Ակումբային գործունեություն. զարգացնող և անընդհատ զարգացող կրթական միջավայր ու կրթական գործի կազմակերպում

Ակումբային գործունեության շրջանակում կրթահամալիրում արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է «Ընթերցողի» ակումբը: Ակումբում աշխատում-գործում են տարատարիք սովորողներ. սովորողների խումբն անընդհատ փոփոխվող է՝ ավարտում են, նոր սովորողներ գալիս, 9-11-րդ դասարանցիները ակումբային գործունեություն են փոխում: Յուրաքանչյուր սովորող ակումբային կյանք է բերում իր յուրահատկությունը, առանձնահատկությունները, իր ակնկալիքներն ու իր անհատական փորձը, հմտությունները: Տարբեր հմտություններ, հնարավորություններ ունեցող սովորողների հետ աշխատանքը հնարավոր է դառնում ակումբային նախագծերի շնորհիվ: Այստեղ կարևորն այն է, որ յուրաքանչյուր սովորող գործող լինի, յուրաքանչյուր սովորող իրեն կենտրոնում զգա: Կենտրոնում զգա ու առաջ գնա, համագործակցի և պատրաստ լինի երկխոսության, կարողանա հիմնավորել իր կարծիքը, ներկայանալի ներկայացնել, լսել ու հակադրվել: Ակումբային նածխագծերից մեկի մասին էլ ուզում եմ խոսել:

Այս նախագիծը ենթադրում է անհատական կամ խմբային աշխատանքի մոդել և ընտրության, նյութի ներկայացման, աշխատանքի ձևի, դրա կատարման ժամկետների լայն հնարավորություն:

Հենց այս ազատությունն էլ խթան է ու խայծ. սովորողներն իրենք են դառնում համակարգողներ, ինքնուրույն որոշումներ կայացնողներ: Նախագծի թեմայի, դրա ընտրության շուրջ քննարկումն իրականացվում է բացառապես սովորողի նախասիրությունների, տվյալ շրջանում նրա հետաքրքրությունների շրջանակում: Կարգախոսն էսպիսին է՝ չկան լավ կամ վատ, հետաքրքիր կամ անհետաքրքիր, ծեծված-չծեծված, խելացի-հիմար թեմաներ. կարելի է խոսել, ուսումնասիրել ցանկացած հետաքրքրող երևույթ, այլ խնդիր է, թե դա ինչպես պետք է ներկայացնել, որ աղբյուրներից օգտվել, գտած տեղեկատվության հետ ինչպես աշխատել, ինչը կարևորել:

Ուզում եմ խոսել ներկայացման ու դրա ձևերի մասին: Խնդիրն այն է, որ ներկայացման անցյալի ձևը ենթադրում էր անգիրի տարրեր կամ անգիր, այն նախատեսված էր մի քանի  կամավոր ունկնդրի համար, մյուսները, եթե լսում էին էլ, դա անում էին ստիպված: Փոխվել է:

Ակումբային առօրյա: Մթնոլորտն ազատ է. ստիպված ոչինչ չենք անում, ուրեմն` կարող ենք նաև չլսել: Պարզ է, որ հնարավորինս պահում ենք գրված-չգրված օրենքները, համակեցության-համատեղ աշխատանքի ձևակեպված-չձևակերպված նորմերը, սակայն, պարզ է նաև, որ սովորողը կարող է օգտվել իր չլսելու հնարավորությունից: Ինչ անել, որ նա հնարավորինս քիչ օգտվի կամ ցանկություն չունենա օգտվելու այդ հնարավորությունից: Պատասխանը, գոնե այս պահին ու գոնե ինձ համար, մեկն է`դարձնել գործընթացի ստեղծող, թելադրող ու շահագրգիռ մասնակից: Էստեղ բախվում ենք մի առանձնահատկության. կազմակերպիչ-համակարգողը ոչ թե դասավանդողն է՝ ընդունված-չընդունված, սիրելի-չսիրելի, բայց ֆիքսված հեղինակություն, որը կարող է իր դասը կոնկրետ աշխատանքի շուրջ այնպես կազմակերպել, որ յուրաքանչյուրն աշխատի իր հնարավորությունների չափով, այլ սովորողը, որը չունի դասավանդողի փորձը, հեղինակությունը ու, ըստ այդմ, չի կարող ամեն ինչ այդչափ լրջացնել: Փորձը ցույց տվեց, որ պրեզենտացիոն սեմինարի դասական մոդելը, որքան էլ այն հետաքրքիր լինի, չի աշխատում. սովորողներից շատերը այդպես էլ անմասն նստում են, աշխատող-ներկայացնող խումբը խոցվում-նեղանում: Ստացվում էր, որ աշխատանքն արվել է միայն ուսուցչին ներկայացնելու կամ՝ մի քանի պասիվ ունկնդրի համար: Նույնն է, ինչ հեռուստացույցով լուրեր լսես, գիտես, որ խաբում են, համաձայն չես, բայց միջամտելու, կարծիք արտահայտելու հնարավորություն չունես կամ էլ՝ հավես չունես. դու դիտող ես, մատուցում են, վերցրու կամ մի վերցրու:

Սկսեցինք աշխատել ներկայացման ձևի վրա: Ինքս ինձ համար եզրահանգում արեցի արեցի. կրթության բաց համակարգում ձևը կարևոր է, ձևն է հնարավորություն տալիս, որ բովանդակությունը երևան գա, շահեկան կողմից ներկայացվի ու գրավի, տանի: Ձևի անտեսումը բերում է միօրինակության, ձևի վրա անընդհատ աշխատելը՝ սպառման: Ձևի շարժական մոդելի շուրջ աշխատանքը պիտի լինի խմբային, որպեսզի հնարավորություն լինի միմյանցից փոխառնել-օգտագործել-սեփականացնելու: Սեփականացնել բառը այստեղ իրավունքի որևէ սահմանափակում չի ենթադրում, դասի ձևի կամ մեթոդ-հնարքի ոչ մի հին, թե ժամանակակից համարվող մեթոդ ոչ մի տեղ նույնությամբ չի աշխատում. ամեն մարդ այն օգտագործում է իր հնարավորությունների, պատերացումների, նյութի և լսարանի առանձնահատկություններից ելնելով: Այլ բան է, որ սեմնարավարները կամ դասավանդման նոր մեթոդներ ներկայացնողները (իրենց համապատասխան գերատեսչություններով) սա չեն հասկանում ու իրենց կարդացած՝ ներկայացվելիք, մեթոդը մատուցվում է որպես բացարձակ ու անփոփոխ ճշմարտություն: Պատճառը պարզ է. մարդիկ չունեն պրակտիկ փորձ, չեն շփվում սովորողի հետ, իրենք դաս չեն կազմակերպում: Հեշտ է խոսել կազմակերպման ձևերի, դրա լավ ու վատի մասին, հնարավոր ուտոպիստական տարբերակներ առաջարկել, երբ ինքդ չես կազմակերպում: Տեսաբանն ու պրակտիկը մանկավարժության մեջ մեկն է՝ դասավանդողը: Մնացյալը կեղծ է: Բացը նաև այստեղ է: Մտածել, հաստատ, արժե:

Անցնենք իմ փորձին: Ամեն անգամ ու յուրաքանչյուր առանձին թեմայի ներկայացման դեպքում մտածում ենք նոր ձևի մասին, որ և´ ասելիք-ուսումնասիրությունը ներկայացվի, և´ ներգրավվածություն ապահովվի, և´ թեման հետաքրքրի, և´ տարբեր կողմերից քննարկվի: Ձևի հնարավորությունները բավականին լայն են, չփորձարկված, անաշխատ-անմշակ: Ձևի շուրջ աշխատեցինք խմբով՝ սովորողը (սովորողները) և ես: Սովորողների բացահայտումներն այս ասպարեզում շատ ավելի թեթև-խաղային էին, շատ ավելի ներգրավող, արդեն դրանք տեսքի բերել-կիրառելու շուրջ աշխատանքում իմ դերն էր տեսանելի: Արդյունքում ունեցանք ձախողումներ, ունեցանք նաև գտնված ու բավականին հետաքրքիր հնարքներ, որոնք կփորձեմ խմբավորված թվարկել:

Խաղային հնարքներ

  • Մարտահրավերներ, մենամարտեր
  • Պեֆորմանսներ
  • Առցանց խաղեր
  • Մրցութային խաղեր
  • Բանավեճեր
  • Պարգևատրումով խաղեր
  • Բառահեղեղներ
  • Նկարչական խաղեր
  • Այգում, բնության գրկում կազմակերպվող խաղեր
  • Թափառող դասեր

Ես կներկայացնեմ մի քանի՝ արդեն ներկայացված, նյութերի միայն պրեզենտացիոն կամ տեքստային տարբերակները. քննարկումն ու կազմակերպման ձևերի մասին տեսանյութերով ու առանձին նյութով հանդես կգամ ավելի ուշ:

Արդեն ներկայացված սեմինար-քննարկումների պրեզենտացիոն մոդել-տարբերակներ: Փորձել եմ ներկայացնել տարաբնույթ նյութեր, որոնցում կգտնեք և հաջողված, և չհաջողված աշխատանքներ:

1.     Ակումբային անհատական սեմինար-քննարկում: Ծխախոտն ու դրա ազդեցությունը: Համակարգողներ՝ Սոնա Գրիգորյան, Նելլի Հովհաննիսյան, 11-րդ դաս.

2.     Մուլտֆիլմ… Ակումբային անհատական սեմինար-քննարկում… Համակարգող՝ Լիա Մովսիսյան, 12-րդ դաս.

3.     Ֆոբիաներ: Համակարգող՝ Ալվարդ Մանուկյան, 11-րդ դաս.

4.     Տեսաուսումնասիրություն. սեմինար անդրադարձ Սեբաստացու օրերին: Համակարգողներ՝ Հովսեփ Աբրահամյան, Վիկա Մարկոսյան, Սոնա Գրիգորյան:

5.     Կա՞ր, թե՞ չկար… Ակումբային սեմինար-քննարկում: Համակարգումը՝ Վիկա Մարկոսյանի:

6.     Ժամանակակից արվեստ։ Փոքրիկ պրեզենտացիա-սեմինար Ընթերցողի ակումբում։ Համակարգողներ՝ Նարե Ղալամքարյան, Էմմա Իսախանյան:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский