազմակերպվում է որպես ուսումնական բաց նախագիծ կամ նախագծեր. կազմակերպիչը (համակարգողը) կրթահամալիրի դպրոցը, ակումբը, ուսումնական կենտրոնն է, նախագծային խումբը։ 

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագծերի իրականացման ժամանակ կարող են փոխվել և փոխվում են կրթահամալիրի դպրոցում, քոլեջում ուսումնական պարապմունքի կազմակերպման պայմանները՝ տեղը, ժամանակը, տևողությունը, ձևը... Օրացույցով որոշված բովանդակությունը նախօրոք ներառված է լինում դասընթացների ծրագրերում:

Ուսումնական օրացույցով որոշված աշխատանքը համախմբող է. եթե անգամ վերաբերում է ուսումնական որևէ կոնկրետ բնագավառի, ինչպես օրինակ՝ «Տիգրան Հայրապետյանի օրեր. հասարակագիտական ստուգատեսը», պահանջում է ուսումնական տեխնոլոգիական-դիզայներական, մեդիատեխնոլոգիական, խոսքային, օտար լեզուների ուսումնական հմտությունների կիրառում և զարգացում։ Կրթահամալիրային տոնը-ստեղծագործական հավաքը ենթադրում է և՛ ուսումնական ճամփորդություններ, և՛ հյուրընկալություն, ինտելեկտուալ, մարզական խաղեր, երգ, պար, միավորող ուսումնական այլ աշխատանք։ 

Կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա կրթական, դասընթացների ծրագրերը կրթահամալիրի պատանեկան ակումբները, «Իմացումի հրճվանք» ծրագրի դասարանները, խմբերը, անհատները մշակում են իրենց ուսումնական օրացույցները, որտեղ նշում են արդեն հատուկ գործեր և ամսաթվեր, որ առնչվում են իրենց ուսումնական աշխատանքին։ Այդ ուսումնակա օրացույցների ստեղծումը ևս ուսումնական աշխատանք է, որով զբաղվում են դրան առնչվողները՝ դասավանդողների խմբեր, սովորողներ։  

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский