Ես հենց քո նախագիծն եմ․ գտիր ինձ․․․

Ուզում եմ հենց սկզբում առանձնացնել այն կարևոր (գոնե սույն նյութի շրջանակներում) հարցադրումները, որոնք կուզեի շեշտադրել՝

  • նախագծային աշխատանքի մոդել,
  • դաս՝ առանց տնային աշխատանքի ընդգծում-պարտադրանքի,
  • նախագիծ-մոտեցում, որը տեսանելի արդյունքներ ունենալու հնարավորություն է տալիս։ 

Միանգամից ասեմ, որ ներկայացվող օրինակը չի վերաբերում միայն ընթերցանության կազմակերպմանը․ կարելի է նման սկզբունքով իրականացնել նաև այլ նախագծեր։ Կարծում եմ՝ այստեղ կարևորը սկզբունքն է, մոտեցումը, իսկ նախագծի իրականացման ձևի դետալները միշտ կարելի է և անհրաժեշտ է փոխել․ դա և´ ժամանակի, և´ սովորողների, և´ սեփական անձի փոփոխության (կարծում եմ` արդարացված-բնական) պահանջն է։ Ներկայացնեմ արդեն արված-փորձված գործունեության մի տեսակի ընդհանրական մոդել-փորձ։

Ինչպես եմ սկսում։

Նախ՝ հստակեցնում եմ քայլերս՝ պատասխանելով ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչի՞ համար, այս դեպքում ոչ հռետորական հարցադրումներին, առանձնացնում-վերհանում՝ թեման, նպատակը, խնդիրները, աշխատաոճը, մտորում հնարավոր արդյունքների ու կիրառելիության մասին։ Կոնկրետ այն նախագծում, որի շուրջ ուզում եմ խոսել, նպատակն էսպես եմ ձևակերպել․ նպատակը սովորողներին ընթերցանության մղելն է․ ընթերցանություն, որը հնարավորություն կտա ծանոթանալու 20-րդ դարի գրական-հասարակական-մշակութային շարժումներին, զուգահեռներ անցկացնելու ներկայի և անցյալի գրական իրադարձությունների  հետ, ծանոթանալու գրական ազդեցություններին։  Դաշտ կստեղծի՝ սեփական դատողություններ անելու, համեմատելու և կոնկրետ եզրահանգումներ առաջ քաշելու, խոսելու, քննարկելու ։

Երկու դիտարկում-գովազդային դադար

  • Արդեն կոնկրետ ընթերցանության նախագծերի ու ընթերցանության խնդիրների մասին գրել ենք․ ասված-արվածի մասին պատկերացում կազմելու համար կարող եք թերթել «Դպիրը» կամ վերընթերցել վերջին նյութս, որը նաև յուրատեսակ հաշվետվություն է՝ արվածի պատում, հղումային անդրադարձ, որն, ի դեպ, հասանելի է արդեն անգլալեզու ընթերցողին, ինչի համար էլ շնորհակալ եմ Յուրա Գանջալյանին։ 
  • Առանց փոփոխություն-խմբագրման ներկայացնում եմ այն, ինչ արել եմ ու ինչպես որ արել եմ: Պարզ է, որ արդեն հիմա շատ բան կփոխեի, այլ կերպ կանեի. փորձում եմ չենթարկվել հորինելու գայթակղությանը։

Որպես խնդիր առանձնացրել էի` ընթերցանություն, օտար լեզվի կիրառում, որոշակի հատվածների փոխադրում մայրենիով, համեմատելու, զուգահեռներ անցկացնելու, եզրահանգումներ անելու հմտությունների զարգացում, վերացարկելու, սեփական խոսքը հիմնավորելու, ներկայանալի ներկայացնելու, բանավիճելու, կոնկրետ նյութերի ծանոթանալու և նյութեր տեղծելու, սեփական նյութը ներկայացնելու հնարավորություն։

Ինչպես աշխատեցինք։

Այստեղ կարևորը «խայծն» է։ Նյութի դասական վերապատմումը՝ համեմված սեփական կարծիքով ու եզրահանգումներով (մի բան, որ խիստ բնական համարվող մոտեցում էր խորհրդային դպրոցում), կարծում եմ, սովորողին, գոնե 21-րդ դարի սովորողին (այս պահին անցյալի մասին դատողություններ անելուն հակված չեմ, մանավանդ որ «սովետական շկոլա» ասվածի մասին լուրջ սոցիոլոգիական ուսումնասիրության՝ թվեր, փաստեր, ոչ էմոցիաներ, կարոտախտ, չեմ հանդիպել. Ճանաչում կամ փորձում եմ ճանաչել իմ դարաշրջանի սովորողին, ապրել նրա հետ) քիչ բան է տալիս՝ միաժամանակ զրկելով նյութը սեփականը դարձնելու, քննադատորեն խնդրին մոտենալու ու սեփական հմտություները զարգացնելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ «չոր հրահանգ» ասվածը նույնպես դժվարիրագործելի է. այստեղ պետք է կա´մ պարտադրանքի-վախի տարրը գործի, կա´մ ընդգծված պարտաճանաչություն` հրահանգի անխոս կատարում, դրսևորվի։ Սա էլ արդեն մեր դիրքորոշումն ու կրթական գործի կազմակերպման որդեգրած մեր սկզբունքը չէ։ Երկու դեպքում էլ խաթարվում է անհատականությունը, կորչում ստեղծականությունն ու հայտնագործման հաճույքը (պարզ է, որ ամեն սովորող դա անում է իր հնարավորություն-հմտությունների շրջանակում)։ Սակայն անծանոթ նյութի հանդեպ հետաքրքրություն արթնացնելը, կոնկրետ այս կարգի նախագծի հանդեպ, կարևոր նախապայման դարձավ։ Ինչպե՞ս։ Հենց վերը նշածս «խայծ» ձևակերպմամբ։ Պետք է սովորողներին տալ՝ «աննկատ նետել խայծ-բանալիներ», որոնք էլ հենց հետաքրքրություն կառաջացնեն ու կդրդեն ուսումնասիրել, կամ բանավիճային խայծեր, որոնք էլ կմղեն հակառակն ապացուցելու։ Նյութ, որը փորձեցի կապել հենց մեր կյանքի, մշակույթի ու մշակութային անվանվող ճգնաժամի, լավ ու վատ գրող, երբեմն խիստ հավակնոտ ու խիստ անհատական, բնորոշումների, ինչու կարդալ դարավոր հարցադրման, մերօրյա գրողների ու գրական փորձերի, նորարարության, փորձի, ինչ փորձել-չփորձելու, ծնողի արգելել-չարգելու և այլնի հետ։ Երկու դեպքում էլ սովորողը մղվում է ինքնակրթության։

Ընթացքի մասին։

Ընթացքը շատ դրսևորումներով միշտ անկանխատեսելի է։ Ամեն ինչ վերածվեց քննարկումների մի փուլի։

Այս փուլում խոսեմ տնային աշխատանքի և գրականություն (ընթերցանություն) կոչվող հասկացության հանդեպ առանձնապես հետաքրքրություն չդրսևորող սովորողների մասին։ Քննարկումային փուլում, ինչպես արդեն վերևում նշեցի, միայն փոքրիկ «խայծեր» էի տալիս․ այն քննարկումը, որը սկսում է կապվել կյանքի ու հենց քո կյանքի ու քո խնդիրների հետ, կարող է «խոսեցնել» յուրաքանչյուրին․ գրականությունն իրականում մեր կյանքի մասին է։ Քննարկում, որը դառնում է բանավիճային (իմ պրակտիկայում տղաներն ու աղջիներն են բանավիճում հաճախ՝ խոսքային ենթատեքստում հաճախ միմյանց հետ հարաբերությունները կամ դրանց հնարավորություններն ակնարկելով)․ մնում է հետևել, որ բանավեճը չվերածվի գոռգռոցի (ինչի վտանգը միշտ լինում է․ մենթալիտետային առանձնահատկություն է) ու անընդհատ բերվի դեպի նպատակային դաշտ։ Նման քննարկման ընթացքում բոլորը մասնակցում են՝ մեկը խոսել-գոռալով, մյուսը՝ լսելով, երրորդը՝ անընդհատ հարցեր բարձրացնելով, չորրորդը՝ կոնկրետ մարդկանց ասածներում խոցելի կողմերը գտնելով, և այլն։ Փորձում ենք բանավեճ-զրույցը ինչ-որ ձևով ամփոփել՝ ինչ ասեցինք, ինչքան կարևոր հարցադրումներ անփաստ-անպատասխան մնացին, ում ասածն էր, որ հետաքրքիր էր, բայց՝ անապացույց-անշունչ. սովորաբար ամփոփում է սովորողներից մեկը։ Էնպես ենք անում, որ առաջանան նոր ու ավելի հետաքրքիր հարցադրումներ։ Հաջորդ դասին շարունակելու ցանկությունն իմը չէր։ Զարմանալի էր, բայց փաստ, «անտնային» բանավեճից հետո խմբի մեծ մասը տանը աշխատել էր՝ իրենց խոսքերն ապացուցող փաստեր, ընկերոջը հերքող նյութեր գտել և այլն։

Անկանխատեսելիության մասին․ եռափուլ քննարկում չէի նախատեսել՝ խումբը պարտադրեց։ Հաջորդ փուլն ավելի կոնկրետ-աշխատանքային էր․ առաջարկվող նյութը բազմազան, աշխատանքի տեսակը՝ նույնպես։ Հեղինակները՝ բազմազան՝ բիթ գրականության համար հող նախապատրաստող գրողներից մինչև ավանդույթները շարունակողներ, լեզվական ընտրութունը՝ նույնպես, թեմաները՝ անհատական սեմինար, թարգմանություն, ցուցադրություն, ֆիլմ, քննադատություն, մտորում։ Բազմազանությունը անհատականության դրսևորման ևս մեկ հնարավորություն է տալիս։

Արդյունքների մասին։

Ներկայացնեմ արդյունքները․ պարզ է, որ այստեղ բերում եմ, գոնե իմ դիտարկմամբ, հաջողված աշխատանքները, եղել են նաև թերի, կցկտուր նյութեր։ Չմասնակցողներ չեն եղել․ այն սովորողներն, ովքեր չեն ունեցել անհատական նյութեր, մասնակցել են որպես ասիստենտ-օգնականներ՝ ֆիլմերում, անհատական սեմինար-պրեզենտացիաների ընթացքում։

Աշխատանքներից մի քանիսը․․․

Էմմա Կիրակոսյան

Մարիամ Փաշինյան, Չարլզ Բուկովսկի, թարգմանություն

Մերի Շարոյան 

Ավետիս Հարությունյան, թարգմանություն

Դարձյալ անդրադարձ տնային աշխատանքին

Վերը ներկայացրածս նյութերն հատուկ եմ ընտրել․ այս աշխատանքները ցույց են տալիս, որ սովորողները հաստատ տանն էլ են աշխատել։ Որքան ժամանակ են «ծախսել», կարծում եմ՝ այս դեպքում այդքան էլ էական չէ (դրա մասին չէ, որ այժմ ուզում եմ խոսել), կարևորն այն է, որ աշխատել են կամավոր՝ հանձնարարությունը եղել է դասարանում աշխատելու համար ու շատ ավելի փոքր ծավալ՝ բովանդակային, աղբյուրային, քանակային, ենթադրել։ Վերը նշված սովորողներն ինքնակամ են աշխատանքը շարունակել, ինչն էլ հնարավորություն է տվել նման աշխատանքներ ունենալ։ Սրանք մի քանի փուլով մշակված, էլեկտրոնային նամակագրության բովով անցած աշխատանքներ են։

Այն սովորողները, որոնք աշխատել են միայն դասարանում, պարզ է, որ չունեն նման աշխատանքներ՝ դրանք առավել փոքրածավալ են, հատվածային։

Փորձի վրա հիմնված եզրակացություն։

Նախագիծն է մղում գործունեության, սովորողը՝ որոշում գործունեության տեսակը, աշխատանքի չափն ու դրա իրականացման վայրը։ Մնացյալը կեղծ է։ Կյանք-գործունեությունը ցույց տվեց, որ առանց «հանձնարարության» էլ այն սովորողը, որն ունի կոնկրետ ու ընդգծված հետաքրքրություններ, տանն աշխատում է, անընդհատ կապ պահում, թեման զարգացնում, նորն առաջ քաշում, փնտրում, ասում, իսկ այն սովորողը, որը տվյալ գործունեության ոլորտում չունի հետաքրքրություն, միևնույնն է՝ տանը չի անելու․ այդ սովորողի համար դասարանում աշխատելը բավարար է։

Լուսանկարը` ՖԲ էջից

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский