Ֆիրսի մահը

Հեղինակ: 

Մոնոներկայացում

Պիեսը թարգմանվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թատրոնի ակումբի համար: Ստեղծագործական խումբը՝ Քնարիկ Ներսիսյան (ղեկավար), Հայկ Գրիգորյան (Դերասան), Սուրեն Պողոսյան (Ռեժիսորի ձայն), 2014թ. նոյեմբերին ՆՓԱԿ-ում մասնակցել է «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին, դարձել «Լավագույն գրական հիմք» անվանակարգում հաղթող:

Գործող անձինք՝

  • Դերասան
  • Ռեժիսորի ձայն

Անտոն Չեխովի «Բալենու այգի» պիեսի չորրորդ արարի դեկորները.

Ոտնաձայներ են լսվում: Աջ կողմի դռների մեջ երևում է Ֆիրսը: Նրա հագին նույն բաճկոնն է, սպիտակ ժիլետը և ոտնամանները, ինչպեսմիշտ: Նա հիվանդ է:

ՖԻՐՍ.- (մոտենում է դռանը, ձեռք տալիս բռնակին) Փակ է: Գնացել են... (Նստում է բազմոցին) Ինձ մոռացել են... Ոչինչ... ես այստեղ կնստեմ... Իսկ Լեոնիդ Անդրեիչը, իհարկե, մուշտակ չի հագել, վերարկուով է գնացել... (Հուզված հոգոց է հանում) Ուշադիր չեղա... Խակ-ջահելությո՜ւն (Քրթմնջում է ինչ-որ բան, որ հասկանալի չէ): Կյանքս ավարտվեց, կարծես չեմ էլ ապրել... (Պառկում է) Պառկեմ... Էլ ուժ չկա, ոչինչ չմնաց, ոչինչ... Է՜խ, դո՜ւ… Դմբլո՜... (Անշարժ պառկում է):

Կտրվող լարի ձայն: Կացինների ձայն:

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- (գոռում է դահլիճից): Սպասե՛ք, շուտ սկսեցիք կտրելը: Ստո՛պ: Խնդրում եմ, թողե՛ք էս մարդը հանգիստ մեռնի: Մարդավայե՛լ թող մեռնի: Դե՛: Սաղ կյանքում տանջվել, չարչարվել ա, իսկ դուք չէք թողնում՝ հանգիստ սատկի: Դուք ինձ էդտեղ լսու՞մ եք: Չե՞ք լսում:

Ֆիրսի դերը խաղացող դերասանը նստում է:

Ինձ լսո՞ւմ էք: Իսկ Դո՞ւք :

ԴԵՐԱՍԱՆ.- Նորի՞ց կրկնեմ: Որտեղի՞ց: (Նայելով դեպի կուլիսները) Դե, դուք էլ էդտեղ, իսկականից, էլի ի՞նչ էք անում: Չեք թողում՝ մարդը մեռնի:

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- Ուրեմն նորից: Ապրե՛ս: Ամեն ինչ լավ ա, ամեն ինչ նորմալ ա, ամեն ինչ հրաշալի ա, ամեն ինչ շատ լավ ա:

ԴԵՐԱՍԱՆ.- (ցածրաձայն) Միայն թե…

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- Ո՜չ: Ո՛չ, հասկանու՞մ ես, սիրելիս, եթե պիեսում մարդը բեմի վրա մահանում է, (ոչ մեծ դադար) ապա թատրոնի բոլոր, բոլոր օրենքներով՝ սկսած երախտահիշատակ Էսքիլեսից, վերջացրած հանգուցյալ, Աստված հոգին լուսավորի, Բեքեթով, այդ պիեսը ուրեմն նրա մասին է: Հասկանու՞մ ես, հարգելիս, այն մարդու մասին է, որը մեռնում է այստեղ, բեմի վրա:

ԴԵՐԱՍԱՆ.- (հոգնած) Դե...

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- Վայ, քո... Մարդը մեռ-նու-մա՛: Հասկացա՞ր: Հա՞:

ԴԵՐԱՍԱՆ.- (ցածրաձայն, ճնշված) Բա ես ի՞նչ եմ անում:

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- Ինքը ստեղ քնելո՛ւ համար չի պառկում: Հասկանո՞ւմ ես: Հա՞: Ինքը հիվա՛նդ ա: Հեղինակի մոտ՝ Անտոն Պալիչի, ասված ա. «Նա հիվանդ է»: Շագանակագեղձի քաղցկեղ ունի: Հասկացա՞ր: Էս պիեսը Ֆիրսի մասին ա: «Բալենու այգի» պիեսը Ֆիրսի մասին ա:

ԴԵՐԱՍԱՆ.- (ցածրաձայն, հեգնանքով) Շա՜տ ինքնատիպ հայեցակարգ...

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- Նա այս ամբողջի կվինտէսենցիան է, համաշխարհային Ոգին: Համաշխարհային Ոգին մեռնում է, այստեղ և հիմա: Հասկանու՞մ ես ինձ, հարազատս: Հենց ստեղ նրա հոգեվարքն ա: Ես ստեղ, որ նստած եմ, հանդիսատեսը, որ նստած ա… քամակս ցավաց էս աթոռին էրկու ժամ նստած, ես պետքա էդ զգամ, կատարսիս պետք ա ապրեմ: Հը՞: Արա էդ ինձ համար, աստծու սիրուն: Դու դերասան ես, չէ՞: Դա քո աշխատանքն ա: Ոչ մեկը զոռով քեզ չի՞ բերել, չէ՞, թատերական ինստիտուտ: Դու սիրուն ես, համոզիչ ես: Էլ ի՞նչ ա էղել… Ապրես, բայց մի քիչ ավելացրու էդ բանից. էդ, որ քեզ ասում եմ, հո իմ համա՞ր չեմ ասում, արվեստի համար եմ ասում: Մեռի՛: Ոնց որ պետք ա: Ու վերջ: Ու բոլորը կլինեն գոհ ու երջանիկ: Էնտեղ, քո մոտ ի՞նչ ա ասում:

ԴԵՐԱՍԱՆ.- Ի՞նչ՝ «Իսկ Լեոնիդ Անդրեիչը մուշտակը չի հագե՞լ»:

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- Չէ՛: Չէ՛: Ի՞նչ ա էնտեղ ասում կյանքի մասին: Կյանքի՛ մասին: Դե՞:

ԴԵՐԱՍԱՆ.- (մոնոտոն) «Կյանքս ավարտվեց, կարծես չեմ էլ ապրել»:

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- Աաա՜յ էդ, կյանքը անցավ, հասկացա՞ր, քո՛, քո կյանքը անցավ: Պորտվեյնիդ վերջին արկղը խմել ես: Հիմա մնացել ա քեզ, որ պառկես ու սատկես: Հա՞, Ֆիրս: Հը՞: Մենակ անունը ինչ ասես արժե: Հեղինակը՝ Չեխովը, գիտեր՝ ինչ էր գրում, ու հետո, սա հոգեբանական թատրոն չի, նատուրալիզմ չի: Աստծու սիրուն, պատալոգիա մի՛ խաղա: Նրա ձեռները չեն դողում: Կյանքը վերջացել ա:

ԴԵՐԱՍԱՆ.- (հոգնած ձայնով) Հիմա ի՞նչ, մի հատ էլ նորի՞ց, մուտքի՞ց:

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- Չէ, վերջ, հերիք ա, բոլորը ազատ են: Վաղը նորից պռագոն կանենք: Բոլորիդ շնորհակալություն: Դու ինձ հասկացա՞ր:

ԴԵՐԱՍԱՆ.- Հասկացա: Հասկացա:

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆ.- Դուք էլ, կուլիսների հետևում: Խնդրում եմ, աղաչում եմ, ժամանակի՛ն պետք ա հանեք էդ ձայները: Թողեք դերասանը մեռնի: Հետո ինչքան ուզում եք ստացեք ձեր զգայական հաճույքը: Պա՞րզ ա: Դե վերջ, շնորհակալություն բոլորին:

Դադար:

Դերասանը նստած է անշարժ, գլուխը կախ: Բեմի ետնամասում ձայներ, աղմուկ: Կանացի ձայնը կանչում է. «Աո՜ւ: Դու գալի՞ս ես»:

ԴԵՐԱՍԱՆ.- (ցածրաձայն) Գալիս եմ: Հիմա:

Ձայները լռում են: Լույսերը հանգչում են, վառված են մնում միայն երկու լուսարձակներ:

(Նայում է դեպի դահլիճ) Հանգցրեք ձեր լույսերը: Աչքերս ծակում են... Մեռի՜: Իսկ ես ի՞նչ եմ անում այստեղ: Ի՞նչ: (Պառկում է, անշարժանում)Գլուխս պայթում է: Սիրտս խառնում է: Հանգի՜ստ թողեք ինձ: Հոգնել եմ: «Բալենու այգի»՝ պիես Ֆիրսի մասին: Շատ լավ: Հրաշալի է: Քիչ էր մնում մեռնեի հենց այստեղ...

Դադար

(Վեր կենալով) Բոլորը գնացի՞ն, ինչ է: (Կանչում է) Հե՜յ, դուք գնացի՞ք: Գնացել են... «Ինձ մոռացե՞լ են»... ա՜յ քեզ բան: Գնացե՛ք բոլորդ գրողի ծոցը: Զզվեցրիք ինձ: Ոչ մեկին էլ չեմ ուզում տեսնել... Վա՜յ, Աստված իմ.. (Պառկում է, տնքում է) Աստված իմ, քիչ է մնում իսկականից էլ մեռնեմ: Ո՜նց են բոլորն ինձ զզվեցրել: Վե՛րջ: Ինձ լսո՞ւմ ես: «Բառերը թռչում են, մտքերը մնում են այստեղ, բառերն առանց մտքի Աստծուն չեն հասնի»: Հա՞ որ: (Կանչում է) Հե՜յ, դուք իսկականից գնացի՞ք: Բոլո՞րը գնացին: «Գնացիք այգի՞»: Բալենո՞ւ: Չեխովի մոտ, տեսեք-տեսեք, բալենու է: (Տնքում է) Օ՜յ: Ինչի՞ է ամեն ինչ էսքան վատ... Ես մեռնելո՜ւ եմ էստեղ: Բա որ մեր սիրեկան-հերոս ծերուկ Ա-ն-ա-տո-լի Վա-լե-րի-անովիչին, ինչ-որ տեղական հիմար լրագրողուհի հարցնում է. «Ինչի՞ մասին եք երազում»: Մը՜ռռ: Ու էս մառազմատիկ, թսան ծերուկը շատ լուրջ տոնով պատասխանում է. «Երազում եմ բեմի վրա մեռնել»: Ա՜, ապուշի երազանք: Արդեն լրիվ բլբլած՝ բայց իրեն թվում է, թե ինքը հլը էն նույնն է, ինչ որ ակադեմիական թատրոնում կամ չգիտեմ որտեղ էր խաղում, երբ իրա հետևից ջահել դերասանուհիների կեսը վազվզում էր, կապ չունի, դե, ջահել ժամանակ: Բայց էդ ե՜րբ էր... 60-ականներին: Էն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, ամե՛ն ինչ: Էն ժամանակ Դերասան բառը հպարտ էր հնչում: Էն ժամանակ դեռ կարելի էր հավատալ «Ուզում եմ մեռնել բեմի վրա»: Այ, հիմա ես իսկականից նալերս կտնկեմ: Էս ի՞նչ է հետս կատարվում... Ոնց որ թե երեկ էնքան էլ շատ չեմ... Ինչպես միշտ: (Կանչում է) Պետրուշկա՜: Աֆոնկա՜: Է՜յ: Կմեռնեմ, ոչ մեկն անունս էլ չի հիշի: Կասեն՝ իրեն հասնում է բեմի վրա մեռնել: Մոլիերիս տեսեք (Դադար): Պետք է տուն գնալ: Ինձ սպասում են: Բնակարանն էդպես էլ չփոխեցինք: Ու նա ինձ դանդաղ կսպանի: Անկիրք ու մեթոդիկ, ոնց որ ծյուբիկից պաստա են հանում, դուրս կանի ինձ: Ծյուբիկն էլ ա մինչև վերջ ճզմում, որ ոչ մի կաթիլ չմնա: Էդպես էլ ինձ կանի: Երկու տարի բաժանված ենք, բայց օգուտն ի՜նչ, եթե իրար հետ ենք ապրում նույն բնակարանում: Երկու սենյականոց. ո՛չ մարդ կարող ես մոտդ բերել, ո՛չ... Ուտում ա, կրծում ա կյանքս, կամ էլ սկսում ա անամոթ ֆլիրտներ անել: Դե, կեղտը սիրուն ա դեռ, տղերքը հեշտ են կպնում: Հենց իմ ընկերները. մեկ էլ հացնում են, բա թե ոնց կնայես, որ քո նախկին կնոջ հետ…ու էդպիսի բաներ: Ես էլ հիմարի պես ժպտում եմ ու գլուխս տմբտմբացնում: Բայց ի՞նչն ա ինձ էդպես կատաղացնում: Գժվացնո՜ւմ: Ինքը հիմա իմ ոչ մեկն ա, բայց ուզում եմ խեղդել: Ազն՜իվ խոսք: Լրի՜վ Դեզդեմոնա: Էն անգամ մտնում եմ խոհանոց, իսկ ինքը են մեկի հետ լպստվում ա: Բերանը բերանին, լեզվով, էլի… Ինքը շատ էլ լավ ամեն ինչ հասկանում ա: Դիտմամբ ա անում, հատուկ, որ ցավացնի ինձ: Իսկ ինձ ոչ մեկին տուն տանել չի կարելի: Իմ սեփական տո՜ւնը: Հենց մի կնոջ տանում եմ, դառնում ա վայրի կատու, Դինգո շան նման աչքերի ոսպնյակներն են նույնիսկ փոքրանում: Պատրաստ ա վրա պրծնի, ճանկռոտի դեմքը: Նույնիսկ եթե իմ մոտ գործով են գալիս: Լյուդկային էն ի՞նչ արեց, եռացրած ջուրը լցրեց վրան: Իբր պատահական ստացվեց: Իբր կոֆե էր ուզում սարքել: Խեղճ Լյուդան զուգարանից դուրս եկավ, իսկ սա՝ եռացրած ջուրը ուղիղ վրան: Ամենածիծաղելին, որ իմ ու Լուդայի մեջ ոչինչ էլ չկա: Կամ էլ՝ եթե մեկը մոտս ա եկել, երեխին գրկած հինգ րոպեն մեկ մտնում ա, թե իբր երեխին էս ա պետք, են ա պետք... (Լռում է) Տաքություն ունե՞մ: «Ինչ-որ բան փտել է Դանեմարքայում...»: Երիկամներս, երևի... Կամ լյա՞րդս: Կա՛մ, կամ: Կմեռնեմ, ինչպես Ֆիրսը: Էն ամերիկացին էր եկել. «Չեքոֆֆը մեծ կոմեդիոգրաֆֆֆ է»: Իրանք էլ են Չեխով հասկանում... Տո, ո՛չ մի բան էլ մեզնից չեն հասկանում: «Ռուսական հոգի: Ռաշըն քալչը» Բացի իրանց բաքսերից, բան էլ չեն հասկանում դրանք: Ուզում են, որ ծիծաղելի լինի: Չեքոֆֆ կոմեդիոգրաֆֆ... Շա՜տ ծիծաղելի է: Իվանովն ինքնասպան եղավ. շա՜տ ծիծաղելի է: Կոնստանտին Գավրիլովիչը կրակեց ինքն իրեն. ի՜նչ ծիծաղելի է: Ֆի՜րսը... Ֆիրսը մեռնո՜ւմ է. ծիծաղից ուղղակի քանդվել կարելի է: Իրանց համար ամենինչ ծիծաղելի է: Մենք էստեղ սատկում ենք, իրանք իրենց հախճապակե ատամնաշարով հոլիվուդյան ժպիտներ են սարքում: Կոմեդիա են գտել: (Հազում է) Բայց իսկականից ծիծաղելի կլինի, որ ես էստեղ սառեմ-սատկեմ... «Դմբլո՜»: Վաղը բոլորը գալիս են պրագոնի, իսկ ես արդեն պատրաստ եմ: Կարող է՝ հենց էս ֆիրսովի կոստյումով էլ թաղեն: Գրիմով: Ի՞նչ եղավ ինձ: Հույս չունենաք:

Դադար:

Ես գիտեմ, ես ոնց եմ մեռնելու: Գուշակն ինձ ասել է: Գիտեմ՝ էդ երբ ա լինելու, ամեն ինչ ձեռքիս վրա գրված ա: (Նայում ա ձեռքի մեջ) Հրես են կյանքի գծերը: Այստեղ բաժանվում են: (Մատով տանում է ափի վրայով) Երկու տարբերակ կա: Առաջինը՝ կմեռնեմ արագ, թեթև, առանց ցավերի: Ճաշի սեղանի մոտ. հոպ, ու դեմքով բորշի մեջ... ու ոչ մի բան էլ չեմ զգա: Կամ... (Հաջորդ տեքստը նա խաղում է հատուկ ձևով: Խոսում է կարծես ինչ-որ պիեսի հերոս լինի, որին կարելի է կոչել ՆԱ):

ՆԱ.- Ճզմված տրանսպորտի նեղվածքի մեջ, շրջադարձի ժամանակ դեմքով կսուզվեմ կողքի նստարանին նստած շոգից քրտնած խոշորամարմին ինչ-որ տիկնոջ փարթամ կրծքի մեջ: Նա կճչա՜, կշչա՜ շտապօգնության մեքենայի նման, կփորձի մի կողմ հրել ինձ: Կմտածի, թե հարբա՜ծ մեռնում եմ, բայց վերջում կհասկանա… Իսկ ես էդ ամեն ինչին կնայեմ վերևից ու կժպտամ: Ինֆարկտ: Կամ ինսուլտ: Արագ և հեշտ: Ուրիշ տարբերակ: Կապրեմ մինչև իննսուներեք տարեկանը: Պատուհանից տեսնում եմ երկինքը՝ վրան լողացող ամպերով: Ոչինչ ինձ այնքան չի գրավել, որքան այդ սպիտակ քուլաները, որոնք տարբեր կերպարանքներ ու ձևեր են ստանում: Ես նստած եմ հաշմանդամի աթոռին, բերանիս կողքից վատ սափրված կզակիս վրայով փսլինք է հոսում: Փակում եմ աչքերս, և գունավոր կետեր են հայտնվում, հիշողության բեկորներ, ինչպես կինոյում կամ վիդեոկլիպներում: Մթության մեջ հայտնվող կյանքի փոքրիկ կտորներ: Փոքրիկ տղա, որ գյուղում՝ տատիկի տան ետևում կռատուկի ցողուն է կրծում: Պատանի, որը ամռան շոգին տկլոր, դողացող մարմնով կպել է ցանկալի կնոջ մերկ մարմնին: Էլի ի՞նչ: Հանդիսատեսով լցված դահլիճ, ոնց որ Սև խոռոչ, բացված երախ: Նա շնչում է. դա գազանի շնչառություն է, որը պատրաստ է հարձակվելու, հոշոտելու և կլանելու քեզ, թաղելու քեզ իր անհուն արգանդի մեջ: Հետո՝ ծափերի որոտը, երբ ոչինչ չես լսում, ռումբի պայթյունի նման... կարծես ձայնը անջատված լինի, և կռահել միայն կարող ես, որ դահլիճում մարդ կա, որ այդ տարօրինակ գործողությամբ՝ ափը ափին, իրենց հիացմունքն են արտահայտում, իրենց շնորհակալությունը քեզ: Էլի ինչ-որ փայլատակող պահեր, հիշողության պատառիկներ, որ չեմ կարողանում կպցնել իրար, և ամենակարևորը՝ չեմ կարողանում գիտակցել, որ այդ ամենի կենտրոնում ես եմ, չեմ կարողանում հիշել՝ ովքեր են այդ մարդիկ, որ հայտնվում են իմ շուրջը: Կարողանայի միայն տեսնել: Որպեսզի մոռանամ այդ ամենը, պիտի նորից բացեմ արցունքոտ աչքերս ու հառեմ երկնքում լողացող միանման ամպերի վրա:

Դադար:

Ես առաջին տարբերակը կգերադասեի: Արա՛գ մահ: Ինֆարկտ: Ինսուլտ: Ավտովթար: Դանակի դիպուկ հարված: Պատահական գնդակ՝ անխուսափելիորեն սիրտը պայթեցնող: Սարսափելի վախենալու է քաղցկեղից մեռնելը, դանդաղ, շատ դանդաղ և տանջալից, վերածվել դիակի, որ դեռ շարունակում է շարժվել, քայլել և խոսել, զգալ ցավ ու գիտակցել, որ արդեն դիակ էս: Կամ՝ սպիդից…

Դադար:

ԴԵՐԱՍԱՆ.- (դուրս է գալիս «պիեսի հերոսի» կերպարից) Հետո՝ ինչպես տեքստում. «Օֆելյա, քո աղոթքներում հիշիր ինձ...»: Եվ հետո՝ ինչպես տեքստում (Լռում է) Կհիշեն: Չէ մի չէ՜: Ես Համլետ եմ խաղացել: Ո՜ւմ ասես՝ չեմ խաղացել... (քմծիծաղ է տալիս) Մելեկես[1] քաղաքի դրամատիկ թատրոնում: Աստվա՜ծ իմ: Հետաքրքիր է, գոնե մի քառասուն հազար բնակչություն կար այդ քաղաքում: Բա Ուստ-Պերդյույսկը: Գավառական ծայրամաս: Փոխարենը այնտեղ խաղացել եմ Ռոմեո, Իվանով, Կոնստանտին Գավրիլիչ, Շտոկման, Օթելո, արքա Լիր, Չացկի, կոմերիտական ակտիվիստների, և միշտ գլխավոր դերերը: Բոլոր գլխավոր դերերը: Միշտ: Գլխավոր ռեժիսորը ցնդած ծերուկ էր, որը կարիերան 30-ականներին կոլխոզի թատրոնից էր սկսել ու դասականների վրա խփնված էր, հատկապես Շեքսպիր շատ էր սիրում: Չեխովին էլ… (Խաղումէ) «Կորա՜վ կյանքս:Ես տաղանդավոր, խելոք ու քաջ եմ... Եթե նորմալ կյանք ունենայի, ինձանից Շոպենհաուեր կամ Դոստոևսկի դուրս կգար... Խելքս թռցնում եմ... Մամա՜ ջան, ես հուսահատության մեջ եմ: Մայրի՜կ»... Եվ հետո՝ ինչպես տեքստում: (Լռում է) Այդպես չի կարելի Ֆիրս խաղալ: Չէ՞ որ նա սեղանապետ է: Դա մասնագիտություն է: Նա խելագար չէ, ուղղակի ուրիշ հասարակարգի մարդ է: (Քմծիծաղ է տալիս)Մենթալիտետն է ուրիշ: 1861 թվին նրա հետ է կատարվել էն ամենը, ինչ էս պիեսի մյուս հերոսների հետ հիմա է կատարվում: Ինքը Մարգարե է... «Դժբախտությունից առաջ էլի և՛ բուն էր կռնչում, և՛ ինքնաեռն էր շաչում...»: Նա ո՛չ էլ մեռնում է: Արդե՛ն մեռած է: Վաղո՜ւց: Ինքը զոմբի է:Նա հավերժ է: Ագասֆերո՜սն է: Հարյուր տարի հետո կգան էն մարդիկ, ում մասին բոլորը այնտեղ խոսում են՝ Անյան, Տրաֆիմովը, դուռը կբացվի, ու այնտեղ կլինի Ֆի՜րսը: Նա հավերժական է: Ճիշտն ասած, նա ձևեր է անում: Հատուկ է այնտեղ մնում.. որովհետև զզվացրել էին բոլորը: Բոլո՜րը:Լեոնիդ Անդրեիչը՝ առաջին գլխից, իր գրպանի բիլյարդով, ու մնացած բոլորը: Բոլո՜րը (Կանգնում է, գնում է կուլիսների ետևը):

Ներս է մտնում Ֆիրսը

ՖԻՐՍ.- (մոտենում է դռանը, ձեռք է տալիս բռնակին). Փակ է: Գնացել են... (Նստում է բազմոցին) Ինձ մոռացել են... Ոչինչ... ես այստեղ կնստեմ... Իսկ Լեոնիդ Անդրեիչը, իհարկե, մուշտակ չի հագել, վերարկուով է գնացել... (Հուզված հոգոց է հանում) Ուշադիր չեղա... Խակ-ջահելությո՜ւն (Քրթմնջում է ինչ-որ բան, որ հասկանալի չէ): Կյանքս ավարտվեց, կարծես չեմ էլ ապրել... (Պառկում է) Պառկեմ... Էլ ուժ չկա, ոչինչ չմնաց, ոչինչ... Է՜խ, դո՜ւ… Դմբլո՜... (Անշարժ պառկում է):

Երկարատև դադար:

Ձայնը լսվում է կարծես երկնքից՝ կտրվող լարի ձայն, հանգչող, տխուր:

ԴԵՐԱՍԱՆ (հանկարծ վերե թռչում). Վա՞յ... Էդ ի՞նչ էր... Ա՜յ... Ի՞նչ...

Դադար:

Թվա՞ց: (Ականջ է դնում) Լրիվ միստիկա... Դրանից... ամեն ինչ կարելի է սպասել: Ամե՜ն ինչ: Ո՞նց էր, է, «Կալխասում», էն «Կարապի երգում»[2], «Անհատակ փոս»... «Ամեն ինչ խորտակվեց, կարծես այդ փոսի մեջ»: (Հևում է) Վատ եմ: Գուցե ինձ չի՞ կարելի Ֆիրսի դերը խաղալ: Թե չէ, իսկականից... Վատ եմ: Շա՜տ վատ: Ճապոնական ժողովրդական հիթերի երգիչ Կամուտո Խերավատո[3]: Ինչո՞ւ թատերական ինստիտուտ ընդունվեցի: «Պատասխան չկա»: Պետք է խմելը թարկել: Բայց էդ ի՞նչ ձայն էր:

Դադար:

Իսկ, ա՛յ, մենակ Զիլով[4] չեմ խաղացել, բայց միշտ ուզել եմ: Բայց: Հիմա Վամպիլովի ժամանակը չէ: Բայց ինչի՞: Ո՞ւմ ժամանակն է հիմա, ո՞ւմ: (Լռում է)Այ, թե ինչ կխաղայի: Զիլովը պիտի էլեկտրոնային «Բադի որսը» խաղա: Էդպիսի խաղ կա, էն որ բադերը թռնում են, իսկ որսորդը կրակում է, ու միավոր ես հավաքում... շատ զզվելի ձեն է հանում էդ խաղը... Զիլովը մեր ժամանակի հերոսը չէ: Բա, ո՞վ է հերոսը: Ահա և մեր ժամանակների կոնֆլիկտը: Գլոբալ կոնֆլիկտ է. համընդհանուր փոփոխությունների, հեղափոխական վերափոխումների ժամանակներում հերոսները չքացան, մնացին միայն կերպարներ, գործող անձիք: Որտե՞ղ են Բորիս Գոդունովները: (Խաղում է)

«Ո՞վ է...
Ա՜, սքե՜մ...
Լա՜վ... սո՜ւրբ ձեռնադրում...
Օրհասս է. ցա՜րն է դառնում աբեղա,
Եվ մութ շիրիմն է խուցս լինելու...
Կա՛ց, տե՛ր պաարիարք, ես արքա՛ եմ դեռ:
Այժմ, բոյարներ, ունկ դրեք խոսքիս:
Սա՛ է նա, որին գահն եմ կտակում:
Դե՛, համբուրեցե՛ք խաչը Ֆեոդորի...
Բասմա՛նով, բոլո՛ր իմ բարեկամներ...
Շիրմի եզերքին աղերսում եմ ձեզ,
Որ ազնվորեն ծառայեք որդուս.
Այնքա՜ն է նա դեռ անփորձ ու անբիծ:
Երդվո՞ւմ եք արդյոք»վ[5] :

Դադար:

Զիլովը և ոչ մի բադ չի սպանել: Հետևաբար, նա այնուամենայնիվ դրական հերոս է: Իսկ ե՞ս:

Դադար

Հայրս թատրոնում էր աշխատում: Կարելի է ասել, մերը թատերական գերդաստան է: Ներկայացումների համար դեկորացիաներ էր սարքում թատերական ցեխում: Առաջին անգամ, երևի չորս տարեկանում, ինձ տարել էր ինչ-որ մանկական ցերեկույթի, հետո մտանք բուֆետ, նստեցինք սեղանի մոտ, որի կողքին արդեն երկու դերասանուհի կար նստած: Գրիմով էին: Մեկը չաղլիկ տրանսվիստիտի նման, կեղծ, լցոնած կրծքով, նապաստակի կոստյումով: Նկարած բեղերի տակից ծխում էր, մոխիրը բաժակի մեջ թափ տալով, ընկերուհուն ինչ-որ անեկդոտ էր պատմում, ու երկուսով ահավոր ծիծաղում էին: Ծխած, խռպոտ ձայն ուներ՝ դերասանուհու ձայն, ու մոտիկից պառավ էր: Նկատեց, որ պլշած իրեն եմ նայում, սիգարետը հանգցրեց ափսեի մեջ, ժպտաց ու կեղծ ճղճղան ձայնով, որով նապաստակ էր խաղում բեմի վրա, դիմեց ինձ. չեմ հիշում՝ ինչ ասաց, բայց ես լաց եղա: Լաց եղա, որովհետև ինձ խաբել էին: Հետո ե՛ս դարձա այդպիսի մի խաբեբա: Դե, մասնագիտություն է:(Լռում է) Մասնագիտությո՜ւն: Երեք տարվա մեջ առաջին անգամ, նորմալ դեր է՝ Ֆիրս: Է, հետո՞, ամբողջ կյանքում նապաստակ խաղա՞մ: Ինչ-որ մի պատանի հանդիսատեսի գավառական թատրոնո՞ւմ: Լեոպոլդ Կատվի դե՞րը: Քա՞րշ գամ դերասանների բիրժաներով: Իսկ այնտեղ ի՞նչ պիտի առաջարկեն: Նույն բանը: Անգործ դերասանները շնից շատ են: Մնում է՝ պառկեմ (պառկում է) և մեռնեմ: Ինքնասպա՞ն լինեմ, ինչպես Կոնստանտին Գավրիլովիչը: Զիլովը ոչ մի բադ չի խփել ու իրեն էլ չէր խփի: Իսկ ես կկարողանայի՞: (Լռում է) Կարող եմ, բայց չեմ ուզում: Բա ի՞նչ եմ ուզում: Ինչպես մի անգամ մի հերթական ռեժիսոր ասաց՝ բոլորս հաջողություն, փառք և փող ենք ուզում: Փառք ու փող: Հաջողոթյուն, որին չես հանդիպում: Ոչ մի կերպ: Ոնց որ բախտը Նեսչաստլիվցևին: Հրեն իմ կուրսեցիները՝ Սևիլիայից մինչև Գրենադա: Մեկը Ամերիկայում ավտո է լվանում, մեկը Ուրյուպինսկում համլետ խաղում: Վերադառնամ Մելեկե՞ս: Չոլ, ավազ, քարքարոտ սարեր: Հետաքրքիր է՝ Պյոտր Լվովիչը դեռ էնտե՞ղ է ապրում: Հա, նա մեզ բոլորիս կթաղի: «Գյուղ՝ մորաքրոջ մոտ, տափաստան, Սարատով»: «Հեռու Մոսկվայից»: Էդպե՞ս էր, թե՞ հակառակը՝ «Դեպի Մոսկվա, դեպի Մոսկվա», ոնց որ երեք քույրերի մեջ: (Լռում է) Էն զգացողությունն է, որ էլ երբեք ոչինչ չի լինելու: Ի՜նձ ինչ... ոնց որ Սվետլովիդովն էր վաթսունութ տարեկանում ասում՝ մահացածի դերը պարապելու ժամանակն է... Իսկ Օստրովսկու Նեսչաստլիվցևը որտե՞ղ է մահանում: Ո՞ր պիեսի մեջ: Թե՞ չէ...

Դադար:

Չեխովն ասում էր, որ ռուս մարդն ապրում է 30 տարի, իսկ հետո գոյատևում է: Գոյատևում է: Փաստորեն ես արդեն սկսել եմ: Գոյատևել:(Լռում է) Ինքնաճանաչման մեջ եմ: Իսկական չեխովյան հերոս: Էսպես հոգեբուժարան էլ կհասնեմ: «Մի՛ թող, Աստված, խելքս թռցնեմ...»: Փաստորեն համատարած ուրիշի տեքստերով եմ խոսում: Ինձանից էլ բան չմնաց: Ոչ թե ապրում եմ, այլ դեր եմ խաղում: Ինչ-որ մեկին: Անհայտ մեկին: Ոչ հաճելի մի կերպար: Մասնագիտական հիվանդություն է, որից մեռնում են: Ասում են՝ դերասանների շրջանում մահացածությունը ամենից բարձրն է մնացած բոլոր մասնագիտությունների հետ համեմատած: Բայց ինչ անեմ: Մեկ է, ուրիշ բան անել չգիտեմ: Ոչինչ:

Դադար:

Ճիշտն ասած...հաճախ ինձ թվում է, թե իրականում գոյություն չունեմ: Որ ես՝ էդ նրանք են: Գործող անձիք: Ես Ֆիրսն եմ: Զգում եմ, մտածում, ինչպես Ֆիրսը: Քայլում ու ամեն ինչ տեսնում եմ իր աչքերով: Եվ ժամանակն է, որ մեռնեմ: Որովհետև ես, ոնց որ և ինքը, ոչ մեկին պետք չենք: Շրջապատը իմ ներկայությանը դիմանում է միայն քաղաքավարությունից դրդված, սովորության համաձայն, դե, բա ի՞նչ անեն ինձ... Ինչ-որ ժամանակ, երևի շատ շուտով, ես կդառնամ Ֆիրսը… կկատարվի վերջնական վերամարմնավորում… Ես ընդմիշտ…

Կտրվող լարի ձայն:

Ի՞նչ: Նորի՞ց... Էս ի՞նչ է: Ի՞նչ: Արդեն ժամանա՞կն է: Գնալու ժա՞մն է: Հեռանա՞մ: «Իմ ե՞լքն է»: Աստվա՜ծ իմ... (Ցածրաձայն) Վատ եմ: Ինչ որ լավ չեմ զգում: Ինչ է հետս կատարվում... Գնամ: (Դանդաղ, դժվարությամբ կանգնում է, գնում է կուլիսների ետևը)

Ներս է մտնում Ֆիրսը:

ՖԻՐՍ.- (մոտենում է դռանը, ձեռք է տալիս բռնակին). Փակ է: Գնացել են... (Նստում է բազմոցին) Ինձ մոռացել են... Ոչինչ... ես այստեղ կնստեմ... Իսկ Լեոնիդ Անդրեիչը, իհարկե, մուշտակ չի հագել, վերարկուով է գնացել... (Հուզված հոգոց է հանում) Ուշադիր չեղա... Խակ-ջահելությո՜ւն (Քրթմնջում է ինչ-որ բան, որ հասկանալի չէ): Կյանքս ավարտվեց, կարծես չեմ էլ ապրել... (Պառկում է) Պառկեմ... Էլ ուժ չկա, ոչինչ չմնաց, ոչինչ... Է՜խ, դո՜ւ… Դմբլո՜... (Անշարժ պառկում է):

Կտրվող լարի ձայն:

Երկարատև դադար, հետո մթություն:

Վարագույր

Թարգմանություն ռուսերենից
Աղբյուրը


[1] Այժմ Դմիտրովագրադ, քաղաք ՌԴ Ուլյանովսկի մարզում

[2] «Կալխաս», «Կարապի երգը» Չեխովի ստեղծագործություններն են:

[3] Ճապոներենի նմանությամբ կատակ-արտահայտություն ռուսերեն (ինչ-որ մեկը շատ վատ է):

[4] Ա. Վամպիլովի «Բադերի որսը» պիեսի հերոսը:

[5] Թարգմանությունը՝ Պարույր Միքայելյանի: Երևան, «Հայպետհրատ», 1957թ.:

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский