Ջա˜ն, ճամբար ջան

Հեղինակ: 

Կրթահամալիրի տնօրենիի օրագրից

Հունվարի 19-ին մեկնարկել են մեր ուսումնական, հունվարյան ճամբարները՝ որպես ուսումնական աշխատանքի կազմակերպման ձևեր: Թափ, ծավալ ու խորք են հավաքել տարատարիք սովորողների ուսումնական կարողությունների դրսևորման ստուգատեսները… Գեղարվեստի, Արհեստագործական, վարժարանային ավագ դպրոցներում ճամբարային կյանքի հեղինակային-ուսումնական լինելը որոշելու են հենց ակումբները՝ իրենց ղեկավար-կազմակերպիչ ուսուցիչներով, ակումբի անդամ սովորողների ինքնավարության-ինքնուսուցման-ինքնուրույնության-նախաձեռնության ձևավորված կարողություններով… Իսկ որտե՞ղ, եթե ոչ կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, կրտսեր ու միջին դպրոցականների ճամբարային գործունեությունը թարմ-ուսումնական կազմակերպում ստանա… Կրթահամալիրի զարգացումը պայմանավորելու են, կրթահամալիրի որպիսությունը որոշում են ավելի ու ավելի մեծացող-զարգացող ուսումնական կենտրոնները, ակումբները, ճամբար-ստուգատեսները… Երաժշտության, գեղարվեստի, տեխնոլոգիայի, բնագիտության ու տեխնիկայի, մարզական, գրադարանային, ծեսերի-հանդիսությունների ուսումնական կենտրոնները նոր տարվա առաջին օրերից իմ ուշադրության կենտրոնում են: Երեկ Սվետա Ճաղարյանի հետ հանգիստ-կոնկրետ երաժշտության կենտրոնի պայմանների, նյութական միջավայրի ամբողջականությունն էինք առարկա դարձրել՝ իր համերգային դահլիճով, ակումբ-խոհանոցով, երաժշտության պարապմունքների սենյակներով, պարտեզով… Երաժշտական հանրակրթության գրավիչ-հարմար միջավայր, մասնագիտացված պատշաճ միջավայր երաժշտության լրացուցիչ կրթության՝ թե՛ տարատարիք սովորողի, թե՛ ուսուցիչների համար, երաժշտական-արվեստի ամենատարբեր նախաձեռնությունների՝ կյանքի կենտրոն… Արհեստների դպրոցը ավելի ու ավելի խելամիտ կազմակերպված ու խնամված միջավայր է, տեխնոլոգիական բազմաբնույթ հանրակրթության և մասնագիտական լրացուցիչ կրթության համար… Գեղեցկության սրահը, ջերմոց-լաբորատորիան, կար ու ձևի մոդելավորման արհեստանոցը, գործիքաշինության-ինժեներիայի արհեստանոցը, դիզայնի լաբորատորիան… համեցե՛ք ճամբարի օրերին, հիացե՛ք, համոզվե՛ք, իրենց այսօրվա տեսքով, պայմաններով, և՛ քաղաքում նախանձ կարող են շարժել, և´… վատ են օգտագործվում… Կարինե Մացակյանը և Արտեմ Խաչատրյանն ի՞նչ օգնության կարիք ունեն, որ չեն ստանում կրթահամալիրի տնօրենից, դպրոցների ղեկավարներից. պիտի ձևակերպեն: Ահա մեր կենտրոն-ակումբների ճամբարային նախագծերը…

Քո կյանքն է, քո կյանքի գործը, քո ուսումը, և լավ է, որ այս մոտեցմամբ կրթահամալիրում որակապես նոր փուլ է մտնում սովորողի, կրթական ծրագրի, մանկավարժական աշխատողի կիսամյակային գործունեության ամփոփումը, որին հատկացված է հունվար ամիսը: Հիշեցնեմ, որ մեր կրթական ծրագրով 10 ամիս տևող ուսումնական տարին բաժանված է երկու ինքնուրույն կտորի՝ յուրաքանչյուրը՝ 5-ական ամիս տևողությամբ: Հունվար և հունիս ամիսներին անցկացվող ուսումնական ճամբար-ստուգատեսները՝ 1-12-րդ դասարանների սովորողների, ուսուցիչների, դպրոցի, խմբի գործունեության գնահատման՝ ուսումնական կարողությունների դրսևորման, կրթական ծրագրի իրականացման ցուցանիշների հրապարակայնացման միջոցներ են. պատրաստում ենք և մոտ ենք հեղինակային կրթական ծրագրի, նրա սովորողի և ուսուցչի գործունեության՝ ինքնագնահատման, կրթական ծրագրի իրականացման ցուցանիշների մշակման ամբողջական ու հավաստի համակարգին:

Ապրելը, կյանքը, մեր առօրյան, մեր օրը, ճամբարը մեր, ստուգատեսները մեր սկսվում են ոգևորությունից ու ավարտվում-անիմաստ դառնում, բեռ դառնում, ինչպես բովանդազուրկ ձևերը, երբ ոգևորությունն ավարտվում է... Սիրում-կարևորում եմ սեբաստացիական նախաձեռնությունները, ահա ինչու՝ ուշադիր եմ դրանց հետևողական իրագործման սեբաստացիական ջանքերի նկատմամբ. վստահեք ինձ, նախաձեռնության իրագործման յուրաքանչյուր փուլում ես ձեր հուսալի գործընկերն եմ…

Պետական կրթական ծրագիրը, որն այսօր էլ իրականացվում (մշակվում, հաստատվում, կազմակերպվում է ԿԳ նախարարության կողմից) ՝ հանրապետության 1300-ից ավելի հանրակրթական դպրոցներում, ունի, ստեղծել է իր տնային աշխատանքը՝ պարտադիր ու… կամայական. սրանց չափն ու ձևը չեն կարգավորված ո՛չ ՀՀ հանրակրթության մասին օրենքով, ո՛չ հանրակրթության պետական չափորոշիչով, ո´չ այլ նորմատիվ իրավական ակտով. ուսուցիչն ու դպրոցն են տիրում այստեղ, անհսկելի-անպատժելի տնօրինում են սրանով սովորողի, ընտանիքի կյանքի ժամանակը նաև դպրոցից դուրս՝ արտադպրոցական շրջանում: Մեր հեղինակային կրթական ծրագիրը երկար ժամանակ երկնչում էր, չէր հանդգնում ուսուցման-դաստիարակության-կրթության իր գործին համապատասխան տնային աշխատանքի կազմակերպում ունենալ… Տարբեր կիսատ-պռատ շտկումներով մենք մեր ուսուցչի ձեռքին էինք թողնում այս անհարգանքի ու վախի գավազանը… 2014-15-ում այսպես չէ. սովորող-ծնողն են տնային աշխատանքի պատվիրատուն, սրանով սովորողի աշխատանքը տանը ձեռք է բերում լրացուցիչ կրթության (կրթական ծառայության) կարգավիճակ, սովորողը սրանով ինքնուսուցման-ինքնակրթության նոր, մինչ այս իրեն չպատկանող ժամանակի և ուժային տարածքների տեր է դառնում… որպես սեփականություն տիրապետելով իր կյանքի արտադպրոցական ժամանակին… Ճամբար-ստուգատեսները, որ նախատեսված են և իրականացվում են հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով, սովորողի դպրոցական գործունեության այնպիսի ձևեր են, որ խթանում են ընտանիքով (խմբային) ստեղծական աշխատանքը՝ ընտանիքով իրականացվող ուսումնական նախագծերով՝ սկսած 2 տարեկանից… Սրանք գրավիչ-հարմար-բաց հարթակներ են հանրակրթության բոլոր մասնակիցների՝ ուսուցիչ-սովորող-ընտանիք-հասարակություն (իր ակտիվ խմբերով ու անդամներով) հանդիպման, կրթական ծրագրի միասնական ընկալման, մեկնաբանման ու համերաշխության հաստատման համար: Լիուլի օգտվենք 2015-ի հունվարի ընձեռած հնարավորությունից: 

Սկանդինավյան հրաշքը... Շվեդիան, Ֆինլանդիան կարողացան որպես պետություն միջավայր դառնալ՝ մարդու տաղանդը լիարժեք դրսևորելու համար… Մենք էլ մի պետություն ենք կրթահամալիրով. սրան են ուղղված հեղիանակային մանկավարժության հիմնական ռեսուրսները՝ մեզանում ապրող՝ սովորող-աշխատող մարդու դրսևորման համար… Ստուգատեսային-ճամբարային-նախագծային կազմակերպումն էլ այստեղից է եկել. սա այնքան պարզ է, ուրախ եմ դրա համար, որ ստուգատեսին մասնակից Շուշվա և Սպիտակի պատվիրակները միանգամից որսում են. տեսեք՝ ինչ լավ են զգում մեր «պետությունում»… Օգտվո՞ւմ են սեբաստացիներն այսպիսի հնարավորությունից, ինչպե՞ս են օգտվումˋ ահա խնդիրը. սրան եմ նվիրելու Ղափամայի ծեսի շրջանում հրավիրվելիք ակումբ-կլոր սեղանի պարապմունքը:

Իսկ ճամբար-ստուգատեսն իրական ու գրավիչ է դառնում նախագծերով, մտահղացում-նախաձեռնություններով, ինչպիսին Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցի Նարեկ Արշակյանիցուցադրությունն է։

Հաջողված դարձավ «Ծաղկաձորյան տրամադրություններ» նախագիծը… Շնորհիվ Մարթա Ասատրյան-Մարգարիտ Սարգսյանի, Անահիտ Եղյան-Տաթևիկ Աբրահամյանի, Անահիտ Մելքոնյանի խելացի ջանքերի, ձյունառատ Ծաղկաձորը փափկություն-սիրունություն հաղորդեց մեր ճամբարին՝ 70-ի չափ սեբաստացիներ օրեր գործեցին արտագնա ճամբարում, ստուգատեսները տարան Հրազդանի և Ծաղկաձորի դպրոցներ, հնարավորություն տվեցին ստեփանակերտցի մեր գործընկերներին միացյալ հայրենիք-Հայաստանի իրենց շատ լսած չտեսածը սիրելի դարձնելու…

Մի ուսումնական ճամբարային նախագիծ օրերս քննարկում էինք Գրիգոր Խաչատրյանի հետ… Տեսե՞լ եք հին Բանգլադեշի (Շերամի փողոցում) բացօթյա  մեծ լողավազանի հարևանությամբ տնկված նախկին կենտրոնացված կաթսայատան մեծ շենքն ու նրա կիլոմետրանոց խողովակը… Լքված մեծ շինություն ու քաղաքից երևացող խողովակ… Այսպիսի կառույցներ էլի կան երևանյան արվարձաններում… Ինչո՞վ ուսումնական ճամբարային գրավիչ նախագիծ չէ՝ ուսումնասիրել 25 տարի անտերության մատնված կառույցն ու առաջարկել նոր կյանք հաղորդելու-կենդանացնելու նախագծեր՝ Բնագիտատեխնիկական ու Հանրակրթական դիջիթեք ստուգատեսների արժանի հայտի հեռանկարով…

«Կրկին ոգեշնչված», այո... «Շողակնի» սեբաստացիական շողերով.  Նունե Մովսիսյանի ոգևորվածությունը, որպես շունչ, որ փոխանցվեց 8.3-ի Էրիկ Թելունցին, Էրիկինը՝ Լուսինե Ալեքսանյանին, Լուսոյի շունչը՝ ինձ, դե, ես էլ, գիտեք, հայտնի կուտակիչ-տրանսֆորմատորով բոլորիցդ հավաքում, կուտակում, ձևափոխում, իր միջավայրով դարձնում եմ ուսումնական աշխատանք՝ ոգեշնչման մշտական աղբյուր-կրթական միջավայր, մի իսկական պերպետուում մոբիլե՝ արժանի Գնել Հարությունյանի ստուգատեսին ներկայացվելու… Էրիկ Թելունցին՝ ով «Շողակն» է, ու «Շողակն»-ը՝ իր մեջ, ես փնտրեցի, փնտրեցի ու գտա Միջին դպրոցի ճամբարի սենյակներից մեկում՝ ինքնամոռաց խմբով … «Մոնոպոլիա» խաղալիս... Ճանաչում էի, իհարկե, Էրիկին, քույրիկին, իրենց ընտանիքին… Բայց, այսպես մոտիկից, ուղիղ հայացքով չէի չափել՝ որպես «Շողակն» նախաձեռնած ու «Շողակն» խմբագրող մարդու… Ա՜յ, քեզ բան… Ես եմ հայելու մեջ.... 8-րդ դասարանում հենց այսպիսին չե՞մ եղել՝ փոքր-մոքր ու վտվտիկ… Դու ունես մի մեծ առավելություն, Էրիկ ջան, իմ նկատմամբ, ես այսպիսի դպրոց, ինքնարտահայտման խթանիչ-աջակից ուսումնական միջավայր չեմ ունեցել… Եվ դու լիուլի օգտվում ես քո առավելությունից… Հիմա, երբ ես կարդացել եմ Էրիկի բոլոր նյութերը, ի՜նչ ասեմ, հալալ է քեզ, Էրիկ ջան, քեզ էլ, քո ընկեր 8.3-ին էլ՝ համերաշխ ու ստեղծական… Լուսավորեք ավագ տարիքում ձեր անցնելիք ճանապարհը, որ ունենանք ձեզ արժանի Ավագ դպրոց: Սկսեցի՞նք ճամբարային նոր նախագիծը

Սարգիս Հակոբյանի «Գիտե՞ք, թե ինչու եմ սիրում մեր ճամբարները...»  հրապարակումը երեք առումով պիտի գրավեր, ոգևորեր ինձ: Նախ՝ վերնագիրը ճամբարային է. այսօրվանից սկսած` ստուգատեսային դարձող մեր ճամբարները ձեռք են բերում լրացուցիչ գրավչություն: Սարգիսն իր վարժարանի էկոհայրենագիտական ակումբի ալամ աշխարհով տարածված ընկերներից կուզենա՞ ձևավորել որևէ ուսումնական նախագծի վրա աշխատող խումբ, այնպես, որ հասցնի հայտագրել աշխատանքը մինչև սահմանված ժամկետը՝ հունվարի 30-ը, ժամը 24:00, Բանգլադեշի ժամանակով ներկայացնել Հանրակրթական դիջիտեք 2015-ին: Տեսնե՜նք-տեսնե՜նք. ես էլ, Ասատրյան Մարթան էլ, Ժաննա Ալբերտովնա մայրիկն էլ, Գրիգոր Խաչատրյանն էլ, սիրով կօգնենք... Հետո` Սարգիսը թեթև-կիրակնօրյա պատում է բերում սրանով... իսկը իմ գրի համար, շնորհակալ եմ... Եվ իհարկե, Սարգիսն իր տեսակով ոգևորող, դրական աուրա փոխանցող մարդ է, ես նրա հետ Մադինա եմ գնացել. պատահական չէ, բոլոր նշած ճամբարներում էլ նա սպասված ճամբարական է եղել՝ աստղով այր է: Իսկ առավելությունները, որպես բնական ներդրումներ, մեր նեղացող-ոգու սով կյանքում պիտի ամբողջական գործածել. դրանից, Սարգիս ջան, դրանք կբազմապատկվեն: Ջա՜ն, ճամբար ջան. «Ես շատ եմ սիրում ճամբարները. դրանք մեր դպրոցական կյանքի լավագույն մասն են կազմում»: Նորից սիրով կարդացի Սարգսի հրապարակման ավարտը: Գիտե՞ք` ինչքան ջանք դեռ պիտի ներդնենք սեբաստացիներով բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինենք, որ այս գնահատականի մեջ մտնեն նաև մեր ուսումնական օրացույցով, ուսումնական պլաններով, կրթական ծրագրով նախատեսված ամենամյա հունվարյան և հունիսյան բանգլադեշյան ուսումնական ճամբարները՝ իրենց արտագնա ճամբարային բաղադրիչներով, ինչպես Սարգսի համար ծաղկաձորյան ճամբարը եղավ: Ես հուշեցի՞ խմբային աշխատանքի վերնագիրը... տեսնե՜նք, տեսնե՜նք...

Ողջ օրվա իմ կիզակետում մարմնամարզության մեծ դահլիճն է՝ անընդհատ իրար փոխարինող կրտսեր դասարաններով… Ժամը 15.30 ես չէի կարողանում հայացքս կտրել դասվարների մարմնամարզական խմբից, ովքեր պատրաստվում էին հանդիսավոր ելույթի՝ նույնպիսի լրջությամբ, ինչպես քիչ առաջ Մարմարյա սրահում ելույթ էին ունենում ուսուցիչները՝ իբրև վոկալ ութնյակ… Լավ է, իհարկե, հոյակապ է, կասեր իմ վաղեմի ընկեր Զարեհ Սարգսյանը…

Ճամբարն այլ կդառնա բազում նախագծերի իրականացման հեքիաթով… Այս կենդանի քննարկումը կայացավ երեկ Միջին դպրոցի ակումբ-խոհանոցում՝ ճամբարային օրվա վերջում… Ճամբարում գործեն նախագծային ջոկատներ, որոնք ձևավորվում են տարատարիք-տարադպրոց ջոկատով, նախօրոք հրապարակված նախագիծ իրականացնելու սկզբունքով՝ «Ես կարողանում եմ իմ ընտրած նախագծի իրագործումը դարձնել բազմաբնույթ գործընկերության առանցք»-ով… Անշարժ ճամբարը կդառանա մի վատ հաստատություն, որից ազատվելու համար էր այն ստեղծվել. երբեք, փոխեք, մի՛ վախեցեք փոփոխություններից, վախեցեք ստատուս քվոյի հաստատումից… 2015թ. մեկնարկին ուզում ենք ունենալ 2015-2016 ուստարվա ուսումնական գործի կազմակերպման համար կարևոր փաստաթղթերը՝ ուսումնական պլանները՝ իրենց պարզաբանումներով, ուսումնառության պայմանագրերը՝ պարզաբանումներով, ուսումնական օրացույցը. կրթահամալիրի խորհրդի հայտարարված օրակարգում նախատեսված են նշված հարցերի քննարկումը-հաստատումը… Ժամանակ, ինչպես տեսնում եք, քիչ կա՝ բեկումը 2015-ին պահանջում է, որ այսպիսի որոշումները կայացվեն սովորողի, ուսուցչի գործուն մասնակցութոյամբ. նկատի ունեմ ոչ միայն ավագ դպրոցի սովորողին, ուսուցչին ու ծնողին, սա բնականոն է, այլև միջին դպրոցի: Սա էլ 2015-ին դարձնենք բնականոն. միջին դպրոցը՝ իր ուսուցչով, սովորողով ու ծնողով դառնա ավագ դպրոցի հիմնադիրը… Ահա ինչու ես վճռականորեն դիմում եմ ձեզ, Միջին դպրոց՝ մեծով, պստիկով, ձեր անհատական ու խմբային՝ ինձ այդքան ոգևորող բլոգներով, TV-ռադիոյով, ենթակայքով, կլոր սեղաններով ճանաչեք կրթահամալիրի, ձեր Ավագ դպրոցը՝ իր այսօրով, առկա զարգացումներով, դարձեք Ավագ դպրոցի պատվիրատուն, ձեր ուզած Ավագ դպրոցի հիմնադիրը. սա իմ փետրվարյան օրակարգի թիվ 1 խնդիրն է 

Շնորհիվ ընտանեկան աջակցության, ստուգատեսների, ջնջվեցին բոլոր տարիքային սահմանափակումները, ու ընտանիքները հայտնվեցին ստուգատեսների խաչմերուկում… Կրտսեր-միջին դպրոցներում ճամբարային մասնակցություն-հաճախումը հավասարվեց ոչ ճամբարային՝ սովորական ուսումնական օրվա հաճախումներին… Ցուցանիշ է։ 2016-ի հունվարը կանմահանա, ստուգատեսյան-ճամբարային-նախագծային կրթության կարևոր բնագիծ կդառանա, ինչպես 9-րդ դասարանցի հայցվոր Տիգրան Աբրահամյանը նշեց խաղարկային դատարանում՝ իրեն զարդարող ազնվությամբ-կոնկրետությամբ, սեբաստացիների համար սկսեց դատ, և նոր մակարդակում յուրացվեց հեղինակային կրթական ծրագրի ստուգատեսային ուսուցման՝ նախադեպը չունեցող կազմակերպումը: Այստեղից առաջացավ նաև երևույթ՝ նոր ուսումնական նախագծերի, նորամուտների, նախաձեռնությունների՝ ստուգատես ստուգատեսի մեջ… Հորինված ոչինչ. ստեղծագործ-դինամիկ ճամբարային հավաքանու էֆեկտներ են սրանք՝ հայտնի դոմինոյի էֆեկտ անունով… Ծնողական ակումբ-համույթը, որի բեմելը կտեսնեք-կլսեք Ղափամայի ծեսին, չմշկավոր սեբաստացիները, ռազմամարզական ստուգատեսը, որպես բանակին նվիրված օր, ճամբարը՝ անիվների վրա, «Մոնոպոլիա» ուսումնական խաղը, ամենակարող օբյեկտիվը, ընտանեկան անիմացիոն լաբորատորիան… 5 տարեկան Անիի մենաթատրոնը, դասվարների մարմնամարզական խումբը… 2-6 տարեկանների ռոբոտիքսը, նոր ընթերցարան-տոնավաճառը, գեղարվեստական անդրանիկ ֆիլմի նկարահանման մեկնարկը… Առանց ճիգի և դժվարության կարելի է շարունակել և պետք էր անել՝ մեղքի զգացման ծավալը փոքրացնելու համար. որքա՜ն ավելի կոնկրետ ու հեռանկարային նախաձեռնության անուն ես բաց թողեցի, մեղավոր եմ: Ամեն ինչ առջևում է, բարեկամներ՝ և՛ ուսումնական ստուգատես ճամբարները, և՛ իմ օրագիրը: Մնում է, որ առօրյա ուսումնական գործ դառնան թե՛ ստեղծականությունը, թե՛ իմ օրագիրն ընթերցելը…

Շնորհակալ եմ՝ ինձ ուշադիր լսելու համար: Ինչպե՞ս պահպանենք ստուգատեսային-ճամբարային այս լիցքերը՝ անընդհատ ուսումնական կազմակերպումը դարձնելով մարդու դրսևորումը:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский