Սա մեծ խաղի մի մասն է...

Մեծ խաղ, որտեղ միատեղվում է սաների ողջ գործունեությունը նախակրթարանում՝ խոսքը, երաժշտությունը, շարժումը, փորձն ու փորձարկումը:

Միշտ չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ կաղապարներ ստեղծում, մտնում դրանց մեջ, փոքրերին էլ քաշում-տանում իրենց հետ: Ու երբ կաղապարը սեղմում է, չենք էլ կարողանում դրանից դուրս գալ, գուցե չենք էլ զգում, որ մեր ստեղծած կաղապարն է մեր թշնամին: Դժվա՞ր է անկաղապար ապրելը:

Սեպտեմբերիկից հետո Արեգն անընդհատ պզպզում էր՝ մեղու էր: Գիտե՞ք՝ ինչու: Շատ էր խաղացել «Մեղու»-ով, ծամել-ծամծմել էր ու մեկ էլ՝ կուլ տվել: Երկար ժամանակ մեղու էին նախակրթարանի բոլոր սաներն ու հինգ տարեկանները՝ պարտեզում և ընտանիքում: Անգիրը մի օրում չէին արել, խաղացել էին, ոտանավորն ու երգը դարձել էին խաղալիք: Ներկայացում չէին խաղացել, իրե՛նց խաղն էին խաղացել ու երգել, արտասանել, բայց իրե՛նց խաղով, իրե՛նց մեղվով, իրե՛նց ծափ ու դմփոցով, իրե՛նց շրխկանով, իրե՛նց ռիթմով, ոտ ու ձեռով:
Ոչ թե դաստիարակի թելադրանքով մեղվի նման թևերը տարածել են՝ իբր թռչում են, այլ՝ շարժվել են, ինչպես ուզել են, ձեռքին հայտնված փայտե գդալի ձայնով «աղմկել են»  խոսքի ռիթմին համապատասխան, իրենց խաղացած այլ խաղերից պստլիկ տեսարան, շարժում են բերել նոր խաղ:

Վերցրեք Արթուր Շահնազարյանի «Կաքավիկ» երգարանը: Բոլոր երգերը կարելի է բեմադրել. եթե երգելու հետ ցույց տան, թե, ասենք, խմորն ինչպես են տրորում, կաքավն ինչպես է թռչում, մի քանի պարային շարժումներ էլ միացնեք, ու կունենաք սիրուն ներկայացում: Վատ չէ: Բայց այդպես շարունակելով՝ դուք էլ, երեխան էլ կամաց- կամաց կհայտնվեք կաղապարում, որովհետև միտքը տեսածից այն կողմ չի անցնում կամ կիսատ է մնում՝ մեր տեսած ու գծած սահմանում: Այնինչ միտքն էլ գիտի, թե ինչ անսահման է ինքը:
Երեխայինը ռիթմն է, իր մարմինը, իր ծափ-ծլնգոցն ու զնգոցը, իր զմփիկն ու թռվռին: Իսկ մենք նրան ասում ենք՝ այսինչ բանը այսպես են ցույց տալիս: Ասում ենք ՝ ցույց տուր, չենք ասում՝ խաղա: Ու քարանում է ընդհանուր, համատարած, գծված-մշակված կարծրատիպը:
Էլ ի՞նչ մտքի թռիչք, ի՞նչ գույն, ի՞նչ խաղ ու կապիկություն… Այնինչ, կարելի է, չէ՞, խնոցին այսպես խաղալ: Ձեռքն ու ոտքն էլ են խաղի գործիք, ստեղծագործական են, իրենց լեզուն ունեն:

Երբ նախակրթարանների ծրագիրը նոր էինք սկսել, երաժշտական մանկական գործիքներ էինք փնտրում: Դրանք կա´մ անորակ էին, կա´մ էլ թանկ: Եվ լավ էր: Սկսեցինք ինքներս՝ մեծով-փոքրով շրխկացող, ծլնգացող, չխչխկացող գործիքներ պատրաստել: Շատ հավես էր: Հիմա էլ ենք դա սիրով անում: Չեք գտնի խումբ ու դասարան, որ դրանցից չունենան:

Ռիթմը մտավ խումբ, թելադրեց իր խաղը: Երգին միացան ոտանավորները, գործիքին միացան բնական շրխկանները՝ ոտքերը, ձեռքերը, լեզուների ճլտոցները, մատների ճտճտոցները: Եվ լավ էր, որովհետև ստիպված էինք կա՛մ խաղ-շրխկացնել, կա՛մ երգի սովորական ներկայացում սարքել: Մենք ձայնն ու ռիթմն ընտրեցինք և մարմինն իր շարժումով:

Մնաց խաղը զարգացնել, որ հանկարծ կաղապարում չհայտնվենք, որ ռիթմը, ձայնն ու շարժումը չմնան տեղում կամ արհեստականորեն միատեղվեն, այլ համահունչ, ամբողջական խաղերգաոտանավոր ստացվի:

Առաջին փորձերից մեկը Քուրիկ Զիզին էր:

Մենք լիովին չազատվեցինք կարծարտիպերից: Երևի պատճառը նաև այն էր, որ խաղացինք մենք՝ մեծերս, խաղացինք այն ժամանակ, երբ մեր պատկերացումները խաղի մասին տունտունիկից և բժիշկ-բժիշկից էին կախված:

Հայաստանում  ուսուցիչների, մանկավարժությանն առնչվող մասնագետ շատերի ամենասիրած արտահայտությունը «խաղով ուսուցանել»-ն է: Հարցրեք, և կպատասխանեն, որ խաղը կա´մ էլեկտրոնային-զարգացնող է լինում, կա´մ հատուկ-ուսուցողական, ինչ-որ խաղեր կթվարկեն, որոնք սեղանի մոտ են խաղում, լավագույն դեպքում՝ տունտունիկն ու բժիշկ-բժիշկը կնշեն: Գիտե՞ք ինչու՝ որովհետև այսպես կոչված «խաղի» նպատակը իբր թե մաթեմատիկա սովորեցնելն է կամ տառերը ճանաչել տալը: Իբր թե, որովհետև գաղափարն արհեստական է, դատարկ ու չի իրականացվում: Նպատակը հո երեխայի կյանքը չէ, մշակույթ փոխանցելն ու զարգացնելը չէ:

Այդպես էլ իրականում ոչ ոք չի խաղում, որովհետև Մեծ խաղի պատկերացումը չկա կամ տունտունիկից այն կողմ չի անցնում, երեխան էլ կապ չունի խաղ հորինելու, ինքնաբուխ, ստեղծական, անսպասելի, հանպատրաստից խաղալու հետ: Եթե այդպես խաղում էլ է, ո՜վ է կարևորողը, դիտարկողն ու գրանցողը: Ո՞վ է ասում, որ բժիշկ-բժիշկ խաղալիս խաղում են, իսկ ասենք՝ ծաղիկ ջրելիս կամ սեղանի փոշին մաքրելիս կամ աշխատելու սեղանը դասավորելիս չեն խաղում:
Իրականում մենք հո գիտենք, թե ինչ հարուստ ու բազմազան է աշխարհը, ինչքան բան կա այս աշխարհում, որ կորցրել ենք կամ մի կողմ դրել, ու չենք թողնում՝ մոտիկ գա: Չեն կարող մանկական խաղերն այդքան սահանափակ ու խղճուկ լինել, որքան էլ դրանք զարգացնող անվանենք: Խաղը երեխայի, նաև մեծերի, կյանքի ընթացքն է, նայած թե տվյալ պահին ինչ ես խաղում և ինչի անունն ենք խաղ դրել:
Մեծ խաղ՝ ասել է Սաքուլի, Նարեկի, Լևոնի, Արեգի (Գեղարվեստի նախակրթարանի հայտնի 4 ընկերներն են) և մյուսների կյանքը, ապրած պահը, օրը, տարին՝ ազատ, ինքնաբուխ, իրենց որոշելով, իրենց հետաքրքրությամբ:

 Հաշվոցիկ-հաշվերգեր, ծափխաղեր... 0-3 տարեկանների համար
Սրանք մեծ խաղի մասն են, որ մեծ է, մեծ խաղ է:

Այս խաղիկներն անընդհատ փոփոխվել են, բազմացել են, հաճախ խճճվել ու խառնվել, որովհետև փոխանցողը մեծն է, բայց ասողը բլբլան, հազիվ խոսող, անգամ չխոսող փոքրն է, որը բառն արտասանել է, ինչպես կարողացել է, ինչպես ստացվել է, ինչպես զգացել է: Ծնվել են ճվիկների, հաշվոցիկների, ծափխաղերի, դմփոցիկների շարժումները,  շարժվողներն էլ երեխաներն են եղել: Բա ոնց, ով պիտի իրենց փոխարեն աներ: Եթե մեկն էլ աներ, իրենց հետ պիտի աներ:

 Արդեն մի երկար շրջան դրանք մոռացվել են: Մոռացվել են, որովհետև չեն կարևորվել, որովհետև խաղացող մի կողմը ժամանակ չունի, դրա փոխարեն կա հեռուստացույց հիվանդությունը, որն աղբով է լցնում երեխայի միտքը, աղավաղում պատկերացումները:

Մտեք ու տեսեք, թե ինչ աղբ են սովորում, ինչ անճաշակություն է: Այո, չի խաղում. սովորում է, այն էլ առանց խաղի: Խաղալիքն էլ լավագույն դեպքում Բարբի տիկնիկն է՝ իր անճաշակ հավաքածուով:
Բայց որ խոսքն ու ռիթմը շատ լավ խաղալիք են, երևի քչերը գիտեն, ինչպես քչերը գիտեն, որ ցանկացած լավ հեքիաթ կարող է լավ խնդրագրքի «հումք» դառնալ:

Մենք խաղացինք, ու հիմա մեր 2-3 տարեկանները, երբ չեն մարզվում ու գլուխկոնծի տալիս, հեծանիվ չեն քշում, ուզում են հանգստանալ կամ պարզապես չխանգարել քնած ընկերներին, գորգին նստած կամ խմբում այս ու այն կողմ քայլելով, իրար ձեռքի զարկելով սիրով ու հաճույքով խաղում են: Ընտանիքներում էլ են սկսել խաղալ. սովորեցնողն էլ երեխան է՝ մեր սանը, որ խաղիկը ընտանիք է տարել:

Այդ գողտրիկ ասերեգերից մինչև մանկական փոքրիկ-ծես արարողությունները, երգ ու պար՝ իրենց նույնիսկ արդեն անհասկանալի խոսքով, ռիթմով, հենց այն են, ինչ պետք է: Դրանք՝ իրենք էլ փոքր ծես-արարողություն են: Հնացած չեն, որովհետև դրանց մեջ ամեն սերունդ իր ռիթմն ու էներգիան է դնում, մարմինն է օգտագործում: Մենք էլ մերը կանենք:

Լեզուն էլ փաթ է ընկնում, ու նոր, անհասկանալի բառ է ծնվում, որ ոչ միայն չի խանգարում երեխային, այլ խոսքն ավելի գունավոր, համով-հոտով է դարձնում: Ու ստացվում է, հետագայում ջաղացի կամ խնոցու, խաղողաքաղի կամ Զիզիի մասին երգելիս խաղին՝ խոսք-ռիթմ-երգ խաղին շարժում ու ռիթմ է տալիս՝ իր մարմնին, մտածողությանը, զգացողությանը համապատասխան:

Պարը, խաղը, ասմունքը, երգն ու մարզանքը պետք է դիտել որպես երգ երաժշտության դասավանդման համազոր և հավասար միավորներ: Արթուր Շահնազարյան

«Եղանակները պետք է կազմվեն առոգանության օրենքներին խիստ հնազանդելով: Այնպես, որ երեխան ճանաչի եղանակի հիմնաձայնը, շեշտը, վերջակետը»: Կոմիտաս

Այսինքն` երեխան չպիտի զգա, թե ինչպես հանկարծ արտասանությունը վերածվեց երգի: Տեսեք նախակրթարանի կոմիտասյան ծրագրի մի հատվածը: Շնորհակալություն Արթուր Շահնազարյանին:

Առաջին տարի
Առաջին կիսամյակ

Նվագի կամ երգի առաջնորդությամբ`
ա) քայլել
բ) խաղալ
Եթե մանուկն ինքնաբերաբար երգե, չպետք է խանգարել:

Երկրորդ կիսամյակ
ա) քայլել
բ) խաղալ
գ) մարմնամարզել
Երգելն իբրև առարկա չէ, որ պետք է ավանդել, այլ` լսելով անդրադարձնել:

Երգելն սկսել երրորդ կիսամյակին:
Երգի սկզբնավորության հիմքը կարելի է դնել պզտիկ մանկան խաղերով, օրինակ` ծիվ-ծիվ:
Եղանակները պետք է կազմվեն առոգանությամբ` օրենքներին խիստ հնազանդելով.
քայլել,
խաղալ,
պարել,
ասել[1]: Կոմիտաս

Փայտե գդալներ և այլ հարմար իրեր, ծլնգաններ ու էլի զնգացող, շրխկացողներ… նախակրթարանում դարձել են ուսումնական խաղալիքներ: Լավ դաստիարակը խումբը դարձնում է մանկական համույթ, շրխկացնելը առավոտյան ծեսի բաղկացուցիչ է, երաժշտության դաստիարակներն էլ խաղի իսկական-իրական մասնակիցներ: Պարտեզների խմբերը դառնում են խումբ - համույթներ՝ իրենց ծրագրերով, համարներով, անուններն էլ՝ «Շրխկան»: Դառնում են, որովհեըև կայացման ընթացքը շարունակվում է: Սիրելի աղմուկ, որ աստիճանաբար վերածվում է երաժշտության:

Ստեփանյան Տաթևը, Խառատյան Կարինեն այնքան ազատ են, այնքան ինքնավստահ ու ստեղծական, որ չեն վախենում այդ աղմուկից, որովհետև դրա մեջ երաժշտություն են տեսնում, ազատ շարժում: Ստեղծագործական աղմուկ, որի մեջ ազատ շարժում կա ու ազատ մտածողություն: Այ, եթե այդ ազատությունը բոլորիս մեջ լինի, որ կարողանանք պոկվել սովորական, առօրյա շարժ ու ձևից, կարողանանք դրսի, բակի, մեր մտքի խաղը միացնել խոսքին ու երաժշտությանը, ինչպես Տաթևն ու Կարինեն, հաստատ հետաքրքիր կլինի: Թե չէ բոլորս էլ գիտենք՝ կրկնությունը բթության մայրն է:

Տեսա՞ք` ինչպես «աղմուկին իր տեղը դրեցին», ինչպես են գնում: Տեսնես՝ ուր կհասնեն: Տարածությունը մեծացրեք. բակում, այգում, ամենուր…

Ինքն իրեն, կամաց-կամաց երգին ոտանավոր-խոսք միացավ, խոսքին՝ խաղ-մնջախաղ: Հիմա կամաց-կամաց նկարագրական շարժումները դառնում են ավելի խաղային, այն, որ սաներն են սիրում:
Սեպտեմբերիկների և հոկտեմբերիկների ծեսն ավելի մոտ էր խաղին, համենայնդեպս ծանոթ ու տարածված կաղապարային ներկայացումն ավելի քիչ էր, խաղ-շարժումն՝ ավելի շատ: Ստեղծվեց դասվար-դաստիարակների համույթը, իսկական դասվար-դաստիարակի համույթ, որի նպատակը խաղի ստեղծումն է, այդ խաղը խումբ ու դասարան տանելը: Ի՜նչ հաճույքով, հրճվանքով են խաղում աղջիկները: Բոլորս տիկին Մարինեի աջակիցն ու օգնականն ենք, որովհետև խաղը մեզ սիրելի է, մեր մեջ:
Կարծում եմ՝ Մարմարյա սրահը նորության, նոր լուծումների կարիք ունի: Լավ է, իհարկե, որ մենք հասել ենք մի տեղ, որ ամեն ինչ սահուն գնում է, բայց մենք փորձարարական ենք, չէ՞: «Շրխկան»-ը պիտի փորձի ու նորարարության խումբ լինի: Թե չէ այն ինչ կա, արդեն կա ու արվում է: Իհարկե հեղափոխություն չէ, այլ՝ քայլ այլ քայլ, փոձելով, ուսումնասիրելով, մշակելով, զարգացնելով: 
Սա մեծ խաղի մի մասն է:

Շարունակելի


[1] Կոմիտասը նկատի ունի արտասանությունը կամ ասերգը, որը խոսելու և երգելու միջին ձևն է։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский